ԴՈԿՏ․ ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Իւրաքանչիւր անգամ, երբ մեր երկրում տնտեսական, առողջապահական, ընկերային, կրթական, հարցերը անելանելի վիճակի առջեւ է կանգնեցնում իշխող կառավարութեան, նրանք գտնում են անկապ մի միջոց ժողովրդի ուշադրութիւնը շեղելու այդ կարեւորագոյն խնդիրներից։
Այսօր, երբ ժողովուրդը դեռ վտանգաւոր համաճարակի երկարամսեայ մեկուսացման մէջ գտնուելով, զրկուած է հիմնական եկամուտից, երբ մարդիկ ոչ միայն կոմունալ վճարումների, այլ իրենց ամէնօրեայ հացի դրամ չունեն, երբ գործատեղիները դեռ փակ են, կամ սահմանափակ են գործում, կառավարութիւնը փոխանակ նիւթական թէկուզ չնչին օժանդակութիւն տրամադրելու իր «սիրելի» ժողովրդին, նոյն օրերին մեծ գումարով պարգեւավճար է յատկացնում կառավարութեան աշխատակիցներին։ Դեռ աւելին՝ վարչապետն էլ այդ պարգեւավճառի օրինական լինելը հարցադրողներին, յոխորտալով պատասխանում է, որ՝ «այո՛, իր հրամանով է դա արուել, քանզի գործարարի պատիւն է, թէ ինքն իր ծառային ինչպէս է պահում» (սա իր արտայայտութիւնն է )։
Ոչ մէկը բացատրութիւն չպահանջեց իր այս սաստիկ էժանագին դասակարգայնութիւն ստեղծող պատասխանի համար, չվերլուծեց, չքննադատեց վարչապետի խիստ վտանգաւոր նախ ինքնիշխանութիւնը, որ ինքն է հաստատել տուեալ օրէնքը, ուրեմն այն չի կարող քննութեան դրուել եւ երկրորդ՝ երկրում տիրում է դասակարգայնութիւնը, որն այս դարում ամենայետամնաց համայնքներում անգամ, անընդունելի կը համարուէր։
Ուրեմն մեր երկիրը դեռ շարունակում է առաջնորդուել ոչ թէ ժողովրդավարական, այլ 18-րդ դարի տէրերի եւ ծառաների դասակարգայնութեան սկզբունքով, որ մեր երկրում ժողովուրդը իշխողների ծառաներն են, այնինչ այդ որակաւորումը արմատախիլ է եղել շատ վաղուց, դեռ առաջին համաշխարհային յեղափոխութեան ժամանակ։
Իսկ այսօրուայ առաջադէմ ժողովուրդների ղեկավարները իրենց յայտարարում են ժողովրդին ծառայողներ, որն իրականութեան մէջ այդպէս է։ Ժողովուրդը նրանց ընտրում է իրենց, բնականաբար նաեւ երկրի պահանջներին ծառայելու համար։
Եւ յետոյ հարց է ծագում, հապա ինչո՞ւ համար է խորհրդարանը, եթէ միայն ինքը՝ ամենակալ վարչապետն է որոշումներ ընդունողը, հաստատողը եւ ինչպէս տեսնում ենք մնացած հաստատութիւնները միայն միանձնեայ վարչապետի հրամանների կատարողներն են։
Սակայն, քանի դեռ մեր ժողովուրդը շարունակում է ծա-ռա-յել իշխանութեանը, ուրեմն վարչապետը իրաւացի է։
Սա դեռ կարծես ժողովրդին լռեցնելու բաւարար ապտակ չէր, նա պահանջում է, որ ժողովուրդը իր ծխախոտի եւ օղու սպառման քանակը քչացնելով, երկրի պիւտճէին դրամ աւելացնի։ Պարզւում է մեր երկրի պիւտճէն պահւում է օգտագործուող ծխախոտի եւ օղու գումարով եւ ժողովուրդը մեղադրւում է այն չարաշահելու մէջ։
Զարմանալի մի զուգադիպութեամբ, վարչապետը ամբողջովին մոռացել էր, որ 2016-ին, իբրեւ ընդդիմախօս, քննադատել, մինչեւ իսկ ծաղրել է նախկին իշխանութեան օղու սահմանափակման յայտարարութիւնը։
Գիտեմ, հիմա վարչապետի հիպնոզով տարուածները շտապելու են տարբեր մեկնաբանութիւններով պաշտպանելու նրան, սակայն կանխեմ, աւելացնելով, որ պաշտպանութեամբ մինչ օրս աւելի էք վատթարացնում ձեր վիճակը։
Պաշտպանութիւնից առաջ մտածէք նաեւ՝ թէ ինչո՞վ պաշտպանէք մի վարչապետի, որն իր երկրի առողջապահութեան նախարարի հետ համաճարակի այս թէժ օրերին մեկնում է արձակուրդի եւ դեռ աւելին, իր վայելած հաճոյքի ամէնօրեայ կենդանի պատկերներով ցուցադրում է թէ ինչ հաճելի հանգիստ է վայելում իր ընտանիքի հետ, երբ թուով փոքրիկ երկրում համաճարակից մահացածների թիւը անցել է 1100-ից, երբ հարազատները պահանջում են իրենց հարազատների դին, որը չեն գտնում, պահանջում են պարզաբանել նրանց մահը։
Երբ մարդիկ առօրեայ ապրուստի, իրենց երեխաներին կերակրելու դրամ չունեն, երբ դեռ հսկայական թուով ընտանիքներ ապրում են հողածածկ յատակով, խոնաւ, նոյնիսկ խմելու ջրից զուրկ, առողջապահական, սանիտարական պարզագոյն միջոցներից բացակայ բներում, ոչ թէ տներում։
Կարծում եմ այսպիսի միանձնեայ ղեկավարին իրաւունք չունէք պաշտպանելու եւ ինքն էլ իրաւունք չունի երկիր ղեկավարելու։ Քանզի նա տարուած է միմիայն իրենով եւ ոչ միայն կոյր է ու խուլ ժողովրդի կարիքների հանդէպ, այլ արհամարհում է դրանք։
Պաշտպանելուց առաջ հետեւէք աշխարհում գոյութիւն ունեցող մօտ 197-ից աւել պետութիւնների ղեկավարների պահուածքին եւ ցոյց տուէք մէկին, որոնք այս համաճարակի օրերին արձակուրդի են մեկնել եւ երբեւէ ցուցադրել իրենց վայելած հանգիստը։
Նախ, հարց է ծագում, այդ որքա՞ն աշխատեցին, կամ այդ ին՞չ արին, որ հիմա հանգստի կարիք ունեն եւ երկրորդ, երկիրը վտանգուած է ոչ միայն համաճարակով, այլ ուղղակի օրէօր սաստկացող պատերազմի սպառնալիքներ են ալիքւում մեր երկրի շուրջ։
Թէ՞ ազգովին Յիսուսի երկրորդ Գալստեանն ենք հանգիստ պատրաստւում, ըստ ամենակալ վարչապետի յայտարարութեան, մեզ հովանաւոր ունենալով իրեն։
Դեռ որքան ենք հանդուրժելու այս իշխանութեան քմահաճոյքները։
Ուսումնական տարին սկսուել է եւ աշխարհում ամէնուրեք առաջնակարգ մտահոգութիւնը աշակերտների առողջութեան, նրանց կեանքի ապահովութեան հարցն են քննարկում, մինչ մեր երկրում, քանի որ ունենք առողջապահութեան «մեծ կարողութեան ու գիտելիքներով» օժտուած նախարար, այդ հարցը արծարծւում է այնքանով, որքանով արծարծուեց ողջ երկրի համաճարակից արագ պահպանման հարցը։
Այսօր երկրում ահազանգող խնդիր է դարձել մեր աշակերտութեան հայեցի դաստիարակութեան, ազգային արժէքների, հայոց պատմութեան եւ ապագայ հայ սերունդի կրթութեան հարցը։
Ուսումնական հաստատութիւնների ծրագրերի միտումնաւոր, ազգադաւ փոփոխութեան հարցը արդէն երկար ժամանակ է քննարկւում է ազգի ապագայով հետամուտ հաստատութիւնների, գիտութեան ու գրականութեան մասնագէտների ոլորտներում, սակայն ինչպէս երեւում է բոլոր այդ ոլորտների բողոքը արհամարհւում են մեր իշխանութեան կողմից, քանի որ տուեալ հաստատութեան նախարարը անձեռնմխելի է իր պաշտօնում։ Որովհետեւ, նա գործող իշխանութեան խմբակցութեանն է պատկանում եւ վարչապետի կազմակերպած երթերի միշտ առաջնագծում է եղել, նրա առաջին եւ անմիջական ծափահարողը, որքան էլ անհեթեթ է եղել հնչող լոզունգը։
Բնականաբար նրա այդ ծառայութեան դիմաց պէտք էր պարգեւատրուէր պաշտօնով եւ ցաւօք այդ պարգեւին զոհ դարձաւ երկրի հիմք հանդիսացող ամենակարեւոր հաստատութիւնը՝ ուսումը։ Այստեղ պիտի փառք տանք, որ նա չի նշանակուել ռազմական նախարար, որը բոլորովին զարմանալի չէր լինի եւ ժողովուրդը նոյն ոգեւորութեամբ կ՛ընդունէր, ինչպէս ընդունեց նրա այս նշանակումը։
Թէեւ վերջին օրերին ժողովրդի լրջախոհ, նոր սերունդի ազգային դաստիարակութեամբ մտահոգ մասնագէտներ ու անձինք, ցոյցերով ոչ միայն իրենց զայրոյթն են յայտնում կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնակրթութեան նախարարութեան ընդունած որոշումների դէմ, այլ պահանջում են այդ նախարար կոչեցեալ՝ Ա․ Յարութիւնեանի եւ նրա աշխատակազմի անմիջական հրաժարականը։
Բոլորս էլ գիտենք, որ Ա․ Յարութիւնեան կոչուած այդ ողորմելին, ինքնագլուխ չի գործում, եւ քանի դեռ այս իշխանութիւնն է ղեկավարում է երկիրը, մեր երկրի հիմքը քանդողները գնալով շատանալու են։
Ինձ զարմացրեց, որ նախագահ Ա․ Սարգսեանի հրաւէրին մասնակցած գրողների եւ ստեղծագործողների հանդիպման ընթացքում մենք չլսեցինք ոչ մէկ զայրալից բողոք, ընդվզում, պահանջ, երկրում գործող ամենակարեւոր հաստատութեան՝ ուսման ապազգայնացումը դադարեցնելու համար։
Երկրում ստեղծուած բռնատիրութե՞ան, թէ՞ հիպնոզի շունչը խեղճացրել է նոյնիսկ երկրի գիտական, մտային յառաջադիմութիւնը իրենց ուսերին կրողներին։
Մարդիկ, ովքեր առնչւում են մեր հազարամեայ մշակոյթին, ովքեր իրենց ներդրումով շարունակում են զարգացնել մեզ հասած այդ հազարամեայ գանձը, ովքեր ստեղծագործողի բարձր կոչումին են արժանացել, իրաւունք ունեն պահանջելու, սաստելու, բողոքարկելու եւ ոչ թէ հանդարտ խօսող նախագահի հրաւէրքից զգացուած գլխիկոր, անարդիւնք հեռանալու։
Այնինչ, նրանք պէտք է ոտքի հանէին ժողովրդին, ղեկավարէին նրանց շարժումը՝ յանուն ազգայինի պահպանման, յանուն երկրում ազգային իշխանութեան հաստատման։
Ի վերջոյ ովքե՞ր են այս նախագահներն ու վարչապետները, որոնք խեղճացրել են մեզ, իւրաքանչիւրը մէկ այլ մեծ երկրի շահերին ծառայող, նրանց կողմից նշանակուած մեր երկիրը ի սպառ ոչնչացնելու համար, որն ըստ արեւմուտքի նախագծի ինչպէս տեսնում էք սկսւում է ազգային արժէքների ոչնչացմամբ եւ շարունակւում մինչեւ երկրի ամբողջական ոչնչացումը։
Աշխարհն այսօր բոլորովին նոր ընթացքի մէջ է, մինչդեռ մենք մեր հին գաւառական իշխողների առջեւ խեղճանալու, տգէտների առջեւ գլուխ ծռելու, իրար յօշոտելու, իրար նուաստացնելու եւ արտաքին քաղաքականութեան մէջ ուղտի ականջում մրափող հոգեբանութեամբ ենք առաջնորդւում։
Այսօր, մեր երկրի ոչնչացման շուրջ ամէն վայրկեան մեծ գործարքներ են կնքւում։ Մեր ժողովուրդը իր երկրում ներփակուած, մի մասը միայն իր ամէնօրեայ գոյութեամբ մտահոգ, միւս կէսը՝ վարչապետով հիպնոզացուած, անմնացորդ նրան վստահելով, լրջօրէն չի գիտակցում, անհաղորդ է իր շուրջ եւ յատկապէս իր վրայ ձեւաւորուող քաղաքական իրագործումներին։ Աւելին, նա այնքան է մխրճուել այդ թմբիրի մէջ, որ չի ընդունում դրսից հնչող զգուշացում-ահազանգումները։
Երկրի վարչապետը իշխանութեան ողջ կազմով, քաղաքական հասունացումից զուրկ լինելով, ոչ միայն ոչինչ է ձեռնարկում այդ ուղղութեամբ, այլ ատելութեան իր քարոզներով շարունակում է պառակտել ժողովրդին, կոտրել նրա միասնութիւնը, որ յանկարծ իր դէմ համախմբուած չգործեն։
Այս օրերին Հայաստանում Ռուսաստանի դեսպանը յանկարծ որոշում է հանդիպել առաջին նախագահ՝ դաւաճան ԼՏՊ-ի հետ, որի արդյունքում մենք միայն մեկ բացատրութիւն ենք լսում՝ «որ ինքը՝ ամենակալ ԼՏՊ-առաջինը, թոշակի է անցել եւ քաղաքականութեամբ այլեւս չի զբաղւում, ուստի չի հանդիպում իր հաւատարիմ գործակից, ներկայ վարչապետ՝ Փաշինեանի հետ»։ Այսի՞նքն… Ինչո՞ւ է յանկարծ այս հարցը արծարծւում։
Ինքնարդարացո՞ւմ է, իր վիզը այս անգամ էլ պատասխանատուութեան թոկից ազատելն է՞, թէ՞ իրականութիւնը կոծկելը։
Իւրաքանչիւր քաղաքական քիչ թէ շատ վերլուծութեան ընդունակ անձը այս արտայայտութիւնից գալու է այն եզրակացութեան, որ ներկայ վարչապետը Արցախի հարցում ցայտնոտի մէջ է, որոշումը յստակ չէ եւ քանի դեռ ԼՏՊ-ն է երկիրը ղեկավարում, որը գաղտնիք չէ, ուստի նրան են դիմում Արցախի հարցի նոր ձեւաչափի համար, որը Արցախը թուրքերի եւ ռուսների միջեւ բաժանելն է։
Թուրքը անցնող 105 տարիների ընթացքում ոչ միայն չհրաժարուեց, այլ աւելի հաստատուն մնաց իր համաթուրանական, իր «Յուրդի», իր բնի միաւորման ծրագրին եւ քանի որ այսօր տարածաշրջանում ռազմական կարողութեամբ ուժեղագոյն երկիրն է, արդէն Կենտրոնական Ասիայում իր ցեղակիցներին միաւորելու աշխատանքին է լծուած։ Այսպիսով, մենք կրկին յայտնուել ենք մեծ տէրութիւնների Ռուսաստանը ոչնչացնելու ոտնատակում, քանզի այս 105 տարիներում չկարողացանք ոչ միայն միաւորուել, այլ ամենակարեւորը՝ ազգային մեծ նպատակի հաստատուն ծրագիր չմշակեցինք եւ այսօր յայտնուել ենք մեր 100 տարի առաջուայ քաղաքականապէս բոպիկ վիճակում։
Չկարողացանք, նոյնիսկ մեր ձեռքում ունենալով, եզակի Ցեղասպանութեան բոլոր ապացոյցներն ու պահանջները, Ուիլսոնեան համաձայնագիրը, մեր կողքին ունենալով ՀՅԴ-ն՝ իր Հայ դատով։
Չկարողացանք, որովհետեւ թերի, նոյնիսկ բացակայ, քաղաքական մտածողութեամբ գնուող ղեկավարներ ունեցանք, որոնք մեր անկախացած երկիրը դարձրին իրենց սեփականութիւնը, իրենց անձնական ատելութեամբ թունաւորելով եւ առաջնորդելով ժողովրդին եւ երկրի քաղաքականութիւնն էլ դարձրին օտար տէրութիւնների շահարկման միջոց՝ ընդդէմ Ռուսաստանի։
Նոյնիսկ այս 30 տարիների ընթացքում չկարողացանք Արցախն ամբողջութեամբ ներգրաւել Հայաստանի կազմում։
Եւ այսօր, երբ կրկին մեր գլխին կախուած է թուրքական եաթաղանի վտանգը, երբ Թուրքիան արդէն այնքան է լկտիացել, որ բնաւ չի կոծկում կայսերապաշտ իր հին մոլուցքը, մենք դեռ տկար ուղեղով վարչապետ ենք խաղացնում ու խորացնում մեր պառակտումը։
Ի՞նչ է հայ արգանդն է չորացել, այս անկարողներին փոխարինող չկայ երկրում, թէ՞ վախենում ենք, որ յանկարծ հին իշխանութիւնը վերադառնայ։ Մի՛ թողէք, որ վերադառնան, չէ՞ որ ժողովրդից է կախուած այլընտրանքը։
Չէ՞ որ մենք ենք երկրի տէրը, ոչ թէ այս ծախու իշխանութիւնը իր թափթփուկներով։
Թող մեր բոլորին ուղեցոյց լինի մեր երկրի անցած ճանապարհը, ուր ամենադժուարագոյն պայմաններում կարողացանք անձեւ քաոսից երկիր ստեղծել։ Իսկ այսօր ունենք 30 տարուայ փորձառութիւն եւ իրաւունք չունենք նոր սխալներ թոյլ տալու, իրաւունք չունենք հանգիստ նստելու եւ հետեւելու թէ ինչպէս են կործանում մեր երկիրը։