Փաշինեանի` Փրակայի Աշունը, Կամ Ինչո՞ւ Ենք Պարտւում Քարոզչական Պատերազմում

0 0
Read Time:8 Minute, 44 Second

 

ՅԱԿՈԲ ԱՍԱՏՐԵԱՆ

Հայաստանի վարչապետի աշնանային այցը Փրակա եւ Եւրոպական Միութեան ոչ պաշտօնական գագաթնաժողովի շրջանակներում անցկացուող 44 երկրների Եւրոպայի քաղաքական համայնքի ժողովին մասնակցութիւնը վերադարձրեց ինձ դէպի 1994 թուական` Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Բաբգէն Արարքցեանի գլխաւորած պատուիրակութեան այցը Պիշքեկ, ուր եւ 1994 թուականին ձեռք բերուեց  հրադադարի մասին պատմական պայմանաւորուածութիւնը` Արցախի Ազգային Ժողովի նախագահի մասնակցութեամբ, որը յետոյ վաւերացրեցին նաեւ պաշտպանութեան նախարարներն առանձին փաստաթղթով: Դա  անցած երեսուն տարիներին Հայաստանի որեւէ բարձրաստիճան պետական պաշտօնեայի ղարաբաղեան բանակցութիւնների շուրջ քառակողմ հանդիպման եզակի մասնակցութիւնն էր, որին Հայաստանից ներկայացուած էին գրեթէ բոլոր միջազգային յայտնի լրատուական գործակալութիւնների երեւանեան թղթակիցները` «Պի.Պի.Սի.», «Ռոյթըրզ», «Եու.Փի.Այ.», «Ֆրանսփրես», «ԷՖԷ», «Ազատութիւն» ռատիոկայանի ռուսական ծառայութիւն եւ ի հարկէ, Հայաստանի Հանրային հեռուստաընկերութիւն` յանձինս երջանկայիշատակ Ռոբերտ Մաւիսակալեանի: Ընդ որում, բոլոր թղթակիցներս մեկնել էինք Պիշքեկ մեր իսկ ֆինանսաւորմամբ, պետութիւնը միայն կառավարական օդանաւում անվճար տեղ էր յատկացրել:

Թէ ինչեր կատարուեցին այդ օրերին Պիշքեկում քուլիսներում եւ բանակցութիւնների սեղանի շուրջ, դա մի այլ յօդուածի թեմա է, որին ժամանակին անդրադարձել եմ «Ազգ» թերթում, սակայն այժմ ուզում եմ յիշատակել հայ լրագրողների կատարած գերազանց աշխատանքը: Պիշքեկից համաշխարհային յայտնի լրատուականներին մենք ներկայացրեցինք հայկական կողմի տեսակէտներն ու Արցախի խնդրի միջազգային ճանաչման կարեւորութիւնը, որն ունեցաւ իր աննախադէպ ազդեցութիւնը միջազգային լրահոսի վրայ: Նոյնիսկ Հայաստանում պետական շրջանակներում էին զարմացել, ինչի արդիւնքում, Բաբգէն Արարքցեանը Երեւան վերադարձին, երբ մտաւ ինքնաթիռ, անմիջապէս եկաւ լրագրողների մօտ եւ իր հիացմունքը յայտնելով` անկեղծօրէն շնորհակալութիւն յայտնեց մեր կատարած աշխատանքի համար:

Հայաստանի լրագրողների խումբը Պիշքեկում` ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Բաբուրեանի եւ դեսպան Արամ Գրիգորեանի հետ, 1994

Ինչո՞ւ յիշեցի այս պատմութիւնը: Ձեզ կը թուայ, թէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը Փրակա էր եկել նման մի խմբո՞վ, եւ գրաւեց եւրոպական մետիադաշտի ուշադրութի՞ւնը: Ամենեւին ոչ: Ընդհակառա՛կը: Ոչ մի լրագրող չէր եկել: Գագաթնաժողովին հաւատարմագրուած 1200 լրագրողների շրջանում  երկու հայազգի լրագրող կար` «Օրեր» ամսագրի գլխաւոր խմբագիրը` տողերիս հեղինակը, եւ «Ազատութիւն» ռատիոկայանի հայկական ծառայութեան ղեկավար Հեղինէ Բունիաթեանը, Փրակայից:

Թուրքիոյի եւ Ատրպէյճանի նախագահներն այս հարցում աւելի հեռատես են, ունեն մասնագիտական խմբեր, որոնք իրենց հետ ժամանել էին Փրակա, Էրտողանն իր հետ բերել էր գրեթէ մէկ օթոպիւս լրագրող, դրանից աւելի քիչ` Ալիեւը: Էրտողանի արարողակարգը նախքան գագաթնաժողովն արդէն իսկ ընտրել էր, թէ ո՛ր դահլիճում է մամուլի ասուլիս տալու Թուրքիոյ նախագահը, ընդ որում, ազգային ասուլիսների շարքում դա ամենամեծ դահլիճն էր: Ալիեւն այլ ձեւաչափ էր ընտրել եւ որոշել էր միայն  իր լրագրողներին պատասխանել, այն էլ դրսում կանգնած` Փրակայի ամրոցի դիմաց:

Հայկական պատուիրակութիւնը ոչ միայն չարձագանգեց մեր հարցումներին (ելեկտրոնային նամակներ էինք ուղարկել ե՛ւ կառավարութեան մամուլի ծառայութիւն, ե՛ւ Արտաքին Գործոց նախարարութեան մամուլի խօսնակին), այլեւ անգամ չցանկացաւ կապի մէջ մտնել գոնէ հայ լրագրողների հետ հէնց գագաթնաժողովի ընթաքում: Միայն Հայաստանի կառավարութեան աշխատակազմի բարեհամբոյր աշխատակցից իմացանք, որ հանդիպումներին ներկայ չենք կարող լինել, եւ աւարտին էլ որեւէ հարցազրոյց կամ ճեպազրոյց չի նախատեսւում:  Ինչո՞ւ: Ումի՞ց է վախենում նախկին լրագրող Նիկոլ Փաշինեանը: Լրագրողների՞ց: Ժամանակին ես շատ գագաթնաժողովներ եմ լուսաբանել, բայց նման տեղեկատուական դատարկութիիւն երբեւէ չեմ զգացել: Առնուազն մամուլի քարտուղարները կամ արտգործնախարարները անմիջապէս մեկնաբանութիւն են տուել լրագրողներին: Այս դէպքում, երբ Նիկոլ Փաշինեանի մամուլի քարտուղարը հէնց ինքն է, բնականաբար զրկուել էինք նաեւ այդ հնարաւորութիւնից: Որեւէ արդիւնք չտուեցին նաեւ «Ազատութեան» լրագրողի փորձերը` կապ հաստատելու Միրզոյեանի կամ Ռուբինեանի հետ: Այդ պատճառով էլ միջազգային լրատուական ծառայութիւնները տարածեցին միայն թուրքական եւ Ատրպէյճանական տեսակէտները, իսկ Փաշինեանի Թուիթերում գրած պատասխանն արդէն ուշացած էր, քանի որ Էրտողանն ու Ալիեւն  առաջ էին անցել:

Սովորելը երբեք ուշ չէ, յատկապէս երբ նորելուկ ես պետական կառավարման համակարգում եւ հեռու ես պետութիւնը խելամտօրէն կառավարելու ընդունակութիւններից: Բայց առնուազն մամուլի հարցերում թւում էր, թէ լրագրողական ոչ հեռու անցեալ ունեցող վարչապետը պէտք էր աւելի ազատ ու գործունեայ լինէր: Սակայն իրականութիւնը ցոյց է տալիս դրա հակապատկերը: Այդ պատճառով էլ յատկապէս 44-օրեայ պատերազմից յետոյ նկատւում է միջազգային լրատուական ցանցում Հայաստանի պարտուողականութիւնը թէ՛ պետական քաղաքականութեան առումով, թէ՛ լրատուական հոսքերի մէջ մտնելու ձգտումով: Աւելի՛ն. երբ տարւում է հայ-Ատրպէյճանական բարի յարաբերութիւններ հաստատելու նմանակում, այն ամբողջութեամբ արգելափակում է առնուազն հայկական սփիւռքի կատարած հակաԱտրպէյճանական քարոզչութիւնը:

Դրա վկայութիւնն էր նաեւ Չեխիոյ արտգործնախարարութեան շէնքի մօտ (որն, ի դէպ, հեռու չէր Փրակայի ամրոցից եւ պատուիրակութիւներն անցնում էին այդ շէնքի մօտով), չեխահայ համայնքի կազմակերպած Ատրպէյճանական վերջին յարձակումը դատապարտող ցոյցը եւ պահանջագրի յանձնումը ԵՄ նախագահող երկրի կառավարութեանն ու խորհրդարանին` պահանջելով նաեւ Ատրպէյճանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը: Ըստ երեւոյթին, Ալիեւն այս ցոյցի մասին նախապէս տեղեակ լինելով` իր հետ Փրակա էր բերել 57 թիկնապահի, որոնք նրան պէտք էր պաշտպանէին իր ողջ կեցութեան ընթացքում: Քիչ չէին նաեւ Էրտողանին ուղեկցող թիկնապահները: Ամէն դէպքում, նրանք կարողացան մամուլի հետ շփուելու իրենց ընտրած ձեւաչափերով յետին գիծ մղել Փաշինեանին` կրկին առաջ տանելով իրենց տեսակէտները:

Հետեւելով Ալիեւին նկարահանած հեռուստանկարներին` նա ողջ գագաթնաժողովի ընթացքում  բարձր տրամադրութիւն ունէր, կատակում էր իր լրագրողների հետ, այդ թւում նաեւ բարձր տրամադրութեամբ զրուցում էր Հայաստանի վարչապետի հետ: Էրտողանը նոյնպէս յոգնած, բայց լաւատեսական տրամադրութիւն ունէր, երեւում էր, որ գոհ է մնացել Փաշինեանի հետ հանդիպումից, դրա համար հաստատակամօրէն պնդում էր, որ ամէն ինչ լաւ է լինելու տարածաշրջանում, եւ  հարեւանների հետ խաղաղ ապրելու ենք, միայն թէ Ատրպէյճանի հետ պայմանագիրը ստորագրեն: Հետաքրքիր է, որ Ալիեւն էլ շատ գոհ էր Միշելի միջնորդական ծառայութիւններից: Ըստ երեւոյթին, ներքին պայմանաւորուածութեան կայ Երորմիութեան հետ կազի կամ նաւթի մատակարարման ցածր գների շուրջ, իսկ փոխարէնը` Միշելը խոստացել է համոզել Փաշինեանին: Մնում է ենթադրել, որ միակ մարդը, որ այս բանակցութիւններում քիչ թէ շատ հայկական կողմին աջակցել է, Ֆրանսայի նախագահ Մաքրոնն էր:

Քաղաքական առումով, ընդունուած յայտարարութեան բովանդակային մասը չքննարկելով, միայն կարող ենք նշել, որ այն հնարաւորութիւն է տալիս հայկական կողմին ժամանակ շահելու եւ եղած միջոցները համախմբելու եւ վերադասաւորելու: Ծայրաստիճան վտանգաւոր այս շրջանում պէտք է ձեռք մեկնել բոլորին եւ ստեղծել համահայկական ուղեղային կենտրոն, այլապէս միայն իշխանական ուժերով այս ճգնաժամից անչափ դժուար է լինելու դուրս գալը:

Յաջորդ խնդիրը եւրոպական թեմաներն են: Մենք ոչինչ չիմացանք, թէ Հայաստանն ի՞նչ կարծիք ունի եւրոպական քաղաքական համայնքի մասին, ի՞նչ է մտածում այդ ձեւաչափով հանդիպումների մասին: Պաշտօնական տեղեկութիւնն այն էր, որ վարչապետը մասնակցել է անվտանգութեան թեմայով կլոր սեղանի, ի՞նչ է ասել, ո՞ր թեմաների շուրջ է խօսել, ոչինչ յայտնի չէ: Ընդհանրապէս նման համաժողովներում պէտք է լինել առաւել աշխուժ նաեւ համաեւրոպական հարցերում: Այնինչ Հայաստանը սահմանափակւում է միայն իր խնդիրներով` չհասկանալով, որ այդպիսով ինքն իրեն դուրս է մղում այդ ընտանիքի լիիրաւ անդամ դառնալու հնարաւորութիւնից: Եւրոպան յարգում է ուժեղ ու համարձակ առաջնորդներին, ինքնավստահ ու իր երկրի շահերը պաշտպանող ղեկավարների: Թոյլերին ու վախկոտներին միայն կարող են ցաւակցել ու շրջանցել:

Ժամանակին Հայաստանը Վիեննայում մի փորձառու դեսպան ունէր` երջանկայիշատակ Ջիւան Թաբիբեանը, որը միջազգային քաղաքականութեան հրաշալի գիտակ էր: Որեւէ հարց չկար ԵԱՀԿ-ում, որ քննարկէին եւ նա իր հեղինակաւոր կարծիքը չյայտնէր: Երբ նա խօսում էր ԵԱՀԿ-ի նիստերի ժամանակ, բոլորը լռում էին: Նաեւ այդպիսով էին յարգում մեր երկիրը: Այժմ, ցաւօք, թաբիբեաններ չունենք, բայց նաեւ ձգտում չկայ ունենալու, նախկին արհեստավարժ դիւանագէտների ուժերը օգտագործելու: Հայաստանում ստեղծուել է վախի ու քծնանքի մթնոլորտ, բոլորը մտածում են իրենց զբաղեցրած աթոռների մասին, որեւէ համարձակ միտք ու առաջարկ առաջ չի մղւում, ընտրական մօտեցում է ցուցաբերւում  փորձագիտական դաշտի կարծիքներին: Մինչդեռ այս ճակատագրական օրերին ճիշտ հակառակը պէտք էր լինէր:

Յաջորդ խնդիրը քարոզչական աշխատանքն է: Ժամանակին մենք առաջարկում էինք Եւրոպայում բացել նման մի կենտրոն, որը աշխատանք կը տանէր տարբեր հաստատութիւնների ու ԶԼՄ-երի հետ, սակայն այդպէս էլ այդ գաղափարը իրականութիւն չդարձաւ յատկապէս նախկին նախագահ Սերժ Սարգսեանի շրջապատի պատճառով: (Ի հարկէ, Պրիւքսելում բացուեց Հայաստանի բարեկամների գրասենեակը, սակայն այդպէս էլ չհասկացանք միլիոնաւոր տոլարներ արժեցած այդ նախագիծն ինչ արդիւնք տուեց եւ վերջում էլ փակուեց): Փոխարէնը` բացուեց նման մի կենտրոն Երեւանում, որը նոր իշխանութիւնների օրօք կարծես թէ փակուել է կամ վերափոխուել այլ կառոյցի:

Ի դէպ, այն ժամանակ մեր առաջարկին չարձագանգեցին նաեւ այսօր  խորհրդարանում տեղ զբաղեցնող մի շարք իշխանական եւ ընդդիմադիր գործիչներ, որոնց անձնապէս դիմել էինք: Ինչո՞ւ, որովհետեւ երբեք Հայաստանի քաղաքական դաշտում իրապէս Հայաստանին նուիրուած գործիչներ չեն եղել, չեն տարբերել կարեւորն ու երկրորդականը:  Բոլորը եղել են տուեալ պահի իշխանութիւնների կամակատարը: Բոլորը մտածել են միայն իրենց գրպանի ու շահի մասին: Իսկ հատուկենտ ազնիւ անհատներն ուղղակի համարկուել են այդ միջավայրին: Մինչդեռ քարոզչական պատերազմն, ի տարբերութիւն իրական պատերազմի, չի սկսւում պատերազմի հետ ու աւարտւում պատերազմից յետոյ: Քարոզչական պատերազմը մշտական, անկանգ աշխատանք է, որին լծուած են հիմնականում սփիւռքեան տարբեր կառոյցներ: Իսկ Հայաստանից տարբեր մետիա խմբերով կատարուող աշխատանքը` ընկերային ցանցերում կամ դրանցից դուրս, ընդամէնը մի կաթիլ է այդ ծովում: Սփիւռքեան կառոյցների կատարած աշխատանքն արդիւնաւէտ դարձնելու համար պէտք է համագործակցութիւն լինի նաեւ Հայաստանի կողմից: Մինչդեռ անվստահութեան հաստատումը սփիւռքի ու Հայաստանի միջեւ, որ կատարւում է պաշտօնական Երեւանի կողմից տարբեր ճանապարհներով, միայն օգնում է մեր  թշնամիներին:

Թուրքիոյ նախագահը, չնայած լինելով փորձառու քաղաքական գործիչ, իր հետ բերել էր խորհրդականների ու օգնականների մի մեծ խումբ, որոնք ասուլիսից առաջ զրուցում էին եւ տեղեկացնում էին թուրք լրագրողներին տարբեր թեմաների շուրջ, պատմում էին  իրենց բանակցութիւնների արդիւնքներից, եւ թէ ի՛նչ հարցեր պէտք է շօշափել ասուլիսի ժամանակ: Այսինքն նոյնիսկ Թուրքիոյ նման խոշոր պետութիւնը հանգամանալից պատրաստւում է նման միջոցառումներին, ինչը, համոզուած եմ, անում է նաեւ Ալիեւը: Իսկ մեր պետութիւնը չկայ: Եթէ առաջին դէմքը խնդիր ունի միջազգային որեւէ  լեզուով ազատ շփուելու եւ հարցերին պատասխանելու, դրա համար ընտրւում է խմբի մի այնպիսի անդամ, որը կարող է ազատ խօսել անգլերէն եւ շփուել միջազգային մամուլի ներկայացուցիչների հետ: Բաց թողնել նման հարթակը, որտեղ կարող էինք ներկայացնել եւ 1200 լրագրողի միջոցով տարածել մեր կարծիքը, առնուազն անհեռատեսութիւն էր եւ մեծ սխալ: Նոյնիսկ եթէ 50 լրագրող էլ գար հայկական պատուիրակութեան ասուլիսին, դա արդէն իսկ մեծ յաջողութիւն կը լինէր: Օտար պետութիւններում հայ համայնքներն ու կազմակերպութիւններն ամէն ինչ անում են, որ մի յօդուած կամ մի լուր տարածեն տեղական մետիա հարթակներում, իսկ մենք չենք օգտւում Փրակա ժամանած եւրոպական լրատուամիջոցների հետ կապ հաստատելու եւ մեր կարծիքը տարածելու հնարաւորութիւնից: Օրինակ, իմ հարեւանութեամբ աշխատող հոլանտացի լրագրողը, որը մի շաբաթ առաջ յօդուած էր տպագրել Հայաստանի մասին, հետաքրքրուած էր Հայաստանի, Թուրքիոյ եւ Ատրպէյճանի քննարկումներով, բայց ինքն էլ չգիտեր` ինչպէս անդրադառնայ այդ խնդրին` առանց հայկական կողմի հետ հանդիպման:

Ցաւալի է, որ Հայաստանի անկախութիւնից երեսուն տարի անց կրկին պարտաւոր ենք այս տարրական իրողութիւնների մասին գրել, անդրադառնալ, յիշատակելով, որ առնուազն վերջին քսան տարիներին բոլոր մասնագիտական եւ սփիւռք-հայրենիք ժողովներում այս թեմայով լուրջ քննարկումներ են եղել, գրուել ու ասուել է: Այնպիսի տպաւորութիւն է, որ ամէն մի իշխանութեան գնալուց յետոյ ողջ աշխատող համակարգը մեկնում է, եւ ստիպուած ես զերոյից կրկնել ամէն ինչ նորելուկների համար, որոնք ընդհանրապէս գաղափար չունեն այդ ոլորտների մասին: Եւ հետաքրքիրն ինչ է, որ սա միայն քարոզչութեան ոլորտում չէ: Վերջերս  սփիւռքահայ շատ յայտնի գործիչներից մէկի հետ էի զրուցում, որն աշխուժ գործունէութիւն է ծաւալում նաեւ Հայաստանում, նոյն դժգոհութիւնները նա արտայայտեց իր շփումների ոլորտի մասին: Այդ համակարգում մի քանի նախարար է փոխուել վերջին տարիներին, եւ ամէն մէկի աշխատակազմի հետ կրկին սկսել են զերոյից աշխատել:

Ի վերջոյ, Պոզներն է ասում, որ լրագրութեան մէջ հայրենասիրութիւնն այն է, երբ ցոյց ես տալիս, թէ ի՛նչն է վատը: Հայաստանը բոլոր ոլորտներում համակարգային փոփոխութեան կարիք ունի, բայց` ոչ թէ հրաժարուելով փորձառու մասնագէտներից, ոչ թէ մարդկանց ընտրելով ըստ կուսակցական անդամութեան կամ նախասիրութիւնների, ոչ թէ ով ում  ցոյցին է մասնակցել, այլ` շեշտը դնելով մասնագիտական որակների ու աշխատանքի արդիւնաւէտութեան վրայ:

Չգիտեմ, կը գա՞յ արդեօք մի օր, երբ  Հայաստանը կ՛ունենայ իսկապէս արժանի կրթուած ղեկավար, բարեկիրթ ու նուիրեալ կառավարութիւն,  որին այլեւս չենք յուշի տարրական բաներ, այլ կը զբաղուենք միայն առաջընթացի ծրագրերով:

Փրակա

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles