«Դրօշակ» – Հոկտեմբեր 2024
Առաջնորդող Յօդուած
Արցախեան պայքարի եւ Հայաստանի անկախացման գործընթացի ճանապարհով Հայաստանում իշխանութեան եկած ուժի հակախորհրդային տրամադրութիւնները սահուն կերպով վերափոխուեցին հակառուսական կողմնորոշման: Շատ շուտ պարզ դարձաւ, որ Ռուսաստանին հեռու վանելու եւ դէպի արեւմուտք շրջադարձի ճանապարհը պէտք է անցնի Ատրպէյճանի եւ, յատկապէս, Թուրքիայի հետ եղբայրութեան մայրուղով: Պատահական չէր, որ անկախ պետութեան առաջին ղեկավար Լեւոն Տէր Պետրոսեանը վերածուեց իր իսկ գլխաւորած շարժման նպատակների հակառակորդի, պատերազմին հակադրեց խաղաղութեան գաղափարը եւ յայտարարեց, թէ խաղաղութեան պէտք է հասնել ամէն գնով: Իր հերթին Թուրքիան, լաւ հասկանալով, թէ ինչ բարդ խնդիր է ինքն իր առջեւ դրել Հայաստանի ղեկավարութիւնը, որպէս մերձեցման գին նրա առջեւ դրեց ծանր պայմաններ, որոնք վերաբերում էին Արցախի հարցի ատրպէյճանանպաստ լուծմանը, ցեղասպանութեան հարցից հրաժարմանը, միմեանց տարածքային ամբողջականութեան, իսկ աւելի կոնկրէտ, առկայ սահմանների ճանաչմանը եւ այլն: Միաժամանակ պատերազմող Հայաստանը չէր կարող կապերը խզել Անդրկովկասի նկատմամբ քաղաքական ազդեցութիւնը պահպանող Ռուսաստանից, նկատի ունենալով նաեւ տնտեսական մեծ կախուածութիւնը: Այնուամենայնիւ, կառավարման գրեթէ ողջ ընթացքում Հայաստանի իշխանութեան այս ոչ հեշտ կացութիւնը հնարաւոր եղաւ պահպանել, որովհետեւ Ռուսաստանի ղեկավարն ինքը Արեւմուտքի տուտուկի տակ էր պարում: Ռուսաստանի քաղաքական ընդերքից ազգային տրամադրութիւնների աճը սկսեց վերափոխել իշխանութեանը, մասնաւորապէս Հայաստանի իշխանութեան համար փոքրացնելով երկու լարի վրայ խաղալու հնարաւորութիւնը: Իշխանութեան անակնկալ փոփոխութեամբ Հայաստանի իշխանութեան համար Ուրբաթը Շաբաթից շուտ եկաւ, իսկ Ռուսաստանը Հայաստանի ղեկավարի եւ նրա թիմի ճակատագրի նկատմամբ կրաւորականութիւն դրսեւորեց: Անդրադառնալով երեք տասնամեակ առաջուայ իրադարձութիւններին` ցանկանում ենք ցոյց տալ այն բազմաթիւ նմանութիւնները, որոնք մինչ այս պահը գոյութիւն ունեն ՀՀՇ-ական եւ նրա քաղաքական ժառանգորդ ՔՊ-ական իշխանութիւնների միջեւ:
Նմանութիւններից մէկն էլ երկու իշխանութիւնների քարոզչամեքենաների հետեւողական ճիգն է հայ հանրութեանը համոզելու, թէ Ռուսաստանը կործանման ճանապարհին է, եւ Հայաստանը հարկադրուած է փնտռելու այլընտրանքներ: Թերեւս այն տարբերութեամբ, որ ազգային շահերը աւելի զգօն գիտակցող այն օրերի հասարակութիւնը չվարակուեց հակառուսականութեամբ, ինչը տեղի ունեցաւ, երբ ՔՊ-ական իշխանութիւնը պատերազմում կրած խայտառակ պարտութեան մեղքը բարդեց ընդդիմութեան եւ Ռուսաստանի վրայ:
Հայաստանի նոր իշխանութիւնը, երբեք չհաւատալով ու հաշուարկ չանելով սեփական ժողովրդի վրայ, փորձեց Արեւմուտքի միջնորդութեամբ դուրս բերել հայ-ատրպէյճանական յարաբերութիւնների գործընթացը ռուսական միջնորդութեան դաշտից եւ, բերելով Արեւմտեան ազդեցութեան ներքոյ, վերջինիս միջոցով պարտադրելու Ատրպէյճանին կնքել խաղաղութեան պայմանագիր: Ատրպէյճանը, սակայն, սթափ գնահատելով Ռուսաստանի հնարաւորութիւնների ներուժը, ցոյց տուեց, թէ շարունակում է հաւատարիմ մնալ վերջինիս միջնորդական դերին եւ փաստացի ընդդիմանում է նախաձեռնութիւնը խլելու արեւմտեան ջանքերին: Միաժամանակ շարունակելով թրքական աւանդական քաղաքական գիծը լաւ յարաբերութիւններ է պահպանում Արեւմուտքի հետ այդ յարաբերութիւնները ցեմենտելով իր տնտեսական, հաղորդակցական եւ տարածաշրջանային առաւելութիւններով:
Միւս կողմից, Արեւմուտքը Հայաստանին յստակօրէն հասկացրել է, որ իր հետ լինել` Հայաստանի համար նշանակում է, մաս կազմել այն սցենարին, որն Արեւմուտքը ցանկանում է իրականացնել տարածաշրջանում Թուրքիոյ եւ Ատրպէյճանի միջոցով:
Այս բարդ կացութեանը վերջին շրջանում աւելանում է այն հանգամանքը, որ պատերազմում դրական յստակութեան հասնելով եւ Արեւմուտքի դիմաց իրեն աւելի ինքնավստահ զգալով` Ռուսաստանը, ինչպէս պատահել է 30 ու 100 տարի առաջ, փորձում է վերականգնել իր դերակատարութիւնն անդրկովկասեան տարածաշրջանում: Ասուածի վկայութիւններն են տարբեր առիթներով Նիկոլ Փաշինեանին Ռուսաստան մեկնելու հրաւէրները, որոնք նա չի կարողանում մերժել, տարբեր յայտարարութիւնները հայ-ատրպէյճանական յարաբերութիւններում Ռուսաստանի միջնորդական դերի մասին եւ, գործնական քայլ որպէս, սոյն թուականի հոկտեմբերի 18-ին Ստամպուլում 3+3 ձեւաչափով արտգործնախարարների հանդիպումը: Հայաստանի իշխանութիւնը, չնայած լիակատար անձնատուութեանը Արեւմտաթրքական դաշինքին, չի կարող հաշուի չնստել այն փաստի հետ, որ Հայաստանը տնտեսական, էներկեթիք եւ այլ կենսական կապերով կապուած է Ռուսաստանի հետ: Պահի թելադրանքով գրկից-գիրկ թռչելու այս քաղաքականութիւնը ոչ միայն ոչնչի է հաւասարեցրել Հայաստանի իշխանութեանը, այլեւ երկիրը դուրս է դրել պատմական փոփոխութիւնների այն գործընթացից, որի մէջ շատ երկրներ ձգտում են գտնել ու պաշտպանել սեփական շահերը: Հայաստանի իշխանութեան նեղ կացութիւնը տեսնելով` ատրպէյճանցիներն ու թուրքերը մղում են նրան նորանոր զիջումների: Իշխանութիւնը ակնդէտ հետեւում է Ամն-ում տեղի ունեցող նախընտրական գործընթացներին, Վրաստանում ծաւալուող իրադարձութիւններին, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական այլ գործընթացներին` դրանցում անուղղակի եւ ուղղակի վտանգներ տեսնելով իր համար: Միւս կողմից, Ռուսաստանի դիրքորոշումների կարծրացման ու գործնականացման պայմաններում իշխանութիւնը սարսափով է նայում դէպի հիւսիս, եւ մղձաւանջային երազներ է տեսնում, թէ ինչպէս է Ռուսաստանը յեղաշրջում կազմակերպում եւ տապալում իրենց: Հայաստանի ղեկավարն ու իշխանախումբը, հեռու լինելով ազգային շահերի գիտակցութիւնից եւ վեց տարուայ ընթացքում փաստացի տապալելով ամէն գործ, ինչին առնչուել են, հիմա ունեն մէկ գլխաւոր մտահոգութիւն` ինչպէս պահպանել իշխանութիւնը, իշխանութեան միջոցով սեփական անձերը պաշտպանելու համար: Քանի դեռ կարող են իրենց օգտին ընտրութիւններ կազմակերպել, նրանք դռնից դուռ ընկած, անգամ թուրքերի միջնորդութիւնն են մուրում, որպէսզի Ատրպէյճանը խաղաղութեան պայմանագիր կնքի: Այս ոչինչ չարժեցող թղթի կտորը նրանց անհրաժեշտ է արտահերթ ընտութիւններ անցկացնելու համար, որպէսզի ընտրողին ասեն, թէ 2021 թուականին չեն խաբել, խաղաղութեան տեսքով ահա իրականացրել են «ապագայ կ’աէ կարգախօսը: Սրա կողքին ժողովրդին եւս մէկ անգամ խաբելու գայթակղիչ խաղալիք են դարձրել, Եւրամիութեանը եւ անգամ ՆԱԹՕ-ին միանալու ցնորական հեռանկարը: Նիկոլ Փաշինեանը մտածում է, որ մէկ անգամ եւս յաղթելով ընտրութիւններում, ձեռքերը ազատ կը լինեն նորանոր զիջումների համար, երկրի ներսում անելու համար ցանկացածը` հասնելով արտաքին ուժերի մէկ դէպքում` աջակցութեանը, մէկ այլ դէպքում` հարկադրուած չէզոքութեանը: Իր նպատակին հասնելու համար իշխանութիւնը գնում է հապշտապ քայլերի` ոտնահարելով երկրի հիմնական շահերը, անտեսելով որեւէ կարծիք երկրի ներսում, ինչպէս եւ ոտնահարելով պետութեան հիմնական օրէնքները: Խորհրդարանական ընդդիմութեանը հրաժարականի դրդելու խաղը նոյնպէս թելադրուած է իշխանական կուլիսներից, որպէսզի գործող վարչապետը կարողանայ ազատօրէն երկու անգամ հրաժարական տալ, այդ ընթացքում ոչ ոք չառաջադրուի յանկարծ եւ ձեռք բերի արտահերթ ընտրութիւններ անցկացնելու իրաւունք:
Այո, աշխարհը մեծ փոփոխութիւնների շրջապտոյտի մէջ է, սակայն ամենաճակատագրական իրողութիւնները սեփական իշխանութիւնների ձեռքով պատուհասում են հայ ժողովրդին: Արդեօք չի՞ ուշանալու չտրորուած ճանապարհով երկիրն անդունդից դուրս բերելու քաղաքական գալիքը: