Անցեալ տարուայ Հոկտեմբերին լրացաւ Նիւ Եորքաբնակ լուսանկարող-լրագրող Ռոպերթ Կարապետեանի ծննդեան 75-ամեակը: Այդ առիթով, Հ.Հ. անկախութեան տարեդարձի 20-ամեակի տօնակատարութեան օրերին Երեւանի “Նարեկացի“ արուեստի մշակութային կեդրոնում, Սեպտեմբեր 18-ին բացուեց Ռոպերթ Կարապետեանի յոբելինական ցուցահանդէսը` նուիրուած ծննդեան 75 եւ աշխատանքային գործունէութեան 55 ամեակին:
Ռոպերթ կարապետեանը ծնուել է Երեւանում` 1936 թուականին: Սկզբնական կրթութիւնը ստացել է Եղիշէ Չարենցի անուան դպրոցում: Այդ տարիներին նա հրապուրւում է թատրոնով եւ այդ նուիրումով էլ ընդունւում է Երեւանի պիոներ – դպրոցականների պալատի թատերական խմբակը, որը այդ ժամանակ ղեկավարում էր Հ.Հ. ժողովրդական դերասան` Պերճ Գէորգեանը: Այդ տարիներից նա սկսեց զբաղուել նաեւ երաժշտութեամբ եւ պատահական չէր, որ 1957-ին Ռոպերթը մասնակցեց Հայաստանի առաջին երիտասարդական փառատօնին, կատարելով հայկական ժողովրդական “Աղջի Մարալ“ երգը` շշերի եւ ձեռնադաշնակի նուագակցութամբ` արժանանալով փառատօնի առաջին կարգի մրցանակին:
1960-65 թուականներուն, նա սովորել եւ աւարտել է Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկի բեմադրութեան բաժինը` աշակերտելով Արմէն Գուլակեանի, Վավիկ Վարդանեանի եւ Վարդան Աճէմեանի նման ականաւոր բեմարուեստի վարպետներին: Փայլուն գնահատականներով աւարտելով հիմնարկը` 1965-ին, որպէս օգնական բեմադրիչ, ընդունւում է Հայկական պատկերասփիւռի թողարկման բաժնում, իսկ 1973-83 թուականներին, նա արդէն ծրագրերի գլխաւոր բեմադրիչն էր: 1983-ին, Ռ. Կարապետեանը իր աշխատանքային գործունէութիւնը շարունակում է “Երեւանը եւ երեւանցիները“ նորաբաց խմբագրութիւնում: Նրա երկրորդ մասնագիտութիւնը` լուանկարչութիւնն է: 1956-ին, Երեւանի “Աւանկարտ“ երիտասարդական թերթում առաջին անգամ տպագրւում են նրա լուսանկարները, իսկ 1963-ին թերթի 40-ամեակի առիթով, որպէս արտահաստիքային լոսանկարիչ, նա արժանանում է տեղւոյն իշխանութիւնների պատուոգրին: Աշխատանքային երկար տարիները նրան բերեցին ճանաչման: Արդէն, որպէս արհեստավարժ լուսանկարիչ-թղթակից նրա գործերը սկսեցին տպագրուել հանրապետութեան գրեթէ բոլոր թերթերում եւ ամսագրերում: Նա որպէս լուսանկարիչ-լրագրող երկար տարիներ պաշտօնապէս աշխատել է “Երեկոյեան Երեւան“` եւ “Հայրենիքի Ձայն“ թերթերում:
1993-ին, Ռ Կարապետեանը ընտանիքով մշտական բնակութիւն է հաստատում Նիւ Եորքում: 1996-2002 թուականներին եղել է “Արմենփրէս“ի թղթակիցը` Նիւ Եորքում, իսկ մինչ օրըս` A1+-համակարքչային կայքի թղթակիցն է: Նրա յօդուածներն ու լուսանկարային պատրաստութիւնները պարբերաբար տպագրւում են` Նիւ Եորքի, Պոսթընի, Լոս Անճելըսի, Լիբանանի հայկական թերթերում եւ ամսագրերում: 2002-ին, Երեւանում գտնուելու ժամանակ, Կարապետեանը Հայաստանի գրականութեան եւ արուեստի պետական թանգարանին է նուիրել իր նկարահանած ժապաւէնների ամբողջ արխիւը` արժանանալով թանգարանի շնորհակալագրին, որի առիթով Արմենփրէսը գրած է.- “Երկար տարիներ աշխատելով որպէս Հայկական հեռուստատեսութեան բեմադրիչ, իր լուսանկարչական խցիկով, նա մշտական ներկայ է եղել մեր թատրոնների ներկայացումներին ու երաժշտասրահների համերգներին` որսալով նշանաւոր արուեստագէտների, մայրաքաղաքի հիւրերի կեանքի պատկերներ…:
1986-ի յիսուն տարեկան հասակում առաջին անգամ իր ձեռքն է վերցնում նկարչական վրձինը եւ սկսում նկարել: Նրա գեղանկարների անդրանիկ ցուցահանդէսը Ա.Մ.Ն.-ի Արեւելեան թեմի հովանավորութեամբ բացուեց 1994-ին, Նիւ Եորքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր եկեղեցւոյ Փաշալեան սրահում, որտեղ ցուցադրուեցին քառասուն աւելի իւղաներկ կտաւներ` Հայրենի բնաշխարհի հիանալի պատկերներով եւ անշարժ տեսարաններով: Ռոպերթ Կարապետեանը բազմաթիւ լուսանկարչական ցուցահանդէսներ է ունեցել` Երեւանում, Նիւ Եորքում եւ Լոս Անճելըսում:
Եւ ահա ինչպէս նշեցինք Սեպտեմբեր 2011-ին, Հ.Հ. Անկախութեան տարեդարձի օրերին, Սեպտեմբեր18-ին, Երեւանում բացուեց նրա ծննդեան 75-ամեակին նուիրուած յոբելինական ցուցահանդէսը: “Նարեկացի“ արուեստի կեդրոնը այդ օրը բազմամարդ էր: Ցուցասրահում հաւաքուել էին նրա մանկութեան, դպրոցական, ուսանողական եւ աշխատանքային ընկերները: Ցուցահանդէսը բացեց Հայաստանի հեռուստատեսութեան վաստակաշատ եւ ճանանչուած հաղորդավարուհի` Սուսաննա Շահինեանը, որը ներկաներին մանրակրկիտ ներկայացրեց Ռ. Կարապետեանի ստեղծագործական ուղին: Յոբելիարին ողջունեցին եւ շնորհաւորական խօսք ասացին` Հայաստանի ձայնասփիւռի Ա. Մերանգուլեանի անուան ժողովրդային գործիքների պետական անսամպլի գեղարուեստական ղեկավար` Հ.Հ. ժողովրդական արուեստագէտ, փրոֆ. Ռուբէն Մաթեւոսեանը, որն իր խօսքը աւարտեց յոբելինականին նուիրելով “Հորովել“ երգը: Յուզիչ եւ տպաւորիչ էր Գ. Սունդուկեանի անուան ակադեմական թատրոնի անուանի դերասանուհի Հ.Հ. ժողովրդական դերասանուհի` Ժենիա Աւետիսեանի խօսքը: “Ռոպերթը իմ խաղընկերն է եղել դպրոցական տարիներից, երբ միասին յաճախում էինք պիոներ պալատի թատերական խմբակը, իսկ 2001-ին, Նիւ Եորքեան իմ հիւրախաղային ծրագրում ներկայացուած էր Յակոբ Պարոնեանի “Մեծապատիւ Մուրացկաններ“ կտորից մի հատուած, որտեղ Աբիսողոմ Աղայի դերում հանդէս եկաւ Ռոպերթ Կարապետեանը…“: Յոբելեարին ողջունեցին եւ բարձր գնահատեցին նրա ստեղծագործական ուղին` Հ.Հ. արուեստի վաստակաւոր գործիչ, թատերագէտ Լեւոն Մութաֆեանը, Հ.Հ. վաստակաւոր լրագրող` Վանիկ Սանթրեանը, ճանաչուած բեմադրիչ` Արսէն Ասլանեանը, Հ.Հ. վեթերան լուսանկարիչ` Պօղոս Պօղոսեանը, մանկավարժ վեթերան` Արծրուն Մարգարեանը, Հ.Հ. արուեստի վաստակաւոր գործիչ, փրոֆ. Մայիս Ռաֆայէլեանը, Հ.Հ. արուեստի վաստակաւոր գործիչ` Լեւոն Պարոնեանը եւ ուրիշներ:
….Այսօր իմ կեանքի, ամենաերջանիկ օրերից մէկն է, որ գտնւում եմ այստեղ` իմ սիրելի Երեւանում: Ես այնչափ յուզուած եմ այս ջերմ ընդունելութեան համար: Իմ խորին շնորհակալութիւնն եմ յայտնում բոլոր ներկաներին “Նարեկացի“ արուեստի միութեան, յանձինս ամերիկահայ բարերար` Նարեկ Յարութիւնեանի, ովքեր մեծ բարիացակամութեամբ ընդունեցին իմ ցանկութիւնը եւ ցուցադրութեան համար անվճար տրամադրեցին այս գողտրիկ եւ յարմարաւէտ ցուցասրահը: Ասեմ նաեւ, որ ցուցահանդէսը սիրով նուիրում եմ Հ.Հ. Անկախութեան 20-րդ տարեդարձին: Առիթը չկորցնելով ցանկանում եմ Ձեր թերթի միջոցով իմ շնորհակալութիւնս յայտնել նաեւ Հ.Հ. Նախագահի աշխատակազմի աշխատակիցներին, ովքեր հնարաւորութիւն ընձեռնեցին ինձ, ներկայ գտնուելու Անկախութեան զօրահանդէսի շքերթին եւ զայն լուսանկարելու: Այժմ ես պատրաստւում եմ Նիւ Եորքում բացել մէկ այլ ցուցահանդէս, որը նուիրուած է Հ.Հ. Անկախութեան տարեդարձի տօնակատարութիւնները` Երեւանում: Ցաւօք, պէտք է նշեմ, որ ես երկու անգամ եղայ Հ.Հ. Սփիւռքի նախարարութիւնում եւ ինձ բախտ չվիճակուեց հանդիպել նախարար Հրանուշ Յակոբեանին` նրա շատ խիստ զբաղուածութեան պատճառով: Անգամ նախարարութիւնից որեւէ ներկայացուցիչ ներկայ չգտնուեց իմ ցուցահանդէսի բացմանը…“:
Ներկաները մեծ հետաքրքրութեամբ դիտեցին ցուցադրութիւնը, որտեղ ներկայացուած էին` Պարոյր Սեւակի, Ուիլիըմ Սարոյեանի, Վարդան Աճէմեանի, Առնօ Բաբաջանեանի, Մարտիրոս Սարեանի , Երուանդ Քոչարի, Վահրամ Փափազեանի, Մետաքսիա Սիմոնեանի, Աւէտ Աւետիսեանի, Սօս Սարգսեանի, Լուսին Ամարայի, Զօր. Յովհաննէս Բաղրամեանի, Միխայիլ Ուլիանովի, Լէոնիտ Կոքանի եւ այլոց դիմապատկերները եւ այլ լուսանկարներ: Ներկաները հաճոյքով դիտեցին նաեւ Նիւ Եորքի “Թայմ Սքուէր“ի գիշերային պատկերները: Ցուցադրութեանը ներկայացուած էր շուրջ 80 սեւ-սպիտակ եւ գունաւոր լուսանկարներ:
Մարտունու “Կանանց համայնքային խորհուրդ“ հասարակական կազմակերպութեան նախագահ Անահիտ Գէորգեանի հրաւէրով, Հոկտեմբեր 3-ին, Մարտունու պատկերասրահում բացուեց Ռոպերթ Կարապետեանի յոբելինական ցուցահանդէսը, իսկ Հոկտեմբեր 5-ին, Երեւանի Էրեբունի թանգարանը կազմակերպել էր Ռոպերթ Կարապետեանի լուսանկարների ցուցադրութիւնը, որտեղ լուսանկարիչը յայտարարեց, որ ցուցադրուած 32 լուսանկարները նուիրաբերում է թանգարանին: Աշխատանքներից 19 սեւ-սպիտակ լուսանկարները նկարիչը արել էր 1968 թուականին, իսկ մնացածը շուրջ քառասուն տարի անց, 2008-ին, Էրեբունի- Երեւան 2790-ամեակին: Սեւ-սպիտակ լուսանկարները պատկերում են հին Երեւանի մշակութային օճախները մասնաւորապէս` Էրեբունի արգելոց թանգարանի բազմադարեայ պատմութիւնը: Իսկ գունաւոր լուսանկարներն արդէն պատկերում էին 2008թ. Երեւանը` գոյներ հագած, լուսաւորուած, գեղեցկացած, Էրեբունի-Երեւան տօնակատարութեան օրերին: “….Այս լուսանկարները բաւականին մեծ տեղեկութիւն են տալիս: Մեզ համար շատ արժէքաւոր են, քանի որ 1968-ին մեզ համար բացուեց կարեւոր մի օճախ` հնագիտական թանգարանը եւ արգելոցը: Սրանք մեր թանգարանի պատմութիւնը լուսաբանող արժէքաւոր վկաներ են: Մենք այսօր լուսանկարները կ՛ընդգրկենք մեր գիտա–օժանդակ հիմնարկում եւ դրանք կը պահպանուեն եւ կ՛օգտագործուեն…“ ասաց թանգարանի տնօրէն` Գագիկ Գիւրճեանը, շնորհակալութիւն յայտնելով տաղանդաշատ լուսանկարիչ Ռոպերթ Կարապետեանին:
Ռոպերթի կենսագրութիւնը լրիւ չի լինի, եթէ չմտնենք նրա սրբութեան սրբոց խորանը` ընտանիքը: Մինչ նա իր սրտի ու մտքի պարտքն էր տալիս, իր լուման էր դնում հայրենի արուեստի ու տեղեկատու գրականութեան էջերում, Նիւ Եորք քաղաքում ընտանիքի իւրաքանչիւր անդամը խանդավառ սպասում էր հայրիկին:
Ասեմ, որ սիրելի, գեղեցիկ կնոջը` Իվետային կորսնցնելուց ետք, Ռոպերթը նախանձելի ինքնավստահութեամբ ընտանիքի սանձը լրիւ ձեռքը վերցրեց: Նահապետական ընտանիքի համն ու հոտը պահեց: Ընտանիքում հաստատուած փոխադարձ սէրն ու յարգանքը պսակուեց 75-ամեակին նուիրուած “Սեւան“ հայկական ճաշարանում համով-հոտով ուրախութեամբ:
Շնորհաւոր սիրելի բարեկամ, վարձքդ կատար: Երկար կեանք ու առողջութիւն քեզ, գրիչդ դալար մնայ: Սփիւռք-Հայրենիք կապը պահող ազնիւ ու ճշմարիտ ճանապարհը հարթ ու խանդավառ պահիր, բանաստեղծի ասածին պէս`
Մի օր կը գտնենք
Լրիւ դառնալու
հնարն անհնար:
ՅԱՍՄԻԿ ԳՈՒԼԵԱՆ
(յապաւումով)
Նիւ Եորք