Եւս մէկ անգամ ըմբոշխնեցինք հայ թատրոնը, զգացինք նրա կենսատու գեղագիտութիւնը մեր շնչառութեան մէջ:
Մեծագոյն Պոսթընի Համազգային Կրթական եւ Մշակութային Միութեան ջանքերով, Նոյեմբեր 28ի երեկոյեան ժամը 7:00ին, Ուաթըրթաունի Միջնակարգ Դպրոցում բեմադրուեց Մարք Ժիլպէր Սովաժոնի »Չաօ« սիրային կատակերգութիւնը:
Միքայէլ Կոտոյեան, այսպէս է նրա անունը՝ մարդ, քաղաքացի, բազմափորձ, տաղանդաշատ բեմադրիչ: Նա Լոռիի բարի ու պայծառ բնութեան իր ոգին ներդրեց՝ Ամերիկեան հայ իրականութեան մէջ կերտելու արուեստ, շունչ տալու հայ թատրոնին եւ բեմական խօսքին: Ստեղծուեց նուիրեալների անբեկուն այս խումբը, մարդիկ որոնք արժեւորեցին մշակոյթ բառը նորից ու նորից: Ծագեցին անուններ, ինչպիսին՝ Հեղինէ Կոտոյեան (Սոֆի Կուֆիսել, մեծահարուստ Ժերոմ Քուֆիսելի դուստրը): Ազատ խաղ, սիրոյ եւ ազնուութեան մղուող հոգի: Ասպարէզում կար նաեւ Արա Գաբրիէլեանը՝ Վինսենթ, որ չէր գիտեր կեղծել, բայց գիտեր զոհաբերել ու փրկել: Նա, այո°, նա կարող էր սիրել, բայց երբեք՝ ծախել իր խիղճը յանուն քսակի:
Այս համաձուլուածքը միատարր էր բեմադրիչ Միքայէլ Կոտոյեանի, բուռն ներշնչուած լինելու արդիւնքը, ներթափանցել հանդիսատեսի գիտակցականի եւ խղճի շերտերը, նաեւ պահպանել սրամտութիւնն ու ծիծաղը. ահա թէ ինչի նա կարողացաւ հասնել:
Այսպէս ստեղծուեց եւս մէկ կերպար, Անթուան Մարթինէ (Պերճ Չէքիճեան, նա շատ վաղուց էր դերակատարել Համազգայինի բեմերից. սակայն մի թարմ շունչով, երկար դադարից յետոյ նորից հանդէս եկաւ բեմից):
Անթուանը շա¯տ-շա¯տ էր աշխատել իր օրուայ հացը ապահովելու համար: Խիղճ եւ հոգի ունէր նա, օրինակելի կերպար ներկայիս անարդարութիւնների դարում:
Բարեկիրթ եւ հպարտ էր նրա կինը ժպտերես Մատլէնը (Գոհար Կոտոյեան, իր բազում մասնակցութիւնները բերած հայ բեմից): Մատլէնի պարզութիւնն ու միամտութիւնը, կանացի նրբանկատութիւնն ու սրամտութիւնը օգնեցին փրկելու իր որդու սէրը, անգամ կարողացաւ արթնացնել գործարանատէր Քուֆիսելի (Միքայէլ Կոտոյեան- հէնց ինքը՝ գլխաւոր բեմադրիչը: Նա Վանաձորի Պետական-Դրամատիկական թատրոնի գեղարուեստական է եղել, նախքան Միացեալ Նահանգներ բնակութիւն հաստատելը) քնած խիղճն ու կորած ժպիտը: Քա¯հ-քա¯հ ծիծաղեց հանդիսատեսը՝ ստեղծուած իրադարձութիւնների, հերոսների բարձրորակ ու հմուտ կատարումների շնորհիւ:
Երբ դժուար կացութեան մէջ մարդիկ կարողանում են կատարել, դա արդէն կեանք է ներշնչում, ապրե°լ ես ուզում:
Այդպիսին էր »Չաօ«-ի հանդիսատեսի ստացած տպաւորութիւնը:
Բեմական գոյների փոփոխումն ու շարժումը արդէն մեծ հնարանք էր, այն ուղեկցւում էր Քարինա Տէմիրճեանի եւ Սիւզի Օհաննիսեանի հմայիչ պարային ճախրերով: Ձեռնադաշնակի (accordeon), հարուածային գործիքների (Ռոպերթօ Քասսան) եւ դաշնամուրի (Ֆապիօ Փիրոցոլօ), Չարլի Չափլինեան հերոսի՝ (Արա Սարգսեան) ճարպիկ խաղը, արդէն բարձր ճաշակի մի նոր դրսեւորում էր:
Չէր կարող լինել ներկայացում, եթէ չլինէին Հարմիկ Աւետեան, Վարդան Գրիգորեանի ինչպէս նաեւ Համազգայինի Մշակութային բաժնի պատասխանատու Անահիս Մեքենաճեանի աջակցութիւնը:
Ողջունելի է բեմադրիչ Միքայէլ Կոտոյեանի նպատակաուղղուածութիւնն ու նուիրուածութիւնը՝ հայ համայնքին:
Դա է արթուն պահել հայ թատերասէրին եւ ներկայացնել ուրիշ ստեղծագործութիւններ այս եւ այլ, աւելի մեծ բեմերից:
ԼՈՒՍԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ