Բոլորին, Բոլորին, Բոլորին…

0 0
Read Time:4 Minute, 57 Second

 

ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ
Սփիւռքի նախարարութեան հիմնադիր եւ նախկին նախարար

Հայաստանի Հանրապետութիւնում, Արցախում Եւ Սփիւռքում Ապրող Իմ Հայրենակիցներին

«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար»:

Երբ նախապատրաստում էի գիրքս տպագրութեան, աչքիս ընկաւ 2016թ. գրուած «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» գրութիւնը, որը յատկապէս այսօր խիստ արդիական է:

2016 թուականի հոկտեմբերի 20-24-ը Երեւանում եւ Արցախում կայացաւ Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների 25-ամեակին նուիրուած Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը: Ստեփանակերտում ամփոփելով համաժողովի աշխատանքները` աշխարհի 31 երկրից ժամանած շուրջ 140 մասնակիցները, որոնք Արցախում հանդիպումներ ունեցան երկրի նախագահ Բակօ Սահակեանի, տարբեր պաշտօնեաների հետ, այցելեցին առաջնագիծ, ծանօթացան արցախցու խնդիրներին ու նուաճումներին, որոշեցին համահայկական լրատուամիջոցներով սկսել «Դո՛ւի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը` նպատակ ունենալով հնարաւոր բոլոր միջոցներով աջակից լինել Արցախին ու արցախցուն, նպաստել նրա տնտեսութեան զարգացմանը, մշակութային, հասարակական,

կրթական կեանքի աշխուժացմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բարձրաձայնման եւ դրա խաղաղ կարգաւորման ուղղուած միջազգային իրաւունքի իրացմանը:

Ուրախութեամբ պէտք է փաստեմ, որ կոչին արդէն արձագանգել են սփիւռքի տարբեր համայնքներ` Ռուսաստանում, Լիբանանում, Արժանթինում, Ուրուկուէյում, Քանատայում, Յունաստանում, Ֆրանսայում, Լեհաստանում, Միացեալ Նահանգներում, Սիրիայում, եւրոպական այլ երկրներում: Համահայկական շարժման կոչի պաստառով լուսանկարւում եւ ֆլեշմոբ են անում Սփիւռքի տարբեր համայնքների հայկական վարժարանների աշակերտներ` այս կերպ մասնակից դառնալով նախաձեռնութեանը:

«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» հարցադրումը իւրաքանչիւր հայի խորհելու եւ գործելու հնարաւորութիւն է տալիս: Արցախը իւրաքանչիւրիս անվտանգութեան յենարանն է, տարիներով փայփայուած յաղթանակած երազը, որն արդէն 25 տարի է` միասնաբար փորձում ենք իրականութիւն դարձնել: Քայլ առ քայլ, Հայաստանի եւ սփիւռքի ներուժի համախմբմամբ, կերտում ենք Արցախի նորօրեայ պատմութիւնը, որի խաղաղութիւնն

այնքա՜ն երերուն է, եւ թշնամին օրէցօր հզօրանում է: Ինչպե՜ս էր փոթորկել իւրաքանչիւրիս հոգին Ապրիլեան քառօրեայ պատերազմը, ողջ սփիւռքն էր այդ օրերին ոտքի կանգնել` Արցախին սատարելու պատրաստակամութեամբ:

Միասնութեան ալիքը, որն Արցախից ալեկոծուեց դէպի սփիւռք, պէտք է յաւերժական ընթացք ունենայ:

«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժումն առիթ է, միջոց` մէկ անգամ եւս բոլորիս ուշադրութիւնը սեւեռելու Արցախ աշխարհի վրայ` հայ զինուորի արեամբ սրբացած մեր հայրենիքի, որտեղ պատերազմը մշտական ներկայութիւն է ու դեռ չի աւարտուել, եւ թուրքը ձեռնարկում է բոլոր քայլերը Արցախը կլանելու համար:

Կանգնելով Արցախի կողքին, մենք` իբրեւ անառիկ վահան, կանգնում ենք այն զինուորի թիկունքին, որը յաճախ կեանքի գնով պաշտպանում է իրեն վստահուած սահմանը, որտեղից սկսւում է իւրաքանչիւրիս հայրենիքն ու խաղաղութիւնը մի ողջ ժողովրդի: Կանգնելով Արցախի կողքին` մենք բռնում ենք ձեռքն այն մանուկի, որի մանկութիւնը պատերազմի բոյր ու գոյն ունի, որի աչքերում խաղաղութիւնը դեռ երազանք է:

Կանգնելով Արցախի կողքին` մենք սրբում ենք քրտինքն այն շինականի, որի ձեռքերից դեռ վառօդի հոտ է գալիս: Որ մի ձեռքում զէնք, միւսում` բրիչ, շէնացնում է այն հողը, որի ամէն մի թիզը ներկուած է հայի սուրբ արեամբ: Կանգնելով Արցախի կողքին` մենք կանգնում ենք այն հպարտ, յաղթանակած երկրի կողքին, որը միայն մի բան է ուզում` ապրել, արարել ու ծնել նոր հերոսներ, որոնք այլեւս մարտադաշտում չէ, որ պէտք է հերոսանան:

Հետեւաբար, եկէ՛ք այս շարժումը դարձնենք մի նոր վերելք, մի նոր սկիզբ, որի ղօղանջներն այլեւս կ՛ազդարարեն մեր ազատ, անկախ ու ինքնիշխան Արցախ աշխարհի խաղաղ արշալոյսները: Եթէ յապաղենք այսօր, վաղն այլեւս կարող է ուշ լինել: Ինչպէս Արցախի ազգային հերոս Մոնթէ Մելքոնեանն է ասել, որի կեանքի մի հանգրուանը նաեւ Լիբանանն է եղել. «Եթէ կորցնենք Արցախը, կը շրջենք հայ ժողովրդի պատմութեան վերջին էջը»: Եկէ՛ք` ոչ թէ «շրջենք» այդ էջը, այլ գրենք Արցախի ու հայ ժողովրդի պատմութեան նորօրեայ էջը` համայն հայութեան ձեռամբ:

«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» հարցը, ինչպէս ասել է Արցախի վաստակաւոր ուսուցիչներից մէկը, որ Արցախում մայրենի է դասաւանդում կրակոցների ձայների ներքոյ, «Զգօնութեան կոչ է` ուղղուած համայն հայութեանը եւ նպատակ ունի ապահովելու Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութեան համաչափ զարգացումը»:

Իսկ Արցախի դպրոցում սովորող մի աղջնակ` Լադայ անունով, անդրադառնալով շարժմանը` գրել է. «Ես քո ամէն մի քարին նոր քար կը դնեմ, որպէսզի շէնացնեմ իմ երկիրը, քո փլատակները մոխիրների միջից նորից վեր կը յառնեն, ու նորից կը շէնանայ իմ երկիրը: Այսօր լաւ սովորելով ու լաւ մարդ դաստիարակուելով միայն` կարող եմ քեզ օգնել, մտածել քո վաղուայ օրուայ համար, հոգալ քո ցաւերը: Իմ սիրասո՛ւն Արցախ, շատ եմ երազում լինել քո արժանի զաւակը: Ես տառապում եմ քո տառապանքով, ուրախանում ու հպարտանում քո զաւակների սխրանքներով: Ապրելով սահմանին այսքան մօտ բնակավայրում` ես միշտ քեզ հետ եմ, իմ ու քո զինուորի կողքին: Ականատես լինելով ապրիլեան պատերազմին` իմ մէջ մեծ ցանկութիւն առաջացաւ այցելել մերօրեայ բոլոր նահատակ հերոսների շիրիմներին ու երախտիքի խօսք ասել նրանց, որ իրենց շնորհիւ ապրում ենք այստեղ` Արցախի մայր հողում»:

Կարդալով այս տողերը` մենք պէտք է զգօն լինենք այնքան, քանի դեռ թշնամին իր զէնքը դամոկլեան սրի պէս թափահարում է Արցախ աշխարհի երկնակամարում: Մենք պէտք է զգօն լինենք այնքան, քանի դեռ միջազգային հանրութիւնը չի ճանաչել արցախցու ազատ ապրելու եւ ինքնորոշուելու իրաւունքը: Մենք պէտք է զգօն լինենք, բոլոր հնարաւոր միջոցներով միշտ լինենք արցախցու կողքին այնքան, քանի դեռ «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար»հարցին չի հետեւել Արցախի մեր հայրենակիցների պատասխանը.

«Ապրում ենք ազատ, անկախ ու ինքնիշխան Արցախում, որի ներկան ու ապագան կերտում է իր իսկ ժողովուրդը, որի սահմաններն անառիկ են, խաղաղ, որտեղ այլեւս կրակոցնէր չեն հնչում, որտեղ պատերազմն այլեւս անցեալ է»:

Յ. Գ. Տեսէ՛ք, թէ ի՛նչ է անում Թուրքիան, որը դիւանագիտական, քաղաքական, ռազմական, տնտեսական բոլոր միջոցներով Ազրպէյճանի կողքին է: Տեսէ՛ք Ռուսաստանի Դաշնութիւնը, չընկրկելով Արեւմուտքի պատժամիջոցների առջեւ, ինչպէս է օգնութեան ձեռք մեկնում Տոնպասում, Լուկանսկում… գտնուող իր հայրենակիցներին: Իսկ մենք կրակէ բոցերի մէջ գտնուող, թշնամու երախում յայտնուած Արցախին մենա՞կ ենք թողնելու, եւ ո՞ւմ համար պարզ չէ, որ Արցախը ազրպէյճանի վերահսկողութեանը թողնելով` ճանապարհ ենք բացում նոր ցեղասպանութեան, հայրենազրկման եւ Արցախի դատարկման: Գտնուեցին մարդիկ, որոնք իշխանափոխութիւնից անմիջապէս յետոյ անգամ «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» կարգախօսով պաստառներն անմիջապէս վայր բերեցին: Այսօր էլ դեռ լսւում են ձայներ, թէ ռեսուրս չունենք օգնելու, թէ` Արցախն «Ազրպէյճանի մաս է» եւ հասարակութեանն ապակողմնորոշում են:

Մի՞թէ հնարաւոր չէ դիւանագիտական, քաղաքական ճանապարհով պաշտպանել մեր հայրենիքը:

Մի՞թէ միջազգային իրաւունքը` «Ազգերի ինքնորոշման իրաւունքը», հայերիս համար չի գործում:

Ի գիտութիւն բոլորին,

մեր հարստութիւնը մեր առիւծասիրտ տղաներն են` հայ զինուորները, մեր բանակի սպաները, մեր դիւանագէտներն ու քաղաքական գործիչները, հզօր Հայկական սփիւռքը, մեր մտաւոր ներուժը, մեր աշխատող ու արարող ժողովուրդը, մեր հայրենիքի համար մարտնչող տեսակը, մեր չպարտուող եւ յաղթանակների ձգտող ոգին…

Եւ ականջալուր մեծն բանաստեղծի խօսքին`

«Եկէք, միանա˜նք,
Մեր այս փոքրի՛կ,
ա˜տ փոքրիկ երազանքը մեծ
մարմին ստանայ մեր միս ոսկորով,
եւ մարմնաւորուած մեր երազանքի բուժիչ բարութեամբ…
Եկէ՛ք, միանանք»:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles