ՅԱՂԱԳՍ ԸՆԹԵՐՑԱՍԻՐԱՑ ԵՒ ՄԱՍԱՄԲ ՆՈՐԻՆ

0 0
Read Time:3 Minute, 14 Second

ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ

Օգոստոս, 2024   

Ռազլին, Արլինթըն, Վիրճինիայի նահանգ: Չնայած ձմրան ցրտաշունչ խիստ եղանակին կամ ամրան խոնաւ ու տօթ օրերին, առաւօտեան ուղիղ ժամը հինգ անց կէսին պիտի Ռազլին քաղաքամասի մեթրօ կայանում լինէի, որպէսզի առաջին գնացքով մայրաքաղաք Ուաշինկթըն հասնէի եւ շտապէի գրասենեակ՝ լրագրողական աշխատանքս սկսելու համար: Առաւօտեան այդ ժամերը շատ կանուխ էին ինձ համար եւ նախքան մեթրօ կայան հասնելը ճանապարհին մտածում էի, որ գնացքում գոնէ երեսունից քառասուն րոպէ ժամանակ կ’ունենամ աչք կպցնելու: Բայց դեռ մեթրօ կայան չհասած նկատում էի, որ ամերիկացի արայք ու կանայք կայանի առջեւ տեղադրուած թերթերի կրպակներից արագօրէն գնում են օրուայ թերթեր, գլխաւորաբար՝ «Washington Post», «New York Times», «Christian Science Monitor», «Boston Globe» եւ այլ թերթեր ու մեթրոյի աստիճաններից իջնում էին ներքեւ գնացքների ստորգետնեայ ընդարձակ կայարանը, սպասելով գնացքի հասնելուն: Յետոյ շառաչով հասնում էր գնացքը եւ դռները բացուելուն պէս բոլորը ներս մտնելով գրաւում էին նստարանները ու հազիւ տեղաւորուելով իրենց ձեռքի պայուսակից հանում էին գիրք ու առանց շրջապատին ուշադրութիւն դարձնելու սկսում էին ընթերցել: Ոմանք էլ գնած օրաթերթերի գլխաւոր լուրերի վերնագրերը աչքի անցկաննելով՝ ընտրում էին իրենց հետաքրքրող լուրը կամ յօդուածն ու անցնում ընթերցման: Գնացքի նստատարածքում տիրում էր քա՜ր լռութիւն: Ոչ ոք չէր ցանկանում խանգարել միւսին: Բոլորը լուռ ընթերցում էին: Կին, թէ տղամարդ: Երիտասարդ, թէ տարեց, գործարար, թէ պաշտօնեայ: Ընթերցում յափշտակութեամբ, հետաքրքրութեամբ որպէսզի չվատնուի իրենց աշխատատեղի հասնելու կարճ ժամանակամիջոցը: Աշխատանքից վերադարձին եւս նոյնպէս ուղեւորները տեղաւորուելով գնացքի նստատարածքում զբաղւում էին ընթերցանութեամբ, հաւանաբար օրուայ աշխատանքային ծանրաբեռնուածութիւնն ու հոգերը մոռանալու եւ իրենց սիրած գրքերի աշխահում անդորրութիւն գնտելու համոզմամբ: Առաջին օրերին խորթ ու տարօրինակ էր թւում ինձ Վիրճինիայի առաւօտեան աղջամուղջային ժամերին ամերիկացիների այդ կենսաձեւը: Իսկ աւելի ուշ ամերիկացի գործընկերներիս հետ այդ կենսաձեւի մասին զրուցելիս իմացա՛յ, որ դա ընթերցասիրութեան մշակոյթ է եւ որ փոքր տարիքից այդ մշակոյթով մեծացած մարդիկ են գնացքի իմ ուղեկիցները:

Արլինկթընի ատամնաբոյժիս սպասարանում էի եւ սպասում էի հերթիս: Սպասարանի սեղանին փռուած էին զանազան պարբերաթերթեր: Վերցրեցի մէկը եւ սկսեցի թերթել: Քիչ անց սպասարան ներս մտաւ հազիւ հինգ-վեց տարեկան մի փոքրիկ մանչ իր տարեց տատիկի հետ: Նստելուն պէս տատիկը իր պայուսակից հանեց նկարազարդ մի գիրք եւ սկսեց ցած ձայնով ընթերցել փոքրիկի համար: Փոքրիկը հաճոյքով լսում էր տատիկին եւ նայում գրքի գունազարդ էջերին: Չկարողացայ հետաքրքրութիւնս զսպել եւ ներողամտութիւն հայցելով մօտեցայ ու ամենայն յարգանքով տատիկին հարցի, որ ատամնաբուժարանի սպասարանում փոքրիկի համար գիրք ընթերցելը ինչպիսի՞ բնութագրում կարող է ունենալ: Ամերիկացի տատիկը ժպտալով ասաց, որ փոքրիկը իր թոռնիկն է եւ երբ ազատ ժամ է լինում, փորձում է լաւագոյնս օգտագործել ժամանակը գիրք կարդալով երեխայի համար, որպէսզի փոքր տարիքից, խաղ ու խաղալիքից բացի, նրա մօտ զարգանայ նաեւ ընթերցասիրութեան սովորութիւնը: «Մեր տանը ընդարձակ գրադարան ունենք եւ գիրք ընթերցելը կենցաղակերպ է ընտանիքի բոլոր անդամների համար: Ինքս էլ երբ թոռանս պէս փոքրիկ աղջնակ էի, տատիկս ու պապիկս ընթերացասիրութեան նոյն ոգով են մեծացրել ինձ ու քոյր-եղբայրներիս: Այնպէս, որ դա ժառանագական սովորութիւն է մեզ մօտ»,- ասաց տատիկն ու շարունակեց գրքի ընթերցումը թոռան համար:

Ափսոսանքի եւ բարի նախանձի զգացումով լցուեցի: Երանի՜, մեզ մօտ էլ շատ ու շատ լինեն նման տատիկների թիւը, որպէսզի մանուկ հասակից հայ գիրք ընթեցելու մշակոյթը, սէրն ու սովորութիւնը  տարածուի մեր սերունդների մօտ: Որպէսզի մետրոյի գնացքներում շատանան հայերէն գիրք ընթերցող հայ ուղեւորների թիւը: Որպէսզի չասուի ու չգրուի, թէ հայ գիրք կայ, ընթերցող չկայ: Որպէսզի ամէն հայի տանը ականատես լինենք հայերէն գրքերի ճոխ կամ համեստ գրադարանի: Որպէսզի հայ գրողը խրախուսուած շարունակի գրել ու ստեղծագործել եւ չվարանի, չյուսսհատուի, թէ ո՞վ է կարդալու իր ստեղծագործութիւնները: Որպէսզի մեր քաղաքի հայկական գրախանութներում յաճախակի հանդիպենք հայկական գրքերով հետաքրքրուող, հայերէն գրքեր գնող արանց ու կանանց, երիտասարդների ու պատանիների: Որպէսզի այլեւս տխրութեամբ չկարդանք Հրանտ Մաթէոսեանի գանգատախառն սրատայոյզ այն խօսքերը, թէ «…Որ անկեղծ լինեմ, գրիչը ձեռքիս ընկել է…: Գլխաւոր պատճառը այն ծառուղում նստած իմ գիրքը ծնկներին դրած կարդացող աղջկայ բացակայութիւնն է: Նրան կորցրել եմ: Գուցէ նա կայ, բայց ես նրան կորցրել եմ»: Որպէսզի համատարած անտարբերութիւն չսկսի հայ գրքի նկատմամբ: Որպէսզի հաւաքական ու յանձնառական ջանքերով, նոր հայեցակարգով, նոր աշխարհայեացքով, նորարարական մտածելակերպով վերստեղծուի մի նոր «Ընթերցասիրաց Ընկերութիւն», «Ընթերցասիրաց Միութիւն», ինչպէս եղել են Պոլսում, Կարինում, Գահիրէում եւ Սփիւռքի այլ գաղթօջախներում մեզանից աւելի քան մէկ ու կէս դար առաջ, նպատակ ունենալով հասարակութեան մէջ զարգացնել ընթերցասիրութեան մշակոյթը:

Որպէսզի՛, որպէսզի՛, որպէսզի՜…

 

 

 

                                                                      

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles