Նշուեցաւ Աշոտ Ղուլեանի Նահատակման 28-ամեակը

0 0
Read Time:2 Minute, 57 Second


Օգոստոս 24, 1992-ին Մարտակերտ շրջանի Դրմբոն գիւղի ազատագրութեան համար մղուած հերոսամարտին, նահատակուեցաւ Հ․Յ․Դ․-ի գաղափարի նուիրեալներէն` Աշոտ , ծանօթ Բեկոր ծածկանունով:
29 տարի ետք, Ստեփանակերտի իր անունը կրող պուրակին մէջ համախմբուած էին Բեկորի մարտական, կուսակցական ընկերները, ընտանիքի անդամները, հարազատները: Եկած էին յարգանքի տուրք մատուցելու, ծաղիկներ զետեղելու անոր յուշարձանին առջեւ, անգամ մը եւս յիշելու Աշոտ Բեկոր անունը կրող հայուն հերոսական կենսագրութիւնը:
Ներկայ էին Բեկորի այրին` Նելլի Ղուլեանը, որդիները, հարազատներ, ազգային ժողովի պատգամաւորներ` Հ․Յ․Դ․ Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը, Արթուր Մոսիյեանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դաւիթ Սարգսեանը, Արցախի ազատամարտիկների միութեան նախագահ Սամուէլ Կարապետեանը, կուսակցական ու մարտական ընկերներ, դպրոցականներ, զինուորականներ:
Արցախի պաշտպանութեան նախարարութեան ռազմահայրենասիրական միջոցառումներու համակարգման բաժնի պետ՝ Դաւիթ Օհանջանեան անդրադարձաւ Աշոտ Ղուլեանի ազգային ազատագրական պայքարի գործիչի կերպարին եւ մարտական ուղիին: Անոր խօսքով` Ղուլեանի հրամանատարական տաղանդը փայլեցաւ 1992-ի գարնան` Շուշիի ազատագրման ռազմագործողութիւններու ժամանակ, երբ անոր հրամանատարութեամբ գործող վաշտը, յաղթական ընթացքով, մուտք գործեց հայոց բերդաքաղաքը: «Նոյն տարուայ օգոստոսի 24-ին, Աշոտ Ղուլեանը հերոսի մահով ընկաւ Մարտակերտի շրջանի Դրմբոն գիւղի ազատագրման մարտերում», ըսաւ ան։
Բեկորի համախոհ ու մարտական ընկերներէն Աշոտ Սարգսեանը անդրադարձաւ առաջին վաշտի կազմաւորման պատմութեան եւ Ղուլեանի հրամանատարական ձիրքին, անոր հայրենասէր քաղաքացիի եւ տաղանդաւոր գործիչի կերպարին: «Համախոհ ընկերների հետ լծուել էր զէնք հայթայթելու գործին: Համոզուած էր, որ ազգային-ազատագրական շարժման յաջողութիւնն անհնար է առանց զինուած պայքարի: Ղուլեանն այդ նպատակով մեկնեց Երեւան, որտեղ համախոհների հետ ինքնաշէն զէնք էր պատրաստում եւ առաքում Արցախ: Այդ տարիներին կազմաւորուած ջոկատները զինում էին Դաշնակցութեան միջոցով ձեռքբերուած զէնքերով: Այնուհետեւ, Ստեփանակերտի ինքնապաշտպանութիւնը կազմակերպելու նպատակով, հիմնականում Աֆղանիստանի պատերազմի մասնակիցներից կազմւում է վաշտը: Այդ տարիներին Արցախի բոլոր մարտական խմբերի համակարգող, այնուհետեւ նաեւ ինքնապաշտպանութեան ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետեանի (դաշնակ Ագo) առաջարկութեամբ ու բոլորի միաձայն համաձայնութեամբ, վաշտի հրամանատարութիւնը ստանձնում է Աշոտ Ղուլեանը: Ան Արցախի հերոս է: Գտնում եմ, որ մենք պէտք է դիմենք Հ․Հ․ եւ Ա․Հ․ նախագահներին Աշոտ Ղուլեանին ազգային հերոսի կոչում շնորհելու համար»,- ըսաւ Սարգսեանը:
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կողմէ ներկայացուցած իր խօսքին` Հ․Յ․Դ․-ի անդամ, պատմաբան Լեռնիկ Յովհաննիսեանը նշեց,․- «Հայոց պատմութեան ցանկացած ժամանակաշրջանում ծնւում են հերոսներ, ովքեր ազգային-ազատագրական շարժման ու պայքարի ընթացքում կարողանում են կերտել մեր նորագոյն պատմութիւնն ու պետականութիւնը: Այդ հերոսներից էր Աշոտ Ղուլեանը: Գործիչ, ում տեսլականը ամբողջական հայրենիքի ազատագրումն էր, ստեղծեց այն հիմքը, որպէսզի յետագայ սերունդները կարողանան ունենալ Հայ ժողովրդի ապագայ` ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանը»:
Բեկորի կինը` Նելլի Ղուլեանը, լրագրողներու հետ զրոյցի ժամանակ յայտնեց, որ «Ամուսնոյս նպատակներից մեծագոյնը` Արեւմտեան Հայաստանն ազատագրելն ու նորից հայաշունչ տեսնելն էր: Մեր չորս թոռներից երկուսն Աշոտ պապի անունն են կրում եւ կը շարունակեն իրենց պապի կիսատ գործը»։
Արցախի ինքնապաշտպանական ուժերու առաջին հրամանատար Արկադի Կարապետեան, իր կարգին յայտնեց․- «Նրան ամէն օր եմ յիշում: Աշոտն ինձ հարազատ մարդ էր Շատ մօտ էինք: Այսօր ուղղակի մի քիչ տխրեցի , որ մատաղ սերնդից քիչ էին ներկայ նրա յիշատակի միջոցառմանը: Համոզուած եմ, որ Աշոտի եւ մեր միւս նուիրեալների պատգամած գաղափարները կրողները մեզանում շատ են: Աշոտ Ղուլեանը աշխարհում անկրկնելի հայ զինուորի հզօր ժառանգորդն ու հաւաքական կերպարն է: Եթէ մեր դիւանագէտները կարողանային հայ զինուորի ոգով մտածել ու գործել, ապա ամէն յաղթանակի հասած կը լինէինք»։
Բեկորի թիւ մէկ վաշտը պատմութիւն կերտած է, մասնակցելով զանազան ճակատամարտերու, որոնց կարգին՝ Ասկերան, Հատրութ, Շահումեան, Կրկժան, Վերին Շէն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբէյլու, Խօջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղաւուզ, Սրխաւենդ, Բաշ-գիւնեփայայ, Օրթա-գիւնեփայայ, Դրմբոն։
Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանն ալ ծաղիկներ զետեղեց Ղուլեանի յուշարձանի պատուանդանին`։ Ան զրուցեց հերոսի այրիին` Նելլի Ղուլեանի եւ ընտանիքի անդամներուն հետ:
Ղուլեան յետմահու արժանացաւ Արցախի «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի, 1999-ին` նախագահի հրամանագիրով` «Արցախի հերոս» բարձրագոյն կոչումին, պարգեւատրուած է «Ոսկէ արծիւ» շքանշանով: Յետմահու արժանացած է «Շուշիի ազատագրում» շքանշանին: Անոր անունով կը կոչուի փողոց Շուշիի, ինչպէս նաեւ Կեդրոնական պաշտպանական շրջանի առաջին գումարտակը, Ստեփանակերտի դպրոցներէն մէկը: Բեկորի մարտական անունը կը կրէ անոր կրտսեր որդին, որ ծնած է հօր զոհուելէն ետք:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles