Երբ քո յուշերով աչքերս բացի,
Նորից իմ հոգին
Լցուեց յոյզերով…
Անթեւ երազներ,
Գինովցած յուշեր,
Նիրհող հնչիւններ,
Կոցրած յոյսի,
Խենթացած զարկեր
Բաբախուն սրտի,
Ալեկոծուեցին ուժով անյայտի…
Կարօտից հարբած, խռով յուսահատ,
Երազն իմ հալուեց
Անկման պտոյտում,
Իրիկնամուտի
Լոյսի մէջ պղտոր,
Անկարեկցորէն
Մոխրացաւ մթում…
Աշնան օրերի,
Մխացող թախիծ, մարող ժպիտներ,
Յուշեր կորստեան,
Անվերջ սպասման
Ցաւի մէջ, անել տեսիլքի նման,
Դարձան մշուշ ունայնութեան…
Փնտռում ես քեզ տենչով անանուն,
Արբեցման անգին, բոյրերով անհուն,
Ծածուկ մի սիրով` քեզ եմ անրջում,
Իմ լուռ խոհերիս
Տափաստաններում…
Ես արդէն ճերմակ սակաւ մազերով,
Իսկ դու քո արծաթ
Երկար վարսերով,
Այրում ես դեռ ինձ ` քո սիրոյ հրով,
Թափառումներում
Մարմաջ, անուղի,
Ցոլում ես հեռուից, ինչպէս մի արեւ,
Վառում ես լոյսն իմ` անսէր օրերի…
Աւիկ Տէյիրմէնճեան
Պոսթըն