Հաւատ Սեփական Ուժերի Նկատմամբ

0 0
Read Time:5 Minute, 10 Second

«Դրօշակ»-ի Առաջնորդող Յօդուած 

Թիւ 9, Սեպտեմբեր 2024

2024 թուականի սեպտեմբերի 2-ին մէկ անգամ եւս ապրեցինք ազգային այն մեծ խայտառակութիւնը, որի մէջ խորասուզուած է հայ ժողովուրդը: Ազգային ուժերը Հայաստանում նշեցին Արցախի անկախութեան հռչակման օրը` սրանով ուղերձ յղելով ներքին ու արտաքին լսարանին այն մասին, որ հայ ժողովրդի համար Արցախի հարցը մնում է չլուծուած: Հակառակ սրա` երկրի իշխանութիւնը ոչ միայն լռութիւն պահպանեց, այլեւ գործադրեց ամէն ճիգ ու ջանք` ձախողելու նման միջոցառումների անցկացումը եւ հակառակ ուղերձը յղելու արտաքին համապատասխան ուժերին:

2024 թ. Մարտի 12-ին անցկացրած մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինեանն ասում է, թէ Հայաստանը անցած տարիներին, ըստ էութեան, եղել է Ռուսաստանի ֆորպոստը, բայց Ռուսաստանը չի գնահատել այդ հանգամանքը: Հակառուսական հետեւողական քաղաքականութիւնից այն կողմ այս յայտարարութեան հետեւում կայ մէկ այլ ասելիք, կամ նոյնպէս անուանենք, ուղերձ: Նա արեւմտեան հովանաւորներին ասում է, թէ ինքն ու իր գլխաւորած ուժը պատրաստ են Հայաստանը դարձնելու նրանց ֆորպոստը: Կատարելով հովանաւորների կամքը` Փաշինեանը հետեւողականօրէն իրագործել է Արցախից հրաժարուելու ծրագիրը: Միաժամանակ նոյն ուժերը, որքան էլ որ Նիկոլին եւ իր նմաններին խաղացնեն իրենց մատների շարժումով, անդրկովկասեան քաղաքական մեծ խաղի համար յենարան են տեսնում ոչ թէ փոքր ու այսօր գործօն չհանդիսացող Հայաստանին, այլ` հեռանկարային Ատրպէյճանին ու իրենց դարաւոր գործակից Թուրքիոյ: Սերտ յարաբերութիւններ ունենալով վերջինների հետ` արտաքին այդ ուժերը ցանկանում են ճանապարհ հարթել նրանց համար, որպէսզի նրանց միջոցով էլ իրականացնեն Ռուսաստան, Կեդրոնական Ասիա, Իրան թափանցելու իրենց փայփայած հարիւրամեակների ծրագիրը:

Այլ խօսքով, Նիկոլ Փաշինեանն ապաւինում է մի ուժի, որն իրականում հետապնդում է ոչ միայն Արցախն ատրպէյճանական տեսնելու, այլեւ Հայաստանի ինքնուրոյն քաղաքական գործօն լինելու հեռանկարն անգամ ոչնչացնելու նպատակ: Այդ ուժերը հասկանում են, որ սեփական երկրի ինքնութեան ոչնչացմանը ծառայող նիկոլները յաւերժ չեն կարող իշխել, օրինաչափօրէն նրանց փոխարինելու են գալու ազգային ուժերը, իսկ Հայաստանը ոտքի հանելու եւ Հայաստանի ինքնիշխանութիւնը վերականգնելու ռազմավարութիւնը խորտակիչ կարող է լինել տարածաշրջանի նոր ճարտարապետութեան մասին երազողների համար: Այսօր արդէն, երբ փաշինեանական իշխանութիւնը Արցախը յանձնելուց յետոյ պայքարում է այս հարցի վերարծարծումը թոյլ չտալու համար, երբ բարձրաստիճան ՔՊ-ականները յայտարարում են, թէ Արցախի յանձնման օրը Հայաստանի իրական անկախութեան օրն է, որ` Արցախի հարցի արծարծումը վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետութեան համար, այլեւս անհեթեթ է ապացուցելը, որ այս ուժը հէնց արտաքին մեծ ծրագրերը սպասարկելու համար է իշխանութեան բերուել: Հետեւողականութեան առումով, դժուար չէ վերը բերուած օրինակների կողքին աւելացնելը այս ուժի ներկայացուցիչների նախկին յայտարարութիւններն այն մասին, թէ իրենց «յեղափոխութիւնը» աւելի կարեւոր է, քան` Արցախի ազատագրումը, որ` արցախեան պատերազմի զոհերը եղել են յանուն ոչնչի: Վերջապէս, բազմիցս յիշուած օրինակների կողքին կարելի է աւելացնել 2024 թ. յունիսի 12-ի արիւնոտ օրը խորհրդարանում Փաշինեանի արած այն յայտարարութիւնը, թէ` «Պէտք է 2018-ին ասէի, որ ԼՂ-ն պէտք է լինի Ատրպէյճանի կազմում, իմ ձախողումն է, որ չեմ ասել»:

Հայաստանի ինքնիշխանութեան ոչնչացման ծրագիրը, անխոչընդոտ գլուխ բերելու համար իշխող աւազակախումբը ունի արտաքին ուժերի թոյլտուութիւնը, առանց միջոցների մէջ խտրութիւն դնելու` հաշուեյարդար է տեսնելու ազգային ուժերի անհամաձայնութեան եւ բողոքի դրսեւորումների հետ: Երկիրը արտաքին հովանաւորներին յանձնելու ստանձնած պարտաւորութիւնը վերջնականօրէն հնարաւոր կը լինի իրականացնել, երբ կը լուծարուի ՀԱՊԿ-ը, եւ ռուսական ռազմուժը կը հեռացուի Հայաստանից:

Բայց այս ամէնը դեռ չի նշանակում, որ դրածոյ իշխանութեան առջեւ բացուած է իր սեւ գործն անելու հարթ ճանապարհ: Նոյնքան ակնյայտ է, որ այս ուժը ներկայացնող քիչ թէ շատ մտածելու ընդունակ միակ անձը լուրջ տագնապի մէջ է, եւ այժմուանից մտմտում է յաջորդ ընտրութիւնների մասին: Պատերազմում խայտառակ պարտութիւն կրելուց յետոյ նա 2021 թ. կարողացաւ ժողովրդի մէկ հատուածից քուէ կորզել` խոստանալով խաղաղութիւն եւ լաւ ապագայ: Տարիներ անց ո՛չ պատերազմի վտանգն է փոքրացել, ո՛չ խաղաղութեան հեռանկարն է ուրուագծւում: Փաշինեանը մտածում է, որ ժողովրդին հերթական անգամ եւ գոնէ կարճ ժամանակով խաբելու համար իրեն հարկաւոր է գոնէ ձեռքին ունենալ խաղաղութեան պայմանագիր կոչուող ինչ-որ թղթի կտոր: Դրանից յետոյ իր կառավարման արկածախնդրութիւնը շարունակելու համար նա առջեւում կ՛ունենայ քաղաքականապէս եւ ֆիզիքապէս դիմանալու ժամանակի նոր պաշար: Նա համոզել է իրենից երկիրը խլողներին, որ, որպէսզի մնայ իշխանութեան գլխին եւ կարողանայ նրանց նորանոր պահանջները կատարել, նախ պէտք է ընտրուի, այլապէս եթէ այսօր փորձի փոխել սահմանադրութիւնը, յանձնել Զանգեզուրի միջանցքը, սահմանագծման ու սահմանազատման անուան տակ յանձնել նորանոր տարածքներ, երկրի ներսում կարող է դժգոհութեան այնպիսի ալիք բարձրանալ, որը պատմութեան աղբանոցը կը շպրտի իրեն` իր թայֆայի եւ դաւաճանական ծրագրերի հետ:

Հայաստանը յօշոտելու ձգտող ուժերը համաձայն են նրա այս տրամաբանութեան հետ, բայց, միւս կողմից, նրանք ոչ մի երաշխիք չունեն, որ Նիկոլը կարող է երկար դիմանալ իր տեղում, հետեւաբար մի կողմից Նիկոլի պահպանմանը նպաստելու, միւս կողմից` օր առաջ նրանից առաւելագոյնը պոկելու հակասութեան մէջ են: Սպասելի է, որ բնապահպանական բնոյթի համաշխարհային խորհրդաժողովը Պաքւում անցկացնելուց յետոյ Ալիեւը Նիկոլի վրայ ճնշումը մեծացնելու համար կը գնայ սահմանային նոր սադրանքների եւ ընդհուպ նոր պատերազմի: Դրա յարմար նախապայմաններ են ձեւաւորւում նաեւ աշխարհաքաղաքական միջավայրում: Աշխարհը զբաղուած է Ռուսաստանի եւ Ուքրայինայի, Մերձաւոր Արեւելքի գնալով շիկացող հակամարտութիւններով, ինչպէս եւ` դրանց հաւանական վերաճմամբ աւելի նոր եւ աւելի հզօր առճակատումների: Ինչպէս 2020 թուականին, նոր պատերազմը, թերեւս, Նիկոլ Փաշինեանին հնարաւորութիւն կը տայ աւելի հեշտութեամբ գնալու նոր զիջումների` կրկին յայտարարելով, թէ խնայում է զինուորների կեանքը: Իսկ առկայ իրավիճակում ցուցադրելով իր հաւատարմութիւնը թելադրուած խաղին եւ ձեւ անելով, թէ իբր ամուր է իր տեղում, Նիկոլ Փաշինեանը եթէ յաջողեցնի հասնելու խաղաղութեան պայմանագրի կնքման, ամենայն հաւանականութեամբ, կը կազմակերպի արտահերթ ընտրութիւններ` անակնկալի բերելով բոլորին` բացի իր կողքից քարշ տուող արբանեակ ուժերի:

Սեպտեմբերի 22-ին Սրբազան պայքարի շարժումը ձեռնարկեց մեծ հանդիպում մարզահամերգային համալիրում եւ յայտարարեց պայքարի նոր փուլի մեկնարկի մասին: Իրականութիւնն այն է, որ, ի հակառակ պարտուած եւ պայքարի անընդունակ իշխանութեան` ազգային ուժերի համար ակնառու է, որ Հայաստանը կրկին կարելի է դարձնել ռազմական եւ տնտեսական առումներով ուժեղ, դաշնակիցների հետ բազմաբեւեռ կապերով ամուր, մրցունակ երկիր` համախմբելու դէպքում համահայկական ներուժը եւ վերականգնելով ազգային միասնականութիւնը:

Տարբեր գերուժերի եւ միջազգային հեղինակաւոր կազմակերպութիւնների կողմից հնչել եւ հնչում են յայտարարութիւններ Արցախի հարցի լուծուած չլինելու, արցախահայութեան վերադարձի անհրաժեշտութեան մասին` կարեւորելով դրա համար անհրաժեշտ իրաւական քաղաքական երաշխիքների ապահովումը: Նոյնքան ակնյայտօրէն այս ծրագրին դէմ են Հայաստանի, Ատրպէյճանի, Թուրքիոյ իշխանութիւնները եւ նրանց հովանաւորները:

Պէտք է խոստովանել, որ ցայսօր Նիկոլ Փաշինեանին յաջողուել է հասարակական դժգոհութեան սլաքները զգալի չափով շեղել իրենից դէպի ազգային դաշտ, առաջնորդութեան հարցի եւ առաջնորդողների անձերի վերաբերեալ շինծու ու անպտուղ քննարկումների ոլորտ: Այս հարցում Նիկոլին կամայ թէ ակամայ աջակցող հանգամանքներ են դառնում դիմացի դաշտի որոշ գործիչների անհամարժէք յաւակնոտութիւնը եւ հասարակական տարբեր շերտերի հաւատի պակասը, իշխանութիւնների եւ արտաքին դերակատարների սարքած քարոզչական թակարդում մոլորուելը: Պակասում է այն գիտակցութիւնը, որ գլխաւոր հարցն այսօր ընդհանուր նպատակի շուրջ համախմբումն է, իսկ ապագայի վերաբերեալ պատկերացումները լուծուելու են առկայ քաղաքական-իրաւական հնարաւորութիւնների ճանապարհով:

Մեր ներկայ դժբախտութիւնների գլխաւոր պատճառը հաւատի պակասն է սեփական ուժերի նկատմամբ: Գալիք յաղթանակների, հայութեան ու հայրենիքի նոր վերածննդի երաշխիքը պէտք է դառնայ սեփական ուժերի նկատմամբ հաւատը, այն հաւատը, որով մենք հայրենիք ազատագրեցինք, զսպեցինք դարաւոր թշնամուն, կառուցեցինք մեր նոր պետականութիւնը, եղանք հպարտ ու արժանապատիւ:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles