ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՒԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ.- ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՎՏԱՆԳՈՒԱԾ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

0 0
Read Time:2 Minute, 55 Second

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պատերազմի երկրորդ տարելիցն ընդգծում է ծովամիջեան այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական չզուլալուած ստորջրեայ հոսանքները: Պատմական հանգամանքների բերումով ցամաքափակ լինելով Կասպիական, Սեւ եւ Միջերկրական ծովերից, Հայաստանի առանցքային դիրքը մնում է ռազմավարական անկարգութեան մէջ յայտնուած նրա հարեւանութեան շուրջկալում:

Հայաստանի հետ արդէն իսկ ակնյայտօրէն անազնիւ յարաբերուող Թուրքիայից բխող ներյատուկ վտանգը, պատերազմի սպառնալիքի լեզուից դէպի Յունիսեան մահաբեր յարձակման սանձազերծում անցում կատարած Ատրպէյճանի հարուցած մարտակոչերը եւ Կովկասով մէկ լարուածութեան ընդհանուր շիկացումն իրար են միախառնուել՝ ընդլայնուած շրջանը բնութագրելով իբրեւ խորացող անկայունութեան անմիջական տագնապի ներքոյ գտնուող տարածագօտի:     

Համակարգային ծաւալի այս վայրիվերումների խորապատկերին Հայաստանն այժմ դիմակայում է արտաքին շահերի եւ ներքին բացթողումների մի վտանգաշատ դասաւորուածութեան: Մինչ Մոսկուայի հետ Երեւանի “ռազմավարական” յարաբերութիւնը շարունակում է ծառայել որպէս տարածաշրջանային խաղաղութեան եւ անվտանգութեան հիմնաքար, հայռուսական գրկախառնումը մնում է անիրաւաչափօրէն միակողմանի:  

Ռուսհայկական յարաբերութիւնների անհամաչափութիւնը յատկապէս դրսեւորւում է իրաւահաւասար եւ փոխադարձ յարգալից համագործակցութեան հիմնարար պակասուրդի մէջ: Ի վերջոյ, Հայաստանի կողմից տարածաշրջանում միակ ռուսական ռազմահենակէտի հիւրընկալումը սիրալիրութեան պարզունակ արձանագրում չէ, եւ պէտք է խարսխուած լինի միմիանց շահերի համատեղ ճանաչման վրայ:

Աւելին՝ ռուսական ռազմահենակէտը Ռուսաստանի Դաշնութիւնից դուրս գտնուող միակ այդպիսի հաստատութիւնն է, որտեղ հիւրընկալող երկիրը չի ստանում ո°չ վարձավճար, ո°չ էլ փոխհատուցում: Հայաստանն է վճարում նրա ողջ ծախսերն ու ծախքերը: Հայոց ազգային անվտանգութեան նման գրաւադրումն անընդունելի է եւ անյապաղ սրբագրում է պահանջում: 

Որպէսզի նոր ժամանակաշրջանում հայռուսական գործընկերութիւնը լինի ռազմավարական առանց չակերտների, այն պէտք է դառնայ անկեղծ, իրապէս փոխադարձ եւ հորիզոնական յարգանքի վրայ հիմնուած, չնայած երկու պետութիւնների չափի եւ փորձառութեան տարբերութեանը:

Բնութագրական է վերջերս ռուսական լրատուամիջոց սպրդած եւ պաշտօնական Երեւանում ուշացումով հաստատում գտած տեղեկատուութիւնն առ այն, որ երկու երկրները կա°մ երկկողմանիօրէն, կա°մ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (Հ.Ա.Պ.Կ.) հովանու ներքոյ մտադիր են մինչեւ 49 տարով երկարաձգել ռուսական յենակէտի եւ այնտեղ զօրքերի տեղաբաշխման պայմանագրային համաձայնութիւնը: Մի կողմ թողնելով արժանապատուութեան հարցերը, սա ձեռնոց է նետում Հայաստանի ինքնիշխանութեանը, արտաքին քաղաքականութեան անկախութեանը եւ ազգային կենսական շահերին: Այն նաեւ խաթարում է մեր միջեւ իրապէս ռազմավարական գործընկերութեան անսահմանափակ ապագայ կարողականութիւնը:   

Սրա ճշմարտացիութիւնն ընդգծւում է այն փաստով, որ առկայ հիմնարար համաձայնագիրը գործողութեան մէջ է մինչեւ 2020 թուականը եւ կարող է անհրաժեշտութեան դէպքում երկարաձգուել, ժամկէտը լրանալու պահից  հինգ կամ նոյնիսկ տաս տարով: Մտավախութեան յաջորդ աղբիւրը Թուրքիոյ հետ Քրեմլինի ռազմական յարաբերութիւնն ու առուվաճառքն է, մի երկրի, որը բռնագրաւման մէջ է պահում Հայոց պատմական հայրենիքը, մերօրեայ շրջափակման է ենթարկում Հայաստանի Հանրապետութիւնը, ինչը համազօր է պատերազմական գործողութեան, եւ շարունակում է ժխտել 1915 թուականի Ցեղասպանութիւնն ու Հայոց մեծ հայրենազրկումը եւ խուսափել դրա համար պատասխանատուութիւնից:

Վրդովմունքի առաւել թարմ պատեհութիւն է Մոսկուայի ռազմական աջակցութիւնը Ատրպէյճանին, որը Արցախի եւ Հայաստանի դէմ սանձազերծելով ձախողուած նախայարձակ պատերազմ, այսօր սպառնում է ռազմական գործողութիւնների վերսկսմամբ՝ բռնագրաւում իրականացնելով Շահումեանի, Գետաշէնի, Արծուաշէնի եւ Նախիջեւանի հայոց բնօրրանների հանդէպ եւ շարունակելով անպատիժ աւերել ու պղծել հայկական մշակութային ժառանգութիւնը Ջուղայում եւ այլուր:      

Այս կապակցութեամբ, եթէ Ռուսաստանն իսկապէս աւարտին հասցնի իր S300 հակաօդային համալիրի կամ նրա համարժէք սպառազինութեան՝ յայտարարուած վաճառքը՝ Ատրպէյճանի նախայարձակ, ռազմատենչ եւ ռեւիզիոնիստ վարչախմբին, ապա Հայաստանը պէտք է անյապաղ դուրս գայ Հ.Ա.Պ.Կ.ից, որի միակ անդամն է այս տարածաշրջանում, կամ նուազագոյնը՝ լիարժէք շուկայական վարձավճար պահանջի ռուսական ռազմակայանների համար՝ ջրի, ելեկտրականութեան եւ համապատասխան այլ ծախսերի փոխյատուցմամբ հանդերձ:  

Եւ վերջապէս՝ Ռուսաստանի ու Հայաստանի, Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ Գործընկերութեան առաջնահերթ ձեռքբերումը հրամայաբար կ’ենթադրի ոչ միայն տեղական, այլեւ միջազգային Օրէնքի Գերակայութեան փաստացի կիրառում եւ ըստ այնմ՝ իր սահմանադրական սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան, ինչպէս նաեւ Քոսովոյի ու Ապխազիոյ ճանաչում:

Սրանից դուրս որեւէ այլ բան կանխակալ քաղաքականութիւն է, քաղաքական մանրախաղ եւ sui generis (յատուկ) երեսպաշտութիւն, որոնք բոլորն էլ կարող են յարմար լինել ոմանց եւ տուեալ պահի համար, սակայն խորքում հակադիր են ծովերի միջեւ սեղմուած այս ջրբաժան ցամաքամասում խաղաղութեան, անվտանգութեան, արդարութեան եւ ժողովրդավարական արժէքների նպատակներին:

 ՐԱՖՖԻ Կ. ՅՈՎՀԱՆԻՍԵԱՆ 

(Հայաստանի առաջին Արտաքին գործոց նախարար եւ այժմ “Ժառանգութիւն” կուսակցութեան ղեկավար)

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles