Ծ.Խ.- Ուքրայինայի մէջ, աւելի քան երկու ամիսէ ի վեր կատարուող ցոյցերը, Յունուար 22-ին հասան իրենց գագաթնակէտին, եւ խլեցին երեք զոհեր: Անոնց կարգին էր, հայորդի մը` Սերժ Նիկոյեան:
Հազիւ 21 գարուններ բոլորած Սերժ, ժամանած էր Քիեւ, Դնեպրոփեթրովսքի մօտակայ Պերեզնովանիվքա գիւղէն եւ միացած էր Եւրասիոյ Մաքսային միութեան դէմ պայքարող ցուցարարներուն:
Սերժի ծնողքը Ուքրայինա ժամանած էր 1992-ին, Ղարաբաղի շրջանէն:
Ուքրայինա ծնած եւ լաւապէս տիրապետած թէ՛ հայերէնին եւ թէ՛ ուքրայիներէնին, Սերժ միշտ ալ առաջին գիծի վրայ կը գտնուէր, շարունակ հայրենի եռագոյն դրօշն ալ, իր ուսին կապած:
“Սերժ շատ կը փափաքէր Հայաստան այցելել: Երբեք չէր այցելած: Հպարտ էր իր հայութեամբ…“, կը յայտնէ Սերժի հայրը` Գարիկը:
Սերժ կը նկատուի Ուքրայինայի “Եուրոմայտան“ի առաջին նահատակը: Ան, ցոյցերու ժամանակ, խոր ապրումով կ՛արտասանէր 19-րդ դարաշրջանի ուքրայինացի բանաստեղծ Թարաս Շեվչենքոյի “Կովկասը“ գործը, որ կոչ կ՛ուղղէր տեղացիներուն, պայքարիլ ռուսերուն դէմ:
Ուքրայինայում զոհուած Սերգէյ Նիկոյեանի ընտանիքը փախել է Հայաստանից Արցախեան պատերազմի պատճառով: Այս ձեւակերպումը կարելի էր կարդալ բոլոր լրատուամիջոցներում: Ինչ խօսք, ամօթալի որակում է, բայց փաստ, որի հետ հաշուի չնստել հնարաւոր չէ: Արդարութեան համար պէտք է խոստովանենք, որ այդ տարիներին շատերը հեռացան (փախան)` օտար ափերում բարեկեցիկ, խաղաղ կեանք գտնելու հեռանկարով: Հեռացան նաեւ Արցախից, բայց շատերն էլ, թողնելով իրենց “փափուկ անկողինը“, ամերիկաներից, եւրոպաներից, Միջին Արեւելքի երկրներից, Իրանից, Ռուսաստանից եկան եւ իրենց պապերի կիսատ թողած կռուին տէր կանգնեցին:
“Սերգէյը խելացի, կրթուած երիտասարդ էր: Նա ցուցարարների համար Թարաս Շեվչենքոյի բանաստեղծութիւններն էր անգիր ընթերցել“,- գրել էին ուքրայինական կայքերը:
Այդ նոյն օրը հայ-ազերի սահմանին հերոսաբար զոհուած` Սերգէյի հասակակից Արմէն Յովհաննիսեանի երակներում “պայթում էր“ Դանիէլ Վարուժանի “Ցեղին կանչը“: Արմէնի ծնողները չհեռացան Հայաստանից: Նրա մօր աչքերում, երբ նկարւում էր իր մինուճար արու զաւակի հետ, ազնուացեղի, հերոսուհի մօրը վայել հպարտութիւն կար:
Սերգէյը ծնուել էր Ուքրայինայում, նա փախչող տեսակից չէր, բայց նրա ընտանիքը փախաւ: Եւ ոչ մի տարօրինակ բան չկայ, երբ նրա հայրն ասում է. “Ես ոչ ոքի չեմ մեղադրում: Ես նրան համոզում էի, որ չգնար Մայդան, բայց նա գնաց“: Հետաքրքիր է, եթէ Սերգէյը զոհուէր Հայաստանում, նրա հայրը դարձեա՞լ ոչ ոքի չէր մեղադրի, թէ՞ պահանջներն այլ կը լինէին: Սերգէյը Ուքրայինայում պարզել էր հայկական եռագոյնը, բայց նրա հայրենիքը Ուքրայինան էր: Սերգէյը մի հայրենիք էլ ունէր, որտեղից փախել էին ծնողները:
Արմէնի համար հայրենիքը սկսւում էր այն հատուածից, որի պաշտպանութիւնը նրան էր վստահուել: Անկախ Ուքրայինայի ապագայ կարգավիճակից` Սերգէյը հերոսացաւ` յանուն Ուքրայինայի, իսկ Արմէնը զոհուեց ոչ միայն իր, այլեւ Սերգէյի “խռոված“ հայրենիքի համար, որտեղ թէկուզ կողպուած, բայց կանգուն է նրա հայրական տունը: Սերգէյը Ուքրայինայի քաղաքացի էր, Արմէնը` Հայաստանի: Արմէնի կռիւը ցեղի տեսակը պահպանելու համար էր, Սերգէյինը` “ինտէգրման“: Երկուսն էլ քաջ էին, բայց` տարբեր տիրոյթներում: Երկուսի երակներում էլ հայի արիւն էր հոսում, բայց` տարբեր երանգներով: Երկուսի ծնողներն էլ սգում են, բայց մէկը ոչ ոքի չի մեղադրում, որովհետեւ ինքն այդ երկրում եկուոր է եւ դեռ պէտք է ապրի, իսկ միւսի սիրտը վրէժ է ուզում:
Սերգէյը, ոտքի կանգնած, ձեռքը` սրտին, պատւում էր Ուքրայինայի օրհներգը, իսկ Արմէնը ամէն լուսաբացի զգաստ պատւում էր Հայաստանինը: Իսկ Հայաստանի օրհներգը նաեւ յուշում է, որ`
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտի մեռնի,
Բայց երանի, որ իւր ազգի
Ազատութեան կը զոհուի:
Չեմ կարծում, թէ Սերգէյի ծնողները նրան սովորեցրել էին այս “օրօրոցայինը“: Նա մեր պատմութեան մէջ իր մահով կը մնայ որպէս դասալիք ընտանիքի ողբերգական վերջաբանի կրող, իսկ Արմէն Յովհաննիսեանի շիրիմին սերունդներ կ՛երդուեն, կը դաստիարակուեն նրա հերոսական կերպարով: Երկուսի տարբերութիւնը ինքներդ որոշէք, չէ՞ որ ամենայն տեղ մահը մի է…
ՅԱՐՈՒԹԻՒՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ