Հոկտեմբերի 6-ին` Փրակայի բանակցութիւններից յետոյ, Հայաստանի վարչապետի եւ Ատրպէյճանի նախագահի ստորագրած յայտարարութեամբ ակնյայտօրէն դրսեւորուեց հայ-ատրպէյճական խնդիրների լուծման նախաձեռնութիւնը Ռուսաստանից խլելու, առհասարակ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու Արեւմուտքի ցանկութիւնը, ինչը միաժամանակ Հայաստանի իշխանութիւնների` չորսուկէս տարի շարունակուող հետեւողական քաղաքականութիւնն է: Նոյեմբեր 1-ին ռուսական «Ռեկնում» լրատուական գործակալութեան վերլուծաբան Սթանիսլաւ Թարասովը գրեց․ «․․․․Աշխարհաքաղաքական փոփոխութիւնների դինամիկան տարածաշրջանում Մոսկուայի օրակարգ է բերում ազդեցութեան ոլորտների վերաբաշխման խնդիրը: Գլխաւորը հիմա չուշանալն է»:
Ինչպէս պարզուեց, չուշանալու մտահոգութիւն ունէր ոչ միայն ռուս վերլուծաբանը. շատ չանցած` Ռուսաստանի նախագահը Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահներին հրաւիրեց հանդիպման: Իսկ մինչ հանդիպումը տեղի կ՚ունենար, համապատասխան մթնոլորտ ձեւաւորելու համար ռուսական լրատուամիջոցների կազմակերպուած լռութեանը մօտ երկու շաբաթ փոխարինեց «քարոզչական նախապատրաստական թնդանօթաձգութիւնըէ ե՛ւ Հայաստանի «սորոսական իշխանութիւններիէ ու նրանց նպատակների, ե՛ւ Ատրպէյճանի ու Թուրքիոյ ծաւալապաշտական յաւակնութիւնների ուղղութեամբ: Իհարկէ, սեփական դիրքերը վերականգնելու Ռուսաստանի ընդվզումը աննկատ չմնաց Արեւմուտքի աչքից, եւ հանդիպման հրաւէրին հետեւեց Միացեալ Նահանգների պետական մամուլի ծառայութեան ղեկավար Նետ Փրայսի արձագանգը, որ ամերիկացիները «սատարում են Պաքուի եւ Երեւանի միջեւ խաղաղ բանակցութիւնները», եւ Պաքուն ու Երեւանը «իրենք պէտք է որոշեն` օգտակար կը լինի՞ արդեօք Փութինի հրաւէրը իրենց համար կայուն խաղաղութիւն հաստատելու հարցում»: Այս շարքին կարելի է դասել նաեւ Ֆրանսայի նախագահ Մաքրոնի յայտարարութիւնը, որ ռուսական կողմին մեղադրեց Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ վերջին բախումները հրահրելու մէջ` Կովկասի տարածաշրջանում, ինչպէս եւ դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու նպատակով:
Հոկտեմբեր 31-ին Սոչիում տեղի ունեցած Փութին-Ալիեւ-Փաշինեան հանդիպումը վերահաստատեց Ռուսաստանի միջնորդական դերը հայ-ատրպէյճանական խնդիրների լուծման հարցում եւ ըստ էութեան արձանագրեց դրանց լուծման ժամկէտների երկարաձգումը: Ինչ վերաբերում է կողմերի միջեւ եղած պայմանաւորուածութիւնների անշեղօրէն կատարմանը, ուժի կիրառմանը եւ դրա կիրառման սպառնալիքից զերծ մնալուն եւ այլն, կարելի է վերագրել հեքիաթի, մանաւանդ որ, հանդիպումից շատ չանցած, Ատրպէյճանը վերսկսեց հայկական տարածքների ռմբակոծումը: Ինչ վերաբերում է այս հանդիպման արդիւնաւէտութեանը, ապա այդ առնչութեամբ մէջբերենք ռուս վերլուծաբան Թարասովի տեսակէտը․ «Պարզ է այլ բան: Նոյնիսկ եթէ Պրիւքսէլում խաղաղութեան պայմանագիրը ստորագրուի (Ալիեւն ու Փաշինեանն այնտեղ կը լինեն Դեկտեմբերի սկզբներին), Ռուսաստանի ներգրաւումից ոչ մէկին չի յաջողուի խուսափել: Ուստի առկախ է մնում նաեւ այն հարցը` արդեօք Սոչիի գագաթնաժողովը պարզապէս ծիսական բնոյթի իրադարձութի՞ւն կը դառնայ, թե՞ կը ծառայի որպէս Եւրոմիութեան հովանու ներքոյ խաղաղութեան պայմանագրի ստորագրմանը նպաստող ազդակ: Առայժմ կայուն զգացողութիւն է ձեւաւորւում, որ Ռուսաստանը սկսում է հեռաւորութիւն պահպանել` «հնարաւորութիւնների միջանցքէ թողնելով Արեւմուտքի համար: Յամենայնդէպս, Սոչիում, ի հեճուկս շատ ռուս փորձագէտների կանխատեսումների, հրապարակայնօրէն Մոսկուան երկու կողմերի համար նոր փաստարկներ չի ներկայացրել եւ դուրս չի եկել նախկինում առաջարկուածի շրջանակներից: Դա կարծես պայմանաւորուած է նրանով, որ Ռուսաստանը տեսնում է, թէ ինչպէս է Արեւմուտքը թուլանում եւ կորցնում Անդրկովկասում մեծ խաղ վարելու կարողութիւնը, թէեւ նա ձգտում է փլուզելու սթաթուս քոն (գոյավիճակը, խմբ․), որը հաստատուել է 2020 թուականին: Իսկ տարածաշրջանային այնպիսի խաղացողների շահերը, ինչպիսիք են Իրանն ու Թուրքիան, այժմ կապուած են Ռուսաստանի հետ: Հաշուի առնելով այդ գործօնները` հայ-ատրպէյճանական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը հեշտ չի լինելու, որոշումների տարբերակների ընտրութիւնը շարունակուելու է»:
Կարելի է թերեւս մտածել, որ պրն․ Թարասովն արտայայտում է Ռուսաստանի իշխանութիւնների տեսակէտը, սակայն որքանո՞վ է այն իրականանալի, երբ սկիզբ առած գործընթացները շարունակւում են: Մասնաւորապէս արդէն յաջորդ շաբաթ Ուաշինկթընում տեղի կ՚ունենայ Հայաստանի ու Ատրպէյճանի արտաքինգործոց նախարարներ Միրզոյեանի եւ Պայրամովի հանդիպումը, իսկ մօտ մէկ ամսից սպասւում է Փաշինեան-Ալիեւ նոր հանդիպումը Եւրոպայում: Տարբեր յայտարարութիւններից ակնյայտ է, որ ինչպէս Հայաստանի ու Ատրպէյճանի, նոյնպէս եւ արեւմտեան շահագրգիռ տէրութիւնների առաջնորդները շտապում են մինչեւ տարեվերջ գլուխ բերելու սահմանագծման ու սահմանազատման գործը։ Եթէ դա չիրականացուի ըստ ռուսական ռազմական քարտէսների, ապա հրապարակում կը մնան Ատրպէյճանի քարտէսներն ու նրա կամքը: Այս դէպքում շատ հաւանական է դառնում, որ հայկական կողմը կը համաձայնի սահմանագծի անցկացմանը` նախկին ատրպէյճանաբնակ անկլաւների (շրջանների, խմբ․) ու ներկայումս ադրբեջանական զօրքերի տնօրինութեան տակ գտնուող` Հայաստանի տարածքների ներառմամբ, որտեղ նրանք դիրքերի ամրակայման լուրջ աշխատանքներ են իրականացնում: Ինչպէս պնդում են նաեւ ռուսական աղբիւրները, այս լուծման հետ համաձայն են նաեւ արեւմտեան հովանաւորները: Իհարկէ, այս դէպքում խօսք չկայ Արցախի որեւէ կարգավիճակի մասին, քանի որ հայկական կողմի լուռ համաձայնութեամբ Արեւմուտքը հրաժարուեց Արցախի կարգավիճակի հարցը բարձրացնելուց, որովհետեւ գերխնդիրը մնում է խնդիրների համալիր եւ արագ լուծումը, քանի դեռ Ռուսաստանը գլխի չի ընկել, որ այս տարածաշրջանի հարցերում այլեւս անելիք չունի: Իսկ Ռուսաստանը, ուքրայինական բեռին զուգահեռ կամ դրանից ձերբազատուելով, կը կարողանա՞յ իրականացնել այն, ինչ իր գլխում է: Նախ մենք չգիտենք, թէ խնդիրների յստակ ու մանրամասն լուծման առումով ինչ կայ Ռուսաստանի մտքում:
Ակնյայտ է, սակայն, որ այն չի կրկնելու մեր գլխում եղածը: Միւս կողմից` Ռուսաստանը չի կարող հաշուի չնստել արդէն իսկ ձեւաւորուած իրողութիւնների հետ, որոնց հիմքում ընկած է Թուրքիայի բազմակողմանի եւ Արեւմուտքի քաղաքական ճնշումը: Եւ սա այն պարագայում, երբ Հայաստանի իշխանութիւնները հետեւողականօրէն ձգտում են արեւմտեան ազդեցութեան գերակայութեանը, ռուսական ուժի չէզոքացմանը եւ Արեւմուտքի անունից Թուրքիոյ հաստատմանը իր համար բաց տարածաշրջանում` ինչը նոյնն է, թէ Արցախի վերջնական կորստին: Եթէ հետեւենք վարչապետի եւ նրա կնոջ թերթի հրապարակումներին, ինչպէս եւ սոցցանցերի (ընկերային ցանցերի, խմբ․) դաշտը գրաւած իշխող ուժի եւ նրա համակիրների գրութիւններին, ապա ակնյայտ է դառնում, որ, ըստ այս խումբի կամ քաղաքական հոսանքի, Ռուսաստանը Արցախն օգտագործում է որպէս լծակ` Անդրկովկասը լարուածութեան մէջ եւ Հայաստանի ու Ատրպէյճանի իշխանութիւններին իրենից կախման մէջ պահելու նպատակով:
44-օրեայ պատերազմի ժամանակ Հայաստանի իշխանութիւնը փորձեց ձերբազատուել այդ կապանքներից, սակայն դա նրան ամբողջովին չյաջողուեց: Դրանից յետոյ նոյն իշխանութիւնը բոլորին համոզեց, որ բացարձակապէս յաւակնութիւններ չունի այս հարցում, այլ, ընդհակառակը, համաձայն է, որ Արցախը մնա Ատրպէյճանի կազմում արցախահայութեան, որպէս էթնիք (ցեղային, խմբ․) փոքրամասնութեան` ինչ-ինչ իրաւունքներով: Այդ իսկ պատճառով իշխող ազգադաւ ուժը յանկարծ նոր վրդովմունք ապրեց, երբ արցախցիները իրենց իշխանութիւնների գլխաւորութեամբ միահամուռ հրապարակ դուրս եկան` յայտարարելով, որ չեն ընդունելու իրենց անկախութեան կորուստն ու ադրբեջանական ստրկութիւնը: Արցախում կամ Հայաստանում հայրենակործան այս ծրագրերի դէմ որեւէ ընդվզում վրդովեցնում ու կատաղեցնում է իշխող ուժին, որը դրա մէջ տեսնում է իր դաւաճանական ծրագրերի ձախողման վտանգ:
Հայաստանի իշխանութիւնը խաղաղութեան հաստատման դիմաց վարկերով, ներդրումներով եւ այլ ձեւերով վճարելու պատրաստ ուժերին գոհացնելով ձգտում է հասնելու խաղաղութեան, ինչի մէջ էլ տեսնում է իր իշխանութեան պահպանման հնարաւորութիւնը: Իսկ Հայաստանի իշխանութիւնը իրապէ՞ս հաւատում է, որ թէկուզ ազգի ու պետութեան համար ծանրագոյն կորուստների գնով կարելի է հասնել երկարատեւ խաղաղութեան, անվտանգութեան ու ապահովութեան: Թերեւս նա դրան հաւատում էր, երբ դեռ Հ․Հ․Շ․ դպրոցում քաղաքական դասեր էր սերտում, հաւատում էր 3-4 տարի առաջ, երբ կուրացած ամբոխի ուսերի վրայ փողոցից յայտնուեց իշխանութեան ղեկի մօտ, բայց հիմա, երբ յայտնուել է թուրք-ադրբեջանական կործանարար ծրագրերի պարտադրանքի առջեւ, նա անշուշտ պատկերացնում է եւ՛ այդ պահանջների ծաւալը, եւ՛ խորքը, եւ՛ անվերջանալիութիւնը:
Ահա երկու հատուած Հ․Հ․ արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեանի խօսքից` ասուած Նոյեմբերի 3-ին խորհրդարանում պիտճէի քննարկման ժամանակ․ «հանրայայտ է, որ գործընթացն առանց նախապայմանների է, եւ միեւնոյն ժամանակ թուրքական կողմն անընդհատ Ադրբեջանի հետ յարաբերութիւնների կարգաւորման հետ է կապում, որը ինչ-որ առումով ինքնին մի քիչ նախապայման է յիշեցնում, ատրպէյճանի հետ բանակցային գործընթացի բոլոր ոլորտներում մենք, ըստ էութեան, բախուել ենք մաքսիմալիստական մօտեցմանէ: Ըստ նրա` Ադրբեջանը, մարտադաշտում որոշակի ռազմական յաջողութիւնների հասնելով, փաստացի եկել է այն եզրակացութեան, որ կարող է հակառակ կողմին պարտադրել իր պայմաններն ու տեսակէտը:
Յայտնուելով եւ երկիրը գցելով նման ծանր կացութեան մէջ` ձեռնարկո՞ւմ է արդեօք Հայաստանի ղեկավարութիւնը ինչ-որ քայլեր` իրավիճակը յաղթահարելու, երկիրն ու պետութիւնը փրկելու համար: Մենք տեսնում ենք, որ պետութիւնը հզօրացնելու, սեփական ուժերով սեփական խնդիրները լուծելու ուղղութեամբ չի արւում ոչինչ: Կարելի է պնդել, որ ցանկութեան դէպքում իսկ չի կարող անել, որովհետեւ Ադրբեջանն արգելում է նրան հզօրացնել բանակը, ամրացնել սահմանը, յարաբերութիւններ զարգացնել մեր շահերի հետ համընկնող շահեր ունեցող իրական դաշնակիցների հետ եւ այլն: Հայաստանի իշխանութիւնը պետութեան ու ժողովրդի անվտանգութիւնն իր ուժերով ապահովելու ուղղութեամբ ոչ մի յուսադրող բան չի ասել եւ չի արել: Նրա արածը բոլորից ու ամէն տեղ ադրբեջանական վտանգից պաշտպանութիւն խնդրելն է, փորձը` գերուժերի շահերի հակադրութիւն հրահրելով ստեղծելու մրցակցութիւն` Հայաստանի նկատմամբ հովանաւորութիւն ստանձնելու համար, որպէս իշխանութիւն իր խնդիրները գնդակի պէս ուրիշների դաշտ նետելը:
Նիկոլ Փաշինեանի գլխաւորած իշխանութիւնը աշխարհաքաղաքական ասպարէզում զբաղուած է ոչ թէ քաղաքականութիւն վարելով, այլ մանր ինտրիգայնութեամբ ու խորամանկութեամբ, այն դէպքում, երբ Ատրպէյճանի նախագահն իր աշխարհաքաղաքական, տնտեսական, ռազմական, դիւանագիտական եւ այլ արժէթղթերի շահարկմամբ կարողանում է խաղալ բոլոր դաշտերում` ամէնուր ստեղծելով շահագրգռութիւններ եւ որոշակի կ՚ախումնէր: Նման պայմաններում ոչ ոք չի գայ եւ հայութեան համար չի անի այն, ինչը որ չի ցանկանում կամ ունակ չի անելու հայութեանը եւ նրա պետութիւնը ներկայացնող ուժը: Փաշինեանը յստակ գիտի, որ քանի դեռ ինքն է ղեկավարում պետութիւնը, Արցախն ու Հայաստանը այս կործանարար ջրապտոյտից դուրս գալ չեն կարող, նա գիտի, որ կա՛մ Հայաստանն իրենով կը կործանուի, կա՛մ փրկութեան հնարաւորութիւն կը ստանայ առանց իրեն: Փաշինեան ղեկավարը գերադասում է պահպանել իշխանութիւնը Հայաստանը կործանելու գնով:
Այս պայմաններում Հայաստանի եւ հայութեան` որպէս ազգի փրկութիւնը կախուած է ոչ թէ Ռուսաստանից, Ամերիկայից, Եւրոպայից կամ ուրիշներից, այլ հայ ժողովրդից: Հայ ժողովուրդն է միայն ունակ ու իրաւասու լուծելու իր այն ներքին խնդիրը, որով պայմանաւորուած է մնացած բոլոր խնդիրների համալիր լուծումը: Արցախահայութիւնը Արցախի լեռներից արդէն հնչեցրել է վերազարթօնքի կոչնակը, ինչպէս 1988-ին: Եթէ մենք հայ ենք եւ որպէս պետականութեան ազատ քաղաքացիներ ունենք արժանապատուութիւն, պէտք է ոտքի կանգնենք: Այդ մենքն իհարկէ բաղկացած է բազմաթիւ եսերից, որոնցից իւրաքանչիւրն իր համար պէտք է կայացնի որոշում` ինքը ծնուել է լինելու արժանապատիւ քաղաքացի՞, թէ՞ թուրքի ճորտ: Փորձութիւնը իւրաքանչիւրիս համար է, եւ ամէն մէկս պէտք է յանձնի իր քննութիւնը: