Ծ․Խ․- Ստորեւ, թարգմանաբար (արեւելահայերէն – news.am կայքէջ) լոյս կ՛ընծայենք, այս հետաքրքրական ուսումնասիրութիւն-վերլուծումը , փաստաբան եւ տարիներ շարունակ Carter Foundation-ի ծառայած տոքթ․ Հրայր Պալեանի կողմէ, հրատարակուած` Modern Diplomacy-ին մէջ։
Ատրպէյճան
Ատրպէյճանի ժառանգական բռնապետ-նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա աւագ օգնականները քրէական պատասխանատուութիւն են կրում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ միջազգային իրաւունքի խախտման համար, ներառեալ` ռազմական յանցագործութիւնները, մարդկութեան դէմ յանցագործութիւնները, ցեղային զտումները եւ ցեղասպանութիւնը: Աւելի՛ն. Ատրպէյճանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրութեան 2-րդ յօդուածը, որն արգելում է ուժի սպառնալիքը կամ կիրառումը վէճերը լուծելիս, յատկապէս երբ բանակցութիւնները շարունակւում էին Արեւմուտքի եւ Ռուսաստանի առանձին միջնորդութեամբ:
2023 թուականի Օգոստոսին Միջազգային քրէական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենօ Օքամփոն եզրակացրեց, որ Լաչինի միջանցքի շրջափակումը եւ Լեռնային Ղարաբաղի եօթերորդ ամիսը շարունակուող պաշարումը «պէտք է ցեղասպանութիւն համարուեն` համաձայն Ցեղասպանութեան համաձայնագիրի 2-րդ յօդուածի «c» կէտի. «Մի խմբի համար միտումնաւոր այնպիսի կենսապայմաններ ստեղծելը, որոնք հաշուարկուած են դրա ֆիզիքական ոչնչացման համար»: Նա յաւելել է, որ դա ցեղասպանութիւն է սովի միջոցով: Լեմքինի ցեղասպանութեան հիմնարկը պաշտպանել է Օքամփոյի եզրակացութիւնը, ինչպէս եւ` այլ ցեղասպանագէտներ:
Թէեւ «ցեղային զտումները», միջազգային իրաւունքի համաձայն, ճանաչուած չէ որպէս յստակ յանցագործութիւն, այդ եզրը ճանաչուել է Եուկոսլաւիոյ համար միջազգային քրէական ատեանի (ICTY) որոշումներում եւ նկարագրուել է որպէս «միտումնաւոր քաղաքականութիւն, որը մշակուել է մէկ ցեղային կամ կրօնական խմբի կողմից ուժով եւ ահաբեկչական մեթոտների կիրառմամբ այլ ցեղային կամ կրօնական խմբի խաղաղ բնակչութեան դէմ որոշակի աշխարհագրական տարածքներից հեռացնելը»: Նման արարքները յանցագործութիւն են մարդկութեան դէմ եւ կարող են նաեւ ընդգրկուել ցեղասպանութեան սահմանման մէջ:
Բացի այդ` ցեղային զտումները նշւում են 2005 թուականին ՄԱԿ-ի Գլխաւոր ժողովի կողմից ընդունուած «Պաշտպանելու պատասխանատուութիւն» սկզբունքում, որտեղ ասւում է, որ երկրները պարտաւոր են պաշտպանել իրենց բնակչութեանը «ցեղասպանութիւնից, մարդկութեան դէմ յանցագործութիւններից, ցեղային զտումներից եւ ռազմական յանցագործութիւններից»:
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը վաւերացրեց ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրութիւնը: Այնուամենայնիւ, «Հայաստանը կարող է անյապաղ յատուկ յայտարարութիւն ներկայացնել` համաձայն 12-րդ յօդուածի 3-րդ կէտի, որով դատարանը իրաւասութիւն է շնորհում Լեռնային Ղարաբաղից հայկական տարածք բնիկ հայերի բռնի տեղահանմանը»: Չնայած Ատրպէյճանը չի վաւերացրել Հռոմի կանոնադրութիւնը, յօդուած 12(3)-ը կարող է Ալիեւին եւ Ատրպէյճանի այլ պաշտօնեաներին ենթարկել ՄՔԴ իրաւասութեանը:
Հայաստան
Հայաստանի կառավարութիւնը` վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, Լեռնային Ղարաբաղի կորստի համար առաջնային քաղաքական պատասխանատուութիւն է կրում: 2022 թուականի սեպտեմբերին Փաշինեանը ճանաչեց Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը եւ ընդունեց, որ Լեռնային Ղարաբաղն Ատրպէյճանի մաս է` պայմանով, որ անքլաւի (միջերկիր, կղզիացած տարածք) հայերի «իրաւունքներն ու անվտանգութիւնը» կարող են երաշխաւորուել Ատրպէյճանի ինքնիշխանութեան ներքոյ:
Թէեւ Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան ճանաչումն անխուսափելի է` հաշուի առնելով երկու երկրների միջեւ սահմանի սահմանումը, Փաշինեանի կողմից Լեռնային Ղարաբաղի Ատրպէյճանի մաս լինելու ճանաչումն անհատոյց զիջում է, որն առաջարկւում է առանց անքլաւի իշխանութիւնների հետ համաձայնութեան կամ խորհրդակցութեան:
Փաշինեանի զիջումը, որը բազմիցս վերահաստատուել է 2023 թուականին, փակեց միջազգային աջակցութեան դուռը` շարունակելու տէ ֆաքթօ (իրողական) անկախութիւնը եւ ապագայում Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը տէ ժիւրէ (իրաւականօրէն) ճանաչելը:
Որպէս փոփիւլիսթ (ամբոխահաճ) առաջնորդ` Փաշինեանը, հաւանաբար, արձագանգեց հայ բնակչութեան մի մասի ցանկութիւններին, որոնք յոգնած էին Ատրպէյճանի հետ տասնամեակների պատերազմից: Այս ցանկութիւնները համընկել են ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի նախապատուութիւնների հետ` արագ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը:
Անցած տարուայ ընթացքում Փաշինեանը վերակողմնորոշել է Հայաստանի անվտանգութեան հովանոցը Ռուսաստանից դէպի Արեւմուտք` միամտօրէն յոյս ունենալով Ատրպէյճանի հետ շարունակուող բանակցութիւններում ստանալ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի աջակցութիւնը: Ի վերջոյ, Փաշինեանն իր վերակողմնորոշմամբ եւ զիջումներով այլ բան չունէր ցոյց տալու, քան մտահոգութեան, դատապարտման ու կարեկցանքի անատամ արտայայտութիւնները: ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն աջակցել են հակամարտութեան վերաբերեալ Ատրպէյճանի դիրքորոշմանը` նրա տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու քողի տակ: Փաշինեանի կրաւորական պատասխանը բացեց Ալիեւի ախորժակը եւ նրա զգալի ռազմական զինանոցը շրջեց Հայաստանի դէմ` պահանջելով երկրի հարաւային Զանգեզուրի կամ Սիւնիքի շրջանի մի մասը, որը Ալիեւը կեղծ կերպով անուանում է «Արեւմտեան Ատրպէյճան»:
Այս ֆիասքոյի (ձախողութեան) պատասխանատուութիւնը կրում է նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարութիւնը: Միացեալ Նահանգները, Ֆրանսան եւ Ռուսաստանը միասին` ԵԱՀԿ Մինսքի խմբի միջոցով, առաջ քաշեցին համապարփակ առաջարկներ, ներառեալ Մադրիդեան սկզբունքները 2008 թուականին` անորոշ ժամանակով երկարացնելու անքլաւի փաստացի անկախ կարգավիճակը եւ, ի վերջոյ, հանրաքուէի միջոցով ճանաչելու նրա ինքնորոշման իրաւունքը: Լեռնային Ղարաբաղի իշխանութիւններն անզգուշ կերպով մերժեցին առաջարկը, քանի որ այն պահանջում էր վերադարձնել անքլաւի շրջակայքի տարածքները, որոնք ժամանակաւորապէս գրաւուած էին 1994 թուականին` որպէս անվտանգութեան պուֆեր (արգելակ): Բաց թողնուեցին նաեւ այլ հնարաւորութիւններ:
2020 թուականի պարտութիւնից յետոյ ստեղծագործական փոխզիջումները կարող էին օգնել խուսափել Լեռնային Ղարաբաղի ամբողջական կորստից: Թերեւս, լիակատար անկախութեան փոխարէն, Լեռնային Ղարաբաղի որոշակի մակարդակի ինքնավարութիւնը կարող էր երաշխաւորել նրա բնակիչների իրաւունքները եւ անվտանգութիւնը` իրենց ընտրած իշխանութիւնների վերահսկողութեան ներքոյ` ի վերջոյ ճանաչելով Ատրպէյճանի տէ ժիւրէ ինքնիշխանութիւնը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, բայց պահպանելով անքլաւի տէֆաքթօ ինքնորոշումը:
Ընդհանուր առմամբ, ԼՂ հակամարտութեան կողմերի մէջ փոխզիջումը գալիս է թուլութեան հետ: Ըստ այդմ, այս կամ այն կողմը տարբեր կէտերում մերժել է ԵԱՀԿ Մինսքի խմբի առաջարկները: Այսպիսով, ցանկացած փոխզիջում ընդունելու Ատրպէյճանի պատրաստակամութիւնը կասկածելի էր: Փոխարէնը` Ատրպէյճանն իր նաւթատոլարային եկամուտները ծախսեց Թուրքիայից, Իսրայէլից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Եւրոպայից գնուած զէնք կուտակելու վրայ եւ պատրաստուեց այն օրուան, երբ կարող էր ուժով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնն իր օգտին: Այնուամենայնիւ, երբ բռնի հակամարտութիւնների սթաթիւս քուոն (հաստատուած իրավիճակը) անկայուն է, ստեղծագործական փոխզիջումների խթանումը կարող է անսպասելի դռներ բացել հակամարտութիւնների կարգաւորման հեռանկարային ջանքերում:
Արեւմուտք
Անցեալ տարի ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն համատեղ, իսկ Ռուսաստանը` առանձին-առանձին միջնորդեցին Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ խաղաղ բանակցութիւններում: Արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացուել են մէկ տասնեակից աւելի գագաթնաժողովներ ու բանակցութիւններ: Լեռնային Ղարաբաղի ղեկավարութիւնը դուրս է մնացել այդ բանակցութիւններից: ԵՄ հովանու ներքոյ հայ-Ատրպէյճանական վերջին գագաթնաժողովը պէտք է կայանար հոկտեմբերի 5-ին Կրանատայում (Սպանիա), սակայն Ալիեւը հրաժարուեց մասնակցել:
Մինչ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի լաւատեսներն ակնկալում էին, որ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ խաղաղութեան համաձայնագիրը կը կնքուի մինչեւ տարեվերջ, Ատրպէյճանի ագրեսիան յարձակումը Լեռնային Ղարաբաղի դէմ եւ անքլաւի հայերի ցեղային զտումները ջնջեցին նման վարդագոյն կանխատեսումները:
Պատերազմի պատճառով Եւրոպա կազի մատակարարման հարցում Ատրպէյճանի դերի մեծացմանը զուգընթաց, Ուքրանիան, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը ցանկանում էին արագ լուծում տալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին` կոչ անելով վերահամարկել անքլաւն Ատրպէյճանին` իր հայ բնակիչների համար «իրաւունքների եւ անվտանգութեան երաշխիքներով»: Այնուամենայնիւ, հայերի վերահամարկման համար Ատրպէյճանն առաջարկում էր միայն քաղաքացիութեան իրաւունքներ` համաձայն երկրի թերի սահմանադրութեան, որը չէր կարող երաշխաւորել անհատների կամ փոքրամասնութիւնների իրաւունքները: Հաշուի առնելով Ատրպէյճանում տասնամեակների կատաղի հակամարտութիւնը եւ կատաղի հայատեացութիւնը, առանց յուսալի երաշխիքների, հայերը վախենում էին իրենց կեանքի համար: Միջնորդները խուլ էին այս իրողութեան նկատմամբ:
Քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դուրս է բանակցային օրակարգից, միջնորդները կարող են կենտրոնանալ Հայաստան-Ատրպէյճան սահմանի սահմանազատման եւ հաղորդակցական կապերի վրայ, այդ թւում` Ատրպէյճանի կողմից աջակցուող Թուրքիայի կողմից հայկական Սիւնիքով իր վերահսկողութեան տակ գտնուող «միջանցք» ստեղծելու պահանջի վրայ: Ատրպէյճանի վերջին պահանջը հիմնուած է 2020 թուականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ատրպէյճանի կողմից ստորագրուած հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի վրայ: 9-րդ կէտը նախատեսում է «հաղորդակցական կապեր Ատրպէյճանի արեւմտեան շրջանների… Ատրպէյճանի եւ (Նախիջեւանի)… մարդկանց, հաղորդակցական միջոցների եւ ապրանքների անարգել տեղաշարժի համար երկու ուղղութիւններով»: Քանի որ եռակողմ համաձայնագրի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղում բոլոր ռազմական գործողութիւնների դադարեցումն էր (կէտ 1), սեպտեմբերի 19-ին Ատրպէյճանի կողմից լայնածաւալ պատերազմի վերսկսումը խախտեց եւ ամբողջութեամբ չեղեալ յայտարարեց պայմանագիրը: Հետեւաբար Ատրպէյճանն օրինական իրաւունք չունի պահանջելու հայկական տարածքով անցում կատարել: Այնուամենայնիւ, հաշուի առնելով Հարաւային Կովկասում հաղորդակցական կապերի ռազմավարական նշանակութիւնը, կողմերի միջեւ բանակցութիւնների միջոցով կարելի է ձեռք բերել փոխշահաւէտ համաձայնութիւն:
Ցաւօք, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն նախընտրել են աջակցել Ատրպէյճանի կողմից տարածքային ամբողջականութեանն ու ինքնորոշմանը վերաբերող միջազգային օրէնքների մեկնաբանութեանը: ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ միւսները հաշուի են առել միջազգային իրաւունքի եղափոխութիւնը, (այստեղ` հոլովոյթը) Քոսովոյի, Արեւելեան Թիմորի եւ այլ դէպքերի վերջին գործերում` կողմ լինելով ուղղիչ ինքնորոշմանը, երբ խախտուել են այդ երկրների հատուածների հիմնարար իրաւունքները: Հաշուի առնելով Արեւմուտքի աճող կախուածութիւնը Ատրպէյճանի բարի կամքից` մեծացնելու կազի մատակարարումները Եւրոպա, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն խախտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնում անկողմնակալութեան իրենց յանձնառութիւնը:
Նրանք պաշտպանեցին Ատրպէյճանի անվերապահ տարածքային ամբողջականութեան մեկնաբանութիւնը` ըստ էութեան հանդէս գալով որպէս վերջինիս փաստաբաններ:
Երբ սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչութիւնը Հայաստանի ճանապարհին էր, ԱՄՆ-ի եւ եւրոպացի պաշտօնեաները ժամանեցին Հայաստան` դատարկ մտահոգութիւն, վիշտ եւ կարեկցանք յայտնելու եւ չնչին մարդասիրական օգնութիւն նուիրաբերելու համար: ԱՄՆ-ն եւ Եւրոպան, էլ չեմ խօսում Ռուսաստանի մասին, իշխանութիւն տուեցին Ալիեւին այն բանից յետոյ, երբ չկարողացան պատժամիջոցներ կիրառել Ատրպէյճանի կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դէմ նախկին խախտումների համար: Ալիեւին թոյլ տրուեց խուսափել պատասխանատուութիւնից` «կարողութիւնը ճիշդ է անում» սկզբունքով, հասկացնելով, որ դա կարող է աւելի կարեւոր լինել, քան` միջազգային օրէնքները, եւ որ` եթէ մէկը ցանկանում է խաղաղութիւն, ապա պէտք է պատրաստուի պատերազմի:
2022 թուականի Փետրուարից Ռուսաստանը զբաղուած է Ուքրանիայի պատերազմով, եւ նրա աշխարհաքաղաքական շահերի շրջանակը Հարաւային Կովկասում զգալիօրէն նեղացել է: Զգալով դա` Ատրպէյճանը բազմիցս փորձարկել է Հայաստանի ռազմական պաշտպանութիւնը եւ Ռուսաստանի հնարաւոր արձագանգը 2020 թուականի եռակողմ համաձայնագրի խախտումներին: Լաչինի միջանցքի շրջափակումը եւ Ատրպէյճանի կողմից կրկնուող յարձակումը Լեռնային Ղարաբաղի շուրջ հայկական դիրքերի, ինչպէս նաեւ հայ-Ատրպէյճանական սահմանի երկայնքով մնացին անհերքելի: Ատրպէյճանի եւ Ռուսաստանի ու Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ զարգացող գործարար յարաբերութիւնները, անկասկած, նոյնպէս նպաստեցին Ռուսաստանի ամենաթողութեան պահուածքին, ինչը դրդեց Ատրպէյճանին շարունակել սեպտեմբերի 19-ի յարձակումը Լեռնային Ղարաբաղի դէմ: Ռուսաստանը չարձագանգեց նոյնիսկ այն ժամանակ, երբ Ատրպէյճանի կողմից յարձակման առաջին ժամերին գնդակոծութեան արդիւնքում զոհուեց նրա խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալը:
Աւելի՛ն. 2018 թուականին Հայաստանում տեղի ունեցած «գունաւոր յեղափոխութիւնից» եւ Փաշինեանի վարչապետ ընտրուելուց յետոյ նախագահ Փութինն անվստահութիւն յայտնեց ժողովրդական ընդվզման արդիւնքում վարչապետ դարձած լրագրողին: Վերջերս Փաշինեանի գործողութիւնները Մոսկուայում մեկնաբանուեցին որպէս հակառուսական, այդ թւում` Հայաստանում աննախադէպ համատեղ զօրավարժութիւնները` ներգրաւելով ամերիկեան փոքրաթիւ զօրամասի, Փաշինեանի կնոջ այցը Քիեւ եւ Հայաստանի կողմից ՄՔԴի կանոնադրութեան վաւերացումը սեպտեմբերին:
Փաշինեանի կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մերժումից յետոյ նախագահ Փութինն ասաց, որ եթէ Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղը տալ Ատրպէյճանին, ապա Ռուսաստանն այլեւս պէտք չէ քարոզի անքլաւի ինքնորոշումը: Այնուհետ Փութինը կոչ արեց Լեռնային Ղարաբաղն համարկել Ատրպէյճանին: Այսպիսով, Ռուսաստանը շարժուեց աջակցելու Ատրպէյճանին` Լեռնային Ղարաբաղը հնազանդեցնելու ձգտումներում, այլ ոչ թէ` պահպանել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերեալ իր նախկինում ոչ միանշանակ դիրքորոշումը, որը նպաստում էր Հարաւային Կովկասում ռուսական ներկայութեան շարունակմանը:
Բացի Լեռնային Ղարաբաղի վրայ ազդեցութիւնից, Ռուսաստանի զայրոյթը, հաւանաբար, աղէտալի հետեւանքներ կ՛ունենայ Հայաստանի տնտեսութեան համար: Հայաստանի տնտեսութեան կարեւոր յենասիւները, այդ թւում` երկրի ուժանիւթի հզօրութեան 90%-ը, վերահսկւում են ռուսական շահերի կողմից: Հայկական գիւղմթերքի արտահանումը Ռուսաստան արդէն իսկ սահմանափակումների է բախւում. Հայաստանի արտահանման մօտ 40%-ը ուղղւում է Ռուսաստան: Բացի այդ` Ռուսաստանում աշխատող հայերի մի զգալի մասը 2022 թուականին Հայաստան է ուղարկել 3,6 միլիառ տոլարի անձնական դրամական փոխանցումներ իրենց ընտանիքներին: Ի վերջոյ, Ռուսաստանը կարող է փորձել «վերականգնել իր ազդեցութիւնը Հայաստանի վրայ` Փաշինեանին համախոհներով փոխարինելով…»:
Ի՞նչ կարելի Է անել հիմա
Առաջին հերթին պէտք է բաւարարուեն Հայաստանի անմիջական մարդասիրական կարիքները: 100.000 փախստականներ կարիք ունեն` ապաստանի, սննդի, առողջապահական խնամքի, վերապատրաստման եւ էմոցիոնալ զգացական աջակցութեան` արժանապատուութիւնը պահպանելու համար: Նրանք պէտք է պիտակուեն որպէս «փախստականներ», իսկ ՄԱԿ ՓԳՅ-ն պէտք է շտապ օգնութիւն ցուցաբերի: Հայաստանի կառավարութեան կողմից ցուցաբերուող օգնութիւնը բաւարար չէ: Միջազգային հանրութիւնը պարտաւոր է ապահովել այդ փախստականների պաշտպանութիւնն ու խնամքը:
Բացի այդ` անհրաժեշտ է պահպանել փախստականների` Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրաւունքը: Սակայն Ատրպէյճանի դատարկ հռետորաբանութիւնը եւ հայերի վերադարձի համար առաջարկուող նուազագոյն պայմանները բաւարար չեն: Որոշակի միջոցներ պէտք է ձեռնարկուեն` ապահովելու համար, որ հայերը կարողանան օգտուել իմաստալից ինքնավարութիւնից եւ փոքրամասնութիւնների իրաւունքներից` միջազգային վերահսկողութեան եւ պաշտպանութեան ներքոյ: Աւելի՛ն. միջազգային հանրութիւնը պարտաւոր է ապահովել, որ տները, որոնք լքել են այդ փախստականները, եւ նրանց ունեցուածքը չաւերուեն, բռնագրաւուեն, թալանուեն կամ այլ կերպ չվնասուեն:
Ատրպէյճանի կողմից հետախուզւում է Լեռնային Ղարաբաղի շուրջ 300 ղեկավար` անքլաւում երեք պատերազմների ընթացքում կատարուած ռազմական յանցագործութիւնների կասկածանքով: Ոմանք արդէն պատանդ են վերցրել, տեսախցիկների առաջ նուաստացրել ու ուղարկել Պաքուի բանտեր: Բերման ենթարկուածների թւում են բարերար, անքլաւի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը, նախկին նախագահներ Արայիկ Յարութիւնեանը, Բակօ Սահակեանը եւ Արկադի Ղուկասեանը, նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը, պաշտպանութեան նախկին նախարար Լեւոն Մնացականեանը եւ ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանը: Միւս առաջնորդների գտնուելու վայրը յայտնի չէ:
Այս առաջնորդները պէտք է անյապաղ ազատ արձակուեն` առնուազն որպէս վստահութեան ամրապնդման միջոց: Միջազգային հանրութիւնը, մասնաւորապէս` ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն, պարտաւոր են ճնշում գործադրել Ատրպէյճանի վրայ` նրանց անյապաղ ազատ արձակելու համար: Բացի այդ` սեպտեմբերեան կարճատեւ մարտերի ժամանակ Ատրպէյճանի կողմից կալանաւորուել են հայ ռազմագերիներ: Ատրպէյճանում 2020 թուականի պատերազմից յետոյ անյայտ թուով ռազմագերիներ շարունակում են մնալ կալանքի տակ: Այժմ, երբ պատերազմն աւարտուած է, ռազմագերիները պէտք է անյապաղ ազատ արձակուեն` Ժընեւի հռչակագրերի համաձայն: Լեռնային Ղարաբաղում մնացած «50-ից 1000» հայերը` հիմնականում տարեցներ, հիւանդներ եւ վիրաւորներ, պէտք է պաշտպանուած լինեն` անքլաւ ուղարկելով միջազգային մարդու իրաւունքների դիտորդներին եւ լրագրողներին: Այս դիտորդներին պէտք է թոյլ տրուի այցելել անքլաւի հեռաւոր շրջաններ, որտեղ զանգուածային ջարդերի եւ զանգուածային գերեզմանների մասին լուրեր են տարածուել, նախքան որեւէ ապացոյց ոչնչացուելը:
Հզօր դիտորդական առաքելութիւն, որն աւելի մեծ է, քան` ԵՄ ներկայիս առաքելութիւնը, պէտք է շտապ տեղակայուի հայ-Ատրպէյճանական սահմանի երկայնքով, որպէսզի թոյլ չտայ Ատրպէյճանին յարձակուել հարաւային Հայաստանի վրայ` ինքնիշխան Հայաստանի տարածքով դէպի Նախիջեւան միջանցք ստեղծելու համար: Պէտք է դիտարկել այս առաքելութեան համար անվտանգութեան մանդատ ունենալու հնարաւորութիւնը: Հարկադիր լիազօրութիւններ ունեցող դիտորդների այլընտրանքը Հայաստանին պաշտպանական զէնքերով զինելն է` ուժային անհամաչափութիւնները շտկելու համար: Ներկայումս Հայաստանը չի կարող դիմակայել Ատրպէյճանի գերակայ զինուած ուժերին:
ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ափսոսանք եւ հիասթափութիւն են յայտնել, որ աւելին չեն արել Ատրպէյճանին զսպելու համար: Լեռնային Ղարաբաղի համար ուշ է նման ափսոսանք ունենալը, իսկ Հայաստանի համար դեռ ուշ չէ: Այնուամենայնիւ, ժամանակն էական է: ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն պէտք է համատեղ օգնեն Հայաստանին` շտապ գծելու Ատրպէյճանի հետ սահմանները: Բացի այդ, Հայաստանը պահանջում է լայնածաւալ միջազգային տնտեսական աջակցութիւն` վերջին ճգնաժամից դուրս գալու համար: Հակառակ դէպքում` Հայաստանին սպառնում է ընկղմուել ներքին անկարգութիւնների մէջ»:
Ինչն աւելի կարեւոր է, ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն պէտք է դադարեցնեն բոլոր ռազմական օգնութիւններն ու վաճառքը Ատրպէյճանին: ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցները կարող են զսպել Ատրպէյճանի յաջորդ հաւանական յարձակումը հարաւային Հայաստանի դէմ: Այնուամենայնիւ, ածխաջրածնային շահերը, ամենայն հաւանականութեամբ, կը կանխեն Ատրպէյճանի դէմ նման պատժամիջոցները:
Անմիջական կարիքներից բացի` Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ հակամարտութիւնը դադարեցնելու եւ կայուն խաղաղութեան հաստատման համար ներկայիս միջնորդական ջանքերը պէտք է վերանայուեն` Ատրպէյճանի ռազմական եւ աշխարհաքաղաքական առաւելութիւնների նկատմամբ համաչափութիւն ապահովելու համար: Աւելի՛ն. մեքանիզմներ գործիքակազմեր պէտք է գործադրուեն` լուծելու հակամարտութիւնների եւ չարաշահումների ժառանգութիւնը, որոնք խորը վէրքեր են թողել թէ՛ Հայաստանում, թէ՛ Ատրպէյճանում»: