Դուք Մեզ Այլեւս Չէք Կարող Լռեցնել…

0 0
Read Time:3 Minute, 29 Second


ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Մեր ազգի հրեղէն ոգով ծնուած ու անմահացած հազարաւո՛ր հերոսներ, այսօր մենք հպարտօրէն եւ սահմռկած խոնարհւում ենք ձեզնից իւրաքանչիւրի ոչ թէ յիշատակի, այլ երբեք չխամրող խօսուն պատկերի, ձեր ապրած կարճ, բայց իմաստալից կեանքի առջեւ, որ հայրենի հողի վերջնականօրէն փրկման հաւատով անսակարկ նուիրաբերեցիք ձեր ապագան, երազները, ձեր սէրերը, ձեր երիտասարդ կեանքը` առանց վայրկեան իսկ կասկածելու ձեր մեծ զոհաբերման, ձեր թանկագին նուիրաբերումի արդիւնքին:
ԴՈՒՔ ԾՆՈՒԵՑԻՔ ԵՒ ԱՆՄԱՀԱՑԱՔ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ ԿՈՉՈՒՈՂ ԱՅԴ ԲԱՐԴ ՀԱՆԳՈՅՑԸ, ՈՐՆ ԸՆԴԳՐԿՈՒՄ Է ՏԱՐԱԾՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԼԵԶՈՒ, ՄՇԱԿՈՅԹ ԵՒ ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԻՒՆ ԱՅԴ ԱՄԷՆԻՆ, ԿՐԿԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԴՐԱՆՈՎ ԹՄՐԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՐԹՆԱՑՆԵԼՈՒ` ՀԱՍՏԱՏԵԼՈՎ ԴՐԱ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԻՒՆԸ, ՅԱՏԿԱՊԷՍ` ԱՅՍ ՕՐԵՐԻՆ:
Դուք անմահացաք ձեր շուրթերում հնչեցնելով մեր ազգի նուիրեալ ֆիտայիների անունները եւ չիմացաք, որ դուք նրանց շարքերում ընդգրկուեցիք, ձեր հերոսութեամբ այդ շարքը հարստացրիք:
Այսօր ես չեմ պատմի ձեր սխրանքներից, քանզի դրանք դեռ հաւաքագրւում են ու անչափ շատ են:
Չեմ խօսի նաեւ, թէ ինչո՛վ եւ ինչպէ՛ս աւարտուեց ձեր երիտասարդ կեանքերը խլած այս պատերազմը, քանզի այն կտրականապէս անընդունելի է ձեր նուիրաբերումը գնահատող ու ձեր սխրանքներով ապրող շատերիս համար:
Միայն վստահեցնում եմ, որ ես եւ իմ նման շատերը չենք լռելու, մինչեւ ձեզնից իւրաքանչիւրի նուիրաբերումի դիմաց դատաստանին չարժանացնէք պատասխանատուներին:
Պարզապէս այս պահին ես եւ իմ նման բիւրաւորները լուռ ակնածանքով խոնարհւում ենք ձեր մայրերի, հայրերի, կանանց, քոյրերի, եղբայրների, որբացած երեխաների, հարազատների առջեւ, համբուրում` նրանց վշտոտ, արցունքոտ աչքերն ու թանկագին կորուստով խոցուած իրենց հոգիները, որոնք հաւատացին իրենց որդիների նուիրաբերումին եւ ուժ ու կորով ներշնչեցին նրանց:
Այսօր, յաղթանակի շեփորների ուրախութեամբ նրանց եւ իրենց որդիների սխրագործութիւնները պատուելու, փառաբանելու փոխարէն, ամօթահար ու կորուստների բեռի տակ կքած` փորձում ենք միահամուռ վրէժի բռունցք դառնալ, այս անգամ արդէն ընդդէմ` մեր միջի թշնամուն, ընդդէմ` մեր ազգի դաւաճաններին:
Ահաւոր տխուր եւ ստորացուցիչ պահ է սա բոլորիս համար:
Բայց յայտարարում եմ բոլորին, որոնք այս դաւաճանութեան մաս են կազմում թէկուզ իրենց լռութեամբ, դեռ իրենց անմնացորդ նուիրումն ու հաւատը յայտնելով դաւաճաններին.
ԴՈՒՔ ՄԵԶ ԱՅԼԵՒՍ ՉԷՔ ԿԱՐՈՂ ԼՌԵՑՆԵԼ: ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ, ՈՎ ԼՌԵՑՆԻ, Ի՛ՆՔՆ ԷԼ ԴԱՒԱՃԱՆ Է:
ԲԱ՛Ւ Է ՄԻ ՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՄԻ ԱՄԲՈՂՋ ԵՐԿԻՐ ՀՊԱՏԱԿԻ ՀՆԱԶԱՆԴՈՒԹԵԱՄԲ, ԱՆԼԵԶՈՒ ՀԵՏԵՒԻ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՒԱՃԱՆՆԵՐԻՆ:
Ժամանակին Ստալինը լռեցրեց ողջ երկրի ժողովրդին, բայց դրա փոխարէն` հսկայածաւալ պատերազմը շահեց, եւ միեւնոյն ժամանակ այդ լռութեան արդիւնքում սնուեցին ազգային մատնիչներ, որոնցից մինչեւ օրս դեռ չենք կարողանում ազատուել:
Ամենազաւեշտալին այն է, որ մեր տեսաբանների, պատմաբանների, վերլուծաբանների մի խումբ անվերջ մրճահարում էին Ալիեւի անկումի, պարտութիւնից յետոյ նրա դատաստանի մասին, թերագնահատում նրա պատերազմական գործելակերպը` պանծացնելով մեր չկայացած յաղթանակը:
Մեր մեծագոյն սխալը միշտ մեր թշնամուն չգնահատելն է եղել, մեր պարծենկոտ մեծամտութիւնը, որից միշտ տուժել ենք:
Ես չգիտեմ, Դաւիթ Տօնոյեանից սկսած, Արցախի ղեկավար Ա. Յարութիւնեանից, նրանց խօսնակներից, Արծրուն Յովհաննիսեանից վերջացրած` ինչ արդարացումով են ներկայացնելու այս համատեղ դաւաճանութիւնը: Գիտեմ միայն, որ չենք լռելու եւ համապատասխան դատաստանի ենք ենթարկելու:
Գիտեմ, որ շատ ծանր օրեր են սպասւում մեզ, մասնաւորապէս` Արցախի մեր ժողովրդին: Ինչպէ՞ս, ե՞րբ պիտի վերադառնան աւերուած, թունաւորուած, թշնամիով շրջապատուած իրենց քաղաքներն ու գիւղերը:
Իւրաքանչիւր բարձրացուող հարցի տակ հազարաւոր դժուարութիւններ ու անապահովութիւն է թաքնուած, որոնք ժամանակի եւ ներդրումի կարիք ունեն: Իւրաքանչիւր հարցի տակ` կսկիծ ու կորուստ:
Ինչպէ՞ս կարելի էր 26 տարուց աւել, առանց թշնամու ներկայութեան, վերանորոգուած, գեղեցկագոյն քաղաքներ ու գիւղեր դարձած մեր շէները, կործանուած ու բզկտուած եւ թշնամիով լեցուած` վերադարձնել իր հողի համար իր ու իր զաւակների կեանքը զոհաբերած ժողովրդին:
Ոեւէ մէկի մտքով անգամ չանցնի մի տողով անգամ մեղադրել նախկին երկու արցախցի իշխանութիւններին, որոնց դէմ, Լեւոնից սկսած, մինչեւ այսօր նսեմացման, վարկաբեկման արշաւ է գնում, որոնց վրայ դաւաճանութեան կեղծ գործարքներ են բարդւում:
Ես ինքս նրանց ամենաշատ քննադատողներից եմ եղել, բայց այսօր հանգիստ կարող եմ յայտարարել, որ նրանց օրօք չկարողացան ստորագրութիւն պարտադրել ոչ մի փաստաթուղթի եւ նրանք Արցախը չմխրճեցին այսպիսի ամօթալի պատերազմի մէջ: Նրանք վերականգնեցին, ծաղկեցրին իրենց հայրենի Արցախը եւ առանց թշնամու` ապահով կեանք հաստատեցին այնտեղ:
Եթէ այս փաստն էլ աղաւաղէք, ուրեմն իրապէս դուք մտածելու եւ քննելու կարողութիւնից զրկուած էք:
Ցաւում եմ, որ մեր ժողովուրդը դեռ շարունակում է նոյնացնել ԵՐԿԻՐ հասկացողութիւնը ղեկավար հասկացողութեան հետ եւ հիւանդագին հոգեբանութեամբ ընդունում երկրի ղեկավարին ուղղուած որեւէ քննադատութիւն: Մինչեւ իսկ անձնական վիրաւորանք ընդունում, ազգի թշնամի նկատում քեզ, այդ պիտակով փորձում լռեցնել բոլոր քննադատողներին:

Սակայն այլեւս չէք կարող, դաւաճանութիւնը կատարուած է, եւ դաւաճանները պարզ են:
Ազգովին հաւաքագրուենք դաւաճան վարչապետի եւ իր ողջ անձնակազմի անյապաղ հրաժարականը պահանջենք, քանզի մեզ թողեցին անհայրենիք, իսկ իրենք դրա դիմաց միլիոններ ստացան Ամերիկայից, որի կարգադրութեամբ մեր գլխին կապուեց վարչապետ կոչեցեալ այս դաւաճանը:
Ի՛նչ խօսք, ազգովին ցնցուած ենք, բայց եւ բնաջնջուած չենք եւ դեռ ընդունակ ենք մեզ այս վիճակին մատնողներին բնաջնջելու:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles