ՄԱէՍԹՐՕ ԱՐՄԱՆ ՔԷՅՎԱՆԵԱՆԻ ՀԵՏ

0 0
Read Time:3 Minute, 51 Second

 ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ

Յունուար 2024

Ըստ իս, ուսուցչի, մասնաւորաբար հայերէնի ուսուցչի ամենաարժանի դափնին, պարգեւը, ո՛չ շքանշանները, ո՛չ պատուոյգրերը, ո՛չ նիւթական պարգեւները, եւ ո՛չ էլ մեծարանքի հանդիսութիւններն ու ճաշկերոյթներն են: Քանզի այդ բոլորը անցողիկ երեւոյթներն են: Ես այն համոզման եմ, որ ուսուցչի համար ամենաբերկրաբերձ վարձքը, պարգեւը իր աշակերտների փայլուն ձեռքբերումներն ու յաջողութիւններն են՝ մարդկային գիտութիւնների, արուեստի ու մշակոյթի համակարգերում:
Արդարեւ, Փասատենայի «Քորնըր» սրճարանի բացօդեայ տարածքում այդ մտորումներով համակուած զրուցում էի Կլէնտէյլի «Շամլեան» ազգային վարժարանի իմ նախկին շրջանաւարտ աշակերտներից՝ Արման Քէյվանեանի հետ, ով հիմա քաղաքի Crown City Symphony կոչուող հանրայայտ սիմֆոնիք նուագախմբի յարգուած ու սիրուած շնորհալի խմբավարն է:
Թէեւ տարիներ են անցել, բայց տակաւին Արմանի յուշաշխարհում անջնջելի տպաւորութիւն են թողել «Շամլեան» վարժարանի հայերէնի իմ դասարանն ու դասապահերը, երբ ընթերցանութեան նոր դասանիւթ պարապելիս,- պատմում է ինքը,- միւսները դժուարանում էին սահուն ընթերցել եւ որ իրեն էի առաջարկում դասարանի առջեւ ընթերցել նոր դասանիւթը բոլորի համար: «Ա՛յ այսպէս կ՛ընթերցեն դասը, դառնալով դասարանին ասում էիք ինձ եւ հիացմունքով լսում՝ ընթերցանութիւնս»,- ժպտալով յիշում է Արմանը եւ աւելացնում,- «Ես մեծ սիրով ու սահուն, անսխալ էի կարդում դասագրքում տեղ գտած մեր գրողների գործերը»:
Իսկ ես ներքուստ հոգեկան մեծ վայելք եմ ապրում, որ Ամերիկայում ծնուած ու հասակ առած այս երիտասարդը հիանալի հայերէնով է արտայայտում իր յուշերն ու տպաւորութիւնները, չնայած այն իրողութեան, որ երկար տարիներ անց, իր աշխատանքի, երաժշտական իր արուեստի միջավայրը դարձել է ամերիկեան, բայց իր հայեցի մտածելակերպի, լեզուաշխարհի զարգացման, խարսխման ու ձեւաւորման հոլովոյթում աննկուն ու ամրակուռ է մնացել հայերէնն ու հայերէնախօսութիւնը՝ հայ դպրոցի ու հայ ընտանիքի դաստիրակութեան շնորհիւ:
Մեր ունեցած զրոյցում Արմանը պատմեց, որ երաժշտութեամբ զբաղուել է փոքր տարիքից, հետեւելով դաշնամուրի դասընթացների: 1998 թուականին ընդունուել է Լոս Անճելըսի Colburn երաժշտական բարձրագոյն ուսումնարանը եւ ապա կրթութիւնը շարունակել է Chapman համալսարանում մասնագիտանալով դաշնամուրի եւ խմբավարութեան բնագաւառներում: Սիրել է դասական երաժշտութիւնը եւ դեռ փոքր տարիքում՝ հազիւ 10-11 տարեկանում դաշնամուրի վրայ նուագել է գործեր՝ Պեթհովէնից, Մուցարթից, Պախից, Չայքովսքիից, Խաչատրեանից, իսկ այժմ, խմբավարական բարձրագոյն կրթութիւնն ստանալուց յետոյ ղեկավարում է ամերիկեան սիմֆոնիք նուագախմբեր, կատարելով աշխարահռչակ երգահանների գործերը՝ ինչպէս Քալիֆորնիոյ, այնպէս էլ Միացեալ Նահագների համերգասրահներում: Առանձնայատուկ հիացումով ու անսահման սքանչացումով է խօսում,- Պարոյր Սեւակի բառերով,- հայ երգի Մեսրոպ Մաշտոցի՝ Կոմիտաս Վարդապետի երաժշտական, ազգագրական հոյափայլ ժառանգութեան մասին:
Փասատենայի First Baptist եկեղեցու դահլիճում նախորդ շաբաթներին պատեհութիւն եմ ունեցել լսելու Արման Քէյվանեանի խմբավարութեամբ եւ սիմֆոնիք նուագախմբի կատարմամբ դասական երաժշտութեան մեծերի ստեղծագործութիւնները եւ խորապէս համոզուել, որ Արմանը՝ 38-ամեայ երիտասարդ մեր մաէսթրօն, երաժշտագիտական բարձր ճաշակով ամերիհահայ տաղանդաշատ խմբավար է մեր համայնքում: Իսկ դա, ամենամեծ պարգեւն է ինձ՝ հայերէնի ուսուցչիս, համար:
Որպէս արհեստավարժ դաշնակահար Արմանը հրաւիրուել եւ ելոյթներ է ունեցել Հիւսիսային ու Հարաւային Քալիֆորնիոյ համերգասրահներում: Հարուստ է նաեւ երիտասարդ խմբավարի համերգային շրջագայութիւնները աշխարհի տարբեր երկրներում, ուր սիմֆոնիք նուագախմբերով ղեկավարել է աշխահահռչակ երգահանների գործերը՝ ինչպէս Ռուսաստանի Սէնթ Փիթըրզպուրկ, այնպէս էլ Եւրոպայի շատ ու շատ երկրների քաղաքների համերգասրահներում:
Որպէս երիտասարդ տաղանդաշատ խմբավար բազմաթիւ մրցոյթների եւ մրցանակների դափնեկիր է Արմանը, իսկ եւրոպական երկրների երաժշտական փառատօնում բազմաթիւ երաժշտագէտների մէջ ինքն է արժանացել դասական երաժշտութեան բարձր պարգեւին:
Անցնող 20 տարիներին Արման Քէյվանեանը իր գործուն մասնակցութիւնն է բերել տեղիս մշակութային եւ ոչ շահութաբեր բազմաթիւ կազմակերպութիւններին: Որպէս յանձնակատար ութ տարի մաս է կազմել Կլէնտէյլի քաղաքապետարանի «Արուեստի եւ Մշակոյթի Յանձնաժողով»-ին, իսկ երեք տարի ընտրուել է յիշեալ յանձնախմբի նախագահ, անդամակցել «Կլէնտէյլի Սիմֆոնիք նուգախմբի վարչութեան» եւ տակաւին շարունակում է իր կամաւոր գործակցութեամբ սատար հանդիսանալ Լոս Անճելըսի համայնքային բազմաթիւ կազմակերպութիւններին, ի խնդիր՝ ոչ շահութաբեր նախաձեռնութիւնների ու ծրագրերի ծաւալման ու յաջողութեան:
Երաժշտագէտների գնահատմամբ Արմանը օժտուած է դասական գործերի մեկնաբանման իւրովի իմացականութեամբ ու բարձր ճաշակով, ինչը կարելի է նկատել նրա խմբավարած սիմֆոնիք նուագախմբերի կատարումների ժամանակ:
Մեր զրոյցը ծաւալուեց նաեւ արուեստի գոյաբանութեան մասին: Արուեստը արուեստի, թէ՞ արուեստը ժողովրդի համար: Գեղագիտական այս սկզբունքի շուրջ շատ է խօսուել ու գրուել: Արուստագէտները տարբեր հակումնեով են անդրադարձել այս հարցին: Մաէսթրօ Քէյվանեանի կարծիքով արուեստը չի կարող անբաժան լինել ժողովրդից եւ զարգանալ ինքնանպատակ: Նրա կարծիքով թէեւ երաժշտական արուեստը անհատական ճաշակների արդիւնք է եւ որ արուեստագէտի համար չկան ժամանակների ու պայմանների անառարկելի դրոյթներ կամ ուղղութիւններ, այնուամենայնիւ վերջին գնահատականն ու արժեւորումը վերապահուած է ժողովրդին, արուեստասէր հասարակութիւններին ու արուեստարար շրջանակներին: Ահա, թէ ինչու անմահանում են յանձնառու, մեծանուն արեւստագէտները:
Ինչպէս նշեցի, պատեհութիւն եմ ունեցել ներկայ գտնուելու ամերիհահայ երիտասարդ երաժշտագէտ, դաշնակահար, սիմֆոնիք նուագախմբի խմբավար Արման Քէյվանեանի համերգային ելոյթներին, ուր բազմաթիւ օտարազգի երաժշտասէր ներկաների մէջ նկատելիօրէն շատ սակաւ, գրեթէ աննշմար է եղել մեր հայկական համայնքի անդամների ներկայութիւնը: Սրահում երբեմն նկատել եմ նաեւ ուրիշների, ովքեր ընտանիօք, նոյնիսկ իրենց փոքրիկ երեխաների հետ եկել են ըմբոշխնելու, իսկ իրենց փոքրիկներին հենց փոքր տարիքից ծանօթացնելու եւ սովորութիւն դարձնելու, որ լսեն, վայելեն սիմֆոնիք երաժշտութիւնը: Յաճախ ներքուստ ափսոսանքի զգացումի հետ մեկտեղ այն յոյսն եմ փայփայել նաեւ, որ Արմանի խմբավարած յաջորդ համերգին սրահում ականատես կը լինեմ նաեւ մեր համայնքի մեծ թուով երաժշտասէր, անդամների, երիտասարդների, մասնաւորաբար Արմանի դպրոցական շրջանի ընկերներին, ովքեր իրենց ներկայութեամբ պիտի արժէքաւորեն, քաջալերեն ու գնահատեն իրենց երաժշտագէտ ընկերոջ: Իսկ յաջորդ համերգների թուականներն ու մանրամասնութիւնները կարելի է գտնել Փասատենայի Crown City Symphony կայքէջում՝ (crowncitysymphony.org):

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles