ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
“Արեան այն կաթիլը, որ պահպանել է
հայ ժողովուրդը` արժէքաւոր արիւն է:
Նրանից կը ծնուի հերոսական ժողովուրդ“
Անաթոլ Ֆրանս
Այս գնահատականը օտար մտածող է տուել մեզ եւ մենք բաւարարուել ենք միայն պատեհ ու անպատեհ առիթով այն մէջբերելով, դրանով հպարտանալով:
Երբեք չենք թափանցել մի ամբողջ պատմութիւն ընդգրկող այս տողերի խորքը, երբեք չենք փորձել իրականացնել տարբեր վիճակում մեզ տեսնելու, այս օտար մտածողի ձգտումը, չէ՞ որ գնահատականից պատգամ է ծնւում նաեւ:
Ո՞ւր անհետացաւ այն արժէքաւոր արիւնը, որը տեսել ու զգացել էր մեր մաքառող ժողովրդի մէջ ֆրանսացի այս գրողը: Ի՞նչ պատահեց, որ մեր արժէքաւոր արիւնը, յանկարծ արժեզրկուեց այնքան, որ մենք 98 տարիներ ի վեր չկարողացանք ոչ միայն Ցեղասպանութեան հետեւանքով մեզնից խլուած իրաւունքների պահանջատէրը դառնալ, մեր միլիոնաւոր չարաչար տանջահար եղած անմեղ զոհերի արիւնը արժեւորել, այլ մինչեւ օրս ազգովին, նոյնիսկ մօտաւոր ծրագիր չունենք այդ նպատակի համար:
Տեղին ու անտեղի ամէն անգամ, հայրենի երկրի մտաւորականները մեզ յիշեցնում են, որ այսօրուայ մեր հանրապետութիւնը երրորդն է, որ եթէ չլինէր Սովետական Հայաստանը, չէինք ունենայ նաեւ այսօրուայ Հայաստանը: Մոռանալով, որ առաջին Հանրապետութեան ժամանակ արդէն սկիզբ էր դրուել մեր երկրի գոյութեան եւ աւելին` այդ դժոխային պայմաններում մեր այդ կառավարութեան ծրագիր էր դարձել ազգային կարեւորագոյն` փոխ հատուցման հարցը, որի գործընթացը դադարեցուեց այդ նոյն սովետական կարգերի հաստատմամբ եւ մինչեւ օրս էլ դադարեցուած է եւ որի շնորհիւ ազգային հարցը ջնջուեց: Որ երկրի համար ամենածանր օրերին մեր Դաշնակցական Պետութիւնը լրջօրէն զբաղուել եւ պետական հիմք էր դարձրել այդ հարցը:
Մեր առաջին Հանրապետութեան ժամանակից են պահպանուած շատ փաստաթղթեր, որոնք հաստատում են ոչ միայն մեր դէմ կատարուած Ցեղասպանութիւնը, այլ մեր ունեցուածքի, հարստութեան կողոպուտի փաստաթղթերը եւ արտասահմանեան ո՞ր երկրում, ո՞ր բանկերում են պահւում հայերից խլուած այդ փողերն ու թանկարժէք իրերը:
70թ. կէսերին Մ.Ա.Կ.-ի գլխաւոր քարտուղարի տեղակալի յատուկ օգնական, միջազգային իրաւունքների եւ տարածքային վէճերի կարգաւորման գծով մասնագէտ, Եուրի Բարսեղովը, որը մի շարք գրքեր ու յօդուածներ ունի հրատարակած ժողովրդների իրաւունքների դիւանագիտութեան մասին, հիմնականում մեր Ցեղասպանութեան եւ մեր իրաւունքների պահանջների հարցն է արծարծում: “Հայերի Ցեղասպանութեան Համար Նիւթական Պատասխանատուութեան Մասին“ բրոշիւրում նա մատնանշում է, թէ օրինական հիմքով ինչպէս փոխ հատուցում ստանանք, ինչպէս պաշտպանենք մեր իրաւունքները:
Ամենավայրագ միջոցների կիրառմամբ մենք կորցրել ենք միլիոնաւոր ժողովուրդ, զրկուել հայրենիքից, որի տարածքը ինն անգամ գերազանցում է այսօրուայ մեզ հասածից: Իսկ եթէ հաշուի առնենք նաեւ այն առեւանգուած, բռնի հաւատափոխուած ու զինուորական ծառայութեան մէջ օգտագործուած երիտասարդներին, աքսորի ճանապարհին առեւանգուած ու ստիպողաբար թուրքերի, քուրտերի, արաբների ու չեչենների հետ ամուսնացածներին, որոնց մասին նոր-նոր ենք խօսում եւ որոնց մի մասը կամաց-կամաց դուրս է գալիս իր երկարատեւ տանջալից թաքստոցից ու յայտարարում հայի իր պատկանելիութիւնը, հաշուէք թէ մեր կորուստները որքանի են հասնում եւ մեր այս ձեռնպահ վիճակը մեզ դէպի ո՞ւր է տանում:
Գուցէ մենք էլ մեզ հետ կատարուածին արդէն վերաբերւում ենք, որպէս հեռաւոր դժբախտ իրադարձութիւն, բաւարարուելով միայն Ցեղասպանութեան յիշատակման քայլարշաւներով, հոգեհանգիստներով եւ օտար հիւրերի մի քանի վայրկեան մեր ոգեկոչման ձեռնարկների ելոյթներով:
Որքան էլ այսօր համացանցերը լեցուած են մեր Ցեղասպանութեան նիւթերով, դարձեալ մեր պարտականութիւնն է, որ նոր սերունդին պատրաստենք ամբողջ խորութեամբ ընկալելու մեզ հետ կատարուածը:
1919 Փետրուարին, Գերմանիոյ Արտգործ նախարար` Օտտօ Գոպէրտը, կանխատեսելով մեր Ցեղասպանութեան մէջ իրենց էլ հասնող պատասխանատուութեան հարցը, սարսափով նշել է, որ “Դա ահաւոր մեղադրանք է, որից հարկաւոր է փրկուել թէկուզ ֆինանսական կորուստներով“: Ըստ տոքթ. Լեփսիուսի` 1919թ թուրքերի բռնագրաւած հայկական ունեցուածքի արժէքը գնահատուել է 1000,000000 մարկ.
Իսկ իրենց` Օսմանեան կայսրութիւնում հայերին հասցուած նիւթական վնասի յատուկ յանձնաժողովի գնահատմամբ, այդ արժէքը կազմել է, 3 միլիառ 750 միլիոն տոլար, որը հաստատել է նաեւ ամերիկեան Քոնկրէսը:
Այսպիսով, համաձայն միջազգային գործող օրէնքների, մեր Ցեղասպանութեան նիւթական պատասխանատուութիւնը կրում են նաեւ “այն պետութիւնները որոնք իւրացրել են մեր ժողովրդից կողոպտուած հարստութիւնները“: Ահա թէ ինչու նրանցից ոմանք առաջինը դարձան մեր դէմ կատարուած Ցեղասպանութեան ճանաչողները, իրենց փրկելով մեղսակից լինելու պատասխանատուութիւնից: Բայց արդեօ՞ք նրանց պէտք է ազատել նիւթական պատասխանատուութեան օրէնքից:
Ինչպէս գիտէք, Լոս Անճելըս-ի Վ. Եղիայեան Իրաւաբանական գրասենեակը մի քանի անհատների ունեցած փաստաթղթերով հետապնդում է այդ դատը, բայց դա անհատական բնոյթ է կրում եւ ոչ պետական:
Փրոֆեսոր Վ. Տատրեանը ստուգուած փաստեր ունի թէ որ տարածքում հայերից որքան ոսկի, գորգեր, թանկարժէք իրեր են կողոպտուել: “Հայերի ջարդը կազմակերպիչներից Տիարպէքիրի նահանգապետը, Հալէպ ժամանեց մի գնացքով, որ Պոլիս էր տանում 48 արկղ ոսկերչական իրեր, երկու լիքը սնտուկ ակնեղէն“, սրանք փաստացի պահպանուած տեղեկութիւններ են:
1924թ. Դեկ. 19-ին “Ճումհուրիէթ“ թերթում Էրզրումի նախկին ճեներալ-նահանգապետ Հասան Տաքսինը հարցազրոյցում իր կաշին պատասխանատուութիւնից ազատելու համար յայտնել է, որ իրենց շրջանի հայութեան բանկային բոլոր տիբոզիտները յանձնուել են երկրի ֆինանսական նախարարութեանը, եւ թէ ինչպէս Ճեմալ պէյը եւ բանկի տնօրէն Ճելալ պէյը միասին բանկային այդ հաշիւների կնքած ծրարները տարել են Սթամպուլ եւ յանձնել ֆինանսների նախարարութեան:
“Քանի որ տուեալ անձինք, այս դէպքում ոչ թէ անհատ, այլ միլիոնաւորներ են, որոնք սպաննուած են, նրանց ունեցուածքը, կորուստները, հողային բռնագրաւուած տարածքները ոչ միայն վերադարձուելու է կենդանի մնացած ժողովրդին, այլ փոխհատուցուելու է նաեւ բարոյական վնասը` նիւթեղէն արժէքով“- այսպէս է սկսում իր յօդուածը Բարսեղովը եւ շեշտում, որ խօսքը բաւական պատկառելի գումարների մասին է եւ աւելացնում, որ քչերն են պատկերացնում, թէ ինչպիսի ծաւալների է հասնելու փոխհատուցումը:
Իսկ մենք ոչ միայն լռում ենք, ոչ միայն մի ամբողջ երկրամասի ու ունեցուածքի կորուստ պահանջ ենք դարձնում, այլ փորձեցինք եւ դեռ ուժի մէջ ենք պահում, մեր իրաւունքների զիջումով համաձայնագիր կնքել մեր թշնամու հետ: Մի՞թէ մեր կորուստները եւ հայրենի տարածքը առ ու ծախի ենթակայ է: Բայց բարեբախտաբար, առայժմ Արցախի առկախուած հարցը, նոյն թշնամուն ետ պահեց մեզ համար կործանարար այդ համաձայնութիւնից:
Քանի որ Արցախի հարցը շօշափուեց ուզում եմ նաեւ շեշտել, որ մենք նոյնիսկ չկարողացանք Սումկայիթի, Պաքուի մեր նորօրեայ ջարդերի համար ծպտուն հանել, մեր ժողովրդի այդ հատուածի կորուստների համար նիւթական պահանջ ներկայացնել թշնամուն: Դա էլ 98 տարուայ հեռաւորութիւն չունէր:
Չկարողացանք Արցախի տապալուած, գետնին հաւասարեցրած գիւղերի` թուեմ մէկը, Հադրութի շրջ. Արաքիւլ գիւղը, 500 տուն հիմքից ոչնչացուած, տասնեակներով ճարտարապետական կառոյցներ, հազարաւոր տապանաքարեր, աւերուած ու պղծուած գերեզմանոցներ, որ մէկը յիշատակել, այս ամէնը արժեւորել ու պահանջ դարձնել դեռ մեզնից պահանջ ունեցող թշնամուն:
Մենք յաղթող լինելով հանդերձ, այսօր յայտնուել ենք պաշտպանուողի կարգավիճակում եւ դեռ առ ու ծախի ենք ենթարկում մեր իրաւունքները:
Եթէ մենք իրապէս ազատ անկախ պետականութիւն ունենք, ապա ինչո՞ւ դեռ ժողովուրդը փախչում է իր հողից մոռացած եւ ջարդ եւ պահանջ, երբ զրկուած է հասարակ մարդկային կեցութեան իրաւունքից, երբ ազգային պահանջները մարդկայինի հետ միասին ոտնատակ են արուած, ապա ո՞ւր է այդ պետութիւն կոչուած հաստատութիւնը:
Մենք միշտ թերագնահատել ենք մեր թշնամու դիւանագիտական փայլուն կարողութիւնը եւ միշտ շեշտում ենք, որ եթէ օրինակ մեր թշնամին աւելի բարեկիրթ ու քաղաքական հեռատեսութեամբ օժ- տուած երկիր լինէր, մեր վիճակը այլ կը լինէր: Իսկ մեր թշնամու քայլերը մեզ ստիպում են այլ եզրակացութեան յանգել:
Բերեմ մի մէջբերում Զ. Բալայեանի “Օճախ“ գըրքից: “Գտնուելով Ամասիայի շրջանում ապշում էի մեր կարճատեսութիւնից-գրում է նա: – 50-ական թուականներին այդ շրջանում ունէինք Կարմիրաւան, Գետաշէն, Նորաղբիւր, Սեւաղբիւր գիւղերը: 60-ականներին այդ գիւղերն այլեւս չկային, հայկական հողի վրայից անհետացել էին հայկական գիւղերը, իսկ թուրքերը բնակչութեան 90 տոկոսն էին կազմում: Թուրքիան հիանալի գիտէր այն աշխարհաքաղաքական շահի մասին, որ հետագայում կարող էր տալ այդ շրջանը: Թուրքիայի հետ այդ Սահմանը հարթ, վարած դաշտ էր: Ոչ խոր կիրճով հոսող գետ կայ, ոչ բարձր լեռնաշղթայ` գագաթին դրուած սահմանագծային նշանով“:
Վերջերս լսում էի նախագահ Ս. Սարգսեանի հարցազրոյցը լրագրողների հետ: Երկու ժամ տեւած այդ հարցազրոյցում, ոչ մէկ հարց եղաւ մեր պահանջատիրութեան, մեր ազգային իրաւունքների մասին, այն դէպքում, երբ ոտքի վրայ հապճէպ հարցազրոյց չէր եւ լրագրողները, բոլորն էլ երիտասարդ, կարող էին գոնէ իրենց ապագային վերաբերող հարցադրում դնել, իրենց հետ ազատ հարցազրոյցի նստած նախագահի առջեւ:
Սա մէկ անգամ եւս հաստատում է, թէ մենք որքան անտարբեր ենք մեր ազգային հեռանկարի հանդէպ:
Աւելի ցաւալին այն է, որ մեր նոր սերունդը տեղեակ չէ նոյնիսկ մեր ճշգրիտ սահմաններին: Եթէ նրանց հարցնէք թէկուզ Մեղրու եւ Նախիջեւանի մասին զարմացած ձեր երեսին կը նայեն, կամ առնուազն համացանցին օգնութեան կը կանչեն: Մենք աշխատանք չենք տանում մեր սերունդին մեր հողին եւ մեր ազգային իրաւունքներին կապելու:
Ես արդէն երկար տարիներ շեփորահարում եմ, որ սփիւռքահայութիւնը պիտի միասնական ձայն դառնայ եւ մեր պետութիւնից պահանջի, իր պահանջատիրութիւնը պետական հիմք դարձնել: Որովհետեւ տեղի ժողովուրդը անտարբեր է մեր պահանջատիրութեանը, իսկ մենք չենք կարող ներել եւ զիջել մեր միլիոնաւոր հարազատների զանգուածային վայրագ ոչնչացումը եւ մեր սերունդին պատկանող մեր ունեցուածքի‘ հողային տարածքից սկսած մինչեւ մեր պապենական տների բռագրաւումը:
Թուրքիան իր այսօրուայ ժողովրդով ոչ միայն չի ընդունում, այլ ամբողջովին փորձում է կտրել իրեն իր նախորդ իշխանութիւններից, յայտարարելով, որ սա այլեւս թալէաթի թուրքիան չէ: Եթէ այդպէս է, հապա ինչո՞ւ1943թ այդ ոճրագործի աճիւնը Պեռլինից տեղափոխեցին Ստամպուլ եւ մեծ շուքով թաղեցին Ազատութեան Բլուրում: Հապա ինչո՞ւմինչեւ այսօր յարգանքով յիշատակում են նրա մահուան օրը: Պատկերացնում եմ ինչպէ՞ս պիտի վարուէին հրեաները, եթէ ենթադրենք Գերմանիան նշէր Հիթլըրի մահուան, կամ ծննդեան օրը:
Եւ այսպէս առանց վերլուծելու, մեր մէջ անգամ օրէօր, աւելանում է մեր թշնամուն ներողների թիւը, թուրքերի հետ միասին յայտարարում են, որ այսօրուայ թուրք ժողովուրդը մեղք չունի, որ դա երիտթուրքերի գործն էր: Բայց չէ՞, որ կառավա- րութեան հետ միասին թուրք ժողովուրդը մասնակից դարձաւ մեր կոտորածին եւ այսօր նրանց սերունդը տէր ու տիրական է դարձել իր ծնողների ձեռքով տանջահար սպանուած միլիոնաւորների հողին ու ունեցուածքին:
Համոզուելու համար կարդանք վերապրողների սակաւ յուշագրութիւններից տողեր‘
“Յունիս 2, 1915-ին. Մալալաթիայէն դէպի Տիգրանակերտ ճամբայ հանեցին մեզի: Հօրս կռնակէն տապարով ճեղքեցին մեր աչքերուն առջեւ“:
“Փրոֆ. Լիւլէճեան բանտարկելով զանազան տանջանքներու ենթարկեցին, եղունգները քաշեցին, մեռցնելու աստիճան գանակոծելէ վերջ, գլուխը երկաթէ շրջանակի մը մէջ առած ճզմեցին“:
“Խարբերդէն ելանք 1000 հոգինոց կարաւանով եւ երկու ամիս ճամբորդելէ վերջ Հալէպ հասանք 30 հոգիով, կիսամեռ“:
“Փայտի հարուածներուն կսկիծը եւ բացուած արիւնլուայ վէրքերս կը տանջէին ինծի: Կարծես այդ չէր բաւէր, երբ արտի եզերքը քանի մը թուրք դէմս ելան: Մին ըսաւ‘ ճեղքենք փորը, թերեւս դրամ ելլայ: Մէկ ուրիշը թէ, շատ փոքր է, աղիքները նեղ են, բան մը չկայ հոն, աւելի լաւ է ծեծենք ու ջուրը նետենք, որ սատկի: Ցանկապատէն ձօղեր քաշեցին եւ սկսան ամբողջ ուժով հարուածել: Իմ վէրքերուս վրայ բազմաթիւ վէրքեր աւելցնելէ ետք ինծի ջուրը նետեցին“:
Ի՞նչ էր արել իմ ժողովուրդը, որ այս վայրագութեան ենթարկուեց: Սա դեռ մէկ երկու աննշան մէջբերում է միայն:
Եւ դեռ ասում են թուրք ժողովուրդը մեղաւոր չէ:
“Ուզում էի կանչել Մայրիկ, ու վազել նրա ետեւից, բայց քարացած մնացի իմ տեղում“: Լեւոն-Զաւէն Սիւրմելեանի տողերն են սրանք: Մարդ, որը որքան էլ մեծ յաջողութեան ու ճանաչման հասաւ Ամերիկայում, միեւնոյն է չկարողացաւ իր հոգուց, իր յիշողութիւնից ջնջել, գոնէ խունացնել, աքսորի ելած մօրից, հարազատներից բաժանուելու փոքր երեխայի այդ պահի ապրումները: Այն մինչեւ իր կեանքի վերջը հետապնդեց իրեն:
“Անօթութիւնը եւ թուրքին սարսափը չէին կրնար այնքան խորտակել զիս, որքան տունին կարօտը“ գրող Շաւարշ Նարդունու ապրած տառապանքն է սա:
Ճակատագրի անբացատրելի պատեհութեամբ փրկուած հարիւր հազարաւոր հայ մանուկներ, ինչո՞ւ պիտի ականատես լինէին իրենց հարազատների բարբարոս մահուան, ինչո՞ւ պիտի որբանային ու իրենց ողջ կեանքի ընթացքում կարօտէին իրենց հարազատների շունչով ու հոտով լեցուած տաքուկ տները, ուր իրենց չարաչար սպաննած թշնամու լակոտներն են հասակ առնում:
Եթէ ձեր սրտերում այնքան անտարբերութիւն ունէք մեր միլիոնաւոր անմեղ զոհերի թափած արեան, նրանց դէմ գործուած վայրագութեան հանդէպ, ուրեմն ներեցէք թշնամուն, բայց յիշեք, մեծ մտածող Ա. Ֆրանսի բնութագրումը‘ որ այդ արիւնը արժէքաւոր է, ուրեմն եւ չի կարող անհետեւանք չորանալ ու մոռացուել:
Թուրքը պարտաւոր է հատուցել ե՛ւ այդ թափած արժէքաւոր արեան, ե՛ւ մեզնից խլած իւրաքանչիւր թիզ հողի եւ ունեցուածքի համար, քանզի մենք Պահանջատէր ենք նոյնիսկ հարիւր տարի անց:
Սան Ֆրանսիսքօ