ՀԱԼԷՊ
Չնայած մեր պատմութիւնը նշանաւոր վարպետ Մելքոնի եւ նրա պատրաստած ջահի մասին է, այն ուղակիօրէն առընչւում է Ապտուլ Համիտի կազմակերպած ջարդերին:
Այնթապում Համիտի սանձազերծած ջարդերը սկսուել են Նոյեմբերի 4, 1895-ին եւ շուրջ 300 հայի կեանք խլել: Թալանուեցին բազմաթիւ խանութներ, աշխատանոցներ ու տներ: Կարապետի որդի Մելքոն Ուստա Գալէմքեարեանի տունը գտնւում էր Այնթապի բերդի մօտ, Ղալա Ալթը թաղամասում: Այս հայաբնակ թաղամասից հայերը աստիճանաբար հեռացել էին: Մի քանիսը սակայն շարունակում էին ապրել շրջապատուած թուրք դրացիներով:
Ջարդի պատմական օրը, երբ գազազած ամբոխը սպաննելով, ջարդելով ու թալանելով շարժւում էր փողոցներով, Մելքոնի ընտանիքի բոլոր անդամները տանն էին: Միայն կրտսեր որդին` Աւետիսը, հարցերին անտեղեակ, առաւօտեան դպրոց էր գնացել:
Երբ երկաթներով ու բրիչներով զինուած թուրքերը փորձում են Մելքոնի տան դուռը ջարդել, անսպասելիօրէն դրացի թուրքն է փողոց իջնում եւ զէնքի սպառնալիքով հեռացնում ջարդարարներին: Նա իր ցեղակիցներին հասկացնում է, որ այս հայը իր բաժինն է: Բարեբախտաբար նրանք համոզւում ու առանց վնաս տալու հեռանում են: Երկու օր յետոյ տուն է վերադառնում նաեւ Աւետիսը, որը պատսպարուել էր հօրաքրոջ տանը:
Մի քանի օր յետոյ պարզւում է, որ միայն իր արհեստանոցն է թալանուել: Ուստի եւ առանց զոհերի այս մեծ փորձանքից ազատուելու առիթով Մելքոնը ուխտ է անում Սուրբ Աստուածածին եկեղեցում ինչ որ բան նուիրել:
Ինչպէս յիշել են ժամանակակիցները, մի օր, գիշերուայ կէսին անակնկալ արթնանալով Մելքոն Ուստան արթնացնում է կնոջը` Եղսային եւ մի սպիտակ սաւան ուզում: Կնոջ բերած կերպասի վրայ նա ածուխով արագօրէն գծում է մի ջահի պատկեր, որ իրեն երազում էր յայտնուել:
Որոշ ժամանակ անց Մելքոնը կատարում է իր խոստումը: Վարպետը ջահի մարմինը ծեծել է մուրճով, իրեն յատուկ մեծ վարպետութեամբ: Մարմնին ճառագայթաձեւ ամրացուած, ոճաւորուած ճիւղերը, որոնք իրենց վրայ կրում են մոմակալները, ձուլագործ Յարութիւն Պարսումեանի գործն են: Այդ մոմակալները յետագայում յարմարեցուել են հոսանքով աշխատող լամբերի համար: 12 ճիւղերի միջեւ ամրացուած են 12 թեւատարած հրեշտակների կերպարներ, որոնք դէպի վար են նայում: 1897թ. Աստուածածին եկեղեցուն նուիրաբերուած ջահը իր վրայ ունեցել է նաեւ նուիրատուի արձանագրութիւնը:
Վերոյիշեալ դէպքերից չանցած երկու տասնամեակ, հայերի բնաջնջման քաղաքականութիւնը իր նոր հանգրուանին էր հասել: Առաջին աշխարհամարտին համատարած տեղահանութիւնների ու կոտորածների ալիքը հասաւ նաեւ Այնթապ: Բացի այն արհեստաւորներից, որոնց աշխատանքը ռազմական նշանակութիւն ունէր, աքսորուեցին քաղաքից: Այնթապի հայութիւնը աքսորուել է երկու ուղութեամբ` դէպի Սուրիա, Պաղեստին եւ դէպի Տէր Զօր: Տէր Զօր աքսորուածների մեծ մասը զոհ է գնացել ջարդերին ու տանջալից պայմաններին: Զինադադարից յետոյ իսկ քչերը վերադարձան այդ կողմերից:
Սուրիայում ապաստան գտած աքսորականների մի զգալի մասը կարողացաւ տոկալ դժուարութիւններին եւ 1918-ի տարեվերջին վերադարձաւ Այնթապ: Վերադարձողների մէջ էին նաեւ Գալէմքեարեանները: Նրանք աքսորի տարիները անց են կացրել Դամասկոսում: Մելքոնին յաջողուել էր իր բազմանդամ ընտանիքին կերակրել եւ հեռու պահել փորձանքներից: Ինքը, սակայն, նորից հայրենի քաղաքը տեսնելու բախտին չարժանացաւ:
Վարպետը գործից ազատ ժամերին իր թշուառ հայրենակիցներին այցելելու սովորութիւն ունէր. հետաքրքրւում էր նրանց վիճակով, եթէ կարողանում էր` նաեւ օգնում: Ի տարբերութիւն ուրիշներին նա աշխատանք ունէր, իր Աւետիս եւ Յարութիւն որդիների հետ մի փոքրիկ խանութ էին վարձել եւ իրենց արհեստով էին զբաղւում: Ցաւօք վարպետի այցելութիւններն ու անզգուշութիւնը ճակատագրական հետեւանք ունեցաւ: Նա վարակուեց տիֆով: Դաշնակից զօրքերի Դամասկոս մտնելուց երկու ամիս առաջ այս անգերազանցելի վարպետը յաւիտեան փակեց իր աչքերը:
Զարմանալի չէ, որ Այնթապ վերադարձած հայերը ոչ միայն իրենց տները թալանուած գտան, այլեւ ազգային հաստատութիւններն ու եկեղեցիները: Մի շարք այլ արժէքաւոր առարկաների հետ Ս. Աստուածածին եկեղեցուց անյայտացել էր նաեւ Մելքոնի նուիրած ջահը: Աւետիսին ու Յարութիւնին յաջողւում է իմանալ գողացուած ջահի տեղը: Ըստ յիշողութիւնների այս հարցում իրենց օգնել է մի մուրացկան (հաւանաբար Չէօփ Տէլիսին), որ նախապատերազմեան տարիներին արհեստանոցի մշտական այցելուներից է եղել: “Մելքոն էմմի“ն (Մելքոն հօրեղբայրը) երբեք չի զլացել խեղճին լահմաճիւնի փող տալու հարցում:
Աւետիսը ներկայանալով Այնթապի Հաճի Նասըր մզկիթի շէյխին պահանջում է ջահը յետ տալ: Շէյխը մերժում է պահանջը բացատրելով, որ իրենց մօտ որեւէ ջահ չկայ: Գալէմքեարեան եղբայրները ներկայանում են քաղաքի զինուորական կառավարիչին եւ բացատրում խնդիրը: Երբ Աւետիսն ու Յարութիւնը կրկին են մզկիթ գնում` այս անգամ չորս անգլիացի զինուորների ուղեկցութեամբ, թուրքերը ճարահատեալ վերադարձնում են ջահը տէրերին:
Այսքանով սակայն ջահի ոդիսականը չի աւարտւում: Այն Սուրբ Աստուածածին եկեղեցում իր տեղն է զբաղեցրել մինչեւ 1922թ.: Երբ ֆրանսացիները Կիլիկեան զիջեցին Քեմալականներին, հայերը նորից տեղահանուեցին: Այնթապցիների գերակշիռ մասը հաստատուեց Սիրիայում, մասնաւորաբար Հալէպում:
Հալէպում հաստատուած բազմաթիւ այնթապցիներ, որպէս աղօթատեղի օգտագործեցին Ս. Քառասնից Մանկանց եկեղեցու բակում գտնուող մատուրը: 1922թ. մինչեւ 1982թ. ջահը կախուած է եղել այս մատուրում: (Այժմ նոյն տեղում Բերիոյ Թեմի Զարեհեան Գանձատունն է տեղաւորուած):
Հալէպաբնակ այնթապցիները Վիլլաներ (Սէյրաֆի) թաղամասում տարիներ անց կողք կողքի կառուցեցին Կրթասիրաց վարժարանն ու նոր Ս. Աստուածածին եկեղեցին:
1982-ին պատմական ջահը տեղափոխուեց նորակառոյց եկեղեցի: Այն նախքան տեղադրուելը վերանորոգուեց: Մելքոն Ուստայի թոռը` անուանի վարպետ Յովհաննէս Գալէմքեարեանը շտկեց, կարգի բերեց ծռմռուած, հարուածներից տանջուած մասերը: Իսկ Գրիգոր Պարսումեանը թուրքերի քերած արձանագրութեան փոխարէն աւելացրեց երկուսը, որոնք համառօտ ներկայացնում են ջահի անցած ուղին:
ՁԵՌԱԿԵՐՏՍ ԱՅՍ ՋԱՀԸ ՅԻՇԱՏԱԿ Է ԱՅՆԹԱՊԻ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՅ 1895 Ի ԵՂԵՌՆԷՆ ԸՆՏԱՆԵՕՔ ՈՂՋ ԵՒ ԱՆՎՆԱՍ ԱԶԱՏԵԼՆՈՒՍ ՀԱՄԱՐ ՄԵԼՔՈՆ ԿԱՐԱՊԵՏԻ ԳԱԼԷՄՔԵԱՐԵԱՆ 1897 ԱՅՆԹԱՊ ԹՈՂ ԱՅՍ ԼՈՒՍԱՒՈՐԷ ԲՈԼՈՐ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀՈԳԻՆԵՐԸ
1915-1919 ԱՅՍ ՋԱՀԸ ԳՈՐԾԱԾՈՒԱԾ Է ԱՅՆԹԱՊԻ ԹՐՔԱԿԱՆ ՀԱՃԻ ՆԱՍՐ ՄԶԿԻԹԻՆ ՄԷՋ ՆՈՒԻՐԱՏՈՒԻՆ ՅԻՇԱՏԱԿԱԳԻՐԸ ՋՆՋԵԼԷ ԵՏՔ
ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐՈՒ ՍՏԻՊՈՒՄՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՈՒԱԾ Է Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ՀԱԼԷՊ ԲԵՐՈՒԱԾ Է 1922 ԻՆ ԱՅԺՄ ՆՈՐԱԿԵՐՏ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ՆԵՐԿԱՅ ՅԻՇԱՏԱԿԱԳՐՈՎ 1982 ՀԱԼԷՊ
Սուրիոյ Արաբական Հանրապետութիւնը տագնապալի օրեր է ապրում: Տասնամեակներ շարունակ լիարժէք ազգային, մշակութային կեանքով ապրող սուրիահայութիւնը փորձութեան մէջ է: Պատմական Կիլիկիայի հազարաւոր ժառանգներ հեռանում են այս երկրից: Ոչ ոք չգիտի թէ ի՞նչ է սպասում հայութեանը այս անգամ: Միթէ Մելքոն Ուստայի ջահը չի աւարտել իր ոդիսականը: