Հրանտ Գալստեան
«ՀԵՏՔ»
Տաւուշի Ներքին Կարմիրաղբիւր գիւղում, որը գրեթէ ամբողջութեամբ տեսանելի է ատրպէյճանական դիրքերից, կրակահերթերի մասին երեխաների հարցերին պատասխանելու համար տարբեր պատմութիւններ են յօրինում: 42-ամեայ Սամուէլը իր տղաներին ասում է, որ կրակոցները ուսումնական են, եւ այդ ձայները հրաձգարանից են գալիս: Իսկ 37-ամեայ Արայիկն աղջիկներին սովորեցրել է, որ երեկոյեան ոչ թէ կրակոցի, այլ հրավառութեան ձայներ են լսւում:
Արայիկն ասում է` պէտք չէ խուճապի ենթարկել երեխաներին: Սամուէլն էլ չի ուզում վախեցնել նրանց, բայց երբ բացատրել է, որ դրսում խաղալիս պէտք է զգոյշ լինել, երեխաները սկսել են անհանգստանալ ու արթնանալ այդ ձայներից: «Մենք տեսել ենք, մեզանից մեծերը տեսել են, էս հոգեբանական վիճակները ազդում այ անընդհատ էս էրեխերքի վրայ», ասում է Սամուէլը:
Ան եղբայրներից աւագն է, Արայիկը` կրտսերը: Նրանց միւս եղբայրը` Մանուէլը, նոյն գիւղում է ապրում: Մինչեւ վերջերս երեքն էլ աշխատում էին որպէս պայմանագրային զինծառայողներ: Այս տարի Սամուէլը դուրս է եկել ծառայութիւնից: «Ընտանիքը մեծացել այ, էլ չէի հասցնում», բացատրում է նա:
Մինչեւ 2009, երբ անցել է պայմանագրային ծառայութեան, Սամուէլը զբաղուելիս է եղել գիւղատնտեսութեամբ, յետոյ մեկնել է Ռուսաստան` աշխատանքի: Զինուորական ծառայութեան անցնելիս մտածել է, որ «Համ անունը տեղը կը լնի, համ էրեխեքս չեն սովի»: Ի տարբերութիւն գիւղատնտեսութեան` պէտք չի եղել ամիսներ շարունակ սպասել արդիւնքին, որը գուցէ աւելի շատ լինէր, բայց ամէն ամիս չէ, որ թոյլ էր տալիս ժամանակին կատարել կոմունալ վճարումները: «էդ կանխիկ գումարը մօտս ըլնում այ, գլուխս չեմ կ՚ախում»,- ասում է նա:
Սամուէլն այժմ ընտանի կենդանինէր ունի եւ պատրաստւում է անասնապահութեամբ զբաղուել: Չգիտի` աւելի շատ կը շահի, թէ կը տուժի, բայց որոշել է փորձել: Մեր այցելութեան օրը նա Բերդ` վաճառելու էր տարել իր խոզերից մէկին: Ասում է` խոզերից մէկը շուտով ձագեր կ՚ունենայ:
Ներքին Կարմիրաղբիւրը ատրպէյճանական դիրքերից հեռու է 700-800 մեթր: Այստեղ հողերի հազիւ քսան առ հարիւրն են մշակում: Սամուէլն ասում է, որ մի պարզ բանջարանոց ունենալու համար պէտք է պարիսպ կառուցել, «որովհետեւ ցանկացած տեղ խոցելի ա»:
Կարմիրաղբիւրի հարեւանութեամբ Այգեպարն է, իսկ երկու գիւղերի դիմաց` ատրպէյճանական դիրքերի մօտ, թշնամի Ալիպէյլի, Հաջալու, Օքիւզլու գիւղերն են: Հրադադարի կնքումից ի վեր Ներքին Կարմիրաղբիւրում ատրպէյճանական դիրքերի կրակոցներին զոհուել են հինգ խաղաղ բնակիչներ եւ երկու զինծառայողներ: Այս տարիներին մի շարք կազմակերպութիւննէր ու անհատներ ցուցաբերել են տարբեր բնոյթի օգնութիւններ. վերանորոգել են դպրոցի շէնքը, բազմացնելու պայմանով նուիրաբերել են անասուններ, տուել են արտօնեալ վարկեր: Սամուէլը նշում է, որ եթէ չլինէր մարդասիրական օգնութիւնը, գիւղից շատերը կը գնային, բայց հաւելում է նաեւ, որ ամաչում են այդ օգնութիւնից, երբ կարող էին սեփական աշխատանքով բաւարարել իրենց կարիքը:
Սամուէլը տունը նոր է նորոգել, բայց ցոյց է տալիս փամփուշտների թողած անցքերը պատերի ու տանիքի վրայ: Նախկին զինծառայողն ասում է, որ աւելի լաւ է հասնել խաղաղութեան` փոխադարձ հարուածները խստացնելու փոխարէն. «թող իմ պատուհանը մնա տեղը, ես չգնամ երկու-երեք հազար դրամ տամ, շուշեն առնեմ գցեմ, իրան տունը ինձ վառելը պէտքը չի: Չկրակի իմ պատուհանը փչացնի, մեր էս հոգեկան վիճակը, էս երեխանց ճչոցը չլսեմ»:
Ներքին Կարմիրաղբիւրում, ըստ գիւղապետ Մանուէլ Կամենդատեանի, 1350 մարդ է ապրում: «Գիւղում 380 տուն կայ: Էդ մարդիկ մի քանի անգամ կառուցել են իրենց տները, ո՞ւր գնան,,- հարցնում է գիւղապետը:
Սամուէլի եղբայրները, քառասունից աւելի համագիւղացիների հետ, շարունակում են պայմանագրային ծառայութիւնը: Սամուէլն ասում է` նրանք ատրպէյճանական դիրքերից հեռու են մինչեւ 170 մեթր: Թէեւ եղբայրներն այդ մասին ոչինչ չեն ասում, ինքը տարբերում է` հնչող կրակոցները նրանց դիրքերի ուղղութեա՞մբ էին, թէ ոչ: «Նոյնն էլ ինձ են հարցրել, ասել են կրակոց կա՞յ, ասել եմ` չէ, լաւ այ: Թէ տնեցիք են, կին այ, էրեխայ այ, աշխատում ենք շատ խուճապ չստեղծուի: Դէ կարող այ մի արանք մի ինչ-որ հոգեկան խանգարում ստացած մի հատ կրակեց, դրա համար հոյ խուճապ չենք գցի», ասում է նա:
Մանուէլը նոյն դիրքի աւագն է, որտեղ ծառայում է Արայիկը: Նրանք հաւատացնում են, որ դիրքերում ծառայակիցնէր են, ոչ աւելին: Ասում են, որ ծառայութիւնից հազիւ վերադարձած` իրենց նորից կարող են կանչել դիրքեր, եթէ լարուածութիւն սկսուի: Բայց ամսուայ մի կէսին, երբ ծառայութեան մէջ չեն, տան միւս գործերն են անում` փայտի, խոտի, կենդանիների, եւ այլն: Նաեւ շատ ժամանակ են տրամադրում երեխաներին, որոնց հետ ամսուայ միւս մասը հեռախօսով են խօսելու:
«էն օրը հետը խօսում եմ, ձիւն էր եկել. հայրի՛կ ջան, բա ձիւնը եկել այ, ասում այ, բա ձմեռ պապը խի՞ չի գալիս: Գիտի ամէն ձիւն գալով ձմեռ պապը պէտք այ գա: Ասում եմ` ինչ եմ իմանում խի չի գալիս»,- աղջիկներից փոքրին` երկու տարեկան Մանուշակին գրկած` պատմում է դիրքերից նոր վերադարձած Արայիկը: Մանուշակի համար սա ընտանիքի սովորական օրինակն է, որտեղ հայրը մէ՛կ տանն է, մէ՛կ` հեռու: «էրեխուն բացատրելու կարիք չի եղել: Երկու տարեկան էրեխուն ինչ բացատրես, ինչ կը հասկանայ, որ ես 15 օր գնում եմ, 15 օր չլացես, 15 օր չկարօտես… Չես կարայ բացատրես, որովհետեւ էդ էրեխեն չի հասկանայ դա»,- ասում է Արայիկը:
Աղջիկներին նա պատմում է դիրքերի իրենց առօրեայից, պատասխանում նրանց հարցերին: Անիին, որ վեցերորդ դասարանում է սովորում, հետաքրքրում է, թէ արդեօք չեն յոգնում հայրն ու ծառայակիցները` սահմանին կանգնելիս: Դպրոցում` մինչ հօր գալը, Անին նրա մասին ասում է` «առանց իրա լաւ չի տանը մենակ, վախենում ենք»:
Արայիկը նշում է, որ թէեւ աշխատավարձը ժամանակին է ստանում, բայց դրանով չի կարողանում հոգալ մեծացող ընտանիքի պահանջները: Տունը նոր են ապահովել գազամատակարարումով, բայց խնայելով են վառում` վստահ չլինելով, թէ կը կարողանան կատարել վճարումը: Արայիկը միւս համագիւղացիների նման նշում է, որ ամենաշատն ուզում է լարուածութիւնը լուծուած տեսնել, որ գիւղացիները կարողանան իրենց գործերին անցնել եւ ստիպուած չլինեն «բերքահաւաքին գողութեամբ զբաղուել»:
Ներքին Կարմիրաղբիւրում պատմում են, որ ատրպէյճանական այն գիւղերում, որոնք տեսանելի են Ներքին Կարմիրաղբիւրից, հասարակ գիւղացիները երբեմն դուրս են գալիս իրենց սահմանապահների դէմ, երբ նրանք սկսում են կրակել վարուցանք անող հայ գիւղացիների ուղղութեամբ: Իշխանութիւնները երկու կողմում էլ վստահեցնում են, որ պատասխանը երբեք չի ուշանում. այդ մասին առաջինն այս գիւղերում են իմանում:
Սամուէլը ծիծաղում է, երբ համեմատում է գիւղն ու դիրքերը, որտեղ ծառայել է:
…Ներքին Կարմիրաղբիւրից վերադառնալուց օրեր անց իմացանք, որ Սամուէլի երեք տղաները քոյր են ունեցել: