ՊԱՅՔԱՐ ՋՐԻ ՀԱՄԱՐ

0 0
Read Time:7 Minute, 24 Second

ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆԵԱՆ
Պոսթըն

Լուսանկարները՝ Հեղինակին

Վերջին շաբաթներին Հայ-Ատրպէյճանական սահմանին հերթական սադրանքները պատահական չէին, քանի որ Ատրպէյճանը, չհաշուած ներիշխանական խժդժութիւնները, նաեւ բախուել է մէկ այլ լուրջ խնդրի` ՋՐԻ ՍՂՈՒԹԵԱՆ:
Մինչ այդ համացանցում յայտնուել էր մի տեսանիւթ, որում պարզ երեւում էր, որ ատրպէյճանայ, կան մի շարք շրջաններ զրկուել են ինչպէս ոռոգման այնպէս էլ խմելու ջրից: Անգամ որոշ մասնագէտներ շտապեցին կարծիք յայտնել, որ վերջին ռազմական բախումների միջոցով փորձել են ատրպէյճանցի ժողովրդի ուշադրութիւնը շեղել այդ լուրջ խնդրից, կանխել բողոքի հաւաքներուն պահանջները:
Յայտնի է, որ Հայաստանը տարածաշրջանում համարւում է ջուր արտադրող երկիր, որի տարեկան ջրային պաշարները դեռեւս վերջնական գնահատուած չեն: Ենթադրւում է, որ ստորերկրեայ ջրային պաշարները կազմում են մօտ 3 մլրդ խոր. մեթր, որի մեծ մասը` Արարատեան աւազանում, իսկ լճերում կուտակուած ջուրը (առանց Սեւանի) մօտ 300 մլն խոր. մեթր է, ջրամբարներում էլ` մօտ 1 մլրդ խոր. մեթր: Սեւանայ լճի ջրային պաշարը մօտ 35 մլրդ խոր. մեթր է (Հայաստանի ամենամեծ ջրային աւազանը):
Այս առումով Ատրպէյճանը վերջին 30 տարիներին տարբեր ամպիոններից մշտապէս իրողութիւնից հեռու ելոյթներ է ունեցել, թէ իբր իր երկրում ջրի սղութեան մեղաւորները հայերն են, եւ որ իբր Հայաստանը թոյլ չի տալիս, որ իր երկրում արտադրուած ջուրը արտահոսի եւ հասնի իրենց…. Սա, ի հարկէ, բացարձակ սուտ է, որին չի հաւատում նաեւ միջազգային հանրութիւնը:
Բոլորս ենք յիշում, որ դեռեւս 2016 թուականի Յունուար 26-ին մեծ հնչեղութիւն ստացաւ պոսնիացի Միլիցա Մարքովիչի ,Ատրպէյճանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնաւոր զրկուած են ջրիցե հակահայկական զեկոյցը, որն ընդունուեց Եւրոխորհրդարանի ձմեռնային նստաշրջանում եւ առիթ տուեց եւս մէկ անգամ անդրադառնալու Արցախի ջրային աւազանին:
Բանն այն է, որ չորս տարի առաջ այս խնդիրը դարձեալ սրուել էր, եւ ատրպէյճանցիները կանգնել էին փակուղում, քանի որ զրկուել էին թէ՛ ոռոգման եւ թէ՛ խմելու ջրից: Եւ ինչ տեղի ունեցաւ… Այդ նոյն թուականին` երկու ամիս անց, Ատրպէյճանն անցաւ սադրանքի եւ Ապրիլ 2-ին յարձակուեց Արցախի վրայ, ու տեղի ունեցաւ քառօրեայ պատերազմը:
Ուսումնասիրութիւնների համաձայն` Արցախի ջրային պաշարները բաւարար են ոչ միայն ներքին պահանջները բաւարարելու, այլեւ ,արտահանելուե համար:
Մեզ հետ զրոյցում Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դաւիթ Բաբայեանը (պատմական գիտութիւնների դոկտոր) նշեց, որ Արցախը աշխարհի ջրային աղբիւրների տեսանկիւնից ամենաապահով երկրներից է, որտեղ մէկ չնչին տարեկան կտրուածքով բաժին է հասնում 70 հազար խորանարդ մեթր ջուր:
Այսօրուայ հաշուարկներով` Արցախը կարող է 2-2.5 միլիար խորանարդ մեթր ջուր արտահանել, օրինակ` Մերձաւոր Արեւելք, եւ դրա դիմաց ստանալ մեքենաներ: Սակայն այդ նշուած թիւը ապահովում է ընդամէնը երկու շրջան` Քաշաթաղն ու Քարվաճառը, որոնց պէտք է մեծ ուշադրութիւն դարձնենք եւ ապահովենք մեր ջրային անվտանգութիւնը”,- նշեց Դ. Բաբայեանը:
Ոլորտի որոշ մասնագէտներ պնդում են, որ մինչ օրս որոշ ենթակառուցուածքների բացակայութեան պատճառով առկայ ջրառատ գետերը Արցախի Հանրապետութեան տարածքից դուրս են բերում հսկայական քանակութեամբ ջուր` այդպիսով յագեցնելով հարեւան Ատրպէյճանի հողերի ,ծարաւըե, եւ բնութեան ,սպիտակ ոսկուե քիչ քանակն է ամբարւում երկրի ներսում: Վիճակագրութեան համաձայն` Արցախի ջրային աղբիւրների ընդամէնը 10 տոկոսն է օգտագործւում ոռոգման նպատակով:
Արցախի Հանրապետութեան գիւղատնտեսութեան նախարարութեան տուեալների համաձայն` Արցախի տարածքում հոսող 13 խոշոր գետերի ընդհանուր երկարութիւնն Արցախի տարածքում մօտ 300 քլմ. է, ջրային հոսքը միջին հաշուով կազմում է 73-75 խմ/վայրկեանում, համապատասխանաբար` օրուայ կտրուածքով` 6.5 մլն խմ.:
Դեռեւս խորհրդային տարիներին` 1976 թուականին, շահագործման յանձնուած` 560 մլն խմ ջրատարողութեամբ եւ լաւագոյն սարքաւորումներով յագեցած Սարսանկի ջրամբարը նախատեսուած էր ոռոգման եւ ելեկտրականութիւն հայթայթելու նպատակների համար: Տեխնիկապէս այն թուլացաւ պատերազմի տարիներին: Սակայն դրանից յետոյ որոշ ծրագրեր իրականացուեցին, եւ բացթողումները շտկուեցին: Կառոյցը, որոշ գնահատականներով, տարածաշրջանում համարւում է ամենաբարձրներից, ինչն էլ կարող է թշնամի երկրին մտահոգուելու տեղի տալ, քանի որ Սարսանկի ջրամբարի թիրախում են ոչ միայն Թարթառ գետի աւազանում կառուցուած` սահմանամերձ Մատաղիսի ջրամբարը, այլ նաեւ ատրպէյճանական խիտ բնակեցուած խոշոր բնակավայրերը:
Այսինքն` Եւրոխորհրդարանում ընդունուած զեկոյցի հիմքում ոչ թէ դրուած է այն, որ հարեւան երկրում ծարաւ են մնացել, այլ այն, որ ատրպէյճանցիները կարճամիտ քաղաքականութեամբ ցանկանում են վերահսկողութիւն սահմանել Սարսանկի ջրամբարի վրայ:
Դաւիթ Բաբայեանը յիշեցնում է.- ”Ինչ վերաբերում է ջրային աղբիւրների օգտագործմանը, ապա Արցախը երբեք ջրային էգօիզմ չի ցուցաբերել այս հարցում: Մեր կողմից երկու անգամ` 1999 եւ 2003 թուականներին առաջարկ է եղել, որ Արցախը կարող է Ատրպէյճանին տրամադրել ջրային պաշարներ, ի հարկէ, այլ բան ակնկալելով, օրինակ` վառելանիւթ, ինչը կը լինէր կայունութեան պահպանման, ինչու չէ, նաեւ փոխվստահութեան միջոցառումների իրականացում: Բայց քանի որ Ատրպէյճանում հայատեացութիւնը պետական քաղաքականութիւն է, ինչ-որ տեղ` նացիզմի դրսեւորում, բնական է, որ նրանք որեւէ ձեւով չարձագանգեցին այս ամէնին, նոյնիսկ` իրենց բնակչութեան տուժելու հաշուին’‘:
Յիշեցնենք, որ որքան էլ Արցախը, որպէս առանձին պետութիւն, չի ստորագրել Մ.Ա.Կ.-ի միջազգային լճերի եւ անդրսահմանային ջրհոսքերի պահպանութեան եւ օգտագործման մասինե ժողովին (Հելսինքի, 1992), որով նախատեսուած է անդրսահմանային մակերեսային եւ ստորգետնեայ ջրերի պահպանութեան եւ բնապահպանման մաքուր կառավարման համար անհրաժեշտ ազգային միջոցառումների ամրապնդում, սակայն պաշտօնական Ստեփանակերտը 1999-ին եւ 2003-ին պատրաստակամութիւն է յայտնել Պաքուի հետ երկխօսութիւն սկսել ջրային աղբիւրների համատեղ կառավարման մասին:
Դեռեւս 2013-ին Արցախի` այն ժամանակուայ փոխվարչապետ Արթուր Աղաբէկեանը յայտարարեց, որ խօսքը ինչպէս Սարսանկի ջրամբարի, այնպէս էլ Թարթառ գետից տարբեր ուղղութիւններով հոսող գետերի ջրերի մասին է: ”Սարսանկի ջրամբարի հնարաւորութիւններն աւելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, եւ խորհրդային տարիներին կառուցուած ջրանցքները ճիշտ օգտագործելու դէպքում դրանից կþօգտուեն ե՛ւ հայկական կողմը, ե՛ւ Ատրպէյճանական կողմը”,- ասել էր նա եւ ընդգծել, որ եթէ անգամ հարեւան Ատրպէյճանը չարձագանգի համագործակցութեան կոչին, Արցախը ստիպուած կը լինի խոշոր ներդրումներ կատարել` հզօր պոմպակայանների միջոցով Արցախի սահմանամերձ գօտիներում գտնուող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ հասցնելու համար:
Պաքուն, չարձագանգելուց բացի, իր ոճի համաձայն, միանգամից իրեն ծանօթ սենարիոյին դիմեց վարձելով պոսնիացի պատգամաւորին, որի զեկոյցի հիմքում ատրպէյճանական լրատուամիջոցների` դեռեւս 2013 թուականի հրապարակումներ են, թէ Ատրպէյճանի Թարթառի շրջանի բնակիչները բողոքի հաւաք են կազմակերպել` պահանջելով տեղական իշխանութիւններից` ջուր տրամադրել գիւղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար, եւ ոչ մի նախադասութիւն Արցախի իշխանութիւնների բարի կամքի մասին:
Պաշտօնական Երեւանը, սակայն առիթը չօգտագործեց եւ նոյն Եւրոխորհրդարանում չյայտարարեց, որ այդ հարցը վերաբերում է պաշտօնական Ստեփանակերտին, որ նա է տնօրինում իր ջրային պաշարները: Նոյն ամբիոնից Հայաստանը նաեւ չյիշեցրեց, որ հարեւանների հետ մեր երկիրն անդրսահմանային ջրային հոսքերը կառավարում է խելամտօրէն եւ առանց խնդիրների:
Նոյնը չի կարելի ասել Ատրպէյճանի մասին, որն արդէն երեք տասնամեակ է, ինչ միայնակ է օգտւում սահմանամերձ Ջողազի ջրամբարից (Տաւուշի մարզ), որ ժամանակին կառուցել են հայերը: Չնայած Ջողազի ջրամբարը աշխարհագրական դիրքով եւ վարչական տարածքով գտնւում է Հայաստանում, բայց ողողում է նաեւ Ատրպէյճանի ցամաքային ափերը, այդ պատճառով հայկական կողմը չի կարողանում օգտուել ջրերից, որոնք ժամանակին ապահովել են Իջեւանի եւ Նոյեմբերեանի տասնեակ գիւղական բնակավայրեր:
Ըստ Բաբայեանի` ի հարկէ, Ատրպէյճանը յատուկ ուշադրութիւն դարձնում է ջրային աշխարհաքաղաքականութեանը, դա նրանց համար առաջնային խնդիր է, եւ նա այս համատեքստում միշտ աչք է ունեցել Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների վրայ: Ատրպէյճանական կողմն այդ յաւակնութիւնը ունեցել է դեռեւս 1919 թուականից, նորաստեղծ արհեստական երկրի` Ատրպէյճանի Ժողովրդական Հանրապետութեան` այն ժամանակուայ ղեկավարներից մէկը` Մահմետ Էմիլ Ռասուլ Զատէն, յայտարարել էր հետեւեալը.- ”Մենք այդ տարածքը պէտք է վերցնենք, որովհետեւ այդ տարածքներում են գտնւում ջրային աղբիւրների, աւելին` Արփա եւ Որոտան գետերի ակունքները”:
Դաւիթ Բաբայեանը յիշեցնում է, որ Քարվաճառի շրջանը ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի ջրային հայթայթողն է: Հէնց այստեղից են սկիզբ առնում Որոտանը եւ Արփան, Թարթառն ու Խաչէնը: Իսկ տարածաշրջանի ամենամեծ` Սեւանայ լիճը սնւում է հէնց Որոտանով եւ Արփայով, որոնք կարեւորագոյն գետային աւազաններ են.- ”Այն տարածքները, որտեղից սկիզբ են առնում Արփա եւ Որոտան գետերը, մինչեւ 1934-1935 թուականները եղել են Խորհրդային Հայաստանի մաս: Ատրպէյճանցիները կարողացել են ինչ-որ քօղարկուած ձեւով, այս պահի դրութեամբ դեռեւս չպարզուած հանգամանքներում սահմանները փոխել եւ այդ տարածքները վերցնել իրենց: Այսինքն` սա չի կարող հէնց այդպէս լինել, եւ նրանց միակ նպատակն եղել է ջրային պաշարներին տիրանալը: Այդտեղ է սկիզբ առնում Արցախի Հանրապետութեան ջրային պաշարների գրեթէ 85 տոկոսը”,- նշում է մեր զրուցակիցը:
Յիշեցնենք նաեւ, որ տարիներ շարունակ Ատրպէյճանը պարբերաբար յայտարարում է, թէ հայերը Մեծամօրի աթոմակայանի թափօնները պահեստաւորում են Քարվաճառի շրջանում: Հայկական կողմը այդ յայտարարութիւնները յերիւրանք է որակել եւ միշտ յայտարարել, որ պատրաստ է դիտարկումներ անցկացնել Դաւիթ Բաբայեանի կարծիքով` դա նշանակում է, որ Ատրպէյճանն արդէն վաղուց ունի պահեստաւորած շողարձակ նիւթեր, եւ եթէ յանկարծ ինչ-որ ձեւով վերահսկողութիւն հաստատի Քարվաճառի վրայ, անմիջապէս այդ նիւթերը կը տեղափոխի այլ տարածքներ: ”Յետագայում ինչ կը ստացուի, արդէն բոլորս պատկերացնում ենք` Ատրպէյճանն այլ յայտարարութեամբ կը փորձի մեղքը բարդել հայկական կողմի վրայ”,- նշում է նա:
Դաւիթ Բաբայեանը, որը տարիներ շարունակ ուսումնասիրել է տարածաշրջանի ջրային քաղաքականութիւնը, իսկ անցեալ տարի լոյս է տեսել նրա ,Ջրի հիմնախնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման համատեքստումէ ասում է, որ դեռեւս խորհրդային տարիներին ատրպէյճանցիները վարել են ,ջրաբաշխային ահաբեկչութեանե քաղաքականութիւն` պարզապէս թունաւորելով Արցախի հայկական բնակավայրերի, առաջին հերթին` մայրաքաղաք Ստեփանակերտի ջրային պաշարները: ”Փաստերը դա են ասում. Արցախը նախկին խորհրդային տարածքում, ինչու չէ, նաեւ աշխարհում մարդկանց երկարակեցութեան առումով զբաղեցրել է առաջին տեղը: 1969 թուականից յետոյ, երբ Հէյտար Ալիեւը եկաւ իշխանութեան, սկսեց սաստկացնել եւ աւելի մեծ մակարդակներ հասցնել ջրային ահաբեկչութիւնը”:
Անցեալ դարի առողջապահական վիճակագրական տուեալների համաձայն` եթէ մինչեւ 1969-1970 թուականները Արցախը քաղցկեղային հիւանդութիւների թւով զբաղեցրել է տարածաշրջանում վերջին տեղը, ապա արդէն 1989 թուականին տարածաշրջանում երրորդն էր` Սումկայիթից եւ Երեւանից յետոյ, որտեղ գործում են քիմիական հսկայ գործարաններ:
Ատրպէյճանցիները թունաւորումները շարունակել են մինչեւ 1991-1993 թուականներ, դրան անդրադարձել է նաեւ բրիտանական BBC-ն: Դրանից առաջ Ստեփանակերտի ջրային տնտեսութիւններում, նաեւ այն տարածքներում, որտեղ եղել են ջրի ակունքներ, միշտ աշխատել են ազգութեամբ ատրպէյճանցիներ, որոնք երբեք չեն ապրել նախկին Արցախի տարածքում: Անգամ երբ պատերազմի ժամանակ ատրպէյճանցիները իրար յետեւից յանձնում էին հայկական բնակավայրերը, անպայման թունաւորում էին աղբիւրների ակունքները”,- նշում է Դաւիթ Բաբայեանը:
Նա ընդգծում է, որ Սփիւռքը մեծ ներդրում է ունեցել վերջին տասնամեակում, օրինակ` Ստեփանակերտի ջրամատակարարման բարելաւման հարցում, կառուցուել են նոր ջրատարներ, եւ այսօր կարող ենք վստահ ասել, որ արտաքին ազդեցութեան վտանգ չկայ` մեր ջրային պաշարների հետ կապուած: ”Եւ փառք Աստուծոյ` ազատագրուած Արցախն այսօր ի վիճակի է իր ներքին անվտանգութիւնը ապահովել’‘,- եզրափակում է Դաւիթ Բաբայեանը:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles