ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՊԵՏՈՅԻ ԾՆՆԴԵԱՆ ՅԻՍՆԱՄԵԱԿԻ ՆՇՈՒՄ

0 0
Read Time:2 Minute, 53 Second

Bedo

ԵՐԵՒԱՆ.- Յունուար 30-ին, Օփերայի եւ պալէի ազգային ակադեմական թատրոնի սրահին մէջ, նշուեցաւ Արցախի հերոս, արցախեան ազատամարտի հրամանատարներէն Պետօ Ղեւոնդեանի ծննդեան յիսնամեակը: Այս շքեղ հանդիսութեան ընթացքին, խօսք առին Հ.Հ. Պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեան, Պետօ Ղեւոնդեանի եղբայրը եւ Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան: Ստորեւ, կը ներկայացնենք այս յուշատօնին առթիւ Հրանդ Մարգարեանի արտասանած պատգամը.-

ԻՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Այսօր մեր Պետոյի, ընկեր Պետոյի ծննդեան 50 – ամեակն է. իսկ այս տարի նրա մահուան 20-րդ տարելիցն է: Բայց որքան թարմ է մեր յիշողութեան մէջ նա: Մեր յիշողութեան մէջ յաճախ միասին են` Պետոն, Կարօտը եւ Հրաչը:

Այժմ երեքն էլ վերածուել են խորհրդանիշի. գերուած Կարօտը` գերուած Շահումեանի ու Գետաշէնի, դեռեւս պաշտօնապէս հերոսի կոչում չստացած, բայց իրա՛ւ Հերոս Պետոն` յաղթանակած Արցախի, որ իր իրաւական յաղթանակին է սպասում, իսկ Հրաչը` թշնամուն յաղթած, սակայն զոհ դարձած վատին ու ստորին, պետականութեան անարդար պայմաններում ու ազգային ինքնուժը մսխող մեր իրականութեան մէջ:

Նրանց յիշատակը մեզ մօտ վառ է ու առօրուայ, յատկապէս երբ դեռ գերուած է հայկական հողը, երբ դեռ թշնամին նենգ ներկայութիւն է մեր սահմաններին, երբ մեր կեանքում դեռեւս չկայ արդարութիւն, չկայ զօրեղ, կազմակերպուած, արդարամիտ եւ հոգատար հայկական պետականութիւն:

Կարօտը, Պետոն, Հրաչը ու նրանց հետ հազարաւոր մեր ընկերները Արցախի ազատամարտին մասնակցեցին` ժողովրդային պոռթկումը քարերով կռուից հասցնելով Ազգային Ազատագրական Պայքարի մակարդակի: Ինքնապաշտպանական խմբերից մինչեւ փարթիզանական խմբեր եւ մինչեւ հայոց Բանակի ստեղծում ու Արցախի ազատագրում:

Պետոն ներկայ է եղել Արցախի ազտագրական պայքարի բոլոր հանգրուաններում: Նա հենց այնպէս ներկայ չի եղել Արցախի ազատամարտում: Առաջին օրից նա իր զինակից ընկերների հետ ծրագրել, կազմակերպել, իրականացրել եւ ոգի է տուել այդ պայքարին: Անկախ նրանից եղել է շարքային զինուոր, դասակի հրամանատար, թէ գումարտակի փոխ հրամանատար, նա միշտ էլ եղել է մեր բոլորի հրամանատարը, իրակա՛ն հրամանատարը: Իր անմնացորդ նուիրումով, անհատնում էներգիայով, համեստ պահուածքով նա կենդանի օրինակ էր բոլորի համար, մարդ` որ հրամանատարութիւնը չէր պարտադրում ձեւական պահուածքով ու պաշտօնականութեամբ, այլ` իր իսկ օրինակով եւ առանց զգացնել տալու` մղում էր զինուորին իրականացնելու բոլոր հրամանները:

Մեր ընկերները` Պետոյի, Հրաչի, Թաթուլի, Արթուրի, Վարդանի եւ միւս հարիւրաւոր մեր նահատակ ընկերների գլխաւորութեամբ մարտի դուրս եկան, որպէսզի ազատագրեն հայկական հողը, որպէսզի վերջ դնեն հայ ժողովրդի 9-դարեայ անկման ընթացքին, որպէսզի յաղթեն անարդարութեանը, թշնամուն, որպէսզի այլեւս մեզ ոչ ոք ու նաեւ մենք մեզ չընկալենք իբրեւ կոտորուող, գաղթող ժողովուրդ, այլ` մարտնչող մի ժողովուրդ, որ ընդունակ է յաղթելու իրենից շատ աւելի մեծ ուժին, որ կարող է իր հայրենի գիւղերն ու աւանները ազատագրել, կարող է Արաքսն էլ անցնել ու վերջապէս` մի օր իրականութիւն դարձնել Ազատ Անկախ Միացեալ Հայաստանի ազգային երազանքն ու նպատակը:

Մեր կազմակերպութեան ներքին շաղախը ծրագրի, կանոնագրի, արժէքների հետ միասին եղել են մեր նահատակները: Մենք դեռ օրին յայտարարել ենք` մեր գերխնդիրը Արցախն է եւ մենք հաւատարիմ ենք մնացել մեզ, այսօր էլ նոյնն է եւ ոչ մի բան չի կարող պատճառ հանդիսանալ` որ մենք կորցնենք այն ինչ ձեռք ենք բերել մեր ընկերների կեանքի գնով:

Մենք սովորել ենք հայրենիքին ծառայել անմնացորդ նուիրուածութեամբ, մենք ոչ մէկի համար չենք կռուել, այն ինչ արել ենք` արել ենք մեր հայրենիքի ու ժողովրդի համար: Մեր կատարած գործը մեզ արտօնութիւններ չի տալիս, մենք մեր հպարտութիւնը սակարկութեան նիւթ չպէտք է դարձնենք, մենք ապրում ենք մեր ժողովրդի պէս ու նրա հետ միասին պետք է ազատագրուենք բոլոր տեսակի կապանքներից, նրա հետ միասին պէտք է բարելաւենք մեր կեանքը: Թող ոչ ոք, խաղաղ այս պայմաններում, չշեղուի այն բարոյական ուղուց, որ պետոների հետ քայլել ենք միասին, թող ոչ ոք ականջ չկախի հակակուսակցական քարոզչութեանը, հակակուսակցականութիւնը եւս կուսակցականութիւն է: Թող ոչ ոք ազատամարտիկների անունը շահարկելով չփորձի նոր կուսակցականութիւն խաղալ: Այն դրօշը որ մեզ առաջնորդեց Արցախի ազատագրութեան, այդ նոյն դրօշը մեր երկրում հաստատելու է արդարութիւն, ազգային պետականութիւն եւ բարօրութիւն:

Փառք բոլոր նահատակներին

Փառք մեր նահատակ ընկերներին

Փառք Պետոյին:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles