Ատավիզմ բառի արմատը լատիներէն atavi.- նախնիներ արմատն է, որ բառացիօրէն նշանակում է յետագայ սերունդների կառուցուածքում, վաղուց մեռած նախնիների կազմաբնախօսական եւ հոգեկան գծերի ի յայտ գալը: Ատավիզմի դրսեւորում է համարւում օրինակ կոյր աղիքի գոյութիւնը, որը վաղուց մարդու օրկանիզմում որեւէ գործառոյթ չի իրականացնում, սակայն շարունակում է իր գոյութիւնը: Այդպէս կարող է նաեւ մարդկանց վրայ ի յայտ գալ օրինակ աւելորդ մատ, կամ մէկ այլ գոյացութիւն, որի գոյութիւնը ոչ միայն օգտակար չէ այլեւ տհաճ է ու անցանկալի: Մեր խօսակցութեան նիւթը կենսաբանութիւնը չէ, սակայն ատավիզմ բառը սկսում է պտտուել գիտակցութեան մէջ, երբ անդրադառնում ես Հայաստանեան իրականութեան որոշ երեւոյթների:
Անկախութեան ճանապարհի սկզբնաւորման պահից, որոշակի հանգամանքների պայմաններում, մեզանում ձեւաւորուեց մի խաւ, որը թէեւ աչքի չէր ընկնում կրթուածութեամբ, սակայն ընդունակ եւ ճարպիկ էր ձեռներեցութեան ու “փող սարքելու“ գործում: Այս խաւը օժտուած էր նաեւ որոշակի յատկութիւններով, որոնք նրան թոյլ տուեցին դիմանալ ու ոչ առանց յաջողութեան դիմակայել վայրի լիպերալիզմի հաստատմանը, սեփականութեան անվերահսկելի վերաբաշխման գործընթացին եւ տնտեսութեան զարգացման չգրուած, սակայն տիրապետող կանոններին:
Երբ ծառացաւ չգրուած, բայց գործող օրէնքների պայմաններում, սեփական ունեցուածքն ու ծաւալուող “պիզնէս“ը պաշտպանելու խնդիրը, այս խաւն անմիջապէս գլխի ընկաւ, որ բաւական չէ օրուայ իշխանութեանն աջակցելը, անհրաժեշտ է մաս կազմել այդ նոյն իշխանութիւններին: Անմիջականօրէն իշխանութեան հետ լինելու անհրաժեշտութիւնը այս մարդիկ հիմնաւորեցին յատկապէս երկու հանգամանքով` սուղ պիւտճէի պայմաններում կառավարողների տարբեր նախաձեռնումների մէջ նիւթական ներդրումով եւ իշխանական թիմի յաղթանակով` ընտրատարածքներում: Ի դէպ երբ յաճախ գլուխ ենք կոտրում, թէ ինչու այս կամ այն քրէական կենսակերպ ունեցող պաշտօնեան կամ գործարարը այդպէս էլ որեւէ արարքի համար չի պատժւում կամ առնուազն աշխատանքից հեռացւում, ապա արժեւորպէս վարկած նախ եւ առաջ անդրադառնալ հէնց վերը նշուած հանգամանքներին:
Բնականաբար մարդկանց այս խումբը, սեփական խմբակ ստեղծելիս (աշխատակիցներ, ենթականեր, “պիզնէս“ը վերահսկողներ, թիկնապահներ, ընտրութիւններ կազմակերպողներ եւ այլն) իր շուրջ պէտք է համախմբեր հէնց իր տեսակին` այն պարզ պատճառով, որ նմանը զնմանը կը գտանէ:
Եւ պէտք է փաստել, պետականութեան կայացման մօտ երկու տասնամեակի ընթացքում այս խաւն իրեն զգաց ինչպէս ձուկը ջրում: Նա այսօր էլ պատրաստ է կաշուից դուրս գալով ծառայել վերեւներին, միայն թէ չկորցնի դերակատարութիւնը, միայն թէ պահպանուի այն ճահիճը, որի պայմաններում կարողացել է այդպէս փթթել ու ուռճանալ: Կեանքը, սակայն առաջ է գնում եւ այս բնական օրինաչափութիւնը չի կարողացել ու չի կարողանայ կանխել ոչ ոք: Հայաստանի բարձրագոյն պաշտօնեաները, գրեթէ ամէն օր տեղական ու արտերկրեայ բեմերից, հաւաստիացնում են, թէ Հայաստանը հաւատարիմ է ժողովրդավարութեանը, օրէնքի գերիշխանութեանը, եւրոպական արժեհամակարգին եւ այլն: Մէկ բան է, սակայն ասելը եւ այլ բան` անելը: Հայաստանն այսօր բաց է աշխարհի առաջ եւ անհեթեթութիւն է մտածելը, թէ կարելի է մշտապէս անել մէկ բան եւ ներկայացնել մէկ այլ բան: Կարելի է վկայակոչել ընդամէնը երկու փաստ` Վահէ Աւետեանի սպանութիւնը եւ Վարդան Օսկանեանի դէմ հարուցուած քրէական գործը, փաստելու համար, թէ ամէն մի արտառոց իրողութիւն ինչպիսի արձագանգ է ունենում: Քաւ լիցի, մեր հայեացքը հառուած չէ օտարների կողմը եւ մեր ներքին պատասխանատուութիւնները նկատի պէտք է ունենանք հէնց մեր հանրութեան առաջ:
Արձանագրենք, որ նոր ժամանակների վրայ իր իրաւունքն է հաստատում անկախութեան սերունդը, որը խորհրդային բռնապետութիւնը չի տեսել, չի ձեւաւորուել անկախութեան քաոսի տարիներին եւ չի ցանկանում համակերպուել անպատժելիութեան, բիրտ բարքերի հետ, հանդուրժել այն բռի ու յարձակողական խաւի քրէական պահուածքը, որն իր իրաւունքն է փորձում պահպանել ներկայի եւ գալիքի վրայ: Իրականում երեւոյթն աւելի ընդգրկուն է` հրամայականներն աւելի ընդարձակ: Ժողովուրդն իր մեծամասնութեամբ եւ երկիրն իր զարգացման անայլընտրանք հեռանկարով արմատական եւ համակարգային փոփոխութիւններ են պահանջում: Այն ինչի մասին խօսւում է այս նիւթի մէջ, վերջին շրջանում յաճախ է ակնարկւում մեր լրատուամիջոցներով: Այլեւս մարդիկ չեն ցանկանում հանդուրժել խուժանների խուժանութիւնը, չեն ցանկանում հանդուրժել անօրինականութեան անպատժելիութեան, “կոռուպցիա“ի ու թալանի այն դրուածքը, որ առկայ է Հայաստանի Հանրապետութիւնում: Հայ մարդը զզուել է ամենակարող այն գոյութիւններից, որոնք յարիր չեն այս ազգի պատմական հոգեկերտուածքին եւ մեր երկիրը վարկաբեկում են աշխարհի առաջ: Նշուած եւ բացասական այլ երեւոյթների մասին վերջերս ուղղակի եւ բաց խօսեցին երեք երկրների դեսպաններ: Ռուսաստանի դեսպան Վիաչեսլավ Քովալենքոն ասաց. Եթէ մարդիկ հեռանում են Հայաստանից ուրեմն առարկայական պատճառներ ունեն.: “Ոչ ոք հայերին բռնի ուժով Ռուսաստան չի քշում: Եթէ փակենք արտագաղթի դաշնային ծառայութեան ներկայացուցչութիւնները, արտագաղթը չի դադարի“:Դեսպանը խորհուրդ տուեց. “Ինքներդ մտածէք, թէ որոնք են Հայաստանից արտագաղթի պատճառները“:
Այս ասուլիսի յաջորդ օրը, անդրադառնալով Վ. Օսկանեանի հետ կապուած խնդրին, Մ.Ն.-ի դեսպան Ճոն Հեֆըրնն ասաց. “Այս զարգացումը, իմ կարծիքով, վատ է Հայաստանի արդարադատութեան ու ժողովրդավարութեան տեսանկիւնից: Ինչպէս նախկինում արդէն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպէս Հայաստանի օրէնսդրութեան ընտրովի կիրառում: Աւելին` անհանգստացնող է, որ այս դէպքերը տեղի են ունենում ընտրութիւններին նախընթաց“:
Սրանից օրեր անց իր համացանցային “պլոկ“ում հետաքրքրական գրառում էր կատարել Մեծ Բրիտանիոյ դեսպան Քեթրին Լիչը: Տիկին դեսպանը ակնարկում էր Հայաստանում օրինական պիզնեսով զբաղուելու նպատակայարմարութեան եւ դատարանների կողմից այդ “պիզնես“ի պաշտպանութիւնը երաշխաւորելու հարցի մասին: Հայաստանի մարզային դատարանները նա անուանում է “Հնաոճ հաւատաքննութեան համակարգ“, տիկին Լիչը Հայաստանեան արդարադատութիւնը չի համարում անկախ, չի համարում հակա-“կոռուպցիօն“ պատնէշ եւ հակակշռումների ու զսպումների համակարգ: Անհրաժեշտ է նկատում, որ բարձրաստիճան անձանց ֆինանսական միջոցները լինեն թափանցիկ եւ առհասարակ բոլորը օրէնքի առաջ լինեն հաւասար:
Գերպետութիւնների դեսպանները անշուշտ լաւ գիտեն, որ նման արտայայտութիւններով, նրանք անցնում են այլ երկրի ներքին գործերին չմիջամտելու սահմանը: Բայց այդ բանն իրենց թոյլ են տալիս, իսկ այսօրուայ ու վաղուայ իշխանութեան վրայ չի բացառւում, որ փորձեն ճնշում գործադրել…
Ուրեմն եւ երկրի ընդհանուր բարեփոխումը այլընտրանք չունի, իսկ այդ անել հաւանաբար հնարաւոր է նախ կտրելով այն կոյր աղիքը, որը խոչընդոտում է արեան ազատ շրջանառութեանը: Կտրել այն իմաստով, որ առանց բացառութեան բոլորը յայտնուեն օրինական գործունէութեան հաւասար դաշտում: Այլապէս, մարդիկ չեն հաւատում իշխանութեան հռչակած պայքարի անկեղծութեանը, երբ յանկարծ յայտարարւում է, թէ հարկ չվճարելու համար քրէական գործ է յարուցուել մի վարսավիրի դէմ կամ գողութեան համար ձերբակալուել է մէկը, որ սոված երեխաների համար հաց գնելու նպատակով, մի պահեստից պղնձալար է գողացել: Տեղին է յիշել մեծ գրող Պալզաքին, ով բնորոշելով իր ժամանակի Ֆրանսիան ասում էր, թէ նա ով հացի կտոր է գողանում` գող է, իսկ նա ով երկաթուղի է գողանում` գող չէ: Առողջացնել է պէտք հայոց մարմինը եւ իրական անելիքն ակնյայտ է:
Հոկտեմբեր 24, 2012