Վերջերս, Նիւ Եորքի Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութիւնը վերընտրեց իր վարչական կազմը: Միութեան շարքերը անցան մօտ տասը երիտասարդ-ուհիներ, որոնցից ոմանք անմիջապէս Գրական Յանձնախմբի մաս կազմեցին, եւ առաւել փորձառութիւն ձեոք բերելու եւ օգտակար լինելու համար, նրանք ներկայ պիտի լինեն վարչութեանը նիստերին:
Հայ մշակոյթը կանգուն մնալու համար, յարատեւ կարիքն ունի երիտասարդ ուժերի միասնաբար աշխատանք տանելու, որպէսզի դպրութեան ջահը մշտավառ պահելով՝ փոխանցուի մեր գալիք սերունդներին:
Համազգայինի 2009-2010 տարեշրջանի գրական երկրորդ ձեռնարկը՝ “Լեռ Կամսար”, տեղի ունեցաւ Հոկտեմբեր 16-ի երեկոյեան Հայ Կեդրոնի Աւետիսեան սրահի մէջ ներկայութեամբ Սբ. Լուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ Արժ. Տ. Մեսրոպ Լաքիսեանի եւ մեր գրասէր համայնքի:
Ձեռնարկի բացումը կատարեց Գրական Յանձնախմբի պատասխանատու Լիզա Եսայեանը եւ հրաւիրեց Աւետիս Հաճեանին, որպէսզի ան ներկայացնէ օրուան բանախօս Պրն. Ռուբէն Պարսումեանին: Ռուբէն Պարսումեանը իր ուսանողական շրջանում սովորել է բացառիկ ազգասէր ուսուցիչների ու ղեկավարների շունչի տակ, որոնք մեծ ազդեցութիւն են թողել նրա կեանքի վրայ, ինչպէս՝ Հրաչ Փափազեանի, Միհրան Հերարդեանի, Մինաս Թէօլէօլեանի եւ այլոց:
Ռուբէն Պարսումեանը Ճեմարանը աւարտելուց յետոյ յաճախել է Պէյրութի Ամերիկեան համալսարանի հաշուապահական բաժինը: Հալէպի մէջ, նա մի շարք գրասէր անձանց հետ վարել է ուսուցչութեան պաշտօն Նոր Գիւղի “Զաւարեան” վարժարանի մէջ: 1967-ին հաստատուել է Մոնրէալ, որից երկու տարի յետոյ փոխադրուել է Նիւ Եորք: Չորս տարի աշխատել է Ազգային Առաջնորդարանում քարտուղարի պաշտօնով: Եօթանասունական եւ ութսունական թուականներին եղել է Նիւ Երքի “Համազգային”ի վարչական եւ վարել է մէկ շրջան ատենապետի պաշտօն:
Բեմ հրաւիրուեց Պրն. Ռ. Պարսումեանը եւ ասաց.- Քսաներորդ դարի առաջին տասնամեակներին Լեռ Կամսարի անունը ծանօթ էր թէ° Հայաստանի եւ թէ° Սփիւռքի հայութեան: Իր յօդուածները եւ երգիծաբանական գործերը ամէնից փնտռուած գրութիւններն էին մամուլի մէջ: Իր թատերգութիւնները բեմադրւում էին թէ Կովկասի եւ թէ Սփիւռքի զանազան հայ գաղութների մէջ: Սակայն երեսունական թուականներին երբ Սիբիր աքսորուեց, լռեց իր ձայնը եւ իր գրականութիւնը մոռացութեան ենթարկուեց գրեթէ մինչեւ իր մահը:
Այս վերջին տարիներին է միայն, որ շնորհիւ իր թոռնուհի, Տիկ. Վանուհի Թովմասեանի անդուլ ճիգերին, սկսեցին հրատարակուել մաս առ մաս իր հայկական անտիպ գործերից:
2000-ին հրատարակուեց իր օրագրութիւնների 1953-1956 տարիների գրութիւնները՝ “Կարմիր Օրեր” խորագրով: 2001-ին “Սաստիկ Կոմունիստներ”, (երգիծական թատերգութիւնը՝ եօթը պատկերով): Անցեալ տարի լոյս տեսաւ երկու գործեր՝ “Մահապուրծ Օրագիր” 1925-1935 եւ “Խաղք ու Խայտառակ Աշխարհ” Ժողովածուն: Իսկ 2009-ին “Սոցիալիզմի Սահարա” որն ընդգրկում է Լեռ Կամսարի 1959-ի օրագրերը:
Այսօր շնորհիւ իր թոռնուհու, Լեռ Կամսարը ապրում է իր գրական երկրորդ կեանքի վաստակի վերածնունդը, որը մեծ մասամբ անտիպ է, հսկայածաւալ եւ հետաքրքրական: Բայց, ո՞վ է այս Լեռ Կամսարը:
Բուն անունով Արամ Թովմասեան, ծնուել է Վան 1888թ. Հոկտ. 24-ին, եկեղեցական ընտանիքի մէջ: Հայրը, Մ. Թովմաս Քհնյ. Թովմասեան (Թովմաղեան որ սխալմամբ Թովմասեան է արձանագրուած) կ’ուզէր, որ որդին եւս հոգեւորական դառնայ ու այդ նպատակով 1902-ին պատանի Արամին ուղղարկում է Սբ. Էջմիածնի Հոգեւոր Ճեմարանը, կրօնական կրթութիւն ստանալու համար: Սակայն Լեռ Կամսարը, ոչ միայն եկեղեցական չի դառնում, այլեւ կրօնքի ու եկեղեցականութեան դէմ բուռն պայքար է մղում: Այնպէս որ նա դառնում է անհաւատ, հակակրօն, անաստուած, որն իրեն սիրելի պիտի դարձնէր համայնավարութեան, երբ որ սկսէր գրել սովետական շրջանին:
1909-ին վերադառնում է Վան եւ նուիրւում ուսուցչութեան, միաժամանակ աշխատակցելով Վանի “Աշխատանք” թերթին: Լեռ Կամսարի ներշնչման աղբիւրն է լինում Յակոբ Պարոնեանի “ Մեծապատիւ Մուրացկաններ” Գիրքը: Եւ կարելի է ասել, որ նրա համար հայ երգիծաբանութեան աստուածը եղել է Յակոբ Պարոնեանն, ու Երուանդ Օտեանը:
1910-ին գրած իր առաջին իսկ երգիծանքներով մեծ յաջողութիւն է գտնում եւ բոլորը շնորհաւորում են նրան: Ինչպէս ինքն է ասում, մանկութիւնից ի վեր սիրում էր Կամսար անունը եւ Արամ Թովմասեան գրագէտը այդ անունով է հրատարակում իր գրուածքները: Եւ դարձեալ, իր գրական բուն անունի ծագումի մասին այսպէս է պատմում Լեռ Կամսարը. ”Վանում իմ երգիծանքներից մէկում խստօրէն ծաղրել էի քաղաքական յայտնի դէմք համարուող հայ վաճառականներից մէկին: Յաջորդ օրը իմ չարաբաստիկ հերոսի կառքը կանգնեց խմբագրութեան դրանը եւ նա հարցրեց.
– Ո՞վ իմ մասին գրած է Կազէթի մէջ:
Կարծես ջուր մաղեցին գլխիս: Մօտեցայ ու երկիւղը սրտումս ասացի.
– Յարգելի Էֆէնդի, ես եմ գրել:
Երկու քայլ մօտեցաւ, ձեռքը դրեց ուսիս ու …
– Աֆէրիմ, կեցցես, չնայած իմ վաճառականական համբաւը դրած ես սալի վրայ ու մուրճով աղէկ մը ծեծէր ես, սակայն խնդալս ալ բերիր. ուրիշներու նման ինծի ոչ թէ° քծներ ես, այլ, համարձակիլ ես առնիլ, թաղել… Քու երեսները պագելու է” : Ապա ուսս թփթփացնելով ասաց.
– Կամսար չէ , Մեծ Կամսար, ԼԵՌ ԿԱՄՍԱՐ:
– Բայց հագուստ կապուստդ շնորհքիդ հետ չեն բռնէ, թազէն առ ու վայելէ”:
Ու ճակատս համբուրելով գաղտնի երկու ոսկի դրեց ափիս մէջ”:
Կեանքի դառն փորձառութիւններց տարիներ յետոյ Լեռ Կամսարն այսպէս է խորհրդածում այդ անունի մասին:
“Ես, որ գրական ասպարէզ մտնելիս “Լեռ Կամսար” անունն առի վրաս, երբեք մտքովս չանցաւ, որ այդ անունը այսօր սաստիկ պէտք պիտի գար ինծի, որ այսօրուայ իմ կեանքը ես պարտական պիտի լինեմ իմ անունին: Որովհետեւ եթէ այն ժամանակ ինձ “Լեռ” չանուանէի ու ասենք “Հաստաբուն Կաղնի” անգամ, սա քառասուն տարուայ իմ վրայ փչող քամին արմատահան պիտի անէր ինձ եւ հողմահար տանէր, ինչքան էլ “Հաստ” բուն ունենայի: Ես անպայման “ԼԵՌ” պիտի լինէի դիմանալու համար այս ամէն տեսակ գլխիս ոռնացող քամիներին ու փոթորիկներին: Եթէ “Լեռ” չլինէի հիմայ չկայի: Փառք քեզ անուն, որ փրկեցիր ինձ կորստից…”
Շուտով սկսւում է Առաջին Համաշխարհային Պատերազմը: Նախազգալով վտանգը Վանը դիմում է ինքնապաշտպանութեան, Արամ Մանուկեանի, Արմենակ Եկարեանի եւ միւսների հետ Լեռ Կամսարն եւս կազմակերպողների մէջն է, իր դիրքը իր բնակարանն էր Այգեստանի մէջ: Արամ Մանուկեանը Լեռ կամսարին է միանում իր դիրքը կորցնելուց յետոյ: Ռուսական բանակի անակնկալ նահանջից յետոյ հայութիւնը եւս ստիպւում է գաղթել արեւելահայաստան: Լեռ Կամսարը հաստատւում է Երեւան իր ընտանիքի հետ եւ կը շարունակում է իր ուսուցչական ասպարէզը, միաժամանակ աշխատակցելով Կովկասի հայ թերթերին:
1917-ին արդէն ճանաչուած անուն էր, Լեռ Կամսարը երբ կամաւոր մասնակցում էր Սարղամիշի, Վանի 4-րդ կամաւորական գնդին, Գնդապետ Տիգրան Պաղտասարեանի հրամանատարութեամբ: Սակայն 1918 թուին մի օր Դրօն զինուորների շարքի մէջ տեսնելով ու ճանչնալով նրան, արգելում է մասնակցել մարտական գործունէութիւններին, ասելով, “Քեզ որ մի բան պատահի, բա մեզ ո՞վ է ծաղրելու, գնայ, ա°յ մարդ, գնա°, քո գործն ուրիշ է, դու քո գործով զբաղուիր”:
1918-ին Լեռ Կամսարը Թիֆլիսի “Հորիզոն” օրաթերթի մէջ մի երգիծանք է գրում Լենինի մասին, որ յետագային դժբախտութեան դուռ է բացում ու դամոկլեան սրի պէս շարունակ կախուած է մնում իր գլխի վրայ: Չարաղէտ երգիծանքի անունն էր “Նիկոլայ Ցարին նամակը Ուլիանով Լենինին”: Մի իրական եւ կծու նամակ:
Հայաստանի Հանրապետութեան անկումից անմիջապէս յետոյ, 1921-ին Լեռ Կամսարը շատերի պէս փախչում է Պարսկաստան, Թաւրիզ: Դաշնակցութիւնը այնտեղ եւս նեցուկ կը կանգնի իր անողոք ընդդիմախօսին ու քննադատին: Մէկ օրուայ մէջ նրան ապահովում է թէ° աշխատանք եւ թէ° բնակարան: Լեռ Կամսարը սկսում է ներկայացնել իր թատերգութիւնները մեծ յաջողութեամբ: Բայց Հայրենիքի ու ընտանիքի կարօտը սրտում եւ յատկապէս նոր իշխանութեան հրաւէրին ընդառաջելով՝ աշխատակցելու “Խորհրդային Հայաստան” թերթին իրեն մղում են վերադառնալ Երեւան: Մի քայլ, որի համար շուտով պիտի զղջայ մինչեւ իր կեանքի վերջը:
Երեւանում նա ստանձնում է “Խորհրդային Հայաստան” թերթի երգիծական բաժնի գլխաւոր աշխատողի պաշտօնը: Իր գրութիւնները մեծ յաջողութիւն են ունենում նաեւ արտասահմանի մէջ: Այդ տարիներին Աւետիք Իսահակեանը գրում է իրեն Փարիզից.”Դու արտասահմանում միակ կարդացուող հեղինակն ես, “Խորհրդային Հայաստան” թերթում լոյս տեսած քո բոլոր երգիծանքները արտատպւում են հայ մամուլում եւ այն ձեռքից ձեռք է անցնում”:
Լեռ Կամսարը գրել է բազմաթիւ նիւթերի մասին, թէ ազգային-քաղաքական եւ թէ° համամարդկային: Սակայն, պէտք է նշել, որ խորհրդային գրաքննութիւնը չէր կարող արտօնել, որ նա ուզածին պէս ազատ գրի: Այլ, քաջալերում էր, որ Լեռ Կամսարը գրէր հակակրօնական, հակադաշնակցական եւ հակաազգայնական երգիծանքներ: Նա, նաեւ ունի այլաբանական գրութիւններ, որոնց հերոսները ոչ թէ° մարդիկ են, այլ կենդանիներ, առիւծ, աղուէս, շուն եւ այլն, որոնք կը մարմնաւորեն ազգային ու համաշխարհային ճանաչուած դէմքեր:
1931-ին “Զտումը” սկսուեց Խորհրդահայ գրողների “Մաքրեցին” իրենց շարքերը “Ազգի ու Հայրենիքի Թշնամի” Լեռ Կամսարէն եւ նրան աշխատանքից հեռացնելով դատապարտեցին ու ամբաստանեցին որպէս “Դաշնակցական ուռճացած տնտեսատէր”, որովհետեւ նա ունէր 40 փեթակ մեղուանոց, որից ո°չ միայն օգուտ չէր տեսնում, այլեւ տարին 200 ռուբլի հարկ էր վճարում: Հալածանքը շարունակւում է մինչեւ 1935 երբ Լեռ Կամսարին ձերբակալում ու բանտարկում են Երեւանի մէջ, ամբաստանելով Սթալինի դէմ մահափորձով եւ ռուս դատաւորի առջեւ են դնում Լեռ Կամսարի “Պլենարնիսդ” գրութիւնը թարգմանուած ռուսերէնի: Ծիծաղի առարկայ դարձած երկու ամիս տեւող դատավարութեամբ նրան աքսորի են դատապարտում 3 տարի սիբիր եւ 17 տարի էլ որպէս քաղաքական յանցաւոր ընտանիքից հեռու Բասարգեչար (ներկայիս Վարդէնիս) ու նրան արգելում տպագրելու:
1954-ին համաներումով վերադառնում է Երեւան ու դիմում Գերագոյն Դատարանին վերաքննելու “Գործը”, իրեն բանտարկութիւնը: Գերագոյն Դատարանը գտնում է որ Լեռ Կամսարը արդար է եւ զուր տեղն է 20 տարի տառապել: Ու Լեռ Կամսար գրում է “Մի փոքրիկ վրիպակ, բայց հետաքրքիրն այն է, որ նրանք իրենց ահռելի սխալի համար նոյնիսկ մի կիսաբերան ներողութիւն անգամ չեն խնդրում ինձանից, ինչ որ պահանջում է տարրական քաղաքավարութիւնը”: Եւ աւելացնեւմ. ”Այո°, իսկ ի՞նչ անեն այն թշուառ դատապարտուածները, որոնք իրենց անմեղութեան մասին իմանում են… գնդակահարումից յետոյ”:
Իր կենդանութեան ժամանակ Լեռ Կամսարը հրատարակել է հինգ հատոր, որոնցից որոշ մասը բռնագրաւուած եւ ոչնչացուած է բոլշեւիկեան կառավարութեան կողմից եւ հետեւաբար դժուար է գտնել այսօր: Յետագային մէկ մաս իր գործերից հրատարակուել են ժողովածուների մէջ, յատկապէս “Մի Հատորեակ” գրքի մէջ, տպուած 1980-ին: Եւ երկրորդ ժողովածոն՝ “Երկիր” խորագրով 1988-ին իր ծննդեան հարիւրամեակի առիթով: Առաջին գիրքը լոյս է տեսել 1924-ին ”Անվաւեր Մեռելներ” եւ 1926-ին “Ազգային Այ-բենարան” 1934-ին “Վրիպած Արցունքներ” եւ 1959-ին “Գրաբար Մարդիկ”, մահից մի քանի օր առաջ իր վերջին գիրքը՝ “Մարդը Տանու Շորերով”: Նրա մահուանից յետոյ գրքերը խմբագրել ու յառաջաբանը գրել է Վանուհի Թովմասեանը, իսկ չորրորդինը՝ “Խաղ ու Խայտառակ Աշխարհ” Սամուէլ Մուրադեանը:
Լեռ Կամսարի գրական ժառանգութիւնը համարեայ թէ անտիպ է այսօր, երգիծաբանի անունը չես գտնի ո°չ դպրոցական եւ ո°չ էլ համալսարանական ծրագրերում. ազատ եւ անկախ Հայաստանի ակադեմիան հրատարակում է Հայ Գրականութեան Պատմութեան ստուար հատորները՝ առանց նշելու հայ երգիծաբանութեան վերջին մոհիկանին: Լոյս են ընծայում բռնադատուած գրողների մասին ծաւալուն գրքեր եւ շրջանցում են մեծ հեղինակին լոկ այն պատճառով, որ վերջինիս բռնադատման ցաւալի պատմութիւնը կարող է անցանկալի լոյս սփռի մեր ամօթալի անցեալի իրողութեան վրայ եւ վիրաւորի որոշ անձերի եւ միութիւնների:
… Պէտք է խոստովանել, շարունակում է Ռ. Պարսումեանը, որ սովետական իշխանութիւնը լաւ, շատ լաւ էր աշխատել Լեռ Կամսարի յիշատակը ի սպառ մոռացութեան մատնելու գործում: Պանթէոնում նրան չէք գտնի, թանգարան, անուանակոչուած դպրոց, գրադարան կամ նման մանրուքների մասին խօսելն արդէն աւելորդ է:
1965-ին, մահից քիչ առաջ լոյս է տեսնում Լեռ Կամսարի վերջին ժողովածուն “Մարդը Տանու Շորերով” գիրքը, որը 10,000 տպաքանակով տպուելուց յետոյ եւս արգիլուեց ծախելն ու հաւաքուեց հրապարակից, որովհետեւ, այնտեղ կար մի երգիծանք՝ “Թատրոնի Դիրեկտորը” խորագրով: Ենթական Ղազար Ղազարեանը ի գործ դնելով իր ազդեցութիւնը արգելում է գրքի ցրումը: Մահամերձ Լեռ Կամսարի համար դա շատ ծանր հարուած էր: Հրատարակչութեան խմբագիր Խաչիկ Պօղօսեանին նա ասում է. – Չէ, դա տանելու բան չէ Խաչիկ, չէ որ սա չորրորդ գիրքն է, որ կը մատնեն խարոյկի բոցերին, այդ ճիզոետ կոմունիստները (երբ 1935-ին չեկիստները ձերբակալեցին Լեռ Կամսարին, բազմաթիւ անտիպների հետ ոչնչացրին “Անվաւեր Մեռելներ” 1924, “Ազգային Այբբենարան” 1926, “Վրիպած Արցունքներ” 1934, ժաղովածուները):
Հոգեկան ու մարմնական տառապանքի գալարումները դեռ մի քանի օր շարունակւում են, երբ հարազատները հորդորում են նրան բանալ կոպերը, Լեռ Կամսարն ասում է. ”Ես աշխարհի վրայ բացուող պատուհանից արդէն փակեցի ու մաքրեցի նրա հետ բոլոր հաշիւներս: Իզուր եւ սին էր պայքարները յանուն ճշմարտութեան եւ արդարութեան: Ճշմարտութիւնը անցնելիք ճանապարհ չունի այս մեղաւոր աշխարհում: Որպէս մարդ ապրելու հնար չեղաւ, չթողին որպէս մարդ ապրել, գէթ թողնէին որպէս մարդ մեռնել”: Վերջին խօսքն էր.- “Ես խնդրում եմ ինձ թաղելիս երեսս վար դնէք հողը… որ այս կառավարութեան երեսը չտեսնեմ: Խորհրդային կառավարութիւնը հէքիաթի այն վիշապը եղաւ որ նստած իմ եւ ժողովրդի մէջքին, արգիլեց ամէն տեսակի հաղորդակցութիւն իրար հետ: Ինձ Սիբիր աքսորեց ու վառեց գրքերս, որ չկարդան, վերադարձիս էլ այնպէս խցեց բերանս, որ ծպտուն չհանեմ, որ չգոռամ ճշմարտութիւնը”:
Հազիւ աչքերը փակած, տնեցիները լուռ ու արցունքները խեղդելով դատարկում են նրա գրական գզրոցները՝ գրութիւնները տեղաւորելով մի յատուկ թակստոցում: Ու միայն դրանից յետոյ է սկսւում լացն ու կոծը եւ լուր է տրւում հարեւաններին ու կառավարութեան:
Լեռ Կամսարն իր կեանքի երեսուն երկու տարիները ապրել է ազատ ու մնացեալ քառասուն հինգը սովետական իշխանութեան ներքեւ: Իր գործերով ան լաւագոյն վկան է ու պատմողը այդ շրջանի մեր պատմութեան, իր գրութիւնները վաւերագրի ճշգրտութեամբ կը բացայայտեն մեր ժողովրդի ապրումներն ու զգացումները: Այդ ժամանակաշրջանի պատմութիւնը չի կարելի գրել առանց Լեռ Կամսարի վկայութեան: Վերջացնում է իր խօսքը Ռ. Պարսումեանը լիակատար ներկայացնելով Լեռ Կամսարին, որ կարելի է ասել անծանօթ էր ներկայ եղող մեծամասնութեան, որոնք մեծ հետաքրքրութեամբ ունկնդրեցին ու իրենց հարցերի պատասխանը գտան վերջաւորութեան:
Այո°, իրականութիւն է, որ Լեռ Կամսարն իր ժամանակակից որոշ տաղանդաւոր գրողների հետ խիստ բախումներ է ունեցել եւ իր երգիծական սուր գրուածքներով յաճախ պատասխանել է նրանց: Բայց ժամանակները վատ էին… Ինչեւիցէ, այս փոխադարձ անուանարկումները սուղ են նստել երկուստեք, նա մանաւանդ Լեռ Կամսարի վրայ, աքսոր, բանտարկութիւն, դաժան օրեր…: Դա Ստալինեան զուլումի շրջանն էր: Հիմա ժամանակն է, որ մենք մեր ՄԵԾԵՐԻՆ յիշենք ու գնահատենք ըստ իրենց թողած ժառանգութեան: “Լաւ է ու°շ, քան երբե°ք”: Լեռ Կամսարը պէտք է դրուի իր արժանի պատուանդանին, իրեն ներշնչող ՄԵԾ երգիծաբաններ Յ. Պարոնեանի եւ Ե. Օտեանի կողքին:
ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ
Նիւ Եորք
Պրն. Ռուբէն Պարսումեանը դասախօսութեան ընթացքին
Չոպանեանը նորէն Փարիզէն ելեր կու գայ կաթողիկոսական ընտրութեանը մասնակցելու համար:
Ինչքան կը յիշեմ՝ բոլոր կաթողիկոսական ընտրութեանց մասնակցած է այս մարդը:
Այս անգամ լաւ կ’ընէ, որ մէկ անգամէն երկուսն ընտրէ, որ ամէն անգամ ստիպուած չըլլայ Փարիզէն ելլել Հայաստան գալ:
Հիմակուայ կաթողիկոսները մէկ տարի չեն դիմանար,- ըսես խորհրդային ապրանք ըլլան…. («ՄԱՀԱՊՈՒՐԾ ՕՐԱԳԻՐ», էջ 239):
ԼԵՌ ԿԱՄՍԱՐ