ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ
««Համալսարան ես ուզում գնալ, որ երաժշտութիւն սովորես եւ յետոյ ի՞նչ դառնաս, տղա՛ս: Որ նուագո՞ղ դառնաս: Որ խնջոյքներում, հարսանիքներում կամ թաղումներում նուագե՞ս: Դրանով կեանքում ապրուստդ չես կարող ապահովել: Դրանով ընտանիք չես կարող պահել», յանդիմանական դէմքով հայրս ասաց ինձ, երբ ամերիկեան հանրային դպրոցն աւարտելուց յետոյ որոշեցի Միշիկընի համալսարանում երաժշտագիտութիւն ուսանել: Իր կարծիքով լաւ ու բարեկեցիկ կեանք ունենալու համար ես պէտք է բժիշկ, փաստաբան կամ ճարտարապետ դառնայի: Աւանդամիտ, համեստ, բարի, ազնիւ ու ընտանիքասէր մարդ էր հայրս: Որպէս չարքաշ բանուոր, անխոնջ աշխատում էր «Ֆորդ» ընկերութիւնում ընտանիքին տէր կանգնելու եւ առօրեայ կարիքները հոգալու համար», իր հարցազրոյցներից մէկում պատմել է ամերիկահայ տաղանդաւոր երաժշտագէտ, երգահան, գործիքաւորող եւ խմբավար՝ Հարրի Բէգեանը եւ աւելացրել․ «Այնուամենայնիւ, տարիներ անց, երբ խմբավարի հանգամանքով ղեկավարեցի Դիթրոյթի Cass Technical երկրորդական վարժարանի փողային նուագախմբի առաջին համերգս, որին ներկայ էին նաեւ ծնողներս եւ համերգասրահի պատշգամից հետեւում էին ելոյթին, աւարտին, մօտենալով հայրիկիս հարցրի, թէ ինչպէ՞ս էր համերգը, հայրս մի պահ զարմացած նայեց ինձ, ոտքի ելաւ եւ հիացած ասաց․ «Այդ դո՞ւ էիր բեմի վրայ ղեկավարում նուագախումբը», ու ապա լացակումած, յուզուած աչքերով գրկեց ու համբուրեց ինձ»:
Բէգեանը ծնուել էր 1921ի Ապրիլի 24ին Միշիկընի նահանգի Փոնթիաք քաղաքում: Ծնողները Հայոց Ցեղասպանութիւնից վերապրողներ էին, ովքեր 1915-ին բազմաթիւ ընտանիքների նման թուրքական եաթաղանից ճողոպրելով կայք էին հաստատել հայրենիքից հեռու այս ափերում: Ուսուցչի քաջալերանքով, պատանի Հարրին դպրոցական տարիներին ծանօթացել ու սիրել է փողային գործիքներից քորնէթը եւ հետագային մասնագիտանալով երգահանման ու խմբավարման բնագաւառում, իր յօրինած սիմֆոնիկ ստեղծագործութիւններում յատուկ տեղ են գտել փողային գործիքներով համերգային ելոյթները:
Բէգեանը իր բարձրագոյն կրթութիւնն ստացել է Միշիկընի համալսարանում արժանանալով դոկտորայի կոչմանը: «Gomidas Vartabed: His life and importance to Armenian music» խորագրով իր դոկտորական արժէքաւոր ատենախօսութիւնը նուիրուած է Կոմիտաս Վարդապետի կեանքին ու գործունէութեանը, որը 1964-ին հրատարակուեց Միշիկընի համալսարանի երաժշտագիտական բաժնի կողմից:
Իր իմացական կեանքը նուիրելով երաժշտութեանը, դոկտոր Բէգեանը Դիթրոյթի Cass Technical երկրորդական դպրոցի փողային հանրայայտ նուագախմբից բացի, երկար տարիներ հրաւիրուել եւ դասախօսի, երգահանի ու խմբավարի հանգամանքներով բազմիցս ելոյթներ է ունեցել Միշիկընի, Ուէյնի, Իլինոյի եւ Փրդու համալսարանների նուագախմբերում, վայելելով թէ՛ ակադեմական շրջանակների, թէ՛ ուսանողների եւ թէ՛ հանդիսատեսների բարձր գնահատանքն ու մեծարանքը: Ինչպէս նշւում է «Վիքիպեդիա»ում, նոյնիսկ կենսաթոշակի անցնելուց յետոյ, դոկտոր Բէգեանը վերահրաւիրուել է երաժշտագիտական իր կենսափորձը կիսելու աշխարհահռչակ «Ինտերլակէն» արուեստի կենտրոնում, ուր նախկինում եւս մաս էր կազմել կենտրոնի պրոֆեսորադասախօսական կազմին:
Իր աւելի քան կէսդարեան երաժշտական բարձրարժէք վաստակի համար, դոկտոր Բէգեանը արժանացել է բազմաթիւ մրցանակների, դափնիների, պատուագրերի ամերիկեան համալսարանների եւ միջազգային երաժշտական հեղինակաւոր հաստատութիւնների կողմից: 2003-ին, հայութեան վաղեմի բարեկամ Միշիկընի ծերակուտական Քարլ Լեւինը ելոյթ ունենալով Միացեալ Նահանգների Ծերակոյտում, բարձրօրէն է գնահատել դոկտոր Հարրի Բէգեանի անմնացորդ նուիրումն ու ներդրումը ի խնդիր ամերիկեան ու համաշխարհային երաժշտութեան զարգացման: «Պատիւ է ինձ համար այս ամբիոնից մեծարելու բարձրարժէք երաժիշտ ու կրթամշակ դոկտոր Հարրի Բէգեանի վաստակը», ասել է ծերակուտական Լեւինը:
Արհեստավարժ խմբավար եւ երգահան լինելուց բացի, դոկտոր Բէգեանը, որպէս համալսարանի դասախօս, լայն ճանաչում ունի նաեւ սերունդների երաժշտական ունակութիւնների դաստիարակման, ուսուցման ու զարգացման գործում: Հրատարակել է բազմաթիւ յօդուածներ, հարցազրոյցներ ու ելոյթներ է ունեցել նուագախմբային փորձերի վերլուծութեան ու խմբավարման գործելաձեւերի մասին: Նրա խմբավարած ու մշակած աւելի քան 65 նուագախմբային յօրինումների ձայնագրութիւնները որպէս ամերիկեան երաժշտութեան գանձեր պահպանւում են Միացեալ Նահանգների Կոնգրեսի գրադարանում:
Դոկտոր Բէգեանը հրապարակային ելոյթներում ու հարցազրոյցներում հպարտութեամբ է անդրադարձել իր հայկական արմատներին եւ մեծ ոգեւորութեամբ է խօսել հայ ժողովրդի պատմամշակութային ձեռքբերումների մասին:
Պատանեկան տարիներին ընտանեկան յարկի տակ ունեցած յուշերին անդրադառնալով, Հարրին երանութեամբ է յիշում, որ իր հայրը՝ Նշան Բէգեանը, հեռաւոր Միշիկընում կարօտելով հայրենի Երկիրը յաճախ մղմղում էր «Հով արէք»ը, «Ծիրանի ծառ»ը, «Ալագեազ»ը եւ այլ կարօտերգեր: «Այդ օրերին թէեւ հրապուրուած չէի հայրիկիս երգերով, բայց նա միշտ ասում էր․ «Տղա՛ս, կը գայ մի օր, որ դու էլ կը սիրես, կը հիանաս այդ երգերով»: Եւ յիրաւի, տարիներ անց, երաժշտութեան բնագաւառում համալսարանական բարձրագոյն կրթութիւն ստանալուց եւ տարբեր ազգութիւնների տոհմիկ ու աւանդական երգատեսակներին ծանօթանալուց յետոյ, ինքնահաւաստիացայ, որ հայրիկիցս լսած ու ժառանգած հայկական կարօտերգերը անգնահատելի ու սքանչելի էին»:
Հիացած կոմիտասեան ստեղծագործութիւններով, Հարի Բէգեանը դիմում է իր գործընկերոջ՝ ամերիկեան ականաւոր երաժշտագէտ ու երգահան Ալֆրէդ Ռիդին, որպէսզի փողային մեծ նուագախմբի համար նորարարական ոճով ու հնչեղութեամբ գործիքաւորի իր լսած ու ապրած այդ երգերը: Արդիւնքում ստեղծւում է երկու մասից բաղկացած Armenian Dances («Հայկական Պարեր») հոյակապ ստեղծագործութիւնը, ուր ներկայացուած են «Ծիրանի ծառ», «Կաքաւի երգ», «Հոյ Նազան», «Ալագեազ», «Գնա՛, գնա՛», «Հով արէք», «Խումար պառկէ», «Լոռուայ գութաներգ», ինչպէս նաեւ «Կիլիկիա» երգերը:
Հեղինակաւոր խմբավարների ղեկավարութեամբ ամերիկեան եւ միջազգային հանրաճանաչ նուագախմբերը բազմիցս ներկայացրել են «Armenian Dances» ստեղծագործութիւնը, բազմաթիւ երկրների համերգասրահներում, արժանանալով երաժշտասէր հանդիսատեսների հիացմունքին ու գնահատանքին: Փաստօրէն, պիտի արձանագրենք, որ Ալֆրէդ Ռիդի եւ Հարրի Բէգեանի համագործակցութեամբ Armenian Dances-ը չէր ծնուի, եթէ Երկրից Միշիկըն գաղթած Նշան Բէգեան համեստաբարոյ, չարքաշ հայը տանը մղմղած չլինէր այդ երգերը ընտանիքի համար եւ իր որդու՝ Հարիի հոգու բլթակներում չդրոշմուէր կոմիտասեան յաւերժական երգերի մեղեդիները:
Ամերիկահայ տաղանդաշատ երաժշտագէտ, երգահան, խմբավար Հարրի Բէգեանը վախճանուեց 89 տարեկանում, 2010-ի Յուլիս 26-ին, Միշիկընի Ալփինա քաղաքում:
Ամերիկեան մամուլում եւ երաժշտական արուեստի միջազգային ցանցերում ու շրջանակներում բազմիցս խօսուել ու գրուել է ամերիկահայ դոկտոր Բէգեանի կեանքի ու երաժշտական բեղմնաւոր գործունէութեան մասին, այն ինչ թւում է, թէ դա լիարժէքօրէն չի ներկայացուել կամ նուազ չափով է արձագանքուել մեր՝ հայկական մամուլում: Այնուամենայնիւ, նրա հայանունը, նրա երաժշտական յօրինումների գեղագիտական աւանդը կը շարունակի անմահ մնալ երաժշտագիտական աշխարհում:
Յուլիս, 2024