Երկար Ամիսներէ Չեմ Գրում

0 0
Read Time:12 Minute, 12 Second

 

 

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

 

Երկար ամիսներէ չեմ գրում:

Իմ իմացած շատ թէ քիչ լեզուներից որեւէ մէկով չեմ կարողանում արտայայտել իմ ցասումն ու ալեկոծումները` մեր երկրում եւ աշխարհում կատարուող իրադարձութիւնների հանդէպ: Չեմ կարողանում յատկապէս հաշտուել այն հաշտուողականութեան հետ, որը շարունակում է որդեգրել մեր ժողովուրդը` կործանում տանող իր ապագայի հանդէպ, որը թւում է հնացած արտայայտութիւն արդէն:

Չեմ կարողանում ընդունել նաեւ աշխարհի ժողովուրդների նոյն համակերպուածութիւնը Միջին Արեւելքում կատարուող բացայայտ ցեղասպանութեան, հրահրուող պատերազմների հանդէպ:

Ակնյայտ է, որ ներկայ իրականութեան մէջ բառերը այլեւս կորցրել են իրենց իմաստն ու ազդեցութիւնը, իրենց խորհուրդն ու ասելիքը եւ բառերով արտայայտուողներիս ստիպել են պապանձել:

Խաբէութեան, տիրելու, յօշոտելու, անբարոյ ուժի, բռնութեան տիրող իրավիճակը ծնկի է բերել աշխարհին:

Մարդկութեան ուղեղը զրկել է ինքնուրոյն մտածելու կարողութիւնից, ականջները զմռսել` իրականութիւնն արտայայտող խօսքի հանդէպ: Ժողովուրդները, զրկուած բոլոր իրաւունքներից, պարզապէս դարձել են ամԷնօրեայ ստով սնուող ընտրապայքարի խաղալիք, միայն թիւ:

Ճշմարտութիւնը վարկաբեկուած` նետուած է մի կողմ, ամօթից չգիտի` ո՛ւր թաքնուի, համբարձուել է, եւ գիտակից մարդիկ նրա գալստեանն են սպասում` հաստատելու իրենց բացայայտած իրականութիւնը:

Բնականաբար այս իրավիճակում հնարաւոր չէ որեւէ լեզուով գրել, խօսելը, որեւէ լեզուով արտայայտուելը:

Վստահ եմ` ինձ պէս շատերն էլ իրենք իրենց մէջ պարփակուած, աշխարհի տարբեր ծայրերում լուռ կեղեքուելով, չկարողանալով իրենց խօսքը տեղ հասցնել, օրէ օր մաշւում, ոչնչանում, լռում են:

Աշխարհում տիրող իրավիճակը` մահ, աւեր, ամէնուրեք փլատակներ, վիրաւոր, արիւնլուայ երեխաներ, կանայք, ծերեր, անտուն, անօթեւան, իրենց քաղաքների փլատակների, քար ու աղբակոյտի մէջ իրենց գոյութիւնը քարշ տուող միլիոնաւոր մարդիկ սպասում են դեռ` փրկութեան յոյսը դրած մեծ տէրութիւնների ողորմածութեանը, այդ նոյն տէրութիւնների, որոնց  «ժողովրդավար-մարդասիրական» քաղաքականութեան զոհերն են իրենք:

Զոհեր, որոնք, կոտորուելով հանդերձ, չեն լքում իրենց հողը, բաց երկնքի տակ կառչած` մնում են այդ մի կտոր հողին, որը շարունակաբար մահ ու աւեր է բերում իրենց:

 

Չեն յանձնւում, որքան էլ հզօրները տարբեր որակաւորումներով վարկաբեկում, մեկուսացնում, պատժում, ոչնչացնում են իրենց, քաջ գիտենալով, որ իրենց հեռացումով մէկընդմիշտ կորցնելու են իրենց հայրենիքը, սերունդներին պատկանող իրենց հնադարեան Պաղեստինը:

Ու ես ակամայ համեմատում եմ մեր երկրում` Արցախի մեր տարածքների յանձնման, արագ, լուռ ու մունջ, հապճեպ դատարկման, անձայն կատարուածի հաշտուողականութեան հետ:

Սակայն ի՞նչ համեմատութիւն կարող է լինել քո երկրի ծախուած ղեկավարի, դեռ նրան պաշտող, անձայն իր հողը լքած ժողովրդի եւ իր արիւնը իր հողին միախառնող, բայց չզիջող ժողովրդի միջեւ:

Որքան էլ հզօրների քաղաքականութիւնը չի հանդուրժում իրաւունքի պաշտպանութիւն, նա միայն ընդունում է համակերպում, ստրկութիւն, միեւնոյն է այս պահին 50-ից աւել երկրներ պատերազմի մէջ են, չեն զիջում իրենց հողը, չեն ուզում շարունակել իրենց ստրկութիւնը, մերժում են նորօրեայ քողարկուած գաղութատիրութիւնը:

Սակայն հզօրների տիրելու, աւերելու, ցանկացած առիթով յօրինուած ստով պատերազմներ սկսելու, տարածքներ առ ու ծախի ենթարկելու քաղաքականութիւնը շարունակում է պարտադրուել աշխարհին եւ արեան մէջ խեղդուած աշխարհն այլեւս անտարբեր է բացայայտ գործուող ցեղասպանութիւնների հանդէպ:

Ցեղասպանութիւններ, որին բոլոր ժամանակներում էլ սպասարկել ու սպասարկում են հզօր պետութիւնները:

Բազմիցս անդրադարձել եմ ՄԱԿ-ի, մարդկութեան իրաւունքները պաշտպանելու միտումով ստեղծուած այս կազմակերպութեան եւ Ցեղասպանութիւնները կանխելու, ցեղասպաններին դատելու, համանման հաստատութիւնների, ոչնչացուող ժողովրդների իրաւունքների հանդէպ ցուցաբերած անտարբերութեան, աչք փակող քաղաքականութեան: Քաղաքականութիւն, որը քողարկւում է ձեւական նիստերում լսուող հարցերի անհետեւանք որոշումներով:

Դրանք պարզապէս դարձել են ոչնչացուողների յոյսերի օրօրողը:

Աշխարհում տիրող համատարած սպանդով, ժողովուրդների անվերջանալի տեղահանութեամբ, երկրների աւերումով (վկան` Արցախ, Ուքրանիա, Պաղեստին, Պէյրութ, Եմէն, Սուտան, Իրաք, Սուրիա եւ այլոնք), հզօրները շարունակում են տիրել մարդկութեան լինելիութեան, իրենց հողերում ապրելու, այն պաշտպանելու իրաւունքների վրայ, այդ իրաւունքները պաշտպանող ղեկավարներին, կազմակերպութիւնները, առանց աչք թարթելու, ոչնչացնելով, ամէն ինչ ծառայեցնել ի նպաստ իրենց հզօրացմանը:

Ժողովուրդների տեղահանութեամբ նրանց զրկել իրենց տեղայնութիւնից, արմատներով կառչելու հնարաւորութիւնից քաղաքականութիւնը դարձել է հզօրների գործելակերպի առանցքը:

Իւրաքանչիւր օր ականատես ենք Իսրայէլի սանձարձակ ազգասպան քաղաքականութեանը, որն իր թիկունքում ունենալով Միացեալ Նահանգների պաշտպանութիւնը` թէ՛ զէնքով, թէ՛ զօրքով (այս պահին յայտարարուող թուերով 4 հազար յատուկ ծառայութեան զինուորներ են առաքուած), իր ստերը հաստատող լրատուութեամբ, իր սահմանները փորձում է ընդլայնուել Կազայից դուրս մինչեւ Լիբանան:

Տիրելու, տարածուելու այս քաղաքականութեան մէջ, մեր տարածքները, մեր լինելիութեան իրաւունքը ինքնակամօրէն յանձնել ենք ողորմելի մի խեղկատակի, որի հոգը չէ տարածքների կորուստ, ժողովրդի տեղահանում, նրա միակ օրակարգը Արեւմուտքի պահանջներին գոհացում տալով` վարչապետի երանելի աթոռին կառչած մնալն է:

Իսկ Արեւմուտքի միակ օրակարգը մեր լինելիութիւնը չէ, այլ մեր վրայով քայլելով` Ռուսաստանին ոչնչացնելու վաղեմի իր երազանքն իրականացնելն է, եւ մենք ինքնակամօրէն, ուրախութեամբ մասնակցեցինք ու շարունակում ենք հետեւել նրա այդ ծրագրին` ոչնչացնելով ինքներս մեզ:

Աշխարհը ականատես է, թէ ի՛նչ ոգեւորութեամբ է Արեւմուտքը, Եւրոպային իր ստրուկը դարձրած, միասնաբար կործանում Ուքրանիան:

Միլիոնաւոր տեղահանուած մարդիկ, մահ ու աւեր, փոշու կոյտ դարձած հրաշալի քաղաքներ, գործարաններ, պատերազմը թէժ պահելու համար միլիառներ կուլ տուող, հզօրների կամքին խաղալիք,  աճպարար Զելենսքի, որը իր երկիրը կործանում է յանուն հզօրների շահերի, յանուն Ռուսաստանի ոչնչացման:

 

Հզօրներ, որոնց արժէքների փլուզումը  օրէ օր խորանում, ակնյայտ է դառնում, որոնք այլ երկրներ հիմնովին քանդելու համար միլիառներ են տրամադրում, իսկ իրենց երկրում դպրոցներ են փակում` նիւթապէս չկարողանալով հոգալ նրանց ծախսերը: Մի երկիր, որը վերջին 30 տարում իր շահերի համար անհոգաբար քարուքանդ է արել 251 երկիր: Մի երկիր, ուր ղեկավար են ընտրում իրար ստորացնելով, 375 միլիոնից աւել ժողովրդի մէջ չգտնելով իրապէս գիտակից, մեծ մտահորիզոնով մի թեկնածու:

Իսկ մենք շարունակում ենք կուրօրէն դառնալ այս երկրի շահերի զոհը: Մեր շահերը ոտնատակ տալով թշնամանալ հզօր Ռուսաստանի հետ, քաղաքականութիւնից զուրկ, այլոց ձեռքին խաղալիք երկրի իշխանութեան ազգակործան բոլոր որոշումները լռութեամբ ընդունել:

Վերջերս տեղի ունեցող քաղաքական փոթորկումները` աշխարհի օգնութիւնն ու աջակցութիւնը ունենալով Ուքրանիոյ անկարողութիւնը, Եւրոպայի տնտեսական եւ քաղաքական քայքայուող վիճակը, Ռուսաստանի հզօրացման հաստատումը, Իսրայէլի ուժի պարտադրումը աշխարհին, Թուրքիոյ հզօրացումը, ԱՄՆ-ի ազդեցութիւնների ոլորտի նուազումը` այս ամէնն անշուշտ շուտով փոխելու են աշխարհի քաղաքական յարաբերութիւնները:

Այս իրականութեան մէջ ո՞ւր ենք տեղաւորւում մենք:

Մենք դեռ սահմանային հարցեր ունենք, այս վարձու իշխանութեանը պարտադրուած, ինչպէ՞ս ենք լուծելու դրանք մեր ընդունած այս լուռ համակերպութեան մէջ, ինչպէ՞ս ենք դուրս գալու այս ինքնակործանումից, ո՞ր փորձառութեան վրայ յենուելով:

Չէ՞ որ այն, ինչ կատարուեց եւ դեռ շարունակում է կատարուել մեր երկրում, ոչ մի երկրում չի կատարուել, ոչ մի ժողովուրդ խոնարհօրէն ու պատրաստակամ չի ընդունել իր երկրի ինքնակամ յանձնումը, իր կործանումը, որ կարողանանք օրինակ վերցնել նրանցից, հետեւենք նրանց օրինակին, կարողանանք ինչ-որ չափով ազատագրուել մեր նուաստացումից, ինչ-որ չափով փրկութեան յոյս փայփայենք:

Որտե՞ղ, ո՞ւր գտնենք մեր ներկայ վիճակի արդարացումները, ինչպէ՞ս դուրս գանք մեզ կուլ տուող այս ամեհի վիհից:

Մեր ժողովուրդը այնքան բնական է ընդունում իր նոր ապաստարանը այդ վիհում, մոռացել է անգամ, որ ինքը Նիկոլից շատ առաջ վիհից դուրս երկիր է ստեղծել, ուր ապրել, ստեղծագործել ու երկիրը ներկայացրել են մեծագոյն նուիրեալները, ովքեր իրենց հետ միասին ապրել, շնչել են այդ երկրում, ընդվզել, իրենց կեանքն են նուիրաբերել երկրին:

Որքան էլ կրկնութիւն հնչի, միեւնոյն է, յիշեցնելու եմ, ինչպէ՞ս յանկարծ մի թշուառ խեղկատակի յայտնութեամբ մի ողջ ժողովուրդ իրենց ուղեղներից ի սպառ ջնջեցին իրենց իսկ ապրած ոչ հեռաւոր անցեալը: Անցեալ, որը լեցուն է եւ՛ զոհողութիւններով ե՛ւ հերոսութիւններով ե՛ւ պարտութիւններով ե՛ւ հիասթափութիւններով ե՛ւ մեծագոյն յաղթանակներով:

 

Մեր ժողովուրդը ինչպէ՞ս կարողացաւ յաղթողի իր պատմուճանը փոխարինել դաւաճան ներկայ ղեկավարի ցնցոտիներով:

Ստեղծագործ իր միտքը ինչպէ՞ս յայտնուեց այս ցնցոտու ոտնատակում` հանդուրժելով մինչեւ իսկ իր ծննդեան վկայականի, իր դարաւոր պատմութեան, իր լեզուի, գիր ու գրականութեան աղաւաղումին, ջնջումին:

Յոյսերը դրած ամերիկեան տոլարներին, մի ողջ ժողովուրդ միմիայն առատ կերուխումով տարուած, ինչպէ՞ս է աչք փակում իր երկրի բացայայտ ոչնչացմանը, շարունակում այս խեղկատակի պաշտամունքը, նոյնիսկ փորձում` այլոց մեղադրելով այս տխեղծ կուռքին արդարացնել:

Այո՛, զարհուրելի է, երբ ժողովուրդը կորցնում է իր ուղին, երբ ժողովրդին սնում են ամէնօրեայ ստով, զրպարտութիւններով, սպառնալիքով, ուղեղը ստամոքսով փոխարինելով:

Յիշեցնեմ յիշողութիւնը կորցրած մեր ժողովրդին, որ մեր երկիրը մէկ անգամ անցել է այդ փորձութիւնից 1920թ. կուրօրէն պոլշեւիկներին հաւատալով, տապալել է իր իսկ ստեղծածը, երկիրը պահպանել փորձողներին, ինչպէս այսօր, ազգի թշնամի համարել, բանտարկել, սպաննել, արտաքսել, լռեցրել:

Թւում էր սովետի փլուզումից յետոյ, մեր երկրորդ փառահեղ, ժողովրդի կամքով, նրա ուժով անկախացումից յետոյ մենք այլեւս ե՛ւ մարդկային ե՛ւ մտային ե՛ւ հոգեբանօրէն մեր ապրած կորուստների դժուարին ճանապարհի փորձութիւնը մեզ համար մաշկ դարձրած պիտի ապրէինք` չվստահելով ոեւէ տիրակալի ամենաշլացուցիչ խոստումներին, շարունակելու էինք ամրացնել մեր երկիրը, տարածուել, մինչեւ անգամ մեզնից խլուածները ետ բերել:

Այո՛, թւում էր… Մեզ միշտ թուացել է եւ դեռ շարունակում է թուալ, որ Արցախը նախկիններն են յանձնել, որ` ինքնակամ յանձնած մեր տարածքները ետ ենք վերցնելու, որ` մեր սահմանները յաւելեալ անգամ ճշդելու ենք «վերագտնուած» քարտէսներով, որ` դաւաճաններին պատասխանատուութեան ենք ենթարկելու:

Թող թուայ, ի՞նչ կայ որ, թուալը հո երկիր պահպանելու դժուարին գործ չէ: Եթէ չենք պահպանում երկիրը, թուալ-ով կ՛ապրե՛նք, կը շարունակենք Երեւանը ծանրաբեռնել, անճանաչելի դարձնել նորաձեւ սրճարաններով, ճաշարաններով, հպարտանալով, որ վաճառուող երկիրը առաջադիմում է, ուր գինու ազդեցութեան տակ, տրաքուող ստամոքսներով կը յիշենք մեր կորուստները, կ՛երգենք մեր կորուստները` «մխիթարուելով» երգերով:

Իսկ այն վայրերում, ուր ճաշարաններ եւ սրճարաններ չկան, ուր երկինք խոյացող լեռների կատարին յաւիտենական ձիւն է, որպէս անպէտքութիւն` կը յանձնենք թշնամուն ու նախկիններին կրկին կը մեղադրենք, որ ոչինչ չեն արել երկրի համար, կերել, թալանել են երկիրը, մատնանշելով, թէ թշնամին ինչպէ՛ս է ծաղկեցնում ձրիօրէն իրեն յանձնուածը, ի՛նչ արագութեամբ Ստեփանակերտում ծածանում իր դրօշն ու զինանշանը, հաստատում իր իշխանութիւնը:

Այսպէս թուալով, աւելի շատ թշնամու առաջադիմութիւնը մատնանշելով` շարունակում ենք մեր անտարբեր, նուաստացուցիչ երթը` անգամ ի սպառ մոռացութեան մատնած մեր դէմ կատարուած առաջին Ցեղասպանութիւնը:

Մինչդեռ աշխարհին թւում է, որ հրեաները` որպէս ցեղասպանութիւն ապրած ազգ, իրաւունք ունեն իրենք իրենց պաշտպանելու համար ոչնչացնել ոչ միայն պաղեստինցիներին, այլ` բոլոր նրանց, որոնցից իրենց վտանգ է սպառնում: Իրաւունք ունեն` ռմբակոծել հարեւան սահմանակից երկիրն անգամ, հիւանդանոցներն ու դպրոցները, մանկապարտէզներն ու ապաստարանները, այն բոլոր վայրերը, որին ուզում է տիրանալ, մէկ սեղմումով ոչնչացնել հազարաւոր անմեղների եւ արդարանալ, որ իր երկրի գոյութեանը վտանգ սպառնացողներին է  ոչնչացնում, որ` աշխարհը փրկում է ահաբեկիչների վտանգից:

Տեսնո՞ւմ էք, «թուալը» տարբեր ժողովուրդներ տարբեր ձեւով են օգտագործում, մէկի համար` ինքնապաշտպանութիւն է, միւսի համար` կոտորուելով չզիջել, իսկ մեզ համար` միշտ վերացական յաղթանակի յոյս, միշտ դրսից սպասուող փրկութիւն, երգ դարձած երազանք:

Մեր պայմանաւորուած պատերազմը միայն 44 օր տեւեց` լռութեամբ յանձնելով մի հսկայական դարաւոր տարածք, պատրաստի տներով ու այգիներով,  5 հազար կորուստներով եւ յանձնուած գերիներով, իսկ պաղեստինցիները արդէն մէկ տարի է կոտորուելով, ռմբակոծուող մի փողոցից միւսում ապաստանելով, անօթի- անօթեւան շարունակում են կառչած մնալ, չզիջել իրենց այդքան չարիքներ բերող հողը:

Եւ մենք մեզ հայրենասէր ենք հռչակում: Մենք նոյնիսկ 44 օր չսգացինք Եռաբլուրում հանգչող մեր հերոսներին, մի քար անգամ չնետեցինք հայրենի տարածքը իր գրպանի մանրադրամի պէս բաժանող վարչապետ յորջորջուող ցնցոտու վրայ:

Մինչեւ ե՞րբ այսպէս «թուալով», հանդէսներում ու հաւաքոյթներում մեր հայրենասիրութիւնը բորբոքելով  թուացեալ երկիր ենք պահպանելու, թուացեալ հողի պաշտամունք սերմանելու, մեր աղաւաղուած պատմութիւնը, նոյնքան աղաւաղուած, օրէ օր խամրող լեզուն ենք իբր թէ կենդանի պահելու, մեր հալչող- կորչող ազգային կուսակցութիւնը, մեր անհետացող դիմագիծն ենք պահպանելու:

Հեռաւոր յոյսով ուզում եմ հաւատալ, որ իմ սերունդի այսօրուայ իրենց վիճակին համակերպուած հայաստանցիների յիշողութիւնից դեռ ի սպառ չի ջնջուել դժուարին ապրած, բայց իմաստաւորուած անցեալը, ուր մեր կեղեքումները յագեցուած էին գաղտնի, նոր թեւածող հայրենասիրութեամբ, ուր որքան էլ ծանր էին կարգերը, ուր որքան էլ արգելք էր դրուած մեր ուղեղներին ու լեզուին, այնուամենայնիւ կարողացանք սթափուել` ազգի տաղանդներին ականջալուր, որոնց ջանքերով արթնացան` 70 տարիներ արմատախիլ արուած հայրենասիրութիւնը, երկրասիրութիւնը, ազգի հերոսների թաքուն պաշտամունքը: Ուր աւելի յոյսն ու երազանքն էր թեւածում, քան` այսօրուայ մեզ կործանող ցաւոտ ապագան:

Յուսամ` իրենց կերակրող այս ինքնամոռաց առօրեայում կ՛անդրադառնան, որ Նիկոլով չի սկսուել այն ամէնը, ինչ այսօր ունեն, ինչ այդ փոքրիկ հողի վրայ ստեղծուել է, որն անփութօրէն մսխում են իրենք:

Որ Նիկոլով չեն սկսել` հայ ժողովրդի պատմութիւնը, աշխարհագրութիւնը, լեզուն, գիրն ու գրականութիւնը:

Կ՛անդրադառնա՛ն ոչ միայն հսկայական մարդկային կորուստներին, որոնք իրենց կեանքը նուիրաբերեցին պահպանելու երկիրը, այլ` սակաւաթիւ այն շինութիւնների անփոյթ կորստին, որոնք պատմութեան հատուածներ էին, որոնց ներկայութեան մէջ ներդրուած էին ապրուած կեանքի բազմագոյն շերտեր, որոնք մեր մասնիկն էին դարձել, ուր պահպանւում էին մեր մեծութիւնների շունչն ու ոգին, եւ որոնք անողոքաբար ոչնչացուեցին, նոյնիսկ յանուն քաղաքի պատմութեան եւ սերունդների յիշողութեան չպահպանուեցին:

Կ՛անդրադառնա՛ն, որ կորուստներով երկիր չեն պահպանում, պատմութիւն չեն կերտում, որ` երկրի պատմութիւնը միայն թանգարանում չէ, որ պահւում է, այլ` մարդկանց էութեան մէջ, նրանց աչքերում, հոգում, նրանց ապրած օրերում, նրանց յիշողութեան ծալքերում, նրանց իմաստաւորուած օրերում, նրանց սերունդներում:

Որ` հայրենիքը միայն պարապ հողատարածք չէ, ինչպէս արտերկրի հայութիւնն է արդարացնում իր համակերպուածութիւնը, աւելի ճիշդ` այդ յայտարարութեամբ թաքցնում իր նիկոլապաշտութիւնը, լռութիւնը, յայտարարելով. «Ի՞նչ ընենք, մեր հայրենիքն է», այսինքն այն աւերը, որ կատարում է ներկայ իշխանութիւնը, կարեւոր չէ:

Ո՛չ, սիրելինե՛ր, հայրենիքը անկախ գոյակ չէ, այն ամէնն է, ինչ ամէն վայրկեան ապրում, շնչում, արարւում, գործում, պահպանւում է այնտեղ: Որ ապրում, սերունդ է աճեցնում այնտեղ, որ ոչ թէ հաշտուելով զիջում, այլ ատամներով պահպանում է իրեն յանձնուածը:

Յիշեցնեմ այսօրուան Նիկոլի հայրենիքը պաշտպանողներին, որ մեզ համար միայն հողատարածք, իր ժողովրդից զրկուած ՀԱՅՐԵՆԻՔ արդէն ունենք, որը մեր թշնամին է ազատօրէն վայելում, Արցախն էլ աւելացրինք, եւ շատ լաւ գիտենք չունենալու, կորցնելու, միայն գիտակցութեամբ յիշելու ցաւը, որն ամէնօրեայ կսկիծ է, չամոքուող ցաւ, թուացեալ յոյս ու անփարատելի կարօտ:

Մեր անտարբերութեամբ չաւելացնենք նորը, այլ անդրադառնանք, որ միայն համերգասրահներն ու թանգարանները աշխուժացնելով, երկիրդ այցելելով` չես ամրապնդում այն: Թշնամուն նուիրաբերած հողերդ ետ չես վերցնում, կորուստներդ չես նուազեցնում, սահմաններդ չես տարածում, այլ ընդամէնը ժողովրդի միտքը շեղում ես այն ծայրագոյն աւերներից, որը գործում ես, որոնք քայքայում, ոչնչացնում են երկիրը, ժողովրդին դարձնում անտարբեր` թէ՛ ներկայի, թէ՛ ապագայի, թէ՛ մեծագոյն կորուստների եւ թէ՛ հայրենիք պահելու պատասխանատուութեան հանդէպ:

Երկրի պետհամալսարանն են «տեղափոխում», երկրի անձնագիրը,  մեր առաջին անկախութեան տարում, երկրի թշուառագոյն վիճակում, մեր հեռատես անկրկնելի հայրենասէր մեծութիւնների կողմից, մեծ զոհողութիւններով ստեղծուած այս հաստատութիւնը, որը նոյնիսկ համայնավարները յարգանքով պահպանեցին:

Իսկ այսօրուայ երկրաքանդ իշխանութիւնը քաղաքի սրտի այդ տարածքը շահութաբեր նկատելով` տեղահանում է, ո՛չ, ջնջում է մեր պատմութեան վերելքի այդ յիշարժան մասունքը, որ հետք չմնայ անցեալից, որ` յիշողութեան կապ չլինի Ա. Հանրապետութեան հետ, որի աթոռը խարդախօրէն բռնագրաւել, նստել են իրենք, մի խումբ անհայրենիք թշուառականներ, եւ մի ողջ ժողովուրդ գլխիկոր ենթարկւում է նրանց աւերներին:

Կարո՞ղ է արդեօք Փարիզում Սորպոնի համալսարանը փորձէին տեղափոխել մէկ այլ աւելի տարածուն շրջան, քանզի քաղաքի կենտրոնը հսկայական շահաւէտ տեղ է ինչ-որ մէկի համար, եւ ձեր պաշտած ֆրանսիացիները անտարբեր ընդունէին: Անտարբեր մնային մտաւորականները:

Ես վերապահում ունեմ, ինձ հարազատ հայրենասէր մտաւորականների` իմ սերունդի հանդէպ` յատկապէս, որոնք մեր երկրի ոչնչացման ճակատագրական այս վերջին տարիներին նախընտրեցին լռութիւնը եւ շարունակում են լռել: Կտրականապէս չընդունելով նրանց բոլոր տեսակի արդարացումները` մինչ օրս ինձ համար ցաւալիօրէն դատապարտելի է մնում իրենց դիրքը:

Դատապարտելի է, որ իրենք ժողովրդին առաջնորդող շարժիչ ուժ չդարձան այս ահաւոր ճգնաժամային տարիներին եւ թոյլ տուեցին, որ մի խումբ թափթփուկներ երկիրը առուծախի ենթարկեն, ժողովրդին տեղահանեն, պատմութիւնը, լեզուն, աղաւաղեն, հայրենիքը ոչնչացնեն:

Մտաւորականները ինչպէ՞ս լռեցին, երբ երկրի Անկախութեան հռչակագիրն են փոփութեան ենթարկում: Հասարակ ժողովուրդը չգիտի, սակայն մտաւորականութիւնը գիտի, թէ ի՛նչ արժէք է ներկայացնում մեր ծննդեան, գոյութեան եւ յաւէտ լինելիութեան այդ անձեռնմխելի վկայագիրը:

Ինչպէ՞ս են լռում, երբ թշնամու պահանջով սահմանադրութիւն է փոխւում, լսուա՞ծ բան է, որ մի ողջ ազգ լուռ հետեւի իր սահմանադրութեան ոչնչացմանը` մի խումբ ստահակների ձեռքով:

Ինչպէ՞ս են լռում, երբ բացայայտօրէն երկրի Սահմանադրական դատարանը, որի անդամները բոլոր ժամանակներում էլ իշխանութեան ծառայողներն են եղել, այսօր գործում է ի շահ թշնամուն:

Նիկոլական թմբիրով տառապող իմ հայրենակիցներին ուզում եմ յաւելեալ անգամ ահազանգել, որ այս օրերին էրտողանի հետ ներկայ վարչապետի մեղրածոր հանդիպումը բոլորովին պատահական չէ, նրա առուծախը արդէն բացայայտօրէն Թուրքիոյ հետ է: Թուրքիան այնքան հզօր ու անկախ է արդէն զգում իրեն, որ Արեւմուտքի յետեւում թաքնուելու, նրա անունով գործելու այլեւս կարիք չունի:

Այս օրերին մեր երկրի առաջ ծառացած է կրկին Միջին Արեւելքում տիրող պատերազմի արդիւնքում յայտնուած, Պէյրութի մեր հայ համայնքին սպառնացող վիճակը:

Ի՞նչ ճակատագիր է սպասում նրանց: Կրկին տեղահանուելու, ցրուելո՞ւ են  աշխարհով մէկ: Այս իշխանութեամբ մի՞թէ հնարաւոր է անկայուն հայրենիքում նրանց ապաստանելը:

Կրկին հսկայական կորուստի առջեւ ենք գլխիկոր կանգնելու այս իշխանութեամբ եւ նրանց հաստատուն պահող մեր անտարբերութեամբ:

Այս հարցադրումների տարափով իմ լռութիւնը խախտելով` ուզում եմ հաւատալ, որ այսօրուայ աշխարհաքաղաքական  անկայուն վիճակը կը սթափեցնի, կ՛արթնացնի, կը միաւորի մեր ժողովրդին` մեր մտաւորականութեան առաջնորդութեամբ ոտքի կը հանի ժողովրդին փրկուելու ներկայ իշխանութեան կողմից գործուող աւերներից, փրկելու թէկուզ այն փոքրագոյնը, որը մնացել է մեզ:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles