Առաջնորդող Յօդուած
«Դրօշակ», թիւ 11, Նոյեմբեր 2024
Նոյեմբեր 3, 2024-ն Մոլտովայում տեղի ունեցած նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլից յետոյ վերընտրուած նախագահին յղուած Նիկոլ Փաշինեանի շնորհաւորական ուղերձում մասնաւորապէս ասւում է․«Հայաստանի եւ Մոլտովայի յարաբերութիւնների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարութեան արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթութիւններից է»: Ինչո՞վ է պայմանաւորուած այս առաջնահերթութիւնը: Եթէ անդրադառնանք անկախացումից յետոյ հայ-մոլտովական յարաբերութիւնների պատմութեանը կը տեսնենք միայն, որ Մոլտովան մաս է կազմել Վուուամ (Վրաստան, Ուքրայինա, Ուզպեքիստան, Ատրպէյճան, Մոլտովա) կազմակերպութեանը, որը միշտ ունեցել է հակահայկական ուղղուածութիւն: Ուրեմն ինչո՞վ է պայմանաւորուած այս քաղաքական առաջնահերթութիւնը, եթէ Հայաստանի այսօրուայ իշխանութեան համար քաղաքական առաջնահերթութիւն չէ (եթէ չասենք օրակարգից հանուած է) հայոց ցեղասպանութեան հարցը, այդ օրակարգում գոյութիւն չունի Արցախի հարցը: Պատասխանը շատ ակնյայտ է` Մոլտովան, Հայաստանի պէս, գործիք է ծառայում Ռուսաստանի շուրջ հակառուսական ճակատ ձեւաւորելու Արեւմուտքի փորձին: Ինչպէս գիտենք այդ փորձի մէջ փորձարարական կենդանու դեր ստաձնելով Վրաստանի նախկին իշխանութիւնը կորցրեց Օսէթիան ու Աբխազիան, իսկ հարեւան երկրի այսօրուայ իշխանութիւնը, դիմակայելով Արեւմուտքի կոշտ ճնշումներին հրաժարւում է կրկին խաղալու նոյն դերը: Ուքրայինայի արեւմտամէտները նոյնպէս որդեգրեցին այդ խաղը եւ նրանց համար դեռ շարունակւում է տարածքային ու մարդկային հսկայական կորուստների ընթացքը: Ամենայն հաւանականութեամբ տարածքային կորուստների առումով յաջորդը կը լինի Մոլդտովան, եթէ Հայաստանի իշխանութիւնը, շարունակելով իր այս հակազգային քաղաքականութիւնը, Արցախից յետոյ տարածքային եւ ինքնիշխանութեան կորստի առջեւ չկանգնեցնի նաեւ Հայաստանը:
Հայաստանի իշխանութիւնն ժամանակ առ ժամանակ յայտարարում է, որ Ատրպէյճանը ցանկանում է Հայաստանի դէմ սանձազերծել նոր պատերազմ: Սրանով հանդերձ իշխանութիւնն ու իր պարագլուխը փորձում են համոզել ժողովրդին, որ Հայաստանը Արեւմտեան Ատրպէյճան համարող թշնամի երկրի հետ ոչ միայն կայուն խաղաղութեան պայմանագիր կարելի է կնքել, այլեւ յայտարարում է թէ վերջինիս ղեկավարին առաջարկել է Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ ռազմավարական գործարք կնքել: Հայաստանի ղեկավարութիւնը նոյն կերպ վարդագոյն է ներկայացնում հայ-թրքական յարաբերութիւնների ներկան ու ապագան շրջանցելով Թուրքիոյ դերակատարութիւնը Արցախեան պատերազմում եւ փանթուրանական ծրագիրն իրագործելու համար Զանգեզուրի միջանցքին տիրանալու Թուրքիոյ ռազմավարական ձգտումը:
Իսկ Նիկոլ Փաշինեանն անձամբ է 2020 թուականի Հոկտեմբերի սկզբին քանատական The Globe and Mail պարբերականի հետ հարցազրոյցում յայտարարել․ «անցել է հարիւր տարի եւ Թուրքիան վերադարձել է Հարաւային Կովկաս` շարունակելու Հայոց ցեղասպանութիւնը»:
Այսօր, նոյն այս իշխանութիւնը, հեռացրել է Ատրպէյճանի հետ սահմանից ռուսական ուժերին, Իրանի հետ սահմանակէտից նոյնպէս դուրս է բերում ռուսական ուժերին եւ դաշնակցային յարաբերութիւնների շրջանակում տասնամեակներով Թուրքիոյ հետ սահմանը պահպանած այս երկրի զինուած ուժերի քանակը կիսով չափ նուազեցրել է: Այս ուղղութեամբ շարունակուող գործընթացը յստակօրէն տանում է ռազմական դաշինքի խզման:
Փոխարէնը Հայաստանի սահմանների վրայ Եւրոմիութեան խաղաղապահների անուան տակ յայտնուել են ըստ էութեան ՆԱԹՕ-ական առայժմ սահմանափակ ուժերը:
Նոյեմբեր 7, 2024-ին yerkir.am կայքէջի vpoanalytics.com-ի աղբիւրից թարգմանաբար ներկայացրած Սերգէյ տ յօդուածում ասւում է․ «փաշինեանի ռեժիմը շարունակում է թէ բաց, թէ քուլիսային ընթացքը դէպի արեւմուտք եւ ՆԱԹՕ: Հոկտեմբերի կէսերին Հայաստանի եւ Ա.Մ.Ն.-ի բարձրաստիճան զինուորականները հաւաքուել էին Ուաշինկթընում: Հ.Հ. պաշտպանութեան նախարարութիւնը տեղեկացնում է․ կողմերը` ի դէմս Գլխաւոր շտապի պետ Եդուարդ Ասրեանի եւ Ա.Մ.Ն. բանակի շտապների պետերի միացեալ կոմիտէի ղեկավար Չարլզ Պրաունի, «քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցութեան զարգացման ու երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերէ: Ընդ որում` հայկական ռազմական գերատեսչութեան յայտարարութեան մէջ ընդգծւում է` «ամերիկեան կողմը նշել է` շարունակելու է իր աջակցութիւնը Հայաստանի զինուած ուժերի վերափոխման եւ բարեփոխումների գործընթացին»: Նման հաղորդագրութիւնների ֆօնին Ատրպէյճան շարունակում է ակտիւօրէն նիւթեր տարածել Սեպտեմբեր 30-ին Պրիւքսելում Հ.Հ. Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի եւ ՆԱԹՕ-ի ռազմական կոմիտէի ներկայացուցիչների հանդիպման հնարաւոր մանրամասների մասին: Լրագրողների տեղեկութիւններով Գրիգորեանը յայտնել է Երեւանի պատրաստակամութիւնը` դառնալու «ՆԱԹՕ-ի նոր հարաւային թեւը» եւ նպաստելու աւիապազաների կառուցմանն ու զօրամասերի տեղակայմանը: Կողմերը կարող էին նաեւ պայմանաւորուածութիւններ ձեռք բերել Հայաստանի հարաւում լեռնահրաձգային զօրքերի համար կեդրոն կառուցելու վերաբերեալ, որտեղ Ռուսաստանի սահմանապահների դուրսբերումից յետոյ ներկայ կը լինեն ՆԱԹՕ-ի զինուորականները: Թե՛ ռուս, թե՛ ատրպէյճանցի ռազմական փորձագէտների կարծիքով` Ա.Մ.Ն՚՚-ն ու Ֆրանսան ակտիւօրէն ամրագրում են իրենց ռազմական ներկայութիւնը Հայաստանում, իսկ այնտեղ, արդէն յայտնուել է Ուաշինկթընից խորհրդական: Հայաստանի հարաւն այս դասաւորութիւններում պատահական չէ, քանի որ Սիւնիքի մարզում ամրագրումը կապուած է տարածաշրջանային հաղորդակցութիւնների բացման ու վերահսկողութեան հետ: Այնտեղով է անցնում նաեւ Իրանի հետ սահմանը, որին մօտենալը կարեւոր է Արեւմուտքի համար: Արդէն տեղեկութիւններ են հրապարակուել այնտեղ ամերիկեան հետախուզական մանեւրային խմբերի համար դիրքերի կահաւորման մասին, որոնք հետեւում են Թեհրանի գործունէութեանը եւ Իսրայէլի ուղղութեամբ հրթիռների արձակմանը: Այդ իսկ պատճառով Երեւանը շտապ լուծում էր Ռուսիոյ ստորաբաժանումները այստեղից դուրս բերելու հարցը: Այս գործընթացներին զուգահեռ Հայաստանի ուժային կառոյցներն աւելի ակտիւօրէն են մաքրում կադրերը, որոնք այս կամ այն պատճառով ձեռնտու չեն Արեւմուտքին: Այդ իսկ պատճառով Գրիգորեանի վերոյիշեալ հանդիպման ժամանակ Արեւմտեան խօսնակների հետ բարձրաձայնուել է «Հայաստանի անվտանգութայն կառոյցներում մեծ թուով ռուսամէտ կադրերի խնդիրը»: Ինքը` Գրիգորեանը, որին բացայայտ անուանում են Ա.Մ.Ն. դրածոյ, միշտ ներկայ է ամերիկացիների հետ բանակցութիւններին եւ պատասխանատու է հէնց ռուսամէտ ուժերից մաքրելու համար: Հաշուի առնելով նաեւ ամերիկացիների գործօն աշխատանքը հայ ուժայիններին կաշառելու ուղղութեամբ` զարմանալի չէ, որ Գրիգորեանը, հանդիպման ընթացքում հերթական անգամ հաճոյանալով, հաւաստիացրեց ՆԱԹՕ-ի իր վերադասներին, որ հայկական ուժային գերատեսչութիւնները նրանցից մաքրելու աշխատանքներն արդէն ընթանում են (եւ ձեռքի հետ էլ Արեւմտեան յատուկ ծառայութիւնների փորձագիտական եւ այլ աջակցութիւնն է խնդրել): «Մի շարք բնակավայրերից (Գորիս, Սիսիան, Երասխ) ռուսական ստորաբաժանումները դուրս են բերուել վաղուց: Նաեւ ռուսական խմբերը լքել են իրենց սովորական դիրքերը Մարտունու շրջանում` Սեւանայ լճի մօտ: Հէնց նրանք էին ապահովում Հայաստանի օդային տարածքի վերահսկողութիւնը եւ տուեալները փոխանցում հայկական կ’ողմինէ:
Իսկ ինչ յարաբերութեան մէջ են Ռուսաստանին փոխարինելու եկող Արեւմուտքն ու Թուրքիան վկայում են հետեւեալ փաստերը․ Ա.Մ.Ն. նախագահի անվտանգութեան նախկին քարտուղար Ճոն Պոլթընն ասել է․«Թուրքիան Ա.Մ.Ն.-ի ամենահետեւողական դաշնակիցն է տարածաշրջանում»: Ըստ Հարաւային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ յատուկ ներկայացուցիչ Թոյվօ Քլաարի «Թուրքիան կարող է օգտակար լինել տարածաշրջանային խաղաղութեան հաստատման համար` որպէս տարածաշրջանի առաջատար երկիր»: Ակնյայտ է, որ Արեւմուտքը Թուրքիոյ դէմքով է տեսնում Հարաւային Կովկասի խնդիրների լուծումը: Եւ սա այլ բան չի նշանակում քան ՆԱԹՕ-ի միջոցով Անդրկովկասում Ռուսաստանի փոխարինումը Արեւմուտքով` նախ եւ առաջ ի դէմս Թուրքիոյ: Հայաստանի իշխանութիւնը հասկանու՞մ է ինչ է անում, երբ իր աչքի առջեւ է կործանուող Ուքրայինայի կենդանի օրինակը: Կամ չի հասկանում կամ հասկանալով անում է այն ինչի համար բերուել է իշխանութեան: Արցախի յանձնումը, Հայաստանին որպէս Արեւմտեան Ատրպէյճան դիտարկող թշնամի հարեւանի այդ յաւակնութեան օրինականացումը հաստատում է տուեալ ենթադրութիւնը:
Վերջին շրջանում Ռուսաստանը, արդէն պաշտօնեաների մակարդակով, հասկացրել է, որ իրեն շրջանցելով հայ-տրպէյճանական տարածաշրջանային խնդիրներ չեն կարող լուծուել: Վերջին շրջանում նորութիւն էր նաեւ Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայութեան տարածած հաղորդագրութիւնները Հայաստանում ամերիկացիների կողմից Արեւմուտքի ազդեցութիւնը կրող ուժերի հետ աշխատանքի ընփացքին, իշխանութեան եւ գալիք համապետական ընտրութիւնների նկատմամբ վերահսկողութեան ծրագրերի ու միջոցառումների մասին: Ինչո՞ւ այս անգամ Ռուսաստանի համապատասխան ուժերը այս տեղեկութիւնները հրապարակ չեն նետում լրատուական միջոցների, վերլուծաբանների, երկրորդ ու երրորդ մակարդակի պաշտօնեաների միջոցով: Ակնյայտ է, որ սա զգուշացում է այն մասին, որ իրենք տիրապետում են զարգացումներին եւ ուշադրութեամբ հետեւում են տեղի ունեցողին: Պարբերաբար, արդէն բարձր պաշտօնեաների կողմից արուող յայտարարութիւններն ըստ էութեան այն մասին, որ ռուսները հէնց այնպէս այստեղից գնացողը չեն, արդեօք չի՞ յուշում լաւ յիշել թէ Վրաստանի, թէ Ուքրայինայի թէ հէնց սեփական դասերը:
Պէտք չէ լինել փրոռուս կամ հակաարեւմտեան, բայց որեւէ մէկի դէմ կազմակերպուած հակա շարժումներին մաս կազմելը շռայլութիւն է ճակատագրի ալիքների վրայ երերացող Հայաստանի համար: Այս մասին այլեւս աւելորդ է թերեւս զգուշացնելը քաղաքականապէս հակազգային, բարոյապէս սպառուած իշխանութիւններին, բայց պարտադիր է բոլոր նրանց համար ովքեր չեն կարող հաշտուել այս կործանարար ընթացքի հետ: