“Բայց ո՞ւր է նաեւ այդ պանթէոնը, ո՞ւր հայկական
աստուածատաճարը, մեր սրբերի հանգրուանը, սերունդների ուխտավայրը…
Դա մեր ամբողջ վատաբախտ հայրենիքն է` ծայրէ ծայր
սերմանուած, պարարտացած հերոսների նշխարներով…“ :
ՄԻՔԱՅԷԼ ՎԱՐԱՆԴԵԱՆ
Իւրաքանչիւր սերունդ նախապատրաստում է իրեն բնորոշ հերոսների ծնունդը եւ գիտակցում ու արժեւորում է նրանց գործողութիւնների այն հանրագումարը, որոնք դիտւում են իբրեւ հերոսութեան եւ հերոսականութեան դրսեւորումներ:
Հակառակ համաշխարհայնացման համահարթեցնող գործառոյթի մասին միակողմանի պատկերացումներին` մեր օրերում եւս իրական հերոսները չեն տարրալուծւում ու անհետանում: Աւելին` երբ արտաքին ու ներքին մարտահրաւէրների մեծացմանը զուգընթաց նուազում է դրանց դիմակայելու հաւաքական կամքը, ազգերն իրենք են զգում վառ անհատականութիւնների ու հերոսների կարիքը:
Անշուշտ, սա չի նշանակում, որ լինելով դարաշրջանի հայելին` ժամանակի հետ միասին հերոսները չեն փոխում իրենց գործառոյթների բնոյթն ու ուղղուածութիւնը, նպատակն ու տարողութիւնը: Աւելի քան ակնյայտ է, որ պատմութիւնը որպէս մեծ մարդկանց ու նրանց մեծ գործերի շարան դիտարկող Թոմաս Կարլայլի` 19-րդ դարին բնորոշ դասական հերոսապաշտութեան մտակաղապարները մեքանիկօրէն չեն կարող տեղափոխուել մեր օրերի բարոյաքաղաքական ըմբռնումների դաշտ:
Դեռեւս ֆաշիզմի ու խորհրդային ամբողջատիրութեան ժամանակներից այս համոզմունքն իր արտացոլումն է գտել Բերտրան Ռասելի, նաեւ մեր հայրենակից Մանուէլ Սարգսեանցի աշխատութիւն-ներում , որոնք, ցնցուած լինելով ֆաշիզմի բերած արհաւիրքներից, զբաղւում էին Թոմաս Կարլայլից “Մինչեւ Նիցշէ ու Հիթլեր“ ձգուող արտաքին-ձեւական զուգահեռների ստեղծմամբ: Բայց դա, ինչպէս ասում են, “պահի արձագանգն“ էր, որովհետեւ այսօր ֆաշիզմն ու խորհրդային ամբողջատիրութիւնը պատմութեան գիրկն են անցել, իսկ հերոսների կարիքը մեր օրերում էլ է զգացւում: Սակայն չպէտք է մոռանալ, որ ժամանակի ընթացքում ռազմապատմական դէմքերի պաշտամունքի կողքին մարդկութիւնը ստեղծել է նաեւ աստուածատուր յատկանիշներով օժտուած հերոս-մարգարէների, հերոս-արուեստագէտների, հերոս-օրէնսդիրների եւ այլ օրինակելի կերպարներ:
Մինչդեռ, արքետիպային հերոսների դերակատարութեան ամբիվալենտութեան (տարարժէքութեան) գիտակցումից դեռեւս հեռու գտնուող հայ հանրոյթի ներսում մինչեւ վերջերս իշխում էր այն պատկերացումը, համաձայն որի` ազգի հերոսը հայրենիքի սահմանների պաշտպանութեան, դրանց ամբողջացման ու ոտնահարուած արդարութեան վերականգնման համար պայքարող անհատականութիւնն է, ով պատրաստ է այդ նպատակների համար զոհաբերել մարդու համար ամենաթանկը` կեանքը:
Բայց վերջին 20 տարիներին` անկախ պետականութեան պայմաններում, երբ Հայաստանի իւրաքանչիւր նոր իշխանութիւն ստեղծեց հերոսների իր “պանթէոնը“, մեզանում ձեւախեղուեց նաեւ այդ պատկերացումը: Ակնյայտ դարձաւ, որ մեր նորագոյն “հերոսների“ իրական գործառոյթը հարստութիւն կորզելն է` Ղարաբաղեան պատերազմի վերյուշի շահարկման միջոցով: Նման քվազի-հերոսների յաղթարշաւը անկախ Հայաստանում հերոսապաշտութիւնը նպատակից վերածեց միջոցի: Ուստի մարտի դաշտում իրենց փառքով պսակած իրական հերոսները լռեցին, քանի որ անելիք չունէին սեփականութեան վերաբաշխման համար “պատերազմում“:
Այս պայմաններում հերոսութեան ու հերոսականութեան մասին հանրային պատկերացումների հոլովոյթը մեզանում եւս սկսեց արագացուած տեմպերով յաղթահարել արեւմտեան մշակոյթի` 19-20-րդ դարերում անցած ուղին: Դրան մեծապէս նպաստեցին նաեւ “արեան մաքրութեան“ եւ հարեւանների հանդէպ գերակայութեան մասին անգրագէտ պատկերացումներով առաջնորդուող կեղծ-նժդեհական “տեսութիւնները“: Մեր նորագոյն “նիցչեները“, յաճախ իրենք էլ դա չգիտակցելով, անցած երկու տասնամեակում արեցին այն, ինչի վրայ որոշ երկրներ միլիառներ են ծախսել` սեփական քաղքենուն համոզելու համար, թէ իբր հերոսների պաշտամունքը “սովորական ֆաշիզմ“ է:
Ղարաբաղեան պատերազմի վերյուշը շահարկողների` սեփական հայրենակիցներին շահագործելու փաստը մեր հասարակութեան ներսում նկատելիօրէն ձեւախեղել է հայ հերոսի աւանդական կերպարը, իսկ Հայոց բանակում որպէս “ազգային գաղափարախօսութիւն“ քարոզուող բիրտ ուժի պաշտամունքի վրայ հիմնուած կեղծ-նժդեհականութիւնը նոյն աւերներն է գործել երիտասարդ սպաների ու զինուորների հոգիներում:
Բայց միթէ՞ մենք հասել ենք ազգային ու սոցիալական խնդիրների լուծման այն հանգրուանին, երբ կարող ենք ապրել ու գոյատեւել նման քվազի-հերոսների պաշտպանութեան ներքոյ: Միթէ՞ մեր հայրենիքն ազատագրուած է արդէն` այդ երկմիասնական խնդրի լուծման արտաքին ու ներքին կշռոյթներով, թէ՞ պարզապէս մեր “յիշողութեան հարթակները“ խճողուել են այնպիսի կերպարներով, որոնք ընկալելի են միայն մեր դարաշրջանի ձեւախեղուած պատկերացումների համատեքստում:
Հարցի պատասխանը գտնելու համար հարկ է գիտակցել, որ հերոսականութեան գաղափարը Երրորդ Հանրապետութեան օրօք անցել է երկու յաջորդական հանգրուաններ. 1990-ականներին, հիմնականում Ղարաբաղեան պատերազմի բովում, ծաւալուել էր հայոց աշխարհընկալման համար աւանդական` քաջ Վարդանի ու խոհեմ Վասակի բանավէճը, որն արտացոլում էր տուեալ դարաշրջանում երկրի քաղաքական կեանքի առանցքային դերակատարների` Հ.Յ.Դ.-ի եւ Հ.Հ.Շ.-ի դիսկուրսը: Սակայն 2000-ականներին` քաղաքական ու գաղափարական իրողութիւնների մենաշնորհայնացման արդիւնքում, այս օրինաչափ բանավէճը ձեւախեղուեց ու արժէզրկուեց եկուոր “վիկինգների“ ու նրանց “պրագմատիկ“ հետեւորդների կողմից: Վերջիններիս թւում էր, թէ իրենք կարող են համադրել Վարդանի հերոսականութիւնը Վասակի խոհեմութեան հետ, մինչդեռ իրականում նրանք ո՛չ Վարդանի քաջութիւնն ունէին եւ ո՛չ էլ Վասակի հեռատեսութիւնը: Պարզապէս պրեժնեւեան “Մալայա զեմլեա“ յօրինուածքին բնորոշ մտակաղապարներով սեփականաշնորհելով պատերազմի յաղթանակները` վերջիններս հիմնաւորապէս ձեւախեղեցին վտանգուած ժողովուրդների համար տիպական` Վարդան-վասակ բանավէճը` այն ծառայեցնելով սոսկ անձնական կարիերայի խնդիրներին: Հերոսականութեան գաղափարի նման արժէզրկումը ճանապարհ բացեց այն ճարպիկ-անսկզբունք տեսակի համար, որը հետաքրքրուած է ոչ թէ որեւէ նպատակով ու տեսլականով, այլ վերջիններիս շահարկման միջոցով հասարակութեանն իր անձի շուրջը համախմբելու հնարաւորութեամբ:
Հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ 2000-ականներին Հայաստանում գերիշխող դիրքեր գրաւած նման քվազի-հերոսը վաղուց յայտնի է հայկական մշակոյթին: Հերոսական կեցուածքների պատրանքն ու պրագմատիզմի իմաստնութիւնը անձնական խնդիրների լուծմանը ծառայեցնող այս տեսակը հարազատօրէն ժառանգել է հանրայայտ Քաջ Նազարի կերպարի ռացիոնալ ընկալումից բխող քաջնազարու-թեան իրական գծերը: Թումանեանի հանճարեղ գրչի տակ անմահացած այդ կերպարի գիտական քննութիւնը վկայում է, որ Քաջ Նազարն այնքան էլ վախկոտ ու յիմար չէր, որքան պատկերացնում էին մեր նախորդ սերունդները: Դա աւանդական հասարակութեանը բնորոշ գիւղական ճարպիկ-յաջողակն էր, ով անխուսափելիօրէն պէտք է “վերակենդանանար“ երկրի քաղաքական կեանքի գաւառականացման հետ միասին: Նման միջավայրերում քաջնազարներին բաժին ընկնող յաջողութեան գաղտնիքն արտացոլում է գոյութեան կռուի այն օրինաչափութիւնը, համաձայն որի` “Ընտրութիւնը կատարեալների, բարձր տիպերի կողմը չէ, այլ միայն աւելի յարմարուողների կողմը“:
Մեր նորագոյն քաջնազարների կենսագրականներն այնքան նման են իրար, որ գրեթէ պատճէնում են մէկը միւսին: Ուստի անձերին “խնայելու“ համար պարզապէս թուարկենք վերջիններիս անցած ճանապարհի ուղենշային իրադարձութիւնները. 1980-ականներին նրանք “ներառուել“ են խորհրդային-ամբողջատիրական, 1990-ականներին` յետխորհրդային-քրէական համակարգերում, 1990-2000-ականների սահմանագլխին ձեռք են գցել ստուերային կապիտալ, իսկ ներկայումս զբաղւում են սեփական կերպարների “եւրավերանորոգմամբ“: Ստացւում է, որ այսօր մեր “կեանքի տէրը“ դարձած քվազի-հերոսը իրականում որեւէ հերոսութիւն չի գործել, բայց Քաջ Նազարին բնորոշ հոտառութամբ միշտ “որսացել է“ պահը եւ “հեծնելով“ երկրում արձանագրուող դժուարութիւնների ու ձեւախեղումների վրայ` ապահովել է սեփական կարիերան: 1980-ականներին, երբ հայ պատանեկութեան ընտրանին ազգային-գաղափարական ոգորումների մէջ էր, այս տեսակն իրեն “առաջարկում էր“ վարկաբեկուած խորհրդային համակարգին, 1990-ականներին, երբ հայ երիտասարդութեան ընտրանին նահատակւում էր Ղարաբաղում, այս տեսակն իր ունեցած խորհրդային լծակներին գումարում էր հետխորհրդային կրիմինալ բիզնեսի հնարաւորութիւնները եւ վերջապէս` երբ պատերազմից նոր դուրս եկած Հայաստանը փորձում էր ոտքի կանգնել, վերջինս ծառայամիտ հոտառութեամբ արդէն լուրջ դերակատարութիւն էր ստանձնել երկիրը նոր գաղութատիրութեան փոսի մէջ գլորելու գործում:
Հարց է առաջանում` ո՞ւր է այստեղ հերոսութիւնը, երբ ակնյայտ է ազգային նպատակը կամ տեսլականը սոսկ անձնական կարիերային ծառայեցնելու եւ հայրենակիցների ու հայրենիքի հանդէպ “փայլուն յաղթանակներ“ արձանագրելու ձգտումը: Չէ՞ որ հերոսու-թիւնը հաւաքական նպատակին անհատականը ստորադասելու կամաւոր բարոյական ընտրութիւնն է, որը գնահատւում է ոչ թէ հերոսի, այլ պատմութեան կողմից:
Սակայն պատմութիւնը եւ նրա գիտական ընկալումը` պատմագիտութիւնը, ռացիոնալ կատեգորիա է այնքանով, որքանով ի վիճակի է հասկանալու ոչ միայն ռացիոնալը, այլեւ իռացիոնալը եւ անգամ պարադոքսայինը: Որովհետեւ իրենք` արքետիպային հերոսներն ի վիճակի են դա անելու միայն այն պարագայում, երբ “… կը լինի պատմութեան աւարտը, երբ վերջում կը լինի յարութիւնը, երբ համաշխարհային պատմութեան գերեզմանոցից կը յառնեն մեռելները եւ իրենց ողջ էութեամբ կ՛ըմբռնեն, թէ ինչո՞ւ են իրենք մոխիր դարձել, ինչո՞ւ են տանջուել կեանքի ընթացքում եւ ինչո՞ւ են արժանի յաւերժութեան…“:
Ու քանի դեռ մեր սերունդը չի կանգնել պատմութեան եւ Աստծոյ առջեւ, մեզանում հերոսի գործառոյթները զաւթել են անզուսպ կերպով “քեֆ անող“ ու աշխարհի վրայ ծիծաղող քաջնազարները: Որովհետեւ հերոսականութիւնը պատմութեան իմաստի յետահայեաց ընկալումն է` նրա տէրերի կողմից: Պատմութեանը տէր կանգնելու հանգրուաններում է, որ կոփւում ու հասունանում են այն անհատականութիւնները, որոնք իրենց հերոսութեամբ փորձում են ներկայում կանխել անցեալի կրկնութիւնը: Ուրեմն` քանի դեռ մեր կեանքի ասպարէզը չեն գրաւել հաւաքական նպատակին անհատականը ենթարկելու բարոյակամային որակների կրողները, իրական հերոսների յարութեան մասին խօսելն աւելորդ է: Աւելին` նրանք իրենց գերեզմաններից այսօր կշտամբում են մեր սերնդին` Հայոց Պատմութեանը տէր կանգնելու քաջութիւն չունենալու համար: Եւ այդ կշտամբանքը լուրջ հիմքեր ունի, որովհետեւ մեզ շրջապատող առօրեականութեան միապաղաղ ընթացքը ժամանակաւորապէս բթացրել է հասարակութեան ինքնապաշտպանական բնազդը:
Սակայն յուսահատուելու կարիք չկայ, որովհետեւ վերջին տարիներին Հայաստանին բաժին ընկնող ներքին ու արտաքին ձախողումները` մի կողմից, “քեֆ անելով“ տարուած քաջնազարների` երկրի ճակատագրի հանդէպ անտարբերութիւնը` երկրորդ կողմից եւ արտաքին մարտահրաւէրների կուտակումը` երրորդ կողմից, գալիս են վկայելու, որ մերօրեայ քվազի-հերոսների` հայրենիքի ու պատմութեան վրայ ծիծաղելու ժամանակը նոյնպէս մօտենում է իր աւարտին: Իր աւարտին է մօտենում նաեւ հասարակութեանը համակած անտարբերութիւնն ու ապատիան: Ուրեմն խնդիրն այն է, որ թոյլ չտանք նման աւարտը վերածելու ազգային նոր ձախողման եւ նոր սուգի: Քաջնազարները կը ծիծաղեն աշխարհի վրայ այնքան ժամանակ, քանի դեռ 21-րդ դարում անգամ կ՛ունենանք աւանդական-պատերնալիստական արժեչափերով առաջնորդուող հասարակութիւն, որը կամաւոր կերպով ասպարէզը յանձնել է իրեն միանգամայն համարժէք “հերոսներին“:
Ուստի իրադարձութիւններից առաջ ընկնելու փոխարէն հոգու մէջ խեղդելով ամօթի զգացողութիւնը` հարկաւոր է գիտակցել, որ մեզանում իրական` արքետիպային հերոսի վերածնունդը համապատասխան պայմանների հասունացման կարիք է զգում: Առարկայական գետնի վրայ այս գործընթացն այսօր առաջ է գնում երկրին սպառնացող ներքին ու արտաքին մարտահրաւէրների մեծացմանը զուգընթաց: Իսկ ենթակայական առումով ներկայումս նախեւառաջ զգացւում է անցեալի ձախողումների կրկնութիւնը բացառելու ահազանգը հնչեցնող եւ սերունդներին դէպի հերոսացման ուղին մղող հերոս-մարգարէների կարիքը: Նրանք են ձեւակերպում ազգի իրական հերոսների նպատակներն ու խնդիրները եւ սերունդների առջեւ վառում յաջողութեան հնարաւորութեան լոյսը, որն ի վիճակի է ճեղքելու ամենաթանձր խաւարը:
Հայաստանում ու նրա շուրջը ծաւալուող գործընթացները յամառօրէն յուշում են, որ հայ հանրոյթը ընդհուպ մօտեցել է իր զարգացման այն հանգրուանին, երբ նրա հոգեմտաւոր դաշտում հաստատուած աղջամուղջի ժամանակաւոր թանձրացումը ակնյայտ է դարձնում լուսաբացի անխուսափելիութիւնը: Նման պայմաններում իրական հերոսների ծնունդն արագացնելու ուղին մարդկային գիտակցութեանը բնորոշ` ժամանակից առաջ անցնելու աստուածատուր հնարաւորութեան օգտագործումն է:
Հերոսականութիւնը Հայաստանում խոր արմատներ ունի. նրանով են ներծծուած մեր հողը, լեռները, լեզուն ու մշակոյթը, ուստի հերոսների նշխարներով պարարտացած նման միջավայրը “մշակող“ սերմնացանների աշխատանքն առաջիկայում հարուստ բերք է խոստանում: Իսկ դրա համար նրանց հարկաւոր են ազգի բարոյակամային որակները խտացնող այնպիսի տիպական կերպարներ, որոնք մեր ժամանակի քվազի-հերոսների բացարձակ հակադրութիւնն են կազմում:
“Վէմ“-ի ներկայ եւ յաջորդ համարում ձեռնարկուող արմատական այլընտրանքի լուսարձակման նման մի փորձ է մեր Նոր պատմութեանը յայտնի հերոս-մարգարէներից մէկի` Սիմոն Զաւարեան անհատականութեան ու զաւարեանականութեան` որպէս երեւոյթի բացայայտմանը նուիրուած ուսումնասիրութիւնների հրապարակումը: