Սեպտեմբեր 2ին« Երեւանի կեդրոնը գտնուող Շարլ Ազնաւուր հրապարակին շուրջ, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը կազմակերպեց հաւաք մը, նուիրուած Արցախի Հանրապետութեան 18ամեակին« որու ընթացքին նաեւ արտայայտեց իր ընդդիմութիւնը հայ-թրքական նախաստորագրուած արձանագրութիւններուն: Ստորեւ, ամբողջութեամբ լոյս կ°ընծայենք Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանի ելոյթը:
Սրտանց շնորհաւորում ենք բոլորիդ Արցախի անկախութեան օրուայ առիթով:
Որքան կÿուզէի« որ այսօրուայ մեր տօնական տրամադրութիւնը ստուերուած չլինէր մտահոգութեան ամպերով« բայց մտահոգութիւնները կան« նրանք կուտակւում են եւ լուրջ սպառնալիքների նշան հանդիսանում:
Աւելի քան մէկ տարի է անցել այն օրուանից« երբ սկիզբ դնելով այսպէս կոչուած »ֆութպոլային դիւանագիտութեանը« ՀՀ նախագահը յայտարարեց Մոսկուայում« որ մտադիր է նոր քայլեր ձեռնարկել հայ-թուրքական յարաբերութիւնները խթանելու ուղղութեամբ« որ պատրաստւում է Հայաստան հրաւիրել Թուրքիյի նախագահին ֆութպոլային խաղի առիթով: ՀՀ նախագահն այն ժամանակ ասաց. »թուրքական կողմը առաջարկում է ձեւաւորել մի յանձնաժողով« որը պէտք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դէմ չենք այդպիսի յանձնաժողովի ստեղծմանը« բայց այն ժամանակ« երբ կը բացուի սահմանը մեր պետութիւնների միջեւ«:
Արդէն այն պահին այդ յայտարարութիւնն առաջացրեց դժգոհութեան ալիք« որը պարտադրեց ԱԳՆ եւ նախագահական աշխատակազմերին հանդէս գալ մի շարք պարզաբանումներով« որոնք սակայն ամբողջութեամբ չփարատեցին հասարակական անհանգստութիւնը:
Որովհետեւ միայն դա չէր« որ պահանջում էին եւ շարունակում են պահանջել մեզանից թուրքերը: Հայաստանն իր կողմից գնաց շատ մեծ զիջումի՝ յարաբերութիւններ հաստատելու համար« որպէս նախապայման« առաջ չքաշեց Հայոց Ցեղասպանութեան՝ Թուրքիայի կողմից ճանաչելու հարցը: Բայց Թուրքիան այդքան մեծահոգի չգտնուեց:
Բոլորիդ յայտնի են Հայաստանի հետ յարաբերութիւններ հաստատելու այն երեք նախապայմանները« որ Թուրքիան դնում է մեր երկրի առջեւ մեր անկախութեան հէնց առաջին տարիներից:
Նախապայմաններից առաջինը պահանջում է ընդհանրապէս հրաժարուել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դատապարտման հետապնդումից:
Մոռանալ ու լռել:
Երկրորդ նախապայմանը Հայաստանից պահանջում է ճանաչել Թուրքիոյ տարածքային ամբողջականութիւնը եւ 1920ի թուրք-պոլշեւիկեան համաձայնութեամբ Հայաստանին պարտադրուած սահմանի անխախտելիութիւնը:
Եւ վերջապէս Թուրքիոյ երրորդ նախապայմանը վերաբերում է Արցախին: Մեզնից ակնկալում են միակողմանի զիջումներ յօգուտ Ատրպէյճանի այն չափով« որ կը բաւարարի ատրպէյճանցիների ախորժակը:
Ահա այս է եղել Թուրքիոյ մօտեցումների այն փաթեթը« որով նա մտել էր դեռ տարիներ առաջ սկսուած հայ-թրքական բանակցային գործընթաց: Բնական է« այն ժամանակ երկու կողմերն էլ պաշտպանել են սեփական շահերը« բայց ուժեղի իր դիրքից« միջազգային իր ազդեցութիւնից ողջ ծաւալով օգտուելու Թուրքիոյ հնարաւորութիւնները սահմանափակուած են եղել բանակցութիւնների գաղտնիութեամբ:
Հայաստանի նոր նախագահի եւ նոր արտգործնախարարի հրապարակային բանակցութիւնների ճանապարհով արագ արդիւնքների հասնելու ձգտումը մենք որակում ենք առնուազն որպէս անզգուշութիւն« որի գինը մեր երկրի եւ ժողովրդի համար կարող է շատ թանկ լինել: Դատէք ինքներդ. Համեմատենք »ֆուտպոլային դիւանագիտութեան« 14 ամիսների ընթացքում կողմերի ձեռքբերումներն ու կորուստները:
Թուրքիան արձանագրել է շօշափելի նուաճումներ մեր հաշուին.
1. Այսօր աշխարհով մէկ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը փաստօրէն սառեցուած վիճակում է: Մենք տեղեկութիւն ունենք« որ ոչ շատ խոշոր երկրներից որոշները« որոնք ժամանակին ճանաչել ու դատապարտել են ցեղասպանութիւնը« հիմա ափսոսանքով գնահատում են իրենց այդ քայլը՝ որպէս դիւանագիտական սխալ:
Փաստօրէն« Հայաստանի ղեկավարներն իրենց գործողութիւններով շրջանցել ու խախտել են Ազգային անվտանգութեան ռազմավարութեան այն դրոյթը« որի համաձայն՝ »հետամուտ լինելով Հայոց ցեղասպանութեան համընդհանուր« մասնաւորապէս՝ Թուրքիոյ կողմից ճանաչմանը եւ դատապարտմանը՝ Հայաստանը այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարութեան վերականգնման« այլեւ տարածաշրջանում փոխադարձ վստահութեան մթնոլորտի բարելաւման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում«:
2. Կտրուկ աճել է Թուրքիոյ միջազգային հեղինակութիւնը: Այսօր ոչ ոք չի յիշում մեր նախագահի Գիւլին Հայաստան հրաւիրելու այսպէս կոչուած »խիզախ քայլը«:
Բոլոր լրատուամիջոցները լցուած են թուրք նախագահի՝ Հայաստան այցելելու »խիզախ քայլը« գովաբանելով:
3. Թուրքիան դարձաւ ՄԱԿի Անվտանգութեան Խորհրդի անդամ« ընդլայնեց եւ ամրապնդեց իր ռազմավարական կապերը Ռուսաստանի հետ« իսկ այսօր արդէն »հայրաբար« բարելաւում է Սիրիա-իրաքեան յարաբերութիւնները:
4. ԵՄ անդամ դառնալու Թուրքիայի հնարաւորութիւնները նոյնպէս զգալիօրէն աճել են:
Իսկ ինչ ստացաւ Հայաստանը: Նուաճումներ եթէ կան՝ ապա ինձ յայտնի չեն: Բայց կան լուրջ կորուստներ: Թուենք միայն ակնյայտ երեւացողները:
1. Նախագահ Օպաման ետ կանգնեց Ցեղասպանութիւնը ճանաչելու իր փաստացի խոստումից« որի կատարմանը շատ մօտ էր« դրան դեռ կÿանդրադառնամ:
2. Յիշենք ԱՄՆ դաշնային Վճռաբեկ դատարանի վերջերս կայացրած որոշումը« որը Ցեղասպանութեան զոհերի ժառանգներին զրկում է նիւթական փոխհատուցումից:
3. Ակնյայտ է« որ Ռուսաստանի քաղաքականութեան մէջ աւելի ու աւելի նկատելի է դառնում Հայաստանի շահերի անտեսումը:
Պարզաբանեմ ասածս. երէկուայ յայտարարութիւնը եւ արձանագրութիւնները ողջունող՝ ՌԴ ԱԳՆ մեկնաբանութեան մէջ Թուրքիան եւ Հայաստանը հաւասարաչափ դիտւում են որպէս »բարեկամ« երկրներ: Ռուսաստանում կարծես մոռացել են« որ Թուրքիան ՆԱԹՕի անդամ է« իսկ Հայաստանը մինչեւ վերջերս անուանւում էր ՌԴի (Ռուսիոյ Դաշնութեան) »ռազմական դաշնակից«:
4. Խորանում է Սփիւռքի օտարումը Հայաստանից: Նախկին վստահութիւնն այլեւս չկայ: Իսկ ինչու չկայ: Մի կողմ թողնելով տնտեսա-կենցաղային պատճառները՝ յիշեցնեմ եւս մէկ դրուագ Ազգային անվտանգութեան ռազմավարութիւնից. »Հայաստան-սփիւռք կապերի ամրապնդման նպատակով ՀՀ ջանքերն ուղղուած են ՀՀ եւ ԼՂՀ համար կենսական նշանակութիւն ունեցող խնդիրների լուծմանը Սփիւռքի (մասնակցութեան) համակարգուած ապահովումը«: Սա գրուած է« բայց երբեք չի իրականացուած: Էլ որտեղից վստահութիւն մնայ:
5. Կարծում էք՝ պատահակա՞ն են Վրաստանի իշխանութիւնները հէնց այս օրերին այնքան լկտիացել« որ սկսել են կսմիթներով պոկել Հայաստանի հիւսիսային սահմանային գօտին:
Ոչ« պատահական չէ« թուլութեան« համակերպուելու հոտ են առել:
6. Եւ ամենազաւեշտականը: Առաջին անգամ է թուրք դիւանագէտն իրեն թոյլ տալիս անձնական վիրաւորանք հասցնել Հայաստանի նախագահին՝ խորհուրդ տալով նրան որպէս պարզ ֆութպոլասէր գնալ Թուրքիա ինքնաթիռով:
Այս ամէնը վկայում է« որ բանակցային գործընթացը իր դեռեւս անաւարտ տեսքով արդէն հարուածել է Հայաստանի եւ հայութեան շահերին ու միջազգային հեղինակութեանը:
Բանակցային գործընթացում կÿուզէի յատուկ առանձնացնել երկու դրուագ: Առաջինը այսպէս կոչուած »Ճանապարհային քարտէսի« մասին յայտարարութիւնն էր ս.թ. Ապրիլի 22 լոյս 23ի գիշերին« իսկ երկրորդը՝ այս վերջինը« Սեպտեմբերի 1ի գիշերուայ յայտարարութիւնը եւ քննարկուող նախագծերի հրապարակումը:
Ի դէպ« կարծում եմ այսուհետեւ »ֆութպոլային դիւանագիտութիւնն« աւելի ճիշդ կը լինի անուանել »գիշերային դիւանագիտութիւն«: Այս երկու գիշերային դրուագների մէջ շատ լուրջ զուգահեռներ կան:
Առաջին յայտարարութիւնը ծնուեց ԱՄՆ նորընտիր նախագահ Պարաք Օպամայի Ապրիլ քսանչորսեան ելոյթից անմիջապէս առաջ՝ կանխելով նրա կողմից իրաւական բնոյթ կրող »Ցեղասպանութիւն« բառի արտասանումը« որը փոխարինուեց էմոցիոնալ« զգայական »մեծ եղեռն« արտայայտութեամբ:
Փորձենք հասկանալ՝ ինչ խնդիր է լուծւում երէկուայ յայտարարութեամբ: Առաջին հայեացքից պարզ է« արւում է ամէն բան« որ Սերժ Սարգսեանը Թուրքիա գնալուց չհրաժարուի« Թուրքիոյ աճող հեղինակութեանը վնաս չհասցնի: Դա« ի հարկէ« ունի որոշ նշանակութիւն« պատահաբար չեն վեց շաբաթուայ ժամկէտով սահմանափակել քննարկումները: Բայց դա ամբողջը չէ:
Յիշէք« հայրենակիցնե°ր« այս ամառ Յուլիսի 10ին Հայաստանի բարեկամ մի խումբ ամերիկեան կոնգրէսականներ դիմեցին նախագահ Օպամային՝ իրենց մտահոգութիւնը յայտնելով Թուրքիոյ կողմից հայ-թուրք յարաբերութիւնների բնականոն ընթացքին եւ ճանապարհի բացմանը խոչընդոտներ ստեղծելու հարցով եւ պահանջեցին միջոցներ ձեռք առնել: Եւ չմոռանանք« որ Ցեղասպանութեան բանաձեւը այսօր էլ Քոնկրէսի օրակարգում է:
Այ« հէնց դա են ուզում կանխել նոր յայտարարութեան հրապարակումով: Ովքեր:
Կարծում եմ« բոլորս էլ հասկանում ենք: Բայց թէ ինչու է Հայաստանը երկրորդ անգամ խաղում սեփական շահերի դէմ՝ այ« սա մենք հասկանալ չենք կարող:
Չեմ ուզում շատ ժամանակ խլել՝ բոլոր մանրամասները վերլուծելով: Դառնանք հրապարակուած արձանագրութիւններին:
Որքան էլ մեր եւ ամերիկեան պաշտօնեաները պնդեն« թէ հայ-թուրք յարաբերութիւնների կարգաւորումը ընթանում է առանց նախապայմանների« Թուրքիան« այնուամենայնիւ« դրանցից չի հրաժարուել: Աւելին՝ նա հմտօրէն կարողացել է ամբողջ այս բանակցային փաթեթը կառուցել հէնց իր նախապայմանների շուրջ:
Համոզուէք ինքներդ:
Դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին արձանագրութեան երրորդ կէտով վերահաստատւում են փոխադարձ տարածքային ամբողջականութիւնը եւ սահմանների անխախտելիութիւնը յարգող երկկողմ եւ բազմակողմ պարտաւորութիւնները: Բայց ներեցէք« այդ ո՞ր երկկողմ պարտաւորութիւնների մասին է խօսքը« Լենին-Աթաթուրք պայմանագրի՞: Հայերն այդ Մոսկուա-կարսեան դաւադրութեան մէջ կամ մասնակից չէին« կամ ինքնուրոյն կողմ չէին: Այս պայմանագրերը »երկկողմ« համարուել չեն կարող: Բազմակողմ պայմանագիր կարելի է համարել Սեւրը« բայց դրա մասին թուրքերը անգամ լսել չեն ուզում: Այնպէս որ« մեզ նորից դէմ են տուել 1921թ. Կարսի պայմանագիրը« ինչը հաստատւում է արձանագրութեան 5րդ պարբերութեամբ« որում նոյն կերպով »վերահաստատուելով« յաւերժացւում է այսօր գոյութիւն ունեցող սահմանը՝ խաչ քաշելով մեր ազգային իրաւունքների վրայ: Այսպէս է փորձում Թուրքիան լուծել իր նախապայմաններից մէկը:
Ընդունելի՞ է սա մեզ համար: Ոչ« ի հարկէ:
Եւ թող չփորձեն մեզ լուրջ դէմքերով բացատրել« թէ սա« իբր« պարզ դիւանագիտական պրոտոկոլ է: Այդպէս չէ: Դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելն անպայման պայմանաւորուած չէ փոխադարձ տարածքային ամբողջականութիւն կամ սահման ճանաչելով:
Կան երկրներ« որոնք« ունենալով տարածքային վէճեր« ունեն միեւնոյն ժամանակ նաեւ դիւանագիտական յարաբերութիւններ: Օրինակ՝ Ռուսաստանն ու Ճապոնիան« նոյն Թուրքիան եւ Սիրիան« Թուրքիան եւ Յունաստանը: Եւ նրանց կապող ճանապարհները բաց են: Այս ցուցակը կարելի է շարունակել:
Բայց այս փաստաթուղթը պարունակում է եւս մէկ ծուղակ: 6րդ կէտի համաձայն՝ կողմերը պարտաւորւում են՝ »դատապարտելով ահաբեկչութեան« բռնութեան եւ ծայրահեղականութեան բոլոր ձեւերը՝ անկախ դրանց պատճառներից« եւ խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողութիւնները խրախուսելուց ու հանդուրժելուց եւ համագործակցել դրանց դէմ պայքարում«:
Տեսնես՝ այդ ու՞մ նկատի ունեն« եւ սա ի՞նչ է նշանակում: Ի՞նչ կապ ունի այս պարբերութիւնը դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու հետ: Ոչ մի կապ չունի ողջ կոնտեքստի հետ: Հայաստանի Հանրապետութիւնը երբեք չի ծաւալել ու չի խրախուսել վերը նկարագրուած գործունէութիւնները: Ուրեմն« ու՞մ մասին է խօսքը:
Խօսքը« իմ կարծիքով« այն նոյն հայ ֆետայիների մասին է« որոնց հնարաւոր գործողութիւնները փորձում էր արգելել Կարսի պայմանագիրը:
Այն հայ ֆետայիների մասին« որոնք 19րդ դարի վերջից պայքարել են Օսմանեան լծի դէմ եւ դատապարտուել թուրք իշխանութիւնների կողմից որպէս ծայրահեղական հրոսակներ եւ աւազակ-ահաբեկիչներ:
Խօսքը հայրենիքի անկախութեան եւ հայ ժողովրդի իրաւունքների ու արժանապատուութեան համար մարտնչած ու զոհուած հայորդիների մասին է« որոնց Թուրքիան կպցրել է նոյն պիտակները:
Խօսքը նաեւ նրանց մասին է« ովքեր զինուած պայքարում ազատագրեցին Արցախը եւ պաշտպանեցին այն Ատրպէյճանական ագրեսիայից (յարձակումէն-խմբ.): Չէ որ նրանց նոյնպէս թուրք-Ատրպէյճանական քարոզիչները ծայրահեղականներ են անուանում:
Չզարմանաք« եթէ արձանագրութեան մէջ այս պարբերութեան պահպանուելու դէպքում մեզնից յետագայում պահանջուեն մեր դպրոցական դասագրքերի վերանայումներ:
Մեզնից կը պահանջուի դուրս նետել ու մոռանալ մեր ազգային հերոսներին՝ Սերոբ Աղբիւրին ու Անդրանիկին« Դրօյին ու Թեհլիրեանին« Նժդեհին ու Արշաւիր Շիրակեանին: Չէ՞ որ ստորագրող կողմերից մէկի՝ Թուրքիայի համար նրանք ծայրահեղականներ ու ահաբեկիչներ են« ու նրանց յիշատակին յարգանքի տուրք մատուցելը կը նշանակի »խրախուսել եւ հանդուրժել«:
Իր յաջորդ նախապայմանը« այն է՝ հրաժարուել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումից եւ դատապարտումից« Թուրքիան եւ նրա հովանաւորողները կարողացել են հմտօրէն քօղարկել 2րդ փաստաթղթում« որը վերնագրուած է »ՀՀ եւ ԹՀ միջեւ երկկողմ յարաբերութիւնների զարգացման մասին արձանագրութիւն«:
Որքան էլ փորձեն մեզ համոզել« որ »պատմական հարթութիւնով զբաղուող« խումբը լինելու է ընդամէնը ենթայանձնաժողով միջկառավարական երկկողմ յանձնաժողովի կազմում« բայց գայլի ականջներն այստեղ էլ բացայայտ երեւում են:
Պահանջւում է »իրականացնել երկու ժողովրդների միջեւ փոխվստահութեան վերականգնմանն ուղղուած պատմական հարթութեան երկխօսութիւն« այդ թւում՝ պատմական փաստաթղթերի եւ արխիւների գիտական« անկողմնակալ ուսումնասիրութեան միջոցով գոյութիւն ունեցող խնդիրների յստակեցման ու առաջարկների ձեւաւորման համար«:
Ուշադրութիւն դարձրէք՝ խնդիրների լուծման մասին ոչ մի խօսք« միայն »յստակացում«: Փորձենք այնուամենայնիւ հասկանալ« թէ այդ որ խնդիրներն են« որ կարող են դառնալ այս ենթայանձնաժողովի »անկողմնակալ« ուսումնասիրութեան նիւթ: Կայ միայն մէկ խնդիր: Մեր հայրենիքը գրաւել են« մեզ մեր հայրենիքում ոչնչացրել են« մեր հայրենիքն աւերել են՝ զրկելով հայութեանն իր պատմական« մշակութային եւ նիւթական ժառանգութիւնից:
Էլ ինչ »գոյութիւն ունեցող« հարց կայ: Ձեզ« հայրենակիցնե°ր« հետաքրքրու՞մ են 1453թ. Կոնստանդնոպոլիսը թուրքերի կողմից զաւթելու մասին արխիւային փաստաթղթերը: Կամ 1571թ. Լեպանտոյի ճակատամարտի մասին: Կամ թուրքերի գործունէութիւնը Եգիպտոսում« Ղրիմում« Վալախիայում: Դրանցով զբաղուողներ առանց մեզ էլ կան: Մեզ համար գոյութիւն ունեցող միակ հարցը Հայոց Ցեղասպանութեան հարցն է« հայերի նպատակաուղղուած ոչնչացումը 19րդ դարի վերջից մինչեւ 20րդ դարի 20ական թուականները:
Սա է միակ հարցը« եւ պատմաբանների յանձնաժողովի ստեղծումով այն այժմէական« ակտուալ եւ մեզ համար կենսական նշանակութիւն ունեցող խնդրից վերածւում է ակադեմիական հետազօտութիւնների մի երկրորդական հարցի: Աւելին« դու մի ասա՝ մենք այս հարցի քննարկման մէջ էլ պէտք է զգուշաւոր լինենք« անկողմնակալ« այսինքն՝ չասենք ուղիղ այն« ինչ քիչ առաջ ասացի« չասենք« որ Ցեղասպանութիւն է կատարուել« որովհետեւ դա կը դիտուի որպէս կողմնակալ կեցուածք« ու թուրքերը կը նեղանան:
Սա խայտառակութիւն է:
Սա ամբողջական նահանջ է սերունդների պայքարից:
Սա կոչւում է կապիտուլեացիայ:
Սա նշանակում է հրաժարուել մեր ազգային իրաւունքներից« եւ դառնալ պատմութեան մէջ առաջին ժողովուրդը« որը մեծահոգաբար ներելով զղջումի բառ անգամ չարտասանած իր դահիճներին՝ ինքն իրեն դէմ է նետում պատմութեան աղբանոցը: Պատմաբանների յանձնաժողովի ստեղծումը կատարեալ եւ վերջնական ջախջախումը կը լինի մեր բոլոր ազգային իղձերի եւ վերջը կը դնի հայութեան ու Հայաստանի՝ որպէս ինքնուրոյն քաղաքական գործօնի: Եւ ոչ-մի հերոսական պայքարով մեր պատմաբանները չեն կարող փրկել Ցեղասպանութեան հարցը փոշոտ ակադեմիական հարց դառնալուց:
Կարո՞ղ ենք սրա հետ համաձայնել: Ո¯չ« ի հարկէ:
Եւ վերջապէս երրորդ նախապայմանը.
Զիջումներ Ատրպէյճանին Արցախեան հարցում: Թէեւ այս խնդիրը ներկայացուած փաստաթղթերում ուղղակիօրէն չի յիշատակւում« այնուամենայնիւ կայ մտահոգութիւն« որ հայ-թուրք յարաբերութիւնների կարգաւորումը զուգորդուելու է Ղարաբաղեան հարցում հայկական կողմին միակողմանի զիջումների պարտադրմամբ:
Այս 14 ամիսների ընթացքում օր չի անցել« որ թուրք բարձրաստիճան պաշտօնեաները չվերահաստատեն կարգաւորում չի լինի« ճանապարհ չի բացուի« եթէ Ադրբեջանի ցանկութիւնները չբաւարարուեն: Թուրք արտգործնախարարն անգամ այս արձանագրութիւնների հրապարակումից յետոյ չմոռացաւ յիշեցնել. հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման բոլոր փուլերում Ատրպէյճանի շահերը հաշուի են առնուելու: Ուրեմն« կամ կը փորձեն մեզ ծնկի բերել՝ զիջումներ պարտադրելով« կամ էլ պարզապէս ճանապարհը չեն բացի« ու հայկական կողմից այս »գիշերային« դիւանագիտութիւն վարողները կը հասկանան« որ գիշերային երազներում« բացի ովկիանոսի այն կողմից հեռախօսով հեքիաթներ շշնջացող բարի փէրիներից« պատահում են նաեւ իրական կեանքից եկած թուրքեր:
Իսկ ռէալ կեանքից եկած թուրքերը հեքիաթների փոխարէն ահա այսպիսի նամակներ են գրում. »յայտնում ենք Ձեզ« որ Թուրքիան ունի երկու յաւերժական թշնամի. Հայաստանն արեւելքում եւ Յունաստանն արեւմուտքում« եւ հնարաւոր չէ պատկերացնել խաղաղ կեանք այս ժողովրդների հետ« ուստի հրամայում ենք Ձեզ Հայաստանը պէտք է քաղաքականապէս եւ ֆիզիքապէս վերանայ երկրի երեսից: Այդ ծրագիրն իրականացնելու համար մենք պէտք է խաբուսիկ դիրք գրաւենք Հայաստանի կառավարութեան նկատմամբ: Մեր եղբայրներն ազերիներն են« մեր գլխաւոր նպատակը՝ ոչնչացնել Հայաստանը եւ օգնել Ատրպէյճանին«: Կարծես թէ այսօր գրուած լինի: Բայց այս նամակը գրել է թուրք կառավարութիւնը Քեազիմ Ղարաբեկիրին« 1920թ. Նոյեմբերի 8ին:
Ո՞րն է եզրակացութիւնը: Քիչ յետոյ կը հնչի ՀՅԴ յայտարարութիւնը« որը յստակ շեշտադրումներով կը տայ այդ հարցի պատասխանը: Այն կարելի է շատ կարճ ամփոփել.
– Հայ-թրքական յարաբերութիւնների՝ առանց նախապայմանների կարգաւորմանը մենք ասում ենք‘ այո.
– Դիւանագիտական յարաբերութիւնների հաստատմանը մենք ասում ենք՝ այո.
– Ճանապարհի բացմանը ասում ենք՝ այո.
Բայց այս արձանագրութիւնները ներկայացուած տեսքով ընդունելի չեն եւ պէտք է վերանայուեն:
Այստեղ օգտուեմ առիթից եւ յիշեցնեմ. Դաշնակցութեան կոալիցիայից դուրս գալուց յետոյ արտգործնախարարը եւ ԱԽ քարտուղարը զարմանքով յայտարարեցին« որ մեզ չեն հասկանում« չէ՞ որ մենք տեղեակ ենք եղել այս փաստաթղթի մշակման մասին: Իսկ մենք դա երբեք չենք էլ թաքցրել« այո« ծանօթ եղել ենք« բայց ո՞վ ասաց« որ համաձայն ենք եղել: Մենք դեռ ամիսներ առաջ յայտնել ենք մեր մտահոգութիւնները՝ մատնանշելով այն կէտերը« որոնք փոփոխման ենթակայ ենք համարում:
Արել ենք այն ժամանակ« կ°անենք Ձեզ հետ միասին նաեւ հիմա՝ առաջիկայ շաբաթների ընթացքում: Եւ պէտք չէ մեզնից նեղանալ« մեր անհամաձայնութիւնը պայմանաւորուած է ոչ թէ արձանագրութիւնների հայ հեղինակներով« այլ դրանց բովանդակութեամբ: Ով էլ ներկայացնէր այս արձանագրութիւնները այս տեսքով՝ առաջին նախագահը« թէ երկրորդը« թէ նրանց արտգործնախարարները« դէմ էինք լինելու:
Բայց այսօրուայ ղեկավարութիւնը պէտք է հասկանայ. Պետական գործիչն ունի ոչ միայն պետական« այլ նաեւ ազգային պարտականութիւններ: Առանց դրանք գիտակցելու՝ պետական ծառայութիւնը դառնում է պարզունակ ասպարէզ: Իսկական պետական գործիչը պէտք է կարողանայ լսել ու հասկանալ ոչ միայն իր շուրջը հաւաքուած նեղ շրջանակի կաշկանդուած տեսակէտները« բայց նաեւ քաղաքական ընդդիմախօսներին« իսկ իմաստութիւնը ոչ թէ յամառութեան« այլ շրջահայեացութեան եւ հեռատեսութեան մէջ է: