Հայկական Գագաթնաժողո՞վ, Գիտաժողո՞վ, Թէ՞ Խորհրդաժողով. Մտորումներ Ձեւի Եւ Բովանդակութեան Շուրջ

0 0
Read Time:5 Minute, 35 Second

ՅԱԿՈԲ ԱՍԱՏՐԵԱՆ
Փրակա

Նախորդ օրերին Երեւանում անցկացուած Հայկական գագաթնաժողովի մասին տարբեր մեկնաբանութիւններ հնչեցին:

Նախ սկսենք հաւաքի անուանումից: Ընդհանրապէս, եթէ որոշուած էր այդ ժողովին չհրաւիրել սփիւռքեան ազդեցիկ կազմակերպութիւններին, կուսակցութիւններին եւ եկեղեցին էլ հրաժարուել էր մասնակցութիւնից, ապա սխալ էր նման մակարդակի հայերի հանդիպումը, որտեղ բացակայում են առաջին դէմքերը, անուանել գագաթնաժողով: Գագաթնաժողով անուանում են այն հանդիպումները, որոնցում ներկայանում են առաջին դէմքերը, հակառակ պարագայում այն գագաթնաժողով չի կարող կոչուել, կարող է լինել խորհրդաժողով, համաժողով կամ համահայկական ֆորում, բայց ոչ գագաթնաժողով, եւ այն էլ, ըստ Փաշինեանի` առաջինը:

Վերջին 20 տարիներին Հայաստանում սփիւռք-հայրենիք աւելի մեծ եւ ներկայացուցչական ժողովներ են կազմակերպուել, որոնք թէ՛ մասնակիցների թուով են աննախադէպ եղել, թէ՛ թեմաների բազմազանութեամբ շատ կարեւոր խնդիրներ են առաջ քաշել եւ կարող էին հանգիստ կոչուել գագաթնաժողովներ, սակայն կազմակերպիչները երբեք առաջինը երեւալու մարմանջ չեն ունեցել, ինչպէս վերջինիս դէպքում:

Պատմական իրականութիւնից կտրուած են նաեւ սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի մամուլին տուած միակողմանի գնահատականները, թէ նախկինում գալիս էին միայն շքանշան ստանալու համար եւ փոխարէնը չէին քննադատում: Ի հարկէ, եղել են մարդիկ ովքեր պարգեւներ ստացել են, ծառայել են նախորդ իշխանութիւններին, բայց այդ նոյն մարդիկ այսօր էլ ծառայում են ներկայ իշխանութիւններին: Այդ իմաստով ոչինչ չի փոխուել: Իսկ սփիւռքի գիտակից տարրը, ինչպէս այն ժամանակ է, քննադատական մօտեցում ունեցել Հայաստանում իրականացուող քաղաքականութեան սխալ քայլերին, այնպէս էլ այսօր է քննադատում կամ նշում սխալները: Այստեղ էլ ոչ մի մեծ փոփոխութիւն չի եղել: Դերակատարներն են փոխուել:

Եթէ յանձնակատարի գրասենեակը ծանօթանար Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան եւ սփիւռքի նախարարութեան վերջին քսան տարիների արխիւներին, հրապարակումներին, ապա կարող էր ամբողջական պատկերացում կազմել, թէ ի՞նչ հարցեր են քննարկուել անցած տասնամեակների նմանատիպ ժողովների ընթացքում, ի՞նչ հարցեր են բարձրացուել` սկսած արտաքին գործերի նախարար Օսկանեանի ժամանակ կազմակերպուած առաջին Համաշխարհային ֆորումից մինչեւ սփիւռքի նախարարութեան հովանու ներքոյ անցկացուած խորհրդաժողովները: Այդ բոլոր առաջարկութիւնների հանրագումարը պէտք է ստեղծուէր, ներկայացուէր սփիւռքեան կառոյցներին ու անհատներին, եւ այժմ քննարկուէին դրանց լուծման ճանապարհները:

Այսինքն պէտք էր շարունակել այնտեղից, որտեղ այդ ընթացքը կանգ էր առել: Բայց մեզանում ամէն ինչ սովոր են սկսել զերոյական կէտից:

Իհարկէ, ողջունելի է, որ սփիւռքում յայտնի եւ անյայտ մեր շատ հայրենակիցներ, որոնք յաջողութիւնների են հասել իրենց բնագաւառներում, հաւաքւում են մի դահլիճում եւ կիսւում իրենց փորձառութեամբ եւ գիտելիքներով: Քննարկում են կարեւոր թեմաներ, առաջ քաշում հարցերի լուծման իրենց տեսակէտները, լսում են Հայաստանի տարբեր նախարարութիւնների ղեկավարներին:

Ձեւաչափն էլ կարծես թէ նման հաւաքների համար նոր էր, թէեւ այն ընդօրինակուած էր Հայկական բարեգործական ընդհանուր միութեան վերջին համագումարներին կիրառուող ձեւաչափից, եւ կամ թէ «Աւրորա» նախագծի անցկացման ձեւաչափերից: Ամէն դէպքում, նման հանդիպումները, որտեղ ոչինչ չի որոշւում, ունեն ընդամէնը խորհրդատուական բնոյթ, վերջնական արդիւնք չի գրանցւում: Թէ ինչպէս կ՛օգտագործուեն այս ժողովի ելոյթները, ժամանակը ցոյց կը տայ:

Տարիներ շարունակ սփիւռքից եկել ենք, մասնակցել, ելոյթներ ունեցել, քննադատել ու առաջարկներ ներկայացրել, սակայն մեծ հաշուով, համաշխարհային փոփոխութիւններ չեն եղել: Ինչո՞ւ` որովհետեւ այդպէս էլ ոչ մի իշխանութիւն յանձն չի առել, թէ Հայաստանի քաղաքական ու տնտեսական համակարգում ի՞նչ տեղ պէտք է տրուի սփիւռքի ներկայութեանն ու մասնակցութեանը: Թէ՛ նախկինում, եւ թէ՛ հիմա վերաբերմունքը նոյնն է` դուք օգնէք մեզ, բայց քննադատելու իրաւունք չունէք:

Նոյնիսկ բարի մղումներով արուած քննադատութիւններն ու առաջարկներն են անտեսւում: Իսկ ամենահետաքրքիրը, որ ներկայ իշխանութեանը պաշտպանած մարդկանց, որոնք մեծ դերակատարում ունեն սփիւռքում, չեն հրաւիրում ժողովի:

Իբրեւ օրինակ կարող եմ բերել Ֆրանսայի հայկական կազմակերպութիւնների համակարգող մարմնի համանախագահ Արա Թորանեանի կամ Ֆրանսայում «Հայաստան» հիմնադրամի երկարատեւ տարիների ներկայացուցիչ Պետրոս Թերզեանի պարագաները: Համակարգող մարմնի միւս համանախագահի` Մուրատ Փափազեանի մուտքն արգելել էին Հայաստան` Փաշինեանի դէմ ցոյց կազմակերպելու պատրուակով: Մինչդեռ 2009 թուականին նոյն Փափազեանը աւելի խիստ ցոյց էր կազմակերպել Սերժ Սարգսեանի դէմ, բայց նրա մուտքը երկիր ոչ ոք չարգելեց: Նոյնիսկ լոլիկներ էին շպրտել:

Ինչ վերաբերում է Թորանեանին, ապա վերջինս յօդուած էր տպագրել «Փաշինեան` այո՛, Սինանեան` ոչ» վերնագրով` իր իսկ խմբագրած «Նուվել տ Արմենի» յայտնի ամսագրի կայքէջում, անդրադառնալով յանձնակատարի ֆրանսահայ համայնքում կատարած քայլերին: Արդիւնքում, այսպէս կոչուած գագաթնաժողովում չեն մասնակցում ֆրանսահայ համայնքի երկու ազդեցիկ դէմքեր, ովքեր տարիներ շարունակ նուիրեալ աշխատանք են տարել Ֆրանսիայում, օգնել են Հայաստանին ու Արցախին, մեծ է նաեւ նրանց ազդեցութիւնը, որ այսօր նախագահ Մաքրոնը նման վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ: Բայց, ինչպէս տեսնում էք, անձնական վիրաւորուածութիւնն աւելի է բարձր է, քան համահայկական շահը:

Ինչեւէ, ի վերջոյ, ո՞րն է նման հաւաքների կազմակերպման հիմնական նպատակը: Իշխանութիւնների համար եւս մի անգամ ցոյց տալու, որ սփիւռքին չենք մոռացել եւ ուզում են նոր մակարդակի հասցնել այդ յարաբերութիւնները: Բայց ինչպէս կարելի է չորս տարի ոչինչ չանել Հայաստան-սփիւռք յարաբերութիւնների ամրապնդման եւ զարգացման ոլորտում, եւ մէկ ժողովի միջոցով լուծել այդ խնդիրը: Միասնականութեան ապահովման համար պէտք է սփիւռքի հետ դիւանագիտական մեծ աշխատանք տանել, ինչը որ չի արւում: Յարաբերութիւններ ստեղծելով ընտրովի մարդկանց կամ կազմակերպութիւնների հետ, եւ ինքնախաբէութեամբ զբաղուել, թէ սփիւռքի հետ մեր կապերը լաւ են, դա ընդամէնը աչքակապութիւն է: Այս հարցում չեն կարող օգնել նաեւ «Սփիւռքի երիտասարդ դեսպան» կամ «Ի Գործ» ծրագրերը, որոնք արտաքնապէս կարող են համարուել համագործակցութեան միտուած քայլեր, սակայն իրականում դրանք չեն կարող ընդգրկել այն մասշտաբներն ու այն խնդիրները, որն այսօր ունի հայկական սփիւռքը: Չնշեմ նաեւ, որ սփիւռքի նախարարութեան լաւագոյն երիտասարդական ծրագիրը` «Արի տունը» փոխելով «Քայլ արա տուն» անուանումի, ըստ էութեան որեւէ մեծ փոփոխութեան չի բերել: Անընդունելին այն է, որ ամէն մի նոր իշխանութիւն փորձում է ցոյց տալ, որ իրենից առաջ ոչինչ չի եղել կամ միայն վատն է եղել, եւ հիմա ինքը իրականացնում է նոր սերնդի երազանքը:

Այսօր մեր թշնամիների համար երկու հզօր հայկական գործօն կայ, որից սարսափում են: Առաջինը սփիւռքում լիակատար ազդեցութիւն ունեցող Հայ առաքելական եկեղեցին է, եւ երկրորդը` ազդեցիկ կազմակերպութիւններն ու քաղաքական ուժերը: Երբ Հայաստանի պետութիւնն ինքն իրեն օտարում է այս երկու հզօր համակարգերից, հիասթափութիւն ու թշնամութիւն է սերմանում, ոչ միայն սեպ է խրում սփիւռքեան իրականութեան մէջ, այլեւ թուլացնում է Հայաստան պետութիւնը, որի ամենամեծ դրամագլուխն այսօր Հայկական սփիւռքն է` իր ողջ ներուժով:

Նախորդ իշխանութիւններին էլ շատերը սփիւռքից քննադատում էին, սակայն երբեք նման բարդոյթաւորուած մօտեցում նրանց նկատմամբ չի ցուցաբերուել, ինչպէս այսօր: Նախկիններն այլ կերպ էին մերժում ընդդիմադիր սփիւռքահայերին` Հայաստանի քաղաքացիութիւն չէին տալիս, լինում էին նաեւ այլ բացառիկ դէպքեր:

Հայաստան-սփիւռք յարաբերութիւնների շղթայի կարեւոր օղակ են նաեւ օտար երկրներում գործող Հայաստանի դեսպանութիւնները: Նրանց գործունէութիւնից է շատ յաճախ կախուած լինում սփիւռքահայերի առ Հայաստան վերաբերմունքը, համահայկական ծրագրերին մասնակցութիւնը եւ այլն: Այս գագաթնաժողով-խորհրդաժողովում ես չնշմարեցի նման հարցի քննարկում. Ինչպէ՞ս անել, որ համայնքների եւ դեսպանութիւնների յարաբերութիւնները ոչ թէ լինեն անձնաւորուած, կախուած լինեն դեսպանների քմահաճոյքներից, այլ ունենան յստակ քաղաքականութիւն եւ հայանպաստ գործունէութիւնը չվերածուի դեսպանատուն-համայնք մրցակցութեան: Կարելի էր հրաւիրել մի քանի դեսպանների եւ լսել նրանց կարծիքը, իսկ համայնքային ներկայացուցիչները յայտնէին, թէ ինչպիսի ակնկալիքներ ունեն դեսպանութիւններից: Այնուհետեւ, ժողովի մէկ նիստը կարելի էր առցանց կազմակերպել, եւ տրամադրել այն կարեւոր համայնքների ներկայացուցիչներին, որոնք ֆիզիքապէս չեն գտնւում Երեւանում:

Կարեւոր բացթողում էր Արցախի հարցը եւ դրա հետ կապուած քարոզչական պատերազմի խնդիրների չքննարկելը: Առանց այս հարցերի, որոնք կարեւոր են մեր անվտանգութեան տեսակէտից, եւ որոնցում կարեւոր դեր ունեն թէ՛ Հայաստանը, եւ թէ՛ սփիւռքը, ակադեմիական հարցերի քննարկումը ժամանակավրէպ է թւում:

Ընդհանուր առմամբ, հեռուից հետեւելով արծածուած թեմաներին եւ մասնակիցների շօշափած հարցերին, կարելի է ասել, որ տեղի է ունեցել համահայկական գիտաժողով-խորհրդաժողով, բայց երբեք` գագաթնաժողով: Եկել է վերջապէս դասեր քաղելու ժամանակը:

Յ. Գ.- Ի գիտութիւն ընթերցողի, որպէսզի տպաւորութիւն չստեղծուի, որ ես չեմ մասնակցել, այդ իսկ պատճառով եմ գրում, պաշտօնապէս ժողովին մասնակցելու հրաւէր ստացել եմ, բայց խիստ զբաղուածութեան, ֆինանսական եւ այլ տեխնիկական պատճառներով չկարողացայ մասնակցել:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles