Հայաստան կա՞յ քաղաքացի, աշխատաւոր, լրագրող, իշխանաւոր, ակադեմիկոս, որ անուղղայ Կեդրոնականցիին չափ հետեւի թերթերու, ճառերու եւ ընդհանրապէս հոն խօսուած եւ գրուած «հայերէն»ին: Երէկ, կրկին եկած էր զինք լսող մը գտնելու, քանի որ հին եւ նոր անբան բանիմացներ իր տրտունջները ժամանակավրէպ կը համարեն, Հրազդանէն մինչեւ Փոթոմաք եւ Սենեկա:
Իր հետ բերած էր կիսալուսին կարկանդակներ (քրուասան): Մակարուհին ալ կանաչ թէյ պատրաստեց: Եւ Կեդրոնականցին խօսեցաւ:
– Մակա՛ր, սիրելիս, ինչո՞ւ մեր «Արմեն-պրեսի»ը (եւ հեգեց բառերը իրենց ուղղագրութեամբ), խօսելով երկրաշարժի մը մասին, կ’ըսէ մագնիտուդ, երկու տող անդին կ’ըսէ՝ ուժգնութեամբ: Հայուն համար առաջին բա՞ռն է դիւրահասկնալի, թէ՞ երկրորդը: Մագնիտուդը աւելի՞ լաւ կը բացատրէ: Քանի մը տող անդին կ’ըսեն կոլեգիա եւ կոլեգա, առանց անոնց հայերէններն ալ արձանագրելու: Միթէ՞ կոլեգիան եւ կոլեգան արդէն հայերէն են: Հայաստան երթեւեկող բարեկամներէդ խնդրէ, որ իրենց կարեւոր-անկարեւոր հանդիպումներէն ազատ պահու մը «Արմեն-պրես» երթան եւ հարցնեն, թէ ինչո՞ւ չեն բաւարարուիր ուժգնութեամբ, եւ կ’ըսեն՝ մագնիդուտ: Վեդիի հայերը ակադեմիկոս չեն, չեն սորված տառադարձուած մագնիդուտը, կը հասկնան ուժգնութիւնը:
Էլպիս եւ Մակարուհին ՆՈՅ կոնեակի շիշը դրին սեղանին, կողքին խրուսթալ բաժակներ: Եթէ բաժակները բիւրեապակեայ ըլլան, ՆՈՅը նոյն համը չ’ունենար:
Արմենակ սեղանին վրայ դրաւ քանի մը էջ թուղթ եւ ըսաւ.
– Մէկ օդանաւէ միւսը ցատքող ընկեր-բարեկամներուդ տո՛ւր, թող իրենց փրկչական տեսակցութիւններուն ընթացքին ըսեն, որ պատերազմի դաշտին վրայ տանուլ տալ բնական է, երբ տանուլ կու տանք հոգի-լեզուն: Ահաւասիկ ցանկ մը կոլեգիա եւ կոլեգա բառերուն պէս Կ-ով սկսող բառերու, զորս չենք ժառանգած ո՛չ Արաշակունիներէն, ո՛չ Մամիկոնեաններէն, ո՛չ Բագրատունիներէն, ո՛չ ալ Ռուբինեաներէն: Թշնամիին առջեւ բացած ենք դարպասները: Կարդացի.
Կաբինետ, կադր, կադրային, կազուս, կալկուլացիա, կամիկաձե, կամպուս, կամուֆլյաժ, կանալիզացիա, կանտուզիա, կանստրուկցիա, կաոդիգ, կապիտալ, կապիտալիստներ, կապիտուլիացիա, կապիտուլյատներ, կապիտալացում, կապիտալիզացնել, կապրիզ, կաստայական, կատակլիզմ, կատաստրոֆա, կատեգորիա, կարանտին, կարիերա, կարիերիստ, կարիկատուրա, կարկաս, կարցիվածություն, կիբերանվտանգություն, կինոլոգ, կիւլմինացիա, կլան, կլանիզմ, կլեպտոկրատիա, կլաս, կլիենտելա, կլիենտելիզմ, կլիկ, կլման ակտ, կլոունադա, կոալիցիա, կոգնիտիվ դիսոնանս, կոդ, կոդեքս, կոզր, կոլապորացիոնիստ, կոլապս, կոլեգա, կոլեգիա, կոլեկտիվ, կոլեկտիվացնել, կոալիցիա, կոլեկցիոներ, կոլլապորացիոնիստներ, կոլորիտային, կոհորտա, կոմա, կոմանդա, կոմբայն գյուղտեխնիկա, կոմերցիակոմունիկացիա, կոմպենսացվեն, կոմպլեքսներ, կոմերցիոն, կոմբինացիա, կոմպիտենտ, կոմպլիմենտ, կոմպրոմատ, կոմյունիկեում, կոմպրոմիս, կոմունիկացիա, կոմունիկացրել է, կոմպաս, կոմպենսացնել, կոմպեսանցիա, կոմպետենտ, կոմպլեմատարիզմ, կոմպինացուած, կոմպլեկտացիա, կոմպլեքս, կոմպոզիտոր, կոմպրոմատ, կոմպրոմիսային, կոմպրոմիսներ, կոմունիկացիոն, կոմֆորտ, կոնկրետ, կոնկուրենցիա, կոնյուկտուրա, կոնյունկտուրային, կոնսենսուս, կոնսենտրացիա, կոնսեփթ, կոնսիլիում, կոնսոլիտացում, կոնսորցիում, կոնսպիրոլգիական, կոնտակներ, կոնտենիգենտ, կոնտեքստ, կոնտինգենտ, կոնստրուկտոր, կոնտրաստ, կոնտր-հարձակումներ, կոնցեպցիա, կոնցենտրացիա, կոնցեպցիա, կոնսերվացման, կոնսերվատիվ, կոնսիլիում, կոնսպիրոլոգիական, կոնսոլիդացիա, կոնսոլիդացնի, կոնսուլտացիա, կոնսպեկտավորում, կոնսպիրացիա, կոնստրուկտիվժ, կոնստրուկցիա, կոնստրուկտիվիզմ, կոնտեքստում, կոնվենցիոնալ, կոնտակտ, կոնտակտավոր, կոնտենտ, կոնտինգեն, կոնտինգենտ, կոնտր, կոնտրաբանդա, կոնվերսիա, կոնցեպտը, կոնցեպտուալ, կոնցեպցիա, կոնցեռն, կոնցերտ, կոնցլագեր, կոնֆետ, կոնֆերանս, կոնֆորմիզմ, կոնֆեդերեցիա, կոնֆիգուրացիա, կոնֆիդենցիալության, կոնֆիտենցիալ, կոնֆլիկտներ, կոնֆրոնտացիա, կոոպերատիվ, կոորդինատներով, կոոպտացիա, կոորտինացնել, կոորդինատոր, կոորդինացիա, կոռեկտ, կոռումպացված, կոռուպիցիոներ, կոռուպցիա, կոռեկտ, կոռեկցիա, կոսմետիկ, կոսմելոգ, կոսմոպոլիտ, կոստյում, կորպորատիվ, կորպորացիա, կորպուս, կորպսկրատուրա, կորտեժ, կուլիսային, կուլմինացիա, կուրատոր, կուրյոզ, կուրորտային երկիր, կուրս, կուրսանտ, կվազի-կրօնական, կվազիա, կրախ, կրեատիվ, կրեդիտային, կրեադիվություն, կրեդո, կրիզիս, կրիմինալ, կրիմինալիզիցիա, կրիտերիա, կրեդիտաւորման, կրիմինալ, կրիմինոգեն վիճակ, կրիպտոկրատիա, կրիտիկական, կրոտեսկ…
Երբ կը մեկնէր, Արմենակ ըսաւ.
– Բարեկամներդ թող հարցնեն լեզուաշէնքի ճարտարապետներուն, թէ ե՞րբ պիտի աւարտեն լեզուաշինութիւնը եւ եւ ե՞րբ՝ լեզուաքանդումը…
Մակար ի Գաղիա, 22 Նոյեմբեր 2021