ԳԷՈՐԳ ԷՄԻՆ
Մեզանից է կախուած, որ այս եկող տարին իսկապէս նոր լինի` նա նոր է լինում մեր նոր գործերով ու խոհերով, ծրագրերով ու երազներով: Մեզանից է կախուած, որ նա լաւ լինի, նա լաւ է լինում մեր լաւ ձգտումներով ու արարքներով:
Շնորհաւոր ձեր Նոր տարին, թէեւ աւա՜ղ, այն նո՛յնպէս պանդխտութեան տարի է լինելու ձեզանից շատերի համար:
Ցանկանք, որ այս տարի իրար գտնեն հին եղեռնով ու երէկուայ պատերազմով իրարից զատուած հարազատները, որոնց «Փնտռում եմ հօրս, մօրս, քրոջս, եղբօրս…» համր ճիչերը լսւում են հայոց լրագրերի էջերից:
Որ ինչքան կարելի է պակասեն իրենց կոչման սկզբում օտար որոշիչ ունեցող հայերը` թրքահայ, ֆրանսահայ, ամերիկահայ, արաբահայ եւ ինչքան կարելի է շատանան պարզապէս հայերը, իրենց հայրենիքում ապրող հայերը:
Որ հայերը ո՛չ միայն նայեն նոյն աստղերին, եւ Վահագն աստծոյ նո՜յն Յարդագողի ճանապարհին, այլեւ կանգնած լինեն նո՛յն լեռների վրայ, նո՛յն դաշտերում, իրենց քրտինքը թափեն նո՛յն հողի վրայ…
Որ այսքան դարերի ու այսքան արհաւիրքների միջով անցած մեր պահպանիչը` մեր մայրենի լեզուն, տափաստանի վտակի պէս չկորչի ուծացման ամուլ աւազներում, այլ բոլոր գաղութներից գետերի պէս հոսելով ու կարկաչելով, գայ լցուի մեր մայրենի լեզուի Սեւանը…
Որ… բայց շատ չէ՞ այսքան գործ մի տարուայ համար, որն ընդամէնը 365 օր ունի…
Ուրեմն նորի՛ց լցնենք գաւաթները եւ հեռուից հեռու, մեր ձեռքերն իրար մեկնած, խփենք գաւաթի եւ հայկական կոնեակով ու վիսկիով, ջինով ու սուլթան արաղով խմենք մեր բոլորի կենացը, այս Նո՜ր տարուայ կենացը…
Ցանկանք, որ այ տարի ով բաժան է` միանայ, ով անսէր է` սիրահարուի, ով հիւանդ է` առողջանայ, առողջները երջանի՜կ լինեն եւ ով ինչ նուիրական իղձ ունի` կատարուի՜…