Առաջին տպաւորութիւնը Յարութիւն Արմէնեանի նկարչութիւնից հոգուդ նրբօրէն դիպչող հանդարտութիւնն է, ակնյայտ այնքան, որ այլ վերարտայայտութիւնների անհրաժեշտութիւն չես ունենում: Այսպիսի զգացողութիւն, սովորաբար, առաջանում է, երբ հաղորդակից ես դառնում մէկ ուրիշի հոգեկան վիճակի չափազանց մաքուր արտայայտութեան: Յարութիւն Արմէնեանը այնպէս է նկարում, ինչպէս գրում է: Իր տպաւորապաշտ նկարչութիւնը անմիջական արձագանգն է բնութեան ձայնի.այդ հարազատութիւնն է, որ յայտնաբերելով իր ներսում, նա կարողանում է այդքան անմիջականօրէն զգալ բնութեան իւրաքանչիւր շարժում, իւրաքանչիւր փոփոխութիւն, ծովի խռովքի մէջ տեսնել ներքին հանդարտութիւնը, զգալ առաւօտեայ լոյսից կերպարափոխուած ծառի սէրը: Այդպիսին են նաեւ նրա գրական ստեղծագործութիւնները, արձակ բանաստեղծութիւնները, հանդարտ, խոհուն, մտային մաքուր վիճակների խօսքային դրսեւորումներ:
Նկարչութեամբ նա փորձում է “թարգմանել“ աշխարհի գունային ամբողջականութեան փիլիսոփայութիւնը, շատ նուրբ զգալով գոյնի յուզականութիւնը, ռիթմը, մեղեդայնութիւնը, այսինքն, երկրի գեղեցկութեան հմայքը լոյսի անդրադարձումներում:
Յ. Արմէնեանի նկարներում գոյնը ծնւում է լոյսից, ամէն օր ծագող արեւի, աշխարհին նետուած հայեացքի համբոյրից: Այս մանրանկարները պատմում են յուզական նուրբ աշխարհ ունեցող էութեան մասին: Ջրաներկը, նկարչական այն միջոցը, որով աշխատում է հեղինակը, աւելի ընդգծում է զգացմունքի թափանցիկութիւնը:
Յարութիւն Արմէնեանի ցուցահանդէսը, որ այս օրերին ընթանում է Գեղարուեստի ակադեմիայի Ալպերթ եւ Թով Պոյաճեան ցուցասրահում, կրում է “Ջրանկար բացիկներ ճանապարհէն“ խորագիրը եւ ներկայացնում է փոքրաչափ բացիկներ յիշեցնող բնանկարների շարք, աշխարհագրական ընդգրկուն միջավայրով: Սովորաբար ճամբորդութեան տպաւորութիւնների լաւագոյն ձեւը համարում են օրագրային գրառումները, Արմէնեանի պարագայում այդ գրառումները ջրաներկ պատկերներ են: Նկարչական այս “օրագրութիւնը“ սկսւում է իր նախնիների բնօրրանից` Արեւմտեան Հայաստանից (“Վանայ ծով` Առաջին արշալոյս“, “Վանի բերդը“, “Տխուր Անի“, “Պիթլիս“, “Բերկրի ջրվէժը“, “Արարատը` 4200 մեթր եւ աւելին“), ձգւում դէպի Ամերիկեան մայրցամաք, մինչեւ ներկայ իր բնակավայրը` Գալիֆորնիա (“Պալթիմոր զբօսայգի“, “Սմիթ կղզի` Մերիլէնտ“, “Ճանապարհ. Արեւմտեան Վըրճինիա“, “Ծովեզերք` Սան Տիեկոյի մօտ“ եւ այլն), ապա տարածւում Լիբանան, Սէուտական Արաբիա, Թայլանտ, Ճափոն, Վենեզուելա, եւրոպական երկիրներ եւ, ի հարկէ, հասնում Հայաստան (“Նորավանք“, “Գառնի“, “Սեւանայ ծովեզր“, “Կոնդ` աւերակ տուն“, “Վերացական Հաղարծին“, “Օշականի ձորը“):
Ամենուր աշխարհի բազմազանութեան գունային նրբահիւսուածքների, դրանց փոխլրացումների, ներթափանցումների զգացողութիւններ են, ամենուր իշխում են հանդարտ հաւասարակշռութիւնը, բարեբեր խաղաղութիւնը: Այդպէս չէ՞ իրականութեան մէջ: Սակայն նկարչական այս դրսեւորումներում (ինչպէս եւ արձակ բանաստեղծութիւններում) արտայայտուած է կեանքի այն կերպը փիլիսոփայական, ինչն իր մէջ կրում է հեղինակը, այն է` բնութեան իմաստնութեան անսխալականութիւնը:
Այս նկարները ծառերի մանրատերեւների, ծովի լռութեան, սարերի մթնշաղի, լեռնալանջերին կպած մանրիկ ծաղիկների, միջօրէի տաք քարերի, կղմինտրէ տանիքի կարմրի, կամրջի փխրուն նրբագծի արտաքին գեղեցկութիւնները փոխանցելուց բացի, բնութեան մէջ լինելու անմիջական զգացողութիւն են արթնացնում: Եւ ինչ խօսք, նկարներում տիրապետող կատարեալ հանդարտութիւնը ներհայեցողաբար ապրող անհատի ներքին կեանքի արձագանգն է:
Այս առումով շատ բնորոշ էր ցուցահանդէսի բացմանը Հայաստանի ամերիկեան համալսարանի վարչական տնօրէնուհի Անահիտ Օրտեանի խօսքի այն հատուածը, որտեղ նա պատմում էր, թէ ինչպէս Լիբանանի քաղաքացիական պատերազմի մղձաւանջային տարիներին Յարութիւն Արմէնեանը իր հոգեկան հանգստութիւնը ստացել է օրեր շարունակ անցկացնելով ներքնայարկում նկարելով: Ըստ նրա կեանքի այն դասն է դրանով փոխանցուել իրենց, որ ամենադժուար կացութիւնն անգամ կարող է ծնել նոր հնար, դրական նոր ելք: Սա ունի նաեւ իր երկրորդ խորհուրդը. այն է, կեանքն ապրել բազմակողմանիօրէն, բացի սեփական մասնագիտութիւնից, ներսումդ կարողանալ բացել հետաքրքրութիւնների տարբեր աշխարհներ (Յարութիւն Արմէնեանը 14 տարի եղել է Հայաստանի ամերիկեան համալսարանի նախագահը, միաժամանակ նա UCLA համալսարանի դասախօս է եւ պատուոյ դասախօս Ճոն Հոփքինս համաճարակաբանուեան համալսարանի, որպէս նախագահը եղել է Պէյրութի ամերիկեան համալսարանի հանրային առողջապահութեան հիմնարկին: Հեղինակ է բազմաթիւ մասնագիտական, միաժամանակ բանաստեղծական գրքերի):
Այդ ելքը կամ նոր իրականութիւնը արուեստում լայն տարածում ունեցող escapism (փախուստ իրականութիւնից) կոչուածն է, երբ վերացականի հասած իրականութիւնը ստիպում է արուեստագէտին, արթիսթիք էութեան տէր մարդուն իր ներսում ստեղծել-բացայայտել նոր իրականութիւն, նոր ճշմարտութիւն:
Այս տպաւորութիւնը լրացրեց Հ.Ա.Հ.-ի հիմնադիրներից Արմէն Տէր-Կիւրեղեանը, ինչպէս նաեւ Յ. Արմէնեանի լեռնագնաց ընկերներից մէկը, երբ պատմեց Քլիմանճարոյի սարը միասին բարձրանալու ընթացքի եւ անհրաժեշտ դադարի մասին, երբ ի տարբերութիւն շատերի, որոնք նախընտրում էին հանգստի հորիզոնական դիրքը, Յարութիւն Արմէնեանը վրձնի ու ջրաներկի մէջ էր այդ հանգիստը գտնում:
Գեղակադեմիայի Ալպերթ եւ Թով Պոյաճեան ցուցասրահը, թէեւ տարածքով մեծ չէ, սակայն տարիների հոգածու աշխատանքի, պարբերաբար կազմակերպուող ցուցահանդէսների շնորհիւ լաւագոյն համարում ունեցող մշակութային վայրերից մէկն է մեր քաղաքի, որտեղ իսկապէս ջերմ մթնոլորտ է ստեղծւում, ի հարկէ, նախ եւ առաջ պատասխանատու Արամ Իսապէկեանի հաղորդական բնոյթի շնորհիւ: Այսպէս անմիջական էլ նա գնահատեց հեղինակի, բնութեան տպաւորութիւնների նրբաոճ աշխատանքները:
Նոյնպէս եւ, Պօղոս Հայթայեանը. նա նկատեց ցուցադրուած նկարների գունային ներդաշնակ անցումների, մեղմ զգացմունքների թափանցիկ արտայայտութիւնները: “Բարեկամներիցս մէկի տանը իր գործերից տեսայ: Ասի, ոնց որ համբոյր լինի, միամիտ, հանգիստ, մաքուր: Այս մարդը հոգու մէջ վաղուց ունեցել է այսքան գեղեցիկ լոյսե՜ր“:
Այս լոյսն է հէնց, որ Յարութիւն Արմէնեանի անձի շուրջ ստեղծել է մտերմիկ ջերմութեան այն դաշտը, անկեղծ համակրանքն ու խորը յարգանքը, նոյնիսկ մէկ-երկու շփումների պարագայում, որը եւ տիրում էր ամառնային այդ օրը, գեղակադեմիայի ցուցասրահում: