ԿԱՐԻՆԷ ԱՂԱՊԱՊԵԱՆ
Երեւան
“Ժողովուրդ Հայոց, գիտցիր, որ սպասման վիճակ է այս: Հաւատա՛, որ պիտի վերադառնաս քո պապերի, արիարանց քաջերի երկիրը: Եկել ենք այստեղ չմնալու համար, եկել ենք վերադառնալու համար… Գիտցի՛ր, հայ ժողովուրդ, որ արժէք ես դու, եւ խօսք ունիս ասելու այս նամարդ աշխարհին“:
ԱՒԵՏԻՍ ԱՀԱՐՈՆԵԱՆ
Շարունակական կորուստները տեսնելով` ափսոսելով, յուզուելով, անցանք Կողբի աղի հանքերի մօտով: Արեւի ճառագայթներից աղի բլուրները փայլատակում էին: Այստեղից են աղ տարել Ռուսաստանի ցարի համար: Հանքն այնքան հարուստ է աղով, որ դեռ չորս հարիւր տարի պիտի բաւարարի Թուրքիոյ ներքին պահանջը: Շուտով հանքերը կ՛օգտագործեն նաեւ բժշկական զբօսաշրջութիւնը զարգացնելու նպատակով: Կողբի հանքերը մինչեւ 1920 պատկանել են Հայաստանին, այնուհետեւ Կարսի պայմանագրով բռնակցուել են Թուրքիոյ:
Անհրապոյր ճանապարհ անցնելով հասանք Անի: Անին գտնւում է Գիւմրիից ընդամէնը 30 քլմ. (18 մղոն) հարաւ-արեւմուտք, Ախուրեան գետի աջ ափին: Հնում գտնուելով Դուին – Տրապիզոն կարեւորագոյն ճանապարհի վրայ Անին արագ թափով զարգացել է: 961-ին Բագրատունիներն իրենց արքունիքը Կարսից փոխադրում են Անի եւ այն հռչակում մայրաքաղաք: Անին առեւտրա-արհեստաւորական մեծահռչակ, շքեղ մայրաքաղաք է եղել մինչեւ 1053: Գլխաւոր մուտքի վրայ վազող յովազի բարձրաքանդակն է, 13-րդ դարի Անիի զինանշանը: Ներս ենք մտնում անցնելով Անիի “Աշոտաշէն“ եւ “Սմբատաշէն“ հողաշէն պարիսպներով: Մեր առջեւ անմարդաբնակ հսկայական տարածք է: Խառնւում են յոյզերը, կարօտը, ցաւը, հիացմունքը, ափսոսանքը: Քայլում ենք Անիի պահպանուած միակ` սալապատ հազարամեայ փողոցով, զգացմունքներն աննկարագրելի են: Անին արհեստագործութեան մեծ կեդրոն է եղել: Զարգացած էր մետաղամշակութիւնը, բրուտագործութիւնը եւ յիսունի հասնող այլ արհեստներ: Յայտնի էին գործուածքները, գորգերը, մետաղեայ իրերը, զէնքերը, խեցեղէնը: Զարգացած է եղել ձէթի արտադրութիւնը: Այն օգտագործել են լուսաւորութեան, սննդի, պաշտպանութեան համար: Անին եղել է նաեւ միջնադարեան Հայաստանի ապակեգործական մեծ կեդրոն: Անին հիացրել է իր նրբակերտ շէնքերով, պաշտպանական պարիսպներով ու աշտարակներով, տասնեակների հասնող եկեղեցիներով, Ախուրեանի վրայի կամուրջներով եւ այլ կառոյցներով:
Կամուրջներից մէկն ունեցել է 31,5 մ. երկարութիւն, երկու կողմում աշտարակաւոր երկաթագամ դռներ եւ տախտակեայ բացուող մասեր: Անին ունեցել է Միջնաբերդ, որի բարձրադիր մասում արքունի ընդարձակ պալատն է եղել: Անիի մեծատաղանդ ճարտարապետներից էր Տրդատը, որ ստեղծել է Անիի Մայր տաճարը, Գագկաշէնը, նա նաեւ Կոնստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա տաճարի գմբէթի վարպետ վերակառուցողն էր: Անեցիները ցանկանում էին ամէն ինչ ներկայացնել գեղեցիկ եւ հմայիչ տեսքով: Հետաքրքրական է, որ Անիի միջնաբերդում գտնուել են 10-11րդ դարերի օրերէն պատրաստուած խողովակներ: Անիում երկարատեւ ուսումնասիրութիւններ են կատարել Նիկողայոս Մառը, նրա մշտական գործընկերներ Թորոս Թորամանեանն ու Մառի աշակերտ Յովսէփ Օրպելին:
Եղել է նաեւ “Ստորգետնեայ Անին“, բնական եւ արհեստական հարիւրաւոր քարանձաւներից բաղկացած թաղամասը` կրկնահարկ, եռահարկ բնակարաններով: Հիւսիսային թեւում է եղել բաղնիքը` 7 սենեակներով, եղել են տաք եւ սառը ջրերի աւազաններ, ջրամատակարարման, ջրահեռացնման եւ տաքացման համակարգերով:
Անմիջապէս աչքի է ընկնում հպարտ կանգնած աւերակների թագուհին, Անիի Մայր Տաճարը, Սուրբ Կաթողիկէն: Նրա հմայքը պարզութեան մէջ է: Տաճարը նուիրուած է Սուրբ Աստուածածնին: Եկեղեցու կառուցումը տեւել է քսան տարի: Սմբատը Տրդատին է յանձնել իր եկեղեցու շինարարութիւնը, բայց հէնց սկզբում էլ մահացել է: Գործի գլուխ է կանգնել նրա յաջորդի` Գագիկ Շահանշահի կինը` Կատրանիդէ թագուհին: Մի աւանդութիւն կայ, թէ իբր եկեղեցու միտքը Կատրանիդէին տուել է երազում յայտնուած հրեշտակը, խոստանալով, որ կառոյցի շինարարութեան ընթացքում չի լքի եւ այնքան ժամանակ կը պահպանի եկեղեցին, մինչեւ արաբները տեսնեն Քրիստոսի գալուստը: Այդ հրեշտակներն էլ պահպանում են տաճարն առ այսօր: Կատրանիդէ թագուհու դամբարանը գտնւում է անմիջապէս տաճարի կողքին: 1319-ին երկրաշարժից փլուել է Մայր տաճարի գմբէթը, որոշ վնասներ էլ հասցրել է 1988-ի երկրաշարժը: Գանձախոյզներն էլ իրենց սեւ գործն են արել:
Սուրբ Գրիգոր (Գագկաշէն) եկեղեցին եռահարկ է եղել, նման Զուարթնոցին: Այստեղ պեղումների ժամանակ գտնուել է Գագիկ Ա.-ի արձանիկը, ձեռքին եկեղեցու մանրակերտը:
Տեսանք վերակառուցուող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որի երեսքարերը յափշտակելուց եկեղեցին կիսով չափ կործանուել է: Ընդհանուր յօրինուածքը այնքան միասնական է եղել, որ անգամ մէջտէղից կիսուելուց յետոյ էլ գմբէթը լիովին չի քանդուել: Սուրբ Փրկիչը Անիի երջանիկ օրերում մեծ հռչակ ստացած Պահլաւունի տոհմի իշխանական յուշարձան էր: Այն կառուցել է Ապլղարիպ Պահլաւունի Մարզպանը 1035-ին: Եկեղեցու վերակառուցման աշխատանքներն իրականացւում էին Համաշխարհային յուշարձանների հիմնադրամի, Կարսի մշակոյթի, զբօսաշրջութեան վարչութեան եւ Ամերիկայի դեսպանատան օժանդակութեամբ:
2009-ին մասնակի վերականգնուել էր Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը (Տիգրան Հոնենցի) եկեղեցին, իսկ վեհարանը չի ամբողջացուել, որպէսզի խաչի տեղադրման խնդիրներ չծագեն: Այն կառուցել է եկեղեցիների բարերար Տիգրան Հոնենցը: Սա զարմանալի գեղեցիկ եկեղեցի
է` ներսից եւ դրսից զարդարուն պատկերաքանդակներով, զարդաքանդակներով: Ներսում Աստուածաշնչեան եւ Հայաստանում քրիստոնէութեան տարածման թեմաներով հարուստ որմնանկարներ են պատկերուած:
1917-ին Նիկողայոս Մառը Փետրոկրատից Թիֆլիս է ուղարկում Անիի հնագիտական հաշուետուութիւնները, օրագրերը, լուսանկարները, որոնք ցաւոք, առաջին համաշխարհային պատերազմի խառնակ ժամանակ ճանապարհին կորչում են:
Հեռւում հպարտ կանգնած էր Սուրբ Գրիգոր Ապուղամրենց եկեղեցին: Այն Մայր տաճարից էլ հին է եւ պահպանել է իր ամբողջականութիւնը: 1918-ին Անին դարձաւ ռազմաբեմ, թուրքերը գրաւեցին այն, յուշարձանների մի մասը վերա
ծեցին աւերակների:
Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցուել է 10-11-րդ դարերում: Սա մի քանդակազարդ հրաշք է, ներսում խճանկարներով զարդարուած գեղեցիկ առաստաղով, նրբագործ խաչքարերով բացառիկ ձեռագործ գեղեցկութիւն:
Երբ հեռանում էինք Անիից, արեւն արդէն մայր էր մտել, իր հետ տանելով օրուայ մեր լուսաւոր տպաւորութիւնները: Անիում դարձեալ իշխում էր կիսալուսինը: Բայց դեռ գալու է մեր արեւածագի ժամը:
Անիից հեռացանք ուշ երեկոյան եւ շարժուեցինք Սարիղամիշ: Հանգրուանեցինք անտառների եզրին գտնուող հիւրանոցում: Ի՜նչ անտառներ, ի՜նչ մաքուր օդ: Այստեղ դահուկարշաւով զբաղուողների համար մարզահամալիր էր: Առաւօտեան մտայ անտառ, գրկեցի, շոյեցի ծառերը: Յիշեցի արձակագիր, հրապարակախօս, լրագրող Մարքօ Ղուկասեանի պատմութիւնը (նրա ծնողներն ու իմ տատը Բասենից են եղել): Մի անգամ Գիւմրիում տեսնում է, որ մի հին կիսավեր տուն են քանդում, որի տանիքի անտառանիւթը բերուած է լինում Սարիղամիշի անտառներից, եւ իր ներսում կուտակուած կորուսեալ հայրենիքի կարօտից դրդուած, խնդրում է բանուորներին, որ մի տաշեղ տան իրեն: Եւ նա, որպէս սուրբ մասունք պահում էր այն: Ցաւօք չհասցրեցի իրեն պատմել իմ տեսած Սարիղամիշի անտառների եւ Բասէնի մասին:
Ուխտագնացներով մէկ անգամ եւ վերադարձանք Կարս, հրաժեշտ տալու հնագոյն մայրաքաղաքին: Այս անգամ` տեսանք այն չարաբաստիկ կառքը, որի մէջ Հոկտեմբեր 13,1921-ին ստորագրուել էր Կարսի պայմանագիրը:
Կարսի պայմանագրով քեմալական Թուրքիան անտրտունջ մարսելով հայերի Ցեղասպանութեամբ ապրած ողջ ողբերգութիւնը, չեղեալ յայտարարել տուեց Սեւրի պայմանագիրը: Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ գծուեց նոր սահման, որն անցնում էր Ախուրեան եւ Արաքս գետերով: Արդիւնքում Թուրքիա անցան Կարսի մարզը գրեթէ ամբողջութեամբ իր Կարս, Սարիղամիշ, Արտահան, Օլթի, Կաղզուան քաղաքներով եւ Անիի աւերակներով (մօտ 18,6 հզ.քլմ.), ինչպէս նաեւ Երեւանի նահանգի Սուրմալուի գաւառը` ներառեալ Արարատ լեռը եւ Իգդիր ու Կողբ քաղաքները (մօտ 5 հազ.քառ.քլմ.): Կարսի պայմանագրով Խորհրդային Հայաստանին պարտադրուեց ընդունել եւ ճանաչել սեփական տարածքների` Կարսի մարզի ու Սուրմալուի գաւառի (մօտ 24 հզ. մառ. քլմ.) եւ Նախիջեւանի երկրամասի (5,5 հզ. մառ. քլմ.) կորուստը:
Այնուհետեւ գնացինք Կարսի հին երկաթու-ղագծի կայարան: Սա այն կայարանն է, որտեղից Կարսի մարզի հայ ժողովուրդը վերջին անգամ հրաժեշտ տուեց սիրելի Կարսին: Մենք էլ հրաժեշտ տուեցինք Կարսին եւ մեկնեցինք Արտահան: Այն գտնւում էր Կուր գետի վերին հոսանքի շրջանում, մի լայնատարած դաշտի արեւելեան ծայրամասում, բարձրաբերձ լեռների ստորոտում: Կուրի ձախ ափին ժայռաբլուրի վրայ էր գտնւում Արտահանի բերդը, մօտ 10մ բարձրութեամբ պարիսպներով: Արտահանում հայերն ունէին երկու եկեղեցի` Սուրբ Աստուածածին եւ Սուրբ Գէորգ անուններով, երկդասեան վարժարան եւ գիմնազիա, սիրողական թատրոն: 1920-ին Արտահանը գրաւուեց թուրքերի կողմից, հայ բնակչութիւնը կոտորուեց, գաղթուեց:
Այսպէս տխուր խոհերով լեցուն մենք վերադարձանք Հայաստան: Բոլորիս սրտերում ցաւ կար, ափսոսանք: Բայց մի փոքր հանգստութիւն, որ մեր աչքերով տեսանք կորուստեալ հայրենիքը, որ այդքան երազում էին տեսնել մեր պապերը:
Ուխտագնացներով միահամուռ որոշեցինք` շարունակել հետաքրքիր ճամբորդութիւնը 2014-ի ամրանը, այս անգամ դէպի պատմական Կիլիկիա: