ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ
Ամէն անգամ, երբ մօտենում է Դեկտեմբեր ամիսը, աչքերիս առջեւով մէկ առ մէկ սահում են 1988 թուականի երկրաշարժի հետ կապուած ցաւալի պատկերները, արթնանում են ողբերգական յիշողութիւնները, մտորումները…
1988թ. Դեկտեմբերի 7-ին բնութիւնը մի նոր ողբերգական անակնկալ մատուցեց տառապեալ հայ ժողովրդին: Սպիտակի աղիտալի երկրաշարժին վայրկեանների ընթացքում զոհ գնացին տասնեակ հազարաւոր մարդկանց կեանքեր, քառասուն հազարից աւելին դարձաւ հաշմանդամ, քանդուեցին՝ քսան փոքր ու մեծ քաղաքներ, 358 գիւղեր, ընդորում 58 գիւղ ամբողջութեամբ: Հասցուած հարուածը անդառնալի կորուստներ պատճառեց բնակելի եւ հասարակական շէնքերին, արդիւնաբերական կառոյցներին.քանդուեց՝ 377 դպրոց, 245 մանկապարտէզ, 560 բժշկական օպիէկտ, 324 տեղական ինքնակառավարման եւ մշակութային շէնքեր, մեծ վնասներ կրեցին կամուրջներն ու ճանապարհները, անօթեւան մնաց մօտ կէս միլիոն մարդ: Հայոց աւերուած քաղաքներում ու գիւղերում աշխարհի լեզուները խառնուեցին իրար, եւ բոլորը սկսեցին խօսել սիրոյ, կարեկցանքի ու գթասրտութեան լեզուով: Ողջ մարդկութիւնը բարեկամական ձեռք մեկնեց Հայաստանի ժողովրդին:
Սփիւռքահայութեան սիրտը մղկտաց ազգակործան նոր զուլումից: Ողջ Սփիւռքը բռունցքուեց Հայրենիքի ցաւին ու տառապանքին սատարելու համար: Նրանք հնարաւոր եւ անհնարին բոլոր միջոցները օգտագործեցին՝ օր առաջ Հայաստանին անհրաժեշտ ապրանքներ, դեղորայք եւ փրկարար խմբեր ուղարկելու համար:
Հայ ժողովրդի պատմութեան մէջ ժամանակն արձանագրեց աւերումի, մեծ ցնցումների, միեւնոյն ժամանակ ազգային զարթօնքի ու վերակերտման, կորուստների ու ձեռքբերումների, նուաճումների նոր էջ:
Այդ ժամանակ ես ղեկավարում էի Հայաստանի երիտասարդական կազմակերպութիւնը՝ ՀԼԿԵՄ կեդրոնական կոմիտէութիւնը:
1988 թուականի Դեկտեմբերին ԽՍՀՄ նախագահ՝ Միխայիլ Կորպաչովը պէտք է ելոյթ ունենար ՄԱԿ¬ի գլխաւոր ասամպլիում եւ ԱՄՆ-ի ծրագրում նախատեսուած էր, որ նա պէտք է հանդիպէր հայ անուանի կոլեկցիոներ Շահինեանին, քանի որ Կորպաչովը հիւրընկալուելու էր հայկական ընտանիքի կողմից, որոշուել էր, որ պատուիրակութեան մէջ պէտք է մի ազգութեամբ հայ ընդգրկուէր եւ ընտրել էին ինձ: Պատկերացնում էք, ինչ երջանկութիւն էր հայ երիտասարդի համար լինել ԱՄՆ¬ում, այն էլ այդպիսի պատուիրակութեան կազմում: Սակայն ղարաբաղեան շարժումը ճնշելու համար նոյն Կորպաչովը որոշեց՝ Հայաստանում պարետային ժամ յայտարարել, եւ Ապրիլ 24¬ին զօրքը մտաւ Երեւան, իսկ ես Նոյեմբերի 27-ին պէտք է մեկնէի Մոսկուա, պատուիրակութեան նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու համար, իսկ Դեկտեմբերի չորսին մեկնելու էինք ԱՄՆ: Ես կայացրի այդ պահի համար կեանքիս ամենաճիշդ որոշումը՝ չմեկնել Մոսկուա եւ ապա, Կորպաչովի պատուիրակութեան հետ՝ ԱՄՆ, քանի որ մեր ժողովուրդը, այդ թւում երիտասարդութիւնը՝ զօրքերի ճնշումների տակ էր: Մտածեցի, որ Ամերիկա մեկնելս բարոյական չէր լինի եւ չմեկնեցի: Դեկտեմբերի եօթին երկրաշարժի լուրը լսելով՝ Կորպաչովը ընդհատեց ԱՄՆ¬ի իր այցը եւ եկաւ Երեւան:
Այդ ժամանակ ես ղեկավարում էի Հայաստանի երիտասարդական կազմակերպութիւնը՝ ՀԼԿԵՄ կեդրոնական կոմիտէութիւնը: Ուսանողութիւնը անմիջապէս ոտքի կանգնեց՝ աննկարագրելի էր հայ երիտասարդների հայրենասիրական պոռթկումը, զոհողութիւնների պատրաստ երիտասարդական աւիւնը: Այսօր հպարտութեամբ ու խոնարհումով պիտի փորձեմ յիշել եւ վերարժեւորել մեր երիտասարդութեան խիզախումը, նրա կատարած գործերը:
Անպարագիծ, անփարատելի էր վիշտը: Ես կուսակցութեան կեդրոնական կոմիտէութեան բիւրոյի նիստում էի: Ընդերքի հարուածը ցնցեց նաեւ այսօրուայ Աժ-ի շէնքը (Կուսակցութեան կեդրոնական կոմիտէութեան նախկին շէնքը) եւ մենք հասկացանք, որ մեծ աղէտ է՝ երկրաշարժ, սակայն որտեղ, որ ուղղութեամբ, չգիտէինք: Ես անմիջապէս գոռացի՝ »Ատոմակայանը«: Եւ բոլորս սրահից դուրս գալով՝ վազեցինք հեռախօսի մօտ: Տաս րոպէի ընթացքում պարզուեց, որ վնասուել է երկրի հիւսիսը եւ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Սուրէն Յարութիւնեանն ու մոսկովեան հիւրերը, որոնք եկել էին »կանխելու« ազգամիջեան բախումները, ուղղաթիռով մեկնեցին աղէտի վայր: Ինձ մնում էր կազմակերպել երիտասարդութիւնը: Հրաշքով, քանի որ ամբողջ կապը վթարուած էր, միջոց էլ չկար, կեդրոնական կոմիտէութիւնը զանգեցին Կիրովականի եւ Գուգարքի երիտասարդական կազմակերպութիւնների ղեկավարները եւ մի կերպ մեզ տեղեկացրին կատարուածի մասին: Ի հարկէ մենք ոչ աղէտի եւ ոչ էլ մարդկային զոհերի չափերը չէինք պատկերացնում: Սակայն շատ շուտով հասկացանք, որ յուսահատութիւնն ու սուգը նոր աղէտ էր դառնալու: Անհրաժեշտ էր կեդրոնացնել ուժերը, գնահատել իրավիճակը եւ հնարաւորութիւնները, որոշել անելիքները:
Նոյն օրը կայացաւ ՀԼԿԵՄ Կենտկոմի բիւրոյի արտահերթ նիստ, որտեղ քննարկուեց ստեղծուած իրավիճակում հանրապետական կազմակերպութեան խնդիրներն ու անելիքները: ՀԼԿԵՄ Կենտկոմում ստեղծուեց կոմերիտմիութեան հանրապետական շտապ՝ իր տարբեր ծառայութիւններով: Ես ակամայից յայտնուեցի գործողութիւնների կիզակէտում:
Երկրաշարժից ընդամէնը 1,5 ժամ անց շուրջ հազար ապագայ բժիշկներ ուղարկեցինք աղէտի վայր: Մենք հասկացանք, որ օգնութեան համար բժիշկներ կամ գոնէ ապագայ բժիշկներ են պէտք:
Այդ օրերին Երեւանում Ղարաբաղեան շարժման, ժողովրդի ազգային զարթօնքը ճզմելու համար պարէտային ժամ էր յայտարարուած: Մենք առանց յապաղելու, համագործակցեցինք զինուորականների հետ, երեկոյեան Զէյթունի ուսանողական աւանից մինչեւ արեան փոխներարկման ինստիտուտ կենդանի շղթայ կազմուեց, եւ նրանք սկսեցին արիւն յանձնել: Յետագայում առողջապահութեան նախարարութիւնն այն համարեց ամենաճիշդ եւ օպերատիւ քայլը, քանի որ հազարաւոր վիրաւորների արիւն էր հարկաւոր:
Դեկտեմբերի 8-ի առաւօտեան պատկերն աննկարագրելի էր, ողբերգութիւնն անպատմելի, քանի որ արդէն Երեւան էինք տեղափոխում աղէտեալներին, նրանց հետ ապրում այն վիշտն ու ահռելի հարուածը, որ նրանք տեսել էին: Մենք պէտք է գործէինք արագ եւ օպերատիւ:
Կենտկոմը իր վրայ վերցրեց երիտասարդական ուժերի կենդրոնացման եւ տեղաբաշխման հարցը: Մենք ակամայ դարձանք երկրաշարժի խնդիրները կեդրոնացնող մարմին: Անմիջապէս մեր նախաձեռնութեամբ ստեղծուեց մարմին, որի հիմնական նպատակն էր՝ համակարգել միութենական բոլոր հանրապետութիւնների կոմերիտական կազմակերպութիւնների օգնութիւնը (որոնք սկսել էին արձագանգել) անօթեւան, հարազատներին, մտերիմներին կորցրած մարդկանց բազմակողմանի օգնութիւն ցոյց տալ:
Միայն առաջին երկու օրերին կազմաւորուեցին հարիւրից աւելի խմբեր, որոնք մեկնեցին աղէտի վայրերը: Երեւանի ուսումնական հաստատութիւնների աւելի քան 6000 ուսանողներ ու սովորողներ անօրինակ անձնուիրութիւն ցուցաբերեցին: Նրանք բոլոր ճակատներում էին՝ առաջին փրկարարներն էին ու առաջին բուժօգնութիւն ցոյց տուողները, աղէտից հրաշքով փրկուածներին խնամողներն ու տեղաւորողները, աղէտի առաջին օրերից ամէն տեսակի տեղեկատուական ծառայութիւն եւ որոնողական աշխատանքներ իրականացնողները: Մեր կոմերիտական-երիտասարդական ջոկատներն ու խմբերը կազմակերպուած եւ արդիւնաւէտ կերպով գործում էին հանրապետութեան օդանաւակայաններում եւ երկաթուղային կայարաններում: Նրանք բեռներ էին ընդունում եւ դրանք աղէտեալ բնակավայրեր ուղեկցում:
Երեւանի Զուարթնոց եւ Էրեբունի օդանաւակայաններում ինքնաթիռների բեռնաթափումը կազմակերպելու նպատակով ստեղծուել էին կոմերիտական խմբեր: Շուրջօրեայ հերթապահութիւն էր սահմանուած եւ բեռնաթափման ու բեռնառաքման աշխատանքներում ընդգրկուել էին 30 հազար երիտասարդներ: Այդ օրերին նրանք բեռնաթափեցին 800 ինքնաթիռ, 11 հազար թոն բեռ: Քաղաքում 11 րոպէն մէկ մէկ ինքնաթիռ էր վայրէջք կատարում:
Աղէտից մի քանի ժամ յետոյ արդէն փլատակների վրայ աշխատում էին Թալինի, Ապարանի, Արագածի, Աշտարակի, Կալինինոյի, Արթիկի, Անիի, Մարտունու, Սեւանի, Վարդենիսի ու հանրապետութեան միւս շրջանների կոմերիտականներն ու երիտասարդները: Հերոսական գործ էին անում ուսանող-բժիշկները: Դեկտեմբերի 8-ին որոշում կայացրեցինք ստեղծել աղէտի գօտու հիմնադրամ եւ առաջին մէկմիլիոն ռուբլին փոխանցեցինք այդ հաշուի համարին, որն էլ օրինակ դարձաւ միւսների համար:
Դեկտեմբերի 7-ի, լոյս ութի գիշերը հարիւրաւոր վիրաւորներ էին տեղափոխուել Երեւանի 30-ից աւելի հիւանդանոցներ եւ բժշկական հիմնարկներ: Հարազատները հոգեկան ծանր վիճակում փնտռում էին վիրաւորներին այս հիւանդանոցից‘ այն հիւանդանոց: Ես որոշեցի ուսանողների ուղարկել հիւանդանոցներ եւ հաւաքել ողջ տեղեկութիւնները վիրաւորների մասին: Մի քանի ժամ յետոյ ձայնասփիւռով եւ հեռատեսիլով հաղորդեցինք, որ ՀԼԿԵՄ կեդրոնական կոմիտէութիւնից կարելի է ստանալ տեղեկութիւններ՝ վիրաւորների մասին: Մի քանի րոպէից յետոյ Բաղրամեան փողոցը անանցանելի դարձաւ, բոլորը շտապում էին ՀԼԿԵՄ կեդրոնական կոմիտէութիւնը: Եւ այսպէս սկսուեց “որոնում” ծառայութեան հիմնադրումը: Ամենադրամատիկ պահը այն էր, որ ուսանողուհիներից մէկը լացակումած մօտեցաւ եւ ասաց. »ընկեր Յակոբեան, հիւանդանոցում կան երեխաներ, որոնք խօսել չգիտեն եւ մենք նրանց ո°վ լինելը պարզել չենք կարող«: Ես անմիջապէս լուսանկարիչներ ուղարկեցի հիւանդանոցներ, նկարեցին երեխաներին եւ նկարները սկսեցինք փակցնել Բաղրամեան 18 հասցէում գտնուող շէնքի պատերին (ՀԼԿԵՄ կեդրոնական կոմիտէութիւնի շէնք):
Տեղեկութիւններն այնքան շատ էին, որ մեզ համակարգիչներ էին հարկաւոր, ՀԼԿԵՄ կեդրոնական կոմիտէութեան առաջին յարկում տեղակայուեց էլեկտրոնային հաշուիչ կեդրոնը, որը իրականացնում էր հանրապետութեան եւ միութեան ամենատարբեր հիւանդանոցներում գտնուող վիրաւորների, հարազատների կողմից փնտռուող անձանց, կորած երեխաների հաշուառում, այսօրուայ լեզուով ասած տուեալների պանք: Հաստատութեան պատերին անընդհատ թարմացւում էին տեղեկատուական ցուցակները:
Ամէն օր այստեղ էին գալիս շուրջ 15 հազար մարդ, իւրաքանչիւր օր պատասխանում էինք մօտ հինգհազար հեռախօսազանգի: Աւելի ուշ չորսհազար երեխաների լուսանկարներ ու ազգանուններ յանձնեցինք հայկական մանկական ֆոնտին, որը եւս սկսեց ակտիւ կերպով մասնակցել գործընթացին: Արդէն հաշուեսարքի մէջ գրանցել էինք 70 հազար մարդու տուեալներ: Մեր »Որոնում« ծառայութեան երիտասարդների ջանքերի շնորհիւ առաջին ամսուայ ընթացքում միմեանց գտան 42 հազար մարդ, որոնցից 6 հազարը երեխաներ էին: Այս գործում չափազանց մեծ էր մեր կոմերիտական լրագրողների դերը: Դեկտեմբերի 25-ից »Աւանգարդ« եւ »Կոմսոմոլեց« հանրապետական երիտասարդական թերթերը սկսեցին հրատարակուել »Ինֆորմացիոն տեղեկագիր« պարբերականը, որը հրապարակում էր Հայաստանում տարերային աղէտի վերացման հետ կապուած պաշտօնական նիւթեր, այլ բնոյթի կարեւոր տեղեկութիւններ: »Որոնում« եւ »Յոյս« խորագրերով տպագրւում էին միմեանց փնտռող հարազատների ու մերձաւորների անունները, կենսագրական տուեալները, լուսանկարներն ու հասցէները:
Կենտկոմի երկրորդ յարկում սկսեց գործել ռատիոկայանը: Օպերատորները կապւում էին տուժած շրջանների, Հանրապետութեան ու Միութեան ամենատարբեր քաղաքներում անձնուիրաբար աշխատող 50 ռատիօսիրող կամաւորների հետ, ընդունում եւ անհրաժեշտ տեղեկատուութիւն հաղորդում
Թւում էր, պատերազմական իրավիճակ է, եւ մենք գործում ենք թիկունքում: Անընդհատ նոր կամաւորներ, նորանոր խմբեր էին գալիս Կենտկոմ եւ իրենց օգնութիւնն առաջարկում: Փորձում էինք օգտագործել բոլոր հնարաւորութիւնները, համախմբել բոլոր ուժերը:
Երիտասարդութիւնը ակտիւօրէն մասնակցեց աղէտի գօտուց երեխաներին, ծերերին ու կանանց տեղափոխելու գործընթացին: Կարեւորագոյն աշխատանք էր իրականացնում երկրաշարժից տուժած երեխաների տեղաւորման ծառայութիւնը: Այդ նպատակով ազատւում էին հանգստեան տները, պիոներական ճամբարները, ուսանողական հանրակացարանները: Մեզ դիմած աղէտեալներին անմիջապէս տեղաւորում էինք ՀԼԿԵՄ կեդրոնական կոմիտէութեան երիտասարդութեան պալատում, »Ծիծեռնակ« զբօսաշրջի-կային կեդրոնում:
Այդ ժամանակուայ Սովմինի նախագահ (ներկայիս վարչապետի համազօր պաշտօն) պարոն Ֆադէյ Սարգսեանի յանձնարարութեամբ մեր առջեւ բացուեցին բոլոր կառավարական հանգստեան տները, Արզնիի, Օշականի մանկական առողջարանները: Աղէտեալներին տեղաւորում էինք առողջարաններում, հանգստեան տներում, գիշերօթիկ դպրոցներում: Փրկուածներին իրենց յարկի տակ սիրով ու հոգատարութեամբ ընդունեցին, հազարաւոր երեւանցիներ, այլ շրջանների բնակիչներ: Մեծ թուով երեխաների, մայրերի ու դաստիարակների կազդուրուելու ուղարկեցինք համամիութենական պիոներական »Արտեկ«, »Օրլէոնոկ«, »Օկէան«, »Զուբրէոնոկ«, Լենինկրատի, Վոլկոկրատի, Սիմֆերոպոլի եւ միութեան այլ քաղաքների, ինչպէս նաեւ սոցիալիստական երկրների միջազգային ճամբարներ:
»Սպուտնիկ« միջազգային զբօսաշրջիկային պիւրոյի հետ համատեղ նման միջոցառումներ կազմակերպեցինք, երիտասարդների, ընտանիքների համար: Այս ծրագրի հետ կապուած բոլոր ծախսերը իր վրայ վերցրեց ՀԼԿԵՄ կեդրոնական կոմիտէութիւնը: Արդէն Յունուար ամսին համալսարանի օժանդակութեամբ եւ մեր ուղեկցութեամբ աղէտից տուժած քաղաքներից ու գիւղերից շուրջ 50 հազար երեխաներ ջերմութեամբ ու հոգատարութեամբ էին շրջապատուած երկրի բազմաթիւ առողջարաններում, հանգստեան տներում, պիոներական ճամբարներում: Մանուկների, յատկապէս դպրոցականների հայեցի կրթութիւնը շարունակելու, առողջութիւնն ու հոգեկան անդորրը վերականգնելու, ծնողական գուրգուրանքը անպակաս պահելու նպատակով նրանց հետ մեկնել էին մանկավարժներ, ծնողներ, բժիշկներ ու հարազատներ: Տեղերում բացեցինք դպրոցներ: Ուսուցումը տեղերում էր կազմակերպւում, հանրապետութիւնից առաքւում էր գրենական պիտոյքներ, մայրենի լեզուով անհրաժեշտ դասագրքեր, գեղարուեստական ու գիտահանրամատչելի գրականութիւն, սակայն, չէր բաւականացնում, եւ մենք նախաձեռնեցինք ազգաբնակչութիւնից համապատասխան գրականութիւն հաւաքելու ու աղէտեալ երեխաներին ուղարկելու գործը: Միասնիկեանի անուան հանրապետական գրադարանում ընդունւում էին գրքերը, տեսակաւորւում եւ ըստ պահանջի առաքւում: ՀԼԿԵՄ կեդրոնական կոմիտէութիւնը իւրովի ստանձնել էր Հայաստանից դուրս գործող հայկական դպրոցների պատասխանատուութիւնը:
Երեխաների ակտիւ կեանքը կազմակերպելու, նրանց ուշադրութեամբ ու հոգատարութեամբ շրջապատելու եւ մղձաւանջային վիճակից արագ դուրս բերելու նպատակով սկսեցինք ակտիւօրէն համագործակցել ստեղծագործական միութիւնների հետ: Կազմակերպւում էին ամենօրեայ հանդէսներ, հանդիպումներ սիրելի դերասանների, գրողների հետ, հայկական ֆիլմերի ցուցադրում, որոնք որոշ չափով մեղմում էին երեխաների վիշտը: Մի սահմռկեցուցիչ տեսարանի հանդիպեցինք: Փորձեցինք երեխաների նկարների ցուցահանդէս կազմակերպել Կիրովականում: Եւ պատին յայտնուեց 8-ամեայ աղջնակի ձմեռ պապին, որը սեւ քուրք էր հագել եւ մի ոտքն էլ կտրուած էր…
Աղէտեալները գալիս էին Երեւան եւ դիմում ՀԼԿԵՄ կեդրոնական կոմիտէութեան: Նրանք չէին էլ մտածում, որ դա հասարակական կարգով ստեղծուած երիտասարդների նախաձեռնութիւնն է: Դիմում էին մեզ որպէս պետական մարմին եւ ամենատարբեր պահանջները ներկայացնում:
Առաջին ամիսները ամենադժուար հարցերից էր հազարաւոր աղէտեալներին կերակրելը: Այդ օրերին երկրում հացը, կարագը, շաքարը եւ մի շարք այլ սննդամթերքներ կտրոնով էին տրւում մարդկանց: Երեւանում իրենց հարազատների տանը ապաստան գտածների վիճակը բաւական ծանր էր: Եւ մենք գնացինք եւս մէկ աննախադէպ քայլի, ինչ գնով էլ լինի Երեւանի ճաշարաններում (ըստ շրջանների) կերակրել աղէտեալներին: Կոմերիտմիութեան անդամավճարները մենք նպատակաուղղեցինք աղէտեալների սննդի խնդիրների լուծմանը: Առաջին մի քանի օրերին հասարակական սննդի 12 կէտերում կազմակերպեցինք աղէտեալների ճաշարաններ եւ մօտ մէկ ամիս, օրը երեք անգամ կազմակերպեցինք տասը հազար մարդու սննդով ապահովելու գործը:
Առաջին օրերին ակնյայտ դարձաւ, որ հազարաւոր երեխաներ կորցրել են ծնողներին եւ երկկողմանի որբեր են: Մենք անմիջապէս որոշեցինք վերցնել նրանց հովանաւորութիւնը եւ նման շարժում սկսեցինք՝ Հանրապետութեան բոլոր շրջանների երիտասարդների իւրաքանչիւր ղեկավար պէտք է հովանաւորէր մի որբի: Կարճ ժամանակի ընթացքում որբացած երեխաները շրջապատուեցին հոգատարութեամբ ու ընտանեկան ջերմութեամբ: Ես ստանձնեցի Սպիտակից երեք երկկողմանի որբերի պատասխանատուութիւնը, որոնք, փառք Աստուծոյ, այսօր լաւ ընտանիք են կազմել Սպիտակում, դարձել օրինակելի ծնողներ: Պետական, քաղաքական շատ պաշտօնեաներ, անսալով կոչին, նոյնպէս վերցրին որբերի հովանաւորութիւնը:
Ցաւով, ափսոսանքով եմ յիշում, որ իմ մի լաւ ձեռնարկը ունեցաւ վատ աւարտ. որոշեցինք ամէն մի երեխայի անունով խնայողութեան դրամարկղում 500 ռուբլի գումար փոխանցել, որը նրանք կարող էին օգտագործել 18 տարին լրանալուց յետոյ: Նպատակն այն էր, որ տարիների ընթացքում գումարը կաւելանար եւ նրանք՝ չափահաս դառնալով կը տնօրինէին այն: Ես ի՞նչ իմանայի, որ ընդամէնը չորս տարի յետոյ ԽՍՀՄ ռուբլին պէտք է փոշիանար եւ երեխաները մնային ձեռնունայն:
Տարերային աղէտի առաջին իսկ օրուանից Երեւանի, Արարատի, Արտաշատի, Նայիրիի, Սեւանի, Մարտունու, Հոկտեմբերեանի եւ միւս շրջանների երիտասարդ գիտնականներն ու մասնագէտները, երիտասարդութեան գիտատեխնիկական ստեղծագործութեան Երեւանի, Էջմիածնի, Հրազդանի, Կամոյի, Աշտարակի, Աբովեանի շրջանային կեդրոնները արդիւնաւէտ գործունէութիւն ծաւալեցին ոչ միայն փրկարար աշխատանքների կազմակերպման ուղղութեամբ, այլեւ ձեռնամուխ եղան մի շարք կարեւոր խնդիրների լուծմանը:
Աղէտը չէր խնայել պատմական յուշարձանները, եւ մենք համախմբեցինք երիտասարդ ճարտարապետներին, քանդակագործներին, նկարիչներին, հնէաբաններին եւ այլոց, որոնք էլ զինուորագրուեցին աւերուած յուշարձանները վերականգնելու գործին:
Մեծ էր նաեւ մասսայական-լրատուական միջոցների դերը, որոնք անընդմէջ օպերատիւ կերպով ներկայացնում, մեկնաբանում ու լուսաբանում էին իրավիճակը, տուժած շրջանների բնակարանաշինութեան, սոցիալ-տնտեսական եւ մշակութային վերականգնման ողջ ընթացքը:
Հիմա եմ հասկանում, որ համազգային ցաւի ու ողբերգութեան մէջ հայ երիտասարդութիւնը միանգամից հասունացաւ, նա կարծես հասաւ ինքնանուիրման, ինքնազոհաբերման ամենաբարձր գիտակցական աստիճանին: Այսօր տարիների հեռուից չեմ կարող առանց երախտագիտութեան զգացումի ու գնահատանքի խօսքերի չյիշել այն հազարաւոր հայ երիտասարդներին, ովքեր գիշեր ու ցերեկ մարմիններում, օդանաւակայանում, կայարանում ու հիւանդանոցներում, փլատակների մօտ անում էին հնարաւորն ու անհնարինը՝ օգնելու, սատար կանգնելու աղէտեալ ժողովրդին:
Այդ դժուարին օրերին հանդէս բերած արիութեան համար ՀԼԿԵՄ Կենտկոմի և ՀԼԿԵՄ կեդրոնական կոմիտէութեան շնորհակալագրեր յանձնուեցին կոմերիտական-երիտասարդական ջոկատների հազարից աւելի անդամների: ԽՄԿԿ կեդրոնական կոմիտէութիւնը տասը պետական շքանշան եւ մետալ յատկացրեց մեզ պարգեւատրելու համար: ՀԿԿ կեդրոնական կոմիտէութեան պիւրոն որոշեց որպէս առաջին դէմք ինձ պարգեւատրել “պատուոյ նշան” շքանշանով: Ես հրաժարուեցի, քանի որ ժողովրդի ողբերգութեան, այդ ծանր պահերին նրանց օգնութեան համար ես անբարոյական գտայ պարգեւ ստանալ: Իմ առաջարկով այդ շքանշանը տրուեց Ստեփանաւանի Գիւլագարակի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Բալասան Մաղաքեանին, որը 12 երեխայ էր փրկել եւ 13-րդին հանելու ժամանակ մնացել դպրոցի փլատակների տակ: Այդ պարգեւը ես անձամբ յանձնեցի Բալասանի այրուն, որը 3 երեխայ էր խնամում:
Այդ օրերի պատմութիւնը վաւերագրելու նպատակով աղէտի առաջին օրերից ՀԼԿԵՄ կեդրոնական կոմիտէութիւնում գործում էր »Տարեգրութիւն« խումբը, որը հաւաքում եւ համակարգում էր երկրաշարժի հետ կապուած ամէն տեսակի տեղեկատուութեան փաստեր, լուսանկարներ, այլ բնոյթի նիւթեր:
Մեր անչափելի ողբերգութեան պահին կար գիտակցութիւնը, որ մենք մենակ չենք. մեզ հետ էին մեծ Խորհրդային երկրի ազգերն ու ազգութիւնները, արտասահմանեան երկրներ, ողջ սփիւռքահայութիւնը: Դժուար է ասել, թէ հայ ժողովուրդը ինչ վիճակում կը յայտնուէր, եթէ ճակատագրական օրուանից՝ Դեկտեմբերի 7-ից յետոյ ամբողջ թափով չդրսեւորուէին սովետական եւ աշխարհի այլ ժողովուրդների համերաշխութիւնը, օգնելու պատրաստակամութիւնն ու աղէտեալներին տրամադրած հնարաւորութիւնները:
Երկրաշարժի առաջին օրերից աղէտեալ վայրերում անձնուիրաբար աշխատում էին խորհրդային միութեան տարբեր վայրերից ժամանած 131 ջոկատներ, հազարաւոր երեխաներ: Նրանք փրկարարներ էին, ալպինիստներ, բժիշկներ, անձաւագէտներ, երկաթուղայիններ, կապաւորներ, քաղաքացիական աւիացիայի աշխատողներ ու այլ մասնագիտութիւնների տէր երիտասարդներ: Միայն մոսկովեան ուսանողական ջոկատներին յաջողուեց փրկել 38 մարդու եւ փլատակների տակից հանել 500 զոհուածի: Հսկայական աշխատանք կատարեցին խորհրդային ռազմիկները, ԽՍՀՄ ՆԳՄ զօրքերը, որոնց յատուկ էին կազմակերպուածութիւնն ու քաջասրտութիւնը: Միայն Քիշինեւից եւ Կիեւից ժամանած զինուորները փրկել են աւելի քան 1500 վիրաւորի: Երկրաշարժից անմիջապէս յետոյ մեր կողքին էին վրացիները, որոնք առաջին օգնութիւն էին ցոյց տալիս Սպիտակի բնակիչներին: Խորին երախտագիտութեամբ պէտք է յիշել Լեհաստանի Սոցիալիստական հանրապետութեան երիտասարդական միութեան մեծ ջոկատին, որը Սպիտակում իրականացնում էր ամենադժուար փրկարարական աշխատանքները: Նրանց օրինակով մենք եւս ստեղծեցինք այդպիսի ջոկատ, որը յետագայում դարձաւ »Սպիտակ« ջոկատի կորիզը: Դժբախտութեան ժամին մեզ սատար կանգնեցին Ուսանողների միջազգային միութիւնը, Դեմոկրատական երիտասարդութեան համաշխարհային ֆեդերացիան, եւ այլ միջազգային երիտասարդական միութիւններ ու կազմակերպութիւններ:
Մեր ժողովրդին պատուհասած աղէտի ժամին մեզ վշտակցեցին ու օգնութեան ձեռք մեկնեցին Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Պելոռուսիայի, Վրաստանի, Տաճիկստանի, Ուզբեկստանի, Լատուիայի Հիւսիսային Օսէթիայի ու միւս խորհրդային հանրապետութիւնները, նրանց երիտասարդական կառոյցներն ու մարզկոմները, Մոսկուայի եւ Լենինկրատի քաղաքային կազմակերպութիւնները, բազմազգ երկրի հազարաւոր երիտասարդներ: Փլատակների վրայ ինքնամոռաց էր աշխատում Ռոստովի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտի 109 հոգուց՝ 11 ազգերի ներկայացուցիչներից բաղկացած ջոկատը, Մոսկուայի Լոմոնոսովի անուան համալսարանի, միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտի ուսանողները, Լենինկրատից, Կիեւից, Խարկովից, հեռաւոր Կամչատկայից ժամանած երիտասարդներն ու աղջիկները:
Չեմ կարող երախտագիտութեան, հիացմունքի խօսքեր չասել Սփիւռքի մեր հայրենակիցների հասցէին: Լուրը այնպէս էր ցնցել նրանց, որ իրենց կազմակերպուածութեամբ, հաւաքած նիւթական ու ֆինանսական միջոցներով մեծապէս օգնեցին աղէտեալներին: Նրանք բացեցին ԽՍՀՄ երկաթեայ վարագոյրը, եւ աշխարհի բոլոր ծայրերից թռչում էին օդանաւերը, նրանց հիմնական մասը մեր ազգակիցների հաւաքած իրերն էին՝ հագուստ ու կօշիկ, սնունդ ու դեղորայք, որոնք այդ օրերին շատ էին անհրաժեշտ: Սփիւռքը ցաւի, վշտի պահին բռունցքուեց, համախմբուեց իր մայր Հայրենիքի շուրջը, նեցուկ եղաւ, ամոքեց նրա վիշտը բազում ծրագրերով, գործերով մասնակցեց եւ այսօր էլ շարունակում է մասնակցել աղէտի գօտու վերակառուցմանը:
Կորուստներն անվերադարձ էին, աւերածութիւններն անգնահատելի, հետեւանքները ծանր, բայց շարունակեցինք ապրել, արարել, վերակերտել, որովհետեւ հայ ժողովրդի ուղին յաւերժութիւնն է ու նրա գոյութեան առհաւատչեան՝ արարումը: