Կը Յաջողուի՞ Սատանայական Շրջանից Դուրս Բերել Երկիրը

0 0
Read Time:5 Minute, 33 Second

 

«Դրօշակ» թիւ 1, 2024  

Առաջնորդող Յօդուած

 

Եթէ փորձ արուի արժեւորելու Փաշինեանի գլխաւորութեամբ ներկայ իշխանութեան գրեթէ վեցամեայ գործունէութիւնը, ապա այլ գնահատական չի կարող լինել, քան` ամբողջական ձախողումը: Արցախի կորուստն ու Հայաստանի ներկայ քաղաքական վիճակը ասուածի անվիճելի ապացոյցն են: Խօսքը, սակայն, միայն արտաքին քաղաքականութեանը չի վերաբերում, այլեւ` ներազգային, տնտեսական եւ այլ ոլորտներին:

Ի՞նչ իրավիճակում ենք ներազգային առումով: Հայաստանում հասարակութիւնը յուսալքուած է այն չափով, որ չի հաւատում, թէ ունակ է իր ուժերով ինչ-որ բան փոխելու սեփական ճակատագրի հարցում: Պառակտուած հանրութեան տարբեր ճամբարները իրար դէմ տրամադրուած են թերեւս աւելի սեւեռուն եւ խոր անհանդուրժողութեամբ, քան թշնամու, որը նստած է երկրի ներսում եւ ի լուր աշխարհի բարձրաձայնում է իր անյագ յաւակնութիւնների մասին, յայտարարում է, թէ Հայաստանը` մայրաքաղաքով հանդերձ, ադրբեջանական տարածք է: Գիտական ու արժէքային բոլոր չափանիշները խախտած իշխանութիւնների քաղաքականութիւնը անընդունելի է գիտական-մտաւորական խաւերի համար: Անհանդուրժողութիւնն ու յարձակողապաշտ, սադրիչ պահուածքը հայոց ազգային եկեղեցու հանդէպ, Արցախը կործանման հասցնելն ու Հայաստանը կործանման ճամբով տանելը պատճառ են դարձել, որ եկեղեցականները բարձրաձայնեն ազգային-հոգեւոր, մշակութային եւ պատմական արժէքներին պատերազմ յայտարարած իշխանութեան նկատմամբ իրենց սկզբունքային հակադրութեան մասին:

Կարելի է հետեւել տարբեր հարթակներում իշխանաւորների եւ նրանց հետեւորդների խօսքին` համոզուելու համար Արցախի եւ արցախցիների նկատմամբ նրանց ատելութեան մէջ: Հայ ժողովրդին աննախադէպ ողբերգութիւններ բերած իշխանութեան համար Արցախն ու նրա հայ բնակչութիւնը եղել եւ մնում են բեռ, որից նրանք փորձեցին ազատուել եւ շարունակում են ազատուելու փորձեր անել ատրպէյճանցիների օգնութեամբ: Հայաստանում սեփական ազգային ինքնագիտակցութիւնն ու պահանջները դրսեւորելու արցախահայութեան բնական իրաւունքը բախւում է իշխանութեան կատաղի հակաքարոզչութեանը, շանթաժին, բացայայտ եւ ոչ բացայայտ սպառնալիքին, արգելքներին եւ իշխանութիւնների տիրապետած այլ լծակների:

Իշխանութիւնը հետեւողականօրէն իրականացնում է երկրով մէկ եւ վերեւից ներքեւ իշխանական-վարչական ողջ համակարգի կուսակցականացումը, իսկ այս համակարգում օրինական ճանապարհով տեղ գրաւողները ենթարկւում են դատական եւ այլ բնոյթի ճնշումների ու հալածանքների, մինչեւ կամաւորապէս կամ պետական լծակների միջոցով համակարգից դուրս կը մղուեն: Այս փորձը կիրառւում է ոչ միայն քաղաքական-վարչական համակարգում, այլեւ գիտական, կրթական եւ կենսագործունէութեան մնացած բոլոր բնագաւառներում: Պաշտօններից ազատւում են գիտական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտների աշխատողները` տնօրէններից մինչեւ ամենակրտսեր վարչական աշխատողները: Ըստ էութեան, ողջ ժողովուրդը` բացառութեամբ սեփական թայֆայի, իշխանութեան համար դիտւում է որպէս վտանգ եւ հաւանական ընդդիմութիւն: Ինչ վերաբերում է երկրի իրական, քաղաքական ընդդիմութեանը, ապա դատական եւ այլ կարգի հետապնդումները` քրէական շինծու գործերի յարուցումն ու տարբեր ժամանակահատուածներով բանտարկութիւնները, Նիկոլ Փաշինեանի վարչակարգի գլխաւոր քաղաքական գործիքն են ներքաղաքական փոխյարաբերութիւնների ասպարէզում: Ի հարկէ ընդդիմութեան ազատ գործունէութիւնը խափանելու իշխանութեան գործիքները շատ աւելի բազմազան են եւ ընդգրկում են շանթաժի, կաշառքի, մարդկանց պաշտօններով եւ այլ միջոցներով գնելու, դրանով ընդդիմութեան ուժերին թուլացնելու, նրա հնարաւորութիւնները սահմանափակելու մեթոտները: Ասուածի վերջին եւ ակնյայտ օրինակներից է դաշինք կազմած եւ որպէս իշխանական խմբակի մաս քաղաքապետարան անցած խմբակցութեան «յանկարծակի» հրաժարումը իր հիմնադիր ղեկավարից:

Իշխանութեան վերաբերմունքը Սփիւռքի նկատմամբ ուղղակիօրէն հետեւեալը եղաւ եւ է. «Նրանց, որոնք կը պարեն դուդուկիս տակ, նրանց էլ կը ճանաչեմ որպէս Սփիւռք եւ Սփիւռքի ներկայացուցիչներ»: Բնականաբար այս քաղաքականութիւնը դարձաւ հայրենիքի եւ Սփիւռքի միջեւ կապերի եւ յարաբերութիւնների խզման պատճառ: Աւելի՛ն. իր հակազգային ու բռի գործելակերպը շարունակելով` Հայաստանի իշխանական-վարչական ամբողջական համակարգը տնօրինող անձը յանդգնեց «պատժել» նաեւ սփիւռքահայերին: Այլ կերպ չի կարելի կոչել հայրենիքով ապրող, այդ հայրենիքի ճակատագրին կեանքը նուիրած մարդկանց անցանկալի անձ յայտարարելն ու նրանց առջեւ հայրենիքի դռները փակելը: Ասուածի վառ օրինակն է Ֆրանսայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրատ Փափազեանի պարագան: Մուրատ Փափազեանը, սակայն, չհաշտուեց այս անօրինականութեան հետ եւ հարցը վիճարկեց հէնց Հայաստանի իրաւական համակարգում:

Ամիսներ շարունակ թէ՛ երկրի Ազգային անվտանգութեան ծառայութիւնը եւ թէ՛ այլ մարմինները բերանները ջուր առած` պապանձուեցին` չկարողանալով որեւէ պատճառ, իսկ աւելի ճիշդ` պատճառաբանութիւն ներկայացնել, թէ ինչո՞ւ եւ ի՞նչ իրաւունքով են հայ մարդու առջեւ փակւում հայրենիքի դռները:

Աւելի՛ն. ակնյայտ դարձաւ, որ Սփիւռքի տարբեր համայնքներում իշխանութեան համար անցանկալիների ցուցակներ էին կազմուել: Դատական քաշքշուկներից յետոյ նիկոլական խուժանապետութեան ներքոյ գործող դատարանն անգամ քաջութիւն գտաւ իր մէջ` վերացնելու այս խայտառակ ու անօրինական արգելքը: Իշխանական համակարգի մանկլաւիկներն ու սազանդարները շարունակում են լռել, կարծես ոչինչ էլ չի պատահել: Մնաց, սակայն, տեղի ունեցածի բարոյական, քաղաքական հետեւանքը` երկրի, հայրենի եւ Սփիւռքի հայութեան, ինչպէս եւ օտարների աչքին Հայաստանի` որպէս պետութեան, հեղինակազրկումը: Հետեւանքը եղաւ նաեւ սփիւռքահայ գործչի եւ գործիչների ծանր ապրումները, հայրենիք գալու եւ հայրենիքին օգտակար լինելու հնարաւորութեան կասեցումը: Բայց մենք իրաւունք ունենք հարցնելու` ո՞վ է պատասխան տալու տեղի ունեցած անօրինականութեան համար: Ո՞վ է պատասխան տալու այն բոլոր զինուորական, քաղաքական, վարչական եւ այլ ոլորտների գործիչների համար, որոնց բարոյական վարկին եւ ֆիզիքական կեանքին վնաս հասցնելով` ամիսներ եւ նոյնիսկ տարիներ շարունակ բանտերում փակեցին ու նախապէս յայտարարուած մեղադրանքները չհաստատելով` բաց թողեցին: Ո՞վ է պատասխան տալու բժիշկ հասարակական գործչի համար, որը չդիմանալով իրաւական-դատական հետապնդումներին ու քաշքշուկներին` մահացաւ դատարանի դահլիճում:

Ո՞վ է պատասխան տալու պատերազմի մասնակից յայտնի զօրավարին սայլակի վրայ ամիսներ շարունակ դատարանի դահլիճներ բերելու ու պարբերաբար բանտարկելու համար` մինչեւ ուժերի սպառումն ու մահը: Ո՞վ է պատասխան տալու երկրի վարչապետի ծառայողական մեքենայի սպանած յղի կնոջ համար, ո՞վ է պատասխան տալու հակահրդեհային եւ առողջապահական խայտառակ պայմաններում փակուած զինուորների ողջ-ողջ այրուելու համար, ո՞վ է պատասխան տալու զինուորական ծառայութեան ընթացքում անհեթեթ պատճառներով մահացած ու սպաննուած զինուորների եւ, վերջապէս, կանխաւ պարտուած, երկու պատերազմներում նահատակուած հազարաւոր անմեղ զոհերի համար: Կարծում ենք` բոլորի համար էլ պարզ է, թէ ո՛վ է ամէնից առաջ պատասխան տալու:

Հայաստանի գործող իշխանութիւնն` իր առաջնորդի գլխաւորութեամբ, պատերազմ է յայտարարել ոչ միայն ապրող հայութեանը, այլեւ նախորդող սերունդներին, ազգային ինքնութեանը, հայ ժողովրդի պատմութեանը, մշակոյթին ու անգամ…երազանքներին: Նիկոլ Փաշինեանի համար չկայ հայ ժողովրդի պատմութիւն, այլ կայ միայն Հայաստանի պատմութիւն, հայրենիքը Հայաստանի Հանրապետութեան այն հատուածն է, որտեղ ինքը դեռ կարող է պտտուել: Թէեւ վայ ղեկավարի համար ներկայ պետութիւնը նոյնպէս կորցրել է արժէքը, նա պատրաստւում է ոչ միայն պետութեան հիմքը` սահմանադրութիւնը, փոխել, այլեւ` առհասարակ հրաժարուել այս պետութիւնից եւ ստեղծել չորրորդ հանրապետութիւն: Եթէ երբեւէ ասուէր, թէ Հայաստանին նման ապագայ է սպասւում, պատմողին խելագարի տեղ կը դնէին:

Խելագա՞ր է, թէ՞ խելագար չէ պետութեան գլխին նման խաղեր մոգոնողը: Գուցէ նա մի օր, իսկապէս, խելագար ձեւանայ պատասխանատուութիւնից խուսափելու համար, սակայն պոլշեւիկօրէն երկիրը քանդելու եւ նրա տեղը նորը շինելու խելացնորութիւնը աւելի քան լուրջ սպառնալիք է Հայաստանի համար: Ի հարկէ շատերը անմիջապէս հասկացան, որ այս ամէնը թուրք-ատրպէյճանական պահանջ է, ինչը պատրաստւում են Հայաստանի ղեկավարները կատարել իշխանութիւնը պահպանելու համար արտաքին երաշխիքներ ստանալու նպատակով: Բայց, հաւանաբար, միակ պատճառը սա չէ: Նիկոլ Փաշինեանը բազմիցս ոտնահարելով պետութեան հռչակագիրն ու սահմանադրութիւնը` պետական կարգի դէմ թոյլ է տուել ոտնձգութիւններ, եթէ չասենք` դաւաճանութիւն:

Նոր սահմանադրութիւնն ու նոր հռչակուող հանրապետութիւնը թերեւս մոռացնել տան նախկինի մասին` դատարկ նոր էջ բացելով նաեւ երրորդ հանրապետութիւնը կործանողի կենսագրութեան մէջ, եւ գուցէ նախկին ամէն ինչի` պետութեան, հայրենիքի, պատմութեան ու մշակոյթի ու անգամ ազգային ինքնագիտակցութեան հարցում բացուի այդ դատարկ էջը: Ուզում ենք կրկնել այն միտքը, որը Փաշինեանի կառավարման առաջին տարիներին գրել է «Դրօշակ»ը: Նիկոլ Փաշինեանը գնում է այն մոլագարի ճանապարհով, որը մէկ անգամ ոճիր գործելուց յետոյ ստիպուած է անընդհատ նոր ոճիրներ գործել նախորդների համար պատասխանատուութիւնից խուսափելու նպատակով: Կը յաջողուի՞ արդեօք դա նրան: Կարծում ենք` սա չէ գլխաւորը, այլ այն, թէ կը յաջողուի՞ սատանայական շրջանից դուրս բերել եւ փրկել երկիրը կործանումից: Սա մի հարց է, որի լուծման համար պատասխանատու են բոլորը, իսկ աւելի շատ պատասխանատու են նրանք, որոնք յաւակնում են նման պատասխանատուութեան:

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles