Ստորեւ կը ներկայացնենք Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արցախի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի խօսքը՝ Հ.Յ.Դ. 130-ամեակին նուիրուած առցանց ձեռնարկին, որ տեղի ունեցաւ Մայիս 2, 2021-ին:
2020 թուականը ի սկզբանէ մեր ժողովրդի համար յոյսերի եւ ակնկալիքների տարի էր: Դժուար էր պատկերացնել այն աւարտը, որ մենք արձանագրեցինք տարեվերջին:
Անցած 30 տարիների ազգային-ազատագրական պայքարում Արցախը համահայկական օրակարգում իր ուրոյն տեղն ունէր: Այն միշտ էլ առաջին հորիզոնականում էր: Պայքարն ունի երկու կողմ` յաղթանակ ու յաջողութիւններ, պարտութիւն ու կորուստնէր: Այդպիսի պահեր մենք ունեցել ենք 1990-ական թուականներին` թէ յաղթանակի բերկրանքի եւ թէ կորուստների դառնութեան: Այդ ժամանակաշրջանում համազգային ներուժի կենտրոնացումով յաղթանակներն ու յաջողութիւնները մեզ դարձրինք ուղեկից, իսկ վերջին 25 տարիներին մտանք պետականաշինութեան եւ յաղթանակների ամրապնդման մի այլ փուլ` զարգացման փուլ:
2020 թուականի Սեպտեմբեր-Նոյեմբերին Արցախի Հանրապետութեան դէմ սանձազերծուած պատերազմը մեր առջեւ նոր առաջադրանք է դրել: Մենք մտել ենք պայքարի նոր հանգրուան` պարտութեամբ ու կորուստներով:
Անցած դարի 90-ական թուականների սկզբներին մենք գրեթէ նոյն վիճակում էինք, երբ կորցրել էինք Արցախի տարածքի մօտ 40 տոկոսը, ունէինք տեղահանուած Մարտակերտի, Շահումեանի եւ Գետաշենի բնակչութեան հոծ զանգուածներ եւ բարոյահոգեբանական ծանր վիճակ: Բայց մենք կարողացանք յաղթահարել այդ ամէնը համազգային մեծ ջանքերով: Այսօր էլ վիճակը գրեթէ նոյնն է`
-Բռնազաւթուած է Արցախի տարածքի գրեթէ 1/4-րդը,
-Տեղահանուած` բնակչութեան 1/3-րդը
-Կազմալուծուած է բանակը,
-Ունենք մօտ 5000 զոհեր, 10000-ից աւելի վիրաւորներ,
-Սոցիալական ծանր ու լարուած վիճակ
-Խաթարուած տնտեսութիւն
-Անորոշ կարգավիճակ
-Անվտանգութեան ոչ բաւարար երաշխիքներ,
-Թուլացած պետական կառավարման համակարգ,
-Բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ,
-Համազգային միասնականութեան եւ համախոհութեան բացակայութիւն:
Սա է յետպատերազմեան Արցախում տիրող մթնոլորտը մի կողմից, բայց միւս կողմից մեր գիտակցումն է ու պարտականութիւնը Արցախի հիմնահարցը համահայկական օրակարգի առաջին հորիզոնականում պահելը, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնման ուղղութեամբ նոր ջանքերի գործադրումը, բանակի ու տնտեսութեան վերակազմաւորումը, արդիւնաւէտ կառավարման համակարգի ներդրումը, ժողովրդի անվտանգութեան նոր երաշխիքների ապահովումը, ամէն գնով հայ ազգաբնակչութեանն Արցախում պահելը:
Այս ամէնը մենք պարտաւոր ենք խորութեամբ գիտակցել, ճշգրիտ գործել, ասել է թէ նպատակային պայքար մղել: Սա է մեր ճակատագիրը, նախնիների տուած պատգամը: Ահա այստեղ է, որ խիստ կարեւորւում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դերն ու անելիքները: Անելիքները շատ են, ռեսուրսները` ոչ բաւարար: Յատկապէս ուզում եմ ընդգծել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դերը պետական կառավարման համակարգում եւ բնակչութեան կարիքների բաւարարման ու կազմակերպման աշխատանքներում: Հէնց այդ ամէնին էլ մենք լծուած ենք այստեղ` Արցախում:
Վստահեցնում եմ, որ այստեղ` Արցախում, մեր կամքը անկոտրում է, պայքարը շարունակելու տրամադրուածութիւնը` բաւարար: Սակայն մեր համոզումն է, որ յաջողութիւններ արձանագրելու հիմնական գրաւականը համազգային միասնականութիւնն է: Օրէ օր զարգացող աշխարհում դէմ յանդիման ենք կանգնում նոր մարտահրաւէրների: Այդ մարտահրաւէրները կարող ենք յաղթահարել միայն ու միայն ուժերի համախմբմամբ եւ միասնականութեամբ: Միասին մենք կարող ենք նոր յաղթանակներ կերտել: Սա նաեւ մեր նահատակների պատգամն է, յաւէրժ փառք նրանց:
Մենք գիտակցում ենք, որ խիստ պատասխանատու ժամանակաշրջան ենք մտել: Այս պարագայում խնդիրն այն է, թէ որքանով է մեր դիմադրողականութիւնն ամուր, որքանով է մեր կեցուածքը համահունչ նոր մարտահրաւէրներին դիմակայելու համար:
Շնորհաւորելով աշխարհասփիւռ հայ ժողովրդին Հ․Յ․Դ․ 130-ամեակի առիթով ուզում եմ շեշտել, որ Դաշնակցութիւնը, ինչպէս անցած 130 տարիներին, ապագայում եւս հաւատարիմ կը լինի իր առաքելութեանը. Դաշնակցութեան անելիքներն այսօր քան երբեւէ բազմապատկուել են:
Ուրեմն ի գործ, առաջ դէպի Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի կերտում: