Մայիսի Խորհուրդն Ու Ժամանակի Մարտահրաւէրը

0 0
Read Time:5 Minute, 22 Second

«Դրօշակ»-ի Առաջնորդող Յօդուած  

Մայիս 2024

Մայիս ամիսը միշտ տօնական տրամադրութեամբ, լաւատեսութեամբ է համակել մեզ, պարուրել է յաղթողի զգացողութեամբ: Հայաստանի անկախացման օրերից սկսած` քառորդ դար ոգեշունչ միջոցառումները յաջորդում էին իրար, յիշում էինք «Աւարայրի» մասին, գալիս հասնում էինք սարդարապատեան երկունքին եւ փառաւորւում էինք` մտածելով, որ այս կամ այն կերպ առնչութիւն ունենք նորօրեայ Աւարայրին ու Սարդարապատին` արցախեան հերոսական յաղթանակին: Ժողովուրդները միշտ կառչած են մնում իրենց պատմական հերոսների ու հերոսականութեան, իրողութիւնների ու առասպելների միֆականացուած արժէքներին:

Մարդկային կեանքը միշտ իմաստաւորւում ու ոգեշնչւում է իրենից վեհ, իրեն առաջնորդող գաղափարներով ու խորհրդանիշներով: Այդ ամէնը մերժելու դէպքում, «սուրբ տեղը» լրացնում են այլ արժէքներ` հակադրելով մարդուն, խորթացնելով եւ թշնամացնելով սեփական ինքնութեան հետ: Սեփական արժէքներն ու խորհրդանիշները մարդուն շաղկապում են իր անցեալի հետ, ուժ ու արժանապատուութիւն են ներշնչում, դարձնում են նրան աւանդականի վերածուած այդ երեւոյթների պահպանման ու շարունակման մէկ շղթան` նախանձախնդիր նախնիների նպատակների ու երազանքների իրականացման հարցում եւ պատրաստ ամէն ինչի` յանուն իր ինքնութեան հիմքերը կազմող նիւթական ու հոգեւոր արժէքների: Այս մտքերը վերացական, փիլիսոփայական դատողութիւններ չեն, այլ` շատ որոշակի ու շօշափելի իրողութիւններ, որոնց մթնոլորտում այսօր ապրում է, եթէ չասենք, այդ «ապուրն է ուտում» հայ ժողովուրդը: Նրա պատմութիւնը, նրա հերոսական անցեալն ու հազարամեակների մաքառման ընթացքը դրուել են հարցականի տակ, մերժուել է նոյն հայ ժողովրդի այսօրուայ առաջնորդների կողմից:

Փորձ է արւում` ապացուցելու, թէ սխալ ճանապարհով են գնացել իրարայաջորդ սերունդները, ընտրել են հակադրութիւնն ու պայքարը` խաղաղութեան ձգտելու փոխարէն: Ի հարկէ, թոյնի պէս ներարկուող այս գաղափարախօսութեան շրջանառումը պատմական ինքնութեան հիմքերը խարխլելուց առաւել` նպատակ ունի արդարացնելու պայքարից, դիմակայութիւնից խուսափելու այսօրուայ ռազմավարութիւնը, ինչը արժեզրկել է պետութիւնը, զրկել է նրան իրական ինքնիշխանութիւնից եւ ուղիղ գծով տանում է դէպի գաղութացում:

Հայաստանի իշխանութիւնը երկիրը նախապատրաստում է դարաւոր հակառակորդին յանձնելուն: Արցախը յանձնելուց, նրանից պաշտօնապէս հրաժարուելուց յետոյ շարունակւում է պարտութիւնների այն շղթան, որի վերջը չի երեւում, իսկ այդ վերջը աւելի շուտ կը դառնայ հէնց Հայաստանի վերջը: Եթէ այդպէս չէ, կարո՞ղ է իշխանութիւնը յայտարարել, որ ինչ-որ գծից այն կողմ ինքն այլեւս ոչինչ չի զիջելու: Այս իշխանութիւնը ցայսօր եթէ ինչ որ բան էլ խոստացել է, ապա միայն այն, թէ արտաքին ուժերը հնարաւոր է մեզ կը պաշտպանեն:

Արցախը վերջնականապէս յանձնելու օրերին երկրի ղեկավարը յայտարարեց, որ արցախահայերին ոչինչ չի սպառնում: Ոստիկանական բռնութեամբ նա տներից հանեց Տաւուշի գիւղացիներին եւ ազրպէյճանցիներին յանձնեց տարածքի անառիկ պաշտպանական դիրքերը, յայտարարեց, որ գիւղ հասած ազրպէյճանցիների հետ կարող են առեւտուր անել, իսկ եթէ չեն ցանկանում նրանց տեսնել, կարող են ծառեր տնկել: Այսպէս շնական, այսպէս սեփական վշտին անհաղորդ կարող է լինել միայն բացայայտօրէն դաւաճանութեան ճանապարհը բռնած ղեկավարը: Այս իշխանութիւնը երբեք չխօսեց այն մասին, որ 2020 թուականի պատերազմի գլխաւոր հովանաւորը Թուրքիան էր` իր գլխաւոր սպայակոյտի, յատուկ զօրամիաւորումների ուղղակի մասնակցութեամբ, զէնքի մեծաքանակ մատակարարմամբ եւ քաղաքական աջակցութեան ապահովմամբ: Հայաստանի պաշտօնեաները 90-ականների սկզբի ՀՀՇ-ականների պէս յայտարարում էին, որ թուրքական վտանգի մասին խօսողները մնում են հարիւր տարի առաջուայ պատկերացումների գերութեան մէջ, նաեւ փորձում էին ստեղծել կիրթ ու խաղաղասէր ազրպէյճանցու կերպար: Իրադարձութիւնների զարգացումը փաստեց միանգամայն հակառակը, եւ դրանով հանդերձ, չփոխուեցին հայ անձնատուականների գաղափարախօսութիւնն ու որդեգրած քաղաքականութիւնը:

Սրա կողքին, քաղաքական ու ռազմավարական դաշնակիցներն ու հաւանական դաշնակիցները մերժւում են, դառնում են իշխող ուժի հակաքարոզչութեան թիրախը: Ռազմական դաշնակցի առջեւ պահանջ է դրուել` լքելու Ազրպէյճանի հետ ողջ սահմանային գօտին, երբ այս իշխանութեան քանդած բանակը ի վիճակի չէ դիմակայելու հնարաւոր յարձակումներին, իսկ ղեկավարութիւնն այդպիսի տրամադրութիւն չունի: Վերջին տարիներին հայ զինուորներից մշտապէս պահանջուել է չպատասխանել ազրպէյճանական սադրանքներին: Ի դէպ, դրա համար էլ պաշտպանութեան նախարար է նշանակուել ապազգայինների խմբակից մէկը, որը անվերապահօրէն կատարում է գերագոյն գլխաւոր հրամանատարի` պարտութեան տանող բոլոր հրամանները:

Մինչ այսօրուայ բախտախնդիրների իշխանութեան գալը Հայաստանի ղեկավարութեանը յաջողուել էր հայ-ազրպէյճանական հակամարտութիւնից հեռու պահել արտաքին ուժերին, իսկ այսօր այս հակամարտութեանը ուղղակիօրէն կողմ են դարձել ե՛ւ Արեւմուտքից, ե՛ւ Արեւելքից բազմաթիւ շահագրգիռ ուժեր, որոնք տարածաշրջանը վերածում են աշխարհակարգային բախման գօտու: Հայաստանի «տարբեր քաշի» իշխանաւորներ իրենց խօսափող լրատուամիջոցների հետ յայտարարում են, թէ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանը վերածել Ուքրանիայի, իսկ իրականում հէնց իրենք ընտրեցին Ուքրանիայի դրածոյ իշխանութեան ճանապարհը եւ յամառօրէն շարունակում են այն, երբ ակնյայտ է, որ Ռուսաստանի դէմ այս երկրին առճակատման տարած ուժերի նպատակը եղել է սոսկ Ռուսաստանի հետ իրենց անուղղակի բախումը, որին պէտք էր զոհաբերուէին Ուքրանիան եւ ուքրանացիները: Ակնյայտ պարտութիւն կրելով ուքրանական ճակատում` տուեալ ուժերի ձգտումն է Ռուսաստանի ազդեցութեան չէզոքացումը Անդրկովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Իր հերթին, Հայաստանի իշխանութիւնը անկամօրէն ստանձնել է այդ դերը` հակադրուելով Ռուսաստանին եւ պատրաստակամութիւն դրսեւորելով մինչեւ վերջ զիջելու ազրպէյճանաթուրքական դաշինքին: Հայաստանի իշխանութեան իրական պայքարը սեփական ժողովրդի դէմ է, որը ձգտում է կանխել Հայաստանի թուրքացումը եւ զոհաբերումը արեւմտեան հեռահար ծրագրերին: Իսկ այս պայքարում Հայաստանի իշխանութեան դաշնակիցը թուրքազրպէյճանցիներն են, որոնք չեն ցանկանում Փաշինեանի եւ միւս դաւաճանների հեռացումը իշխանութիւնից:

Ինքնիշխանութեան եւ ինքնութեան պահպանման համար ազգային ռազմավարութեան վերածուած դարաւոր պայքարը հայութիւնը որդեգրել է առարկայական դրդապատճառներով եւ այն, ըստ էութեան, դարձել է ազգի գոյատեւման միակ երաշխիքը: Չլինէին 30-ամեայ ազգային ազատագրական պայքարն ու 1918-ի հերոսամարտերը` չէր ստեղծուի Հայաստանի Հանրապետութիւնը, եւ չէր լինի այսօրուայ հայոց անկախ պետութիւնը: Հայութիւնը չընդունէր 1990-ականների արցախեան պատերազմի մարտահրաւէրը, չէր լինի Արցախի ազատագրումը եւ մօտ քառորդ դար ձգուած յարաբերական խաղաղութիւնը: Չկարողանալով յաղթել սեփական ինքնութեան պաշտպանութեանը ունակ ժողովրդին` թշնամին նրա ներսում բուծեց իր հինգերորդ շարասիւնը, որը յանձնեց հայկական մէկ պետութիւնը եւ յանձնման է տանում երկրորդին: Այս անգամ հայ ժողովուրդն իր գոյատեւումն ապահովելու համար հարկադրուած է նախ յաղթել դաւաճանութեան ուղին բռնած ներքին թշնամուն: 2024-ի մայիսը նոյնպէս եղաւ պատմական դիմակայութեան ամիս: Ազգային ուժերի ու ժողովրդի ըմբոստացմանը դրածոյ իշխանութիւնը հակադրեց ոստիկանական անդէմ եւ կաշառուած զանգուածին: Ազգային ուժերին չյաջողուեց 2024-ի մայիսին հասնելու արտաքին հովանաւորութիւն վայելող դրածոյ իշխանութեան հեռացմանը, սակայն փաստեց.

Ա) Համաժողովրդական բնոյթ ստացած շարժումը պատրաստ է յամառ ու երկարատեւ ընթացքի,

Բ) Բարոյապէս ու քաղաքականապէս վարկաբեկուած իշխանութիւնը կորցրել է ոտքի տակի հողը, եւ նրա միակ ներքին նեցուկը ուժային կառոյցներն են,

Գ) Ազգային դաւաճանութեան իշխանութեան արտաքին հովանաւորները հասկացան, որ խամաճիկ իշխանութիւնը վարկաբեկուած է, եւ ժողովուրդը մերժում է երկիրը անձնատուութեան տանելու, ազգային արժէքային համակարգը փոխելու, ինքնութիւնը այլասերելու ծրագրերը,

Դ) Մերժուած իշխանութիւնը չի կարող երկար գոյատեւել, իսկ գոյատեւման շրջանում լինելու է ինքնամեկուսացուած, անարդիւնաւէտ ու անկայուն,

Ե) Հայ ժողովուրդը յայտ է ներկայացնում` տարածաշրջանում վերականգնելու հայկական շահերը` որպէս աշխարհաքաղաքական գործօն,

Զ) Ձախողելով հռչակած բոլոր ծրագրերը եւ հակադրուելով անօրինական վարքագիծը մերժող ժողովրդին` Հայաստանի իշխանութիւնը յայտնուել է ոչ օրինականութեան դաշտում եւ նրա նկատմամբ հետագայ հովանաւորութիւնը վարկաբեկում է արտաքին ուժերին եւ միջազգային կառոյցներին, բացայայտում է վերջիններիս հակաժողովրդավարական, կողմնակալ եւ գիշատիչ էութիւնը:

Համաշխարհայնացման գաղափարաքաղաքական վարդապետութիւնը մօտ կէս դար մոլեգնում է աշխարհի վրայ` պետութիւններ ցնցելով, դժբախտութիւններ բերելով միլիոնաւոր մարդկանց: Աշխարհի գերհզօր պետութիւններն այսօր պայքարում են` դիմակայելու այդ աւերիչ հոսանքին:

Այո՛, հայ ժողովուրդը նոյնպէս դարձաւ այդ յարձակման թիրախը, իր ներսի դաւաճանների միջնորդութեամբ ենթարկուեց նոր ցեղասպանութեան եւ կորցրեց Արցախի Հանրապետութիւնը: Հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցութիւնը կրող մեծամասնութիւնը, սակայն, ոտքի է ելել` փաստելու, որ մեռած չէ, չի կորցրել արժանապատուութիւնը եւ եւս մէկ անգամ կարող է փրկել ինքն իրեն ու իր պետութիւնը: Մայիսեան օրերը կրկին յիշեցրին մեր յաղթանակների, անելանելի թուացող պայմաններում ելքը գտնելու մեր կարողութեան մասին: Յաղթողի տրամաբանութիւնը հայկական ովկիանոսի մէջ սկսում է խեղդել անարժանապատիւ եւ ծախու ստրուկին:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles