Կարկուտ տեղաց խանասորայ դաշտումը,
Ֆետայիներ Դաշնակցական, վրէժ առան հովտումը….
Մի ժամուայ մէջ Մազրիկ ցեղը ջնջուեցաւ,
Խանասորայ Կանաչ դաշտը կարմիր արեամբ ներկուեցաւ:
Հայեր յիշէք նուիրական այս օրը,
Յուլիս ամսոյ քսան հինգին
Կատարեցէք մեր տօնը:
Ամէն տարի Յուլիս ամսին, մամուլում հանդիպում ենք մի շարք յօդուածների »Խանասորի« պանծալի արշաւանքի մասին:
Ընդհանրապէս, յօդուածներում, երգի բառերի եւ երաժշտութեան մասին, շատ բան չի ասում, իսկ եթէ ասւում է յաճախ իրականութեան չի համապատասխանում: Այս կապակցութեամբ, կÿուզէի որոշ լուսաբանումներ կատարել:
»Կարկուտ Տեղաց Խանասորայ Դաշտում« երգի երաժշտութեան եւ բառերի հեղինակն է »Գալուստ Ալոյեանը« (Տարվիշ Թորոս), որը երաժիշտ կամ բանաստեղծ չի եղել, բայց մասնակցած լինելով Խանասորի Արշաւանքին, ներշնչուել է ֆետայիների մարտական սխրանքներով, յօրինել է այս սքանչելի երգը:
Երգի եղանակը, ապագայում յղկել եւ դաշնաւորել է երաժիշտ՝ Գէորգ Կառվարենցը (հայրը ֆրանսահայ երաժիշտ, Տիրան Կառվարենցի): Գալուստ Ալոյեանը ծնուել է Երեւանում 1860ական թուականներին եւ դաւադրաբար սպաննուել է Պայազիտում 1914թուին: Եղել է յայտնի դաշնակցական գործիչ, Երեւանում եւ Թաւրիզում Դաշնակցութեան Կենտրոնական Կոմիտէի անդամ եւ միաժամանակ Խանասորի Արշաւանքի կազմակերպողներից մէկը:
Ալոյեանը մասնագիտացել էր, զէնքի հայթայթման եւ փոխադրման դժուարին աշխատանքին եւ իր շնորհիւ ֆետայիները սկսեցին գործածել ռուսական »մոսին« հրացանները:
Ֆետայիները Խանասորում կռուել են առաւելաբար »մոսին«ներով: Մոսինի գնդակները, կարկուտի պէս տեղացել են՝ »Մազրիկ« բարբարոս քիւրտ ցեղի վրայ, որը վայրագօրէն կոտորել էր Վանից Սալմաստ (Պարսկաստան) անցնող Հայ Յեղափոխականներին, Ալոյեանը միաժամանակ հիմնադիրներից էր, Թաւրիզում, Հ.Յ.Դաշնակցութեան կողմից հիմնուած »Խարիսխ՝ զինագործնական արհեստանոցի«:
Գալուստ Ալոյեանը, Հ.Յ.Դաշնակցութեան լուսաւոր դէմքերից մէկն էր, իր մէջ խտացած էր, մարտիկի, ֆիտայու եւ ղեկավարի ընդունակութիւնները եւ տուեալները, որոնք մինչեւ իր եղեռական մահը, նուիրուածութեամբ ծառայեցրեց հայ ազատագրական պայքարի ճանապարհին: Ալոյեանը իր համեստ եւ ժողովրդանուէր խառնուացքի շնորհիւ վաստակեց՝ »Տարվիշ« մականունը:
Տարվիշ Թորոսի եւ Խանասորի Արշաւանքի մասին խօսելիս, հնարաւոր չէ չյիշել՝ Հայդուկապետ Նիկոլ Դումանի անունը, որի երկրպագուներից էր նաեւ Գալուստ Ալոյեանը (ինչպէս Ռուբէն Տ. Մինասեանը, Դրօն եւ շատ ուրիշներ):
Խանասորի Արշաւանքը, Նիկոլ Դումանի մտայղացումն էր, եւ ինչպէս յաճախ ասուել է նրա վճռական ոգու եւ հետեւողական աշխատանքի արդիւնքը, բայց ընդհանուր հրամանատարութիւնը յանձնւում է »Վարդանին« (Խանասորի Վարդան), իսկ օգնական Յովսէփ (Իշխան) Արղութեան:
(Ապագայ Հայաստանի Հանրապետութեան դեսպանը Պարսկաստանում): Նիկոլ Դումանը մասնակցում է որպէս յիսնապետ:
Արշաւախումբը բաղկացած է եղել 250 հոգուց որոնցից 30ը ձիաւոր:
Կռուին մասնակցել են նաեւ 2 քահանաներ՝ Տէր Գրիգոր Կովկասցի եւ Տէր Վարդան Վասպուրականից: (Ազգանունները չէ յիշատակուած):
Ըստ Խանասորի Արշաւանքի մասին գրուած յուշագրութիւնների, արշաւանքին կապուած որոշ անյաջողութիւններ՝ (ինչպէս ցեղապետ՝ Շարաֆ բէկի եւ այլ հայերի նկատմամբ նրանց կատարած վայրագութիւնները), վերագրւում է Նիկոլ Դումանի բացակայութեան, որպէս ընդհանուր հրամանատարի:
(Դումանը ընտրուել էր լոկ յիսնապետ, ինչ էր պատճառը եւ ինչու, առանձին յօդուածի նիւթ է):
Վերջում կÿուզէի աւելացնել, որ »Խանասոր«ի երգը, հանգուցեալ վաստակաւոր երգիչ՝ Յովհաննէս Բադալեանի երգացանկի կարեւոր կատարումներից էր:
Բադալեանի մահուանից յետոյ, այդ երգը, թէ Հայաստանում եւ թէ արտերկրում քիչ է հնչում:
Այդ երգը, թէ բառերի եւ թէ երաժշտական կառոյցով, մեր ֆետայականմարտական երգերի լաւագոյններից է:
Տեղացող գնդակների տարափին համընթաց, խօսուն է նաեւ ֆետայու ասպետական ոգին՝
»Եաման Աստուած ֆետան եկաւ ուր փախչեմ:
Ասաց որդուն կուրծքին սեղմած լեղապատառ քրտուհին
Մի վախենար, հանգիստ եղիր, բաջի ջան:
Կանանց երբեք ձեռք տալու չէ
Վրէժառու քաջ ֆետան«:
Յոյսով ենք այս երգը, նորէն իր արդար տեղը կը գտնի, Յեղափոխական երգերի կատարողների երգացանկի մէջ:
ԳՐԻԳՈՐ Ա. ԳՐԻԳՈՐԵԱՆ