Երեւան
Թուրքիայում ընտրութիւնները մօտենում են, եւ արդէն ակնյայտ է համաշխարհային ուժային կեդրոնների դիրքորոշումը Թուրքիոյ յաջորդ նախագահի մասին: Հայեացք նետելով ռուս-թրքական սիրառատ յարաբերութիւնների վրայ, պարզօրէն տեսանելի է, որ Փութինին ձեռնտու չէ Էրտողանի «գահազրկում»-ը, եւ դրանով պայմանաւորուած, ռուսական կողմից Էրտողանի հասցէին հնչող գովասանքներին պակաս չկայ:
Ռուսաստանի փոխ արտաքին գործոց նախարար Օլեկ Սիրոմոլոտովը յայտարարել է, որ Մոսկուան Թուրքիոյ նախագահ Էրտողանի մէջ տեսնում է «յատուկ տրամաչափի» առաջնորդ: Դիւանագէտի խօսքով` Էրտողանն իր գործողութիւններով ցոյց է տալիս, որ պատրաստ է` չնայած արտաքին ճնշումներին, առաջին հերթին քաղաքականութիւն վարել ի շահ իր ժողովրդի, այլ ոչ թէ երրորդ երկրների ցուցումներով (նախընտրական հրաշալի քարոզարշաւ․․․):
Սիրոմոլոտովը յաւելել է, որ Ռուսաստանի Դաշնութեան եւ Թուրքիոյ Հանրապետութեան միջեւ բազմաթիւ համագործակցութեան գործօն զարգացումը հիմնուած է փոխադարձ յարգալից երկխօսութեան վրայ` հիմնուելով սեփական շահերի վրայ եւ հաշուի առնելով գործընկերոջ ազգային առաջնահերթութիւնները:
Աւելին․ Ռուսիոյ նախագահի մամուլի քարտուղար Տմիթրի Փէսկովը յայտարարել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիոյ նախագահների յարաբերութիւններն առանձնայատուկ են` հիմնուած փոխադարձ վստահութեան եւ յարգանքի վրայ, պարտաւորութիւնների կատարումը գնահատւում է փոխադարձաբար:
«Մենք հնարաւոր չենք համարում մեկնաբանել թուրք-ֆրանսական յարաբերութիւնները: Դուք գիտէք, որ նախագահ Փութինը եւ նախագահ Էրտողանն առանձնայատուկ յարաբերութիւններ ունեն: Դրանք իսկապէս հիմնուած են փոխադարձ վստահութեան, փոխադարձ յարգանքի եւ այն պարտաւորութիւններին հաւատարմութեան վրայ, որոնք նրանք յանձն են առնում: Եւ խօսքը, պարտականութիւնները կատարելը գնահատւում է փոխադարձաբար»,- ասել է Փէսկովը` պատասխանելով այն հարցին, թէ արդեօք Քրեմլում պաշտպանում են Մաքրոնի վերաբերեալ Էրտողանի դիրքորոշումը:
Աւելի վաղ Էրտողանն ասել էր, որ Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոնն օժտուած չէ պետութեան ղեկավարի որակաւորմամբ, Փարիզը կորցնում է հեղինակութիւնը միջազգային ասպարէզում: Թուրքիոյ նախագահի խօսքով` ինքը բազմաթիւ հանդիպումներ է ունեցել Մաքրոնի հետ միջազգային միջոցառումների ժամանակ, բայց, ըստ Էրտողանի, իր ֆրանսացի գործընկերն «ազնիւ չէ»:
Էրտողանի վարած քաղաքականութիւնից դժգոհ Արեւմուտքը դէմ չէր լինի փոխարինել նրան աւելի արեւմտամէտ որեւէ այլ թեկնածուով, եւ սա հաշուի առնելով բնական է թւում Էրտողանի կողմից հնչեցուող նման յայտարարութիւնները: Այս յայտարարութիւն-մեղադրանքները միայն Ֆրանսային չեն ուղղուած: Էրտողանը յայտարարել է, որ Անգարան Ա․Մ․Ն․-ից ոչ կ’ործանիչնէր է ստացել, ոչ էլ այն փողերը, որոնք վճարուել են դրանց համար: «Կային մարդիկ, որոնք սպառնում էին մեզ Էս-400-ների գնման առիթով` փոխարէնը ոչինչ չառաջարկելով: Այժմ մենք բանակցութիւններ ենք վարում Էֆ-16-ներ գնելու վերաբերեալ, բայց մեզ մերժում են: Մեզ խոստացել են Էֆ-35 ինքնաթիռներ, բայց խոստումը չեն պահել: Չնայած մենք վճարել ենք մօտ 1 միլիառ 400 միլիոն տոլար: Ինքնաթիռները չկան, եւ փողերն էլ վերադարձուած չեն»,- ասել է Էրտողանը: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան «միշտ պահում է տուած խօսքը եւ գործընկերներից սպասում է, որ նոյն կերպ վարուեն իր հետ»:
Իսկ Էրտողանի մամուլի խօսնակ Իպրահիմ Քալընը անդրադառնալով F-16-երի վաճառքի հարցում Ա․Մ․Ն․–ի կողմից նախապայմաններին յայտարարել է, որ Թուրքիայի կողմից աընդունելի է, որ Ա․Մ․Ն․–ը Էֆ-16–երի վաճառքի համար որպէս նախապայման Շուէտի` ՆԱԹՕ–ին անդամակցութեանը կողմ քուէարկելն է դիտարկում: «ՆԱԹՕ–ի ներսում պիտի անկողմնակալութիւն լինի: Մենք տեսնում ենք, որ Ա․Մ․Ն․–ը բաւարարել է Յունաստանի պահանջը Էֆ-35–երի մասով, սակայն Թուրքիայի դէմ նախապայմաններ է առաջ քաշում նոյնիսկ Էֆ-16–երի վաճառքի հարցում: Մենք որեւէ նախապայման չենք ընդունում: Եթէ այդ նախապայմանը իրականութիւն դառնա, մենք այլ ճանապարհով կը գնանք»,–ասել է Քալընը: Բանն այն է, որ ՆԱԹՕ–ի Սենատի խմբի համանախագահներ Ճին Շահինը եւ Թոմ Թիլիսն երկկուսակցական նամակ են յղել Ա․Մ․Ն․ նախագահ Պայտընին` մտահոգութիւն յայտնելով ՆԱԹՕ–ին անդամակցելու Շուէտի եւ Ֆինլանտայի յայտերի վաւերացման Թուրքիոյ շարունակական ձգձգումների կապակցութեամբ: Նամակում նշւում է, որ Քոնկրէսի կողմից Թուրքիոյ Էֆ-16 կործանիչների վաճառքի քննարկումը չպէտք է սկսուի այնքան ժամանակ, քանի դեռ չեն վաւերացուել ՆԱԹՕ–ի արձանագրութիւնները:
+
Իսթամպուլի Ֆրանսայի գլխաւոր հիւպատոսութիւնը դադարեցրել է աշխատանքը։ Սա 5-րդ երկիրն է, որը նման քայլի է դիմել: «Ֆրանսայի գլխաւոր հիւպատոսութիւնը Հինգշաբթի` Փետրուար 2-ին եւ Ուրբաթ` Փետրուար 3-ին փակ է այցելութեան համար: Վարչական հարցերի համար մեզ հետ կարելի է կապ հաստատել Ել-նամակով»,- յայտնել են հիւպատոսութիւնից:
Թուրքիոյ ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուն Հինգշաբթի մի շարք եւրոպական երկրների կողմից Իսթամպուլում իրենց հիւպատոսութիւնների փակումը անուանել է երկրի դէմ «հոգեբանական պատերազմ»` ահաբեկչական յարձակումների սպառնալիքի մասին: Նա նշել է, թէ ահաբեկչութիւն նախապատրաստելու կասկածանքով 15 անձ է ձերբակալուել, որից հինգն արդէն կալանաւորուել են:
Նշենք, որ Շուէտի մէջ Թուրքիոյ դեսպանատան դիմաց ազգայնական գործիչ Ռասմուս Փալուն «քուրան» էր այրել, որից յետոյ Թուրքիայում եւրոպական երկրների հիւպատոսութիւններն ահաբեկչութեան սպառնալիքի պատճառով անորոշ ժամանակով սկսեցին փակուել:
Աւելի վաղ Իսթամպուլում Շուէտի, Հոլանտայի, Մեծն Բրիտանիոյ եւ Գերմանիոյ գլխաւոր հիւպատոսութիւնները յայտարարել էին, որ քաղաքի կեդրոնում ահաբեկչական յարձակումների սպառնալիքի պատճառով դադարել են այցելուներ ընդունել: Ռուսաստանի Դաշնութեան հիւպատոսութիւնը յայտնել է, որ այն շարունակում է աշխատել սովորական դրութեամբ:
Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութիւն են կանչուել 9 երկրների դեսպաններ, այդ թւում այն երկրներից, որոնք ահաբեկչական գործողութիւնների սպառնալիքի պատճառով դադարեցրել են իրենց հիւպատոսութիւնների աշխատանքը: Թուրքիայի անվտանգութեան մասին Ա․Մ․Ն․-ի նախազգուշացումից յետոյ որոշ արտասահմանեան առաքելութիւններ փակել են իրենց հիւպատոսութիւնները:
Թրքական լրատուամիջոցների` դիւանագիտական աղբիւրներից ստացուած տեղեկատուութեան համաձայն` հիւպատոսութիւնները փակած երկրների դեսպանութիւնների ներկայացուցիչները կանչուել են Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութիւն:
+
Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Մեւլիւթ Չաւուշօղլուն յայտարարել է, որ Անգարան կարող է դրական վերաբերուել ՆԱԹՕ-ին Ֆինլանտայի անդամակցութեանը, եթէ Հելսինքին եւ Հիւսիսատլանտեան դաշինքը որոշեն Շուէտի առանձին որոշում ներկայացնել:
«ֆինլանտայի վերաբերեալ գործընթացի սկզբից մենք ասել ենք, որ դրական ենք վերաբերւում: Բայց ՆԱԹՕ-ն ցանկանում է, որ երկու երկրների (Շուէտի եւ Ֆինլանտայի) գործընթացը զուգահեռ ընթանայ: Այս երկու երկրները նոյնպէս այդ դիրքորոշումն ունեն: Եթէ առանձին յայտերի վերաբերեալ որոշում կայացուի, ինչպէս յայտարարել է մեր նախագահը, մենք կարող ենք դրական վերաբերուել Ֆինլանտայի գծով»,-ասել է նա:
Էրտողանը ակնարկել է, որ Անգարան կարող է ՆԱԹՕ-ին Ֆինլանտայի անդամակցութեանը համաձայնել աւելի շուտ, քան Շուէտի դէպքում` Սթոքհոլմի հետ լարուածութեան պատճառաւ: «Մենք կարող ենք եւս մէկ հաղորդագրութիւն ուղարկել Ֆինլանտային (ըստ ՆԱԹՕ-ին ուղղուած նրա դիմումի) եւ Շուէտը անակնկալի կրնայ գալ, երբ տեսնի մեր ուղերձը: Սակայն Ֆինլանտան չպէտք է նոյն սխալն անի, ինչ Շուէտը»,- ասել է Էրտողանը հեռուստատեսային ուղերձում։ «Մենք Շուէտին տուեցինք 120 հոգանոց ցուցակ եւ ասացինք, որ արտայանձնեն այդ ահաբեկիչներին: Եթէ դուք նրանց չյանձնէք, ապա ներեցեք», – ասել է Էրտողանը` նկատի ունենալով անցեալ տարուայ Յունիսին Շուէտի եւ Ֆինլանտայի հետ Թուրքիոյ համաձայնութիւնը` կապուած նրանց դիմումի հետ:
Թուրքիան դադարեցրել է բանակցութիւնները Շուէտի եւ Ֆինլանտայի հետ` Սթոքհոլմում կայացած բողոքի հաւաքից յետոյ, երբ ծայրայեղ աջ քաղաքական գործիչն այրել էր «քուրան»-ի պատճէնը: Շուէտի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը յայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է վերականգնել Թուրքիոյ հետ երկխօսութիւնը, սակայն Չաւուշօղլուն ասել է, որ բանակցութիւնների վերսկսումն անիմաստ է։
+
Էրտողանը չի բացառել, որ Իրանը կարող է միանալ Թուրքիոյ, Ռուսաստանի եւ Սուրիոյ միջեւ նախատեսուած բարձր մակարդակի բանակցութիւններին: Նա աւելի վաղ ասել էր, որ Փութինին առաջարկել է Թուրքիայի, Ռուսաստանի եւ Սիրիայի ղեկավարների հանդիպում անցկացնել, սակայն այդ հանդիպմանը պէտք է նախորդի հետախուզական ծառայութիւնների, պաշտպանութեան նախարարութեան եւ արտաքին գործոց նախարարութիւնների ղեկավարների հանդիպումը: «Մենք ասում ենք` թող Ռուսաստան-Թուրքիա-Սուրիա միաւորուեն եռեակում: Թող Իրանն էլ միանայ, մեր բանակցութիւններն այսպէս վարենք եւ թող տարածաշրջանում խաղաղութիւն լինի: Մենք այստեղ նոյնպէս արդիւնքներ ենք գրանցում», – ասել է Էրտողանը:
Իսկ Ռուսիոյ արտաքին գործոց նախարար Սերգէյ Լաւրովը արդէն իսկ յայտարարել է, որ ձեռք է բերուել պայմանաւորուածութիւն` Իրանին ներգրաւել Ռուսաստանի Դաշնութեան, Թուրքիոյ եւ Սոըրիոյի միջեւ եռակողմ շփումներում: Լաւրովն ընդգծել է, որ Ռուսաստանը սատարում է Դամասկոսի հետ յարաբերութիւնների կարգաւորման հարցում Անգարայի շահագրգռուածութիւնը եւ աշխատանքն այս ուղղութեամբ կը զարգացնի: «Բնականաբար, այժմ սկզբունքային պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել այդ աշխատանքներում Իրանին ներգրաւելու վերաբերեալ»,- ասել է Լաւրովը:
Ոուսիոյ արտաքին գործոց նախարարութեան ղեկավարը յիշեցրել է, որ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան մտնում են Ասթանայի եռեակի մէջ, որը զբաղւում է Սուրիայում ճգնաժամի կարգաւորմամբ: «Ուստի ես տրամաբանական եմ համարում, որ թուրք-սուրիական յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղուած յետագայ շփումներին ներգրաւուեն Ռուսաստանի Դաշնութիւնն ու Իրանը: Ինչ վերաբերում է ժամկէտներին եւ մասնակցութեան յստակ ձեւաչափերին` զինուորականների, թէ դիւանագէտների մակարդակիով, դա դեռ քննարկւում է»,- յաւելել է նախարարը:
Դեկտեմբերին Ռուսաստանը հիւրընկալել էր Թուրքիոյ եւ Սուրիոյ պաշտպանութեան նախարարների միջեւ 11 տարուայ ընթացքում առաջին բանակցութիւնները: 2011-ին Սուրիայում քաղաքացիական պատերազմ է սկսուել: Թուրքիան, որը մինչ այդ հակամարտութիւնը սերտ յարաբերութիւններ էր պահպանում Դամասկոսի հետ, բռնել է Սուրիոյ նախագահ Ասատի հակառակորդների կողմը: Այդ ժամանակից ի վեր Թուրքիոյ յարաբերութիւնները Սիրիայի հետ բարդ են: Սակայն վերջին շաբաթներին երկու կողմերը, ինչպէս նաեւ որոշ լրատուամիջոցնէր խօսում էին աստիճանական կարգաւորման հնարաւորութեան մասին:
+
Ռուսաստանը մտադիր է առաջ մղել Դեկտեմբեր 2021-ին մեկնարկած «3+3» (Ատրպէյճան, Հայաստան, Վրաստան, ինչպէս նաեւ Ռուսաստան, Իրան եւ Թուրքիայ) Խորհրդատուական տարածաշրջանային աշխատանքը: «Այդ հարթակը, որտեղ նախատեսւում է կեդրոնանալ գործակցութեան ամրապնդման գործնական հարցերի վրայ` ի շահ տարածաշրջանային խաղացողների, համարում ենք օգտակար եւ ճիշտ ժամանակին»,- նշուել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչոյթան հաղորդագրութիւնում:
Պատասխանելով այն հարցին, թէ արդեօք ռուսական կողմը մասնակցում է Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանը, Ռուսիոյ արտաքին գործոց նախարարութիւնը յայտարարել են, որ «Հենց Ռուսաստանի հովանու ներքոյ է տրուել այդ նախաձեռնութեան մեկնարկը Յունուար 2022-ին, երբ Մոսկուայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի եւ Թուրքիոյ յատուկ բանագնացներ Ռուբէն Ռուբինեանը եւ Սերտար Քըլըչը: Երկուսի հետ էլ մենք այսօր սերտ կապ ենք պահպանում: Ողջունում ենք վերջին տեղաշարժերը, որոնք հեռանկարներ են բացում հայ-թրքական կապերի վերականգնման համար, ինչը կը նպաստի տարածաշրջանային իրադրութեան յետագայ բարելաւմանը»:
Իսկ Լաւրովը այդ առթիւ յայտարարել է․ «Որպէսզի այս տարածաշրջանում գերիշխի արարելու կառուցողական ուղղուածութիւնը, մենք առաջ ենք տանում «3+3» ձեւաչափը, որում ներառուած են երեք հարաւկովկասեան հանրապետութիւններ` Վրաստանը, Հայաստանը, Ատրպէյճանը, եւ երեք մեծ հարեւաններ` Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: Առաջին նշանառութեան շփումը կայացել է, կը շարունակենք»,-նշել է Լաւրովը: Ի սկզբանէ «3+3» հարթակի ստեղծման նախաձեռնութեամբ հանդէս են եկել Ատրպէյճանի եւ Թուրքիոյ առաջնորդները: Իրանն ու Ռուսաստանը ողջունել են այդ գաղափարը: Միեւնոյն ժամանակ, Վրաստանի արտաքին գործոց նախարարութիւնը յայտարարել է, որ Թիֆլիսը հրաժարւում է մասնակցել «3+3»-ին: