Ազատամարտիկ, Ազգային Երգերու Կատարող Մկրտիչ Մկրտիչեանը (Մակիչ) Ոչ Եւս Է

0 0
Read Time:1 Minute, 39 Second

ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Հ․Յ․Դ․ Հայաստանի Գերագոյն մարմինը գուժեց ազատամարտիկ, ազգային-յեղափոխական երգերու մեկնաբան, գաղափարի ընկեր Մկրտիչ Մկրտչեանի (Մակիչ) անժամանակ մահը եւ ցաւակցութիւն յայտնեց անոր ընտանիքին, հարազատներուն եւ մտերիմներուն:

Այս մասին յայտարարութիւն տարածեց Հ․Յ․Դ․ Հայաստանի Գերագոյն մարմինը:

Մկրտիչ Մկրտչեան ծնած է 24 Ապրիլ 1962-ին, Թալինի շրջանի Ներքին Սասնաշէն գիւղը:

1988 թուականին ընդունուած է Երեւանի պետական երաժշտանոցը:

1990-ին Մկրտիչ Մկրտչեան միացած է Թաթուլ Կրպէեանի գլխաւորած Գետաշէնի ինքնապաշտպանական ջոկատին, Գետաշէնի անկումէն ետք տեղափոխուած է Շահումեանի շրջան եւ ընդգրկուած` Վերիշէնի ջոկատին, իսկ Շահումեանի անկումէն ետք տեղափոխուած է Մարտակերտ:

Հետագային Մկրտիչ Մկրտչեան ընդգրուած է Շուշիի առանձնակի գումարտակի կազմին մէջ` մարտական գործողութիւններուն մասնակցելով Մարտակերտի, Կովսականի (Զանգելան), Ֆիզուլիի, Քարվաճառի շրջաններու մէջ: 7 մարտ 1993-ին վիրաւորուած է Մանիքլու գիւղի մատոյցներուն մէջ:

Մկրտիչ Մկրտչեան մասնակցած է նաեւ 2016 թուականի քառօրեայ եւ 2020-ի 44-օրեայ պատերազմներուն: 2 Հոկտեմբեր 2020-ին Մատաղիսի մէջ ծանր վիրաւորուած է:

Մկրտիչ Մկրտչեան Հայաստանի վաստակաւոր արուեստագէտը պարգեւատրուած է Լեռնային Ղարաբաղի «Արիութիւն» եւ Հայաստանի «Մարտական ծառայութեան համար» մետալներով: Անոր կատարումները մարտակոչ հանդիսացած են արցախեան գոյապայքարի ամբողջ ընթացքին:

Մկրտիչ Մկրտչեանի հոգեհանգիստը տեղի ունեցաւ 5 Նոյեմբերին, Կոնդի Սուրբ Յովհաննէս եկեղեցւոյ մէջ, յուղարկաւորութիւնը նոյեմբեր 6-ին` «Եռաբլուր» պանթէոն:

Մակիչի Հեռանալը, Կարծես, Ուշքի Բերող

Ապտակ Լինէր Ինձ

Այսօր հրաժեշտ ենք տալու Մակիչին: Ինձ թւում էր` Արցախի վերջին դէպքերից յետոյ այլեւս ոչինչ չէր կարող ինձ այսքան ցաւ պատճառել: Ինքս էլ ինձ վաղուց արդէն դարձուորիկ եմ զգում` լաւ չհասկանալով` էս աշխարհո՞ւմ եմ ապրում, թէ՞ էն: Ո՞րն է իրականութիւնը, ո՞րը` ոչ:

Մակիչի հեռանալը, կարծես, ուշքի բերող ապտակ լինէր ինձ: Գիտէի, որ այսպէս է լինելու, սպասում էի այս օրուան: Նոյնիսկ ուզում էի, որ շուտ գայ. Մակիչի տանջանքներին չէի կարող նայել: Բայց միեւնոյն է… ամէն ինչ մէջս փշրուեց` հէնց լուրը առայ:

Մակիչն ինձ համար հայր էր, աւագ ընկեր, եղբայր… ամէն ինչՄեր ընտանիքի ամենահարազատ մարդկանցից մէկը: Նա էլ մեր տնից գնաց: Մեզանից: Ու հիմա, թերեւս, աշխարհներից լաւագոյնում է: Այնտեղ, որտեղ իմ ամենասիրելիներն ու ամենահարազատներն են:

Աղօթէք Մակիչի հոգու համար, սիրելի՛ ընկերներ: Ու թող Աստուած ողորմի ձեր անցաւորներին ու մեր ազգի բոլոր նուիրեալներին:

Աստծով, Մակի՛չ ջան:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles