Անահիտ Սահրատեանը չի զարմանում, որ թակել ենք իր տնակի դուռը: Միանգամից հասկանում է` տնակի անմխիթար վիճակն է մեր ուշադրութիւնը գրաւել:
Գիւմրի քաղաքի աւտոկայանին հարող տնակային աւանում այս տնակը ամենաանմխիթարներից էր: Ներսում խոնաւութեան հոտին խառնուել էր վառարանի վրայ եփուող ճաշի հոտը: Պատրաստւում էին ճաշել: Սեղանին միայն հաց ու պանիր էր դրուած: “Մեր աղքատութիւնից մենք կամաչենք արդէն“,- ասում է տիկին Անահիտը եւ առաջարկում տեղաւորուել` ուշադրութիւն չդարձնելով տան թափթփածութեանը: -Ամօթ կը զգանք, հերիք է, հնարաւոր չէ, էլ չենք դիմանայ“:
Երկրաշարժի առաջին վայրկեաններին փլուել է Գիւմրիի Նորաւան թաղամասի Լոմոնոսովի փողոցում գտնուող նրանց շէնքը: Եթէ առաջին յարկում չլինէր նրանց բնակարանը, չէին փրկուի: Նրանց մուտքից միայն 18 հոգի, այդ թւում նաեւ երեխաներ, զոհուել են:
Տիկին Անահիտի դուստրը` Նառան, եղել է երեք տարեկան: Առաջին ցնցման ժամանակ ամուսնուն ասել է երեխային վերցնել եւ դուրս տանել, իսկ ինքը շարունակել է խոհանոցում երեխայի համար կաթ եփել` մտածելով, որ ցնցումները կը դադարեն: Սակայն ցնցումները ոչ թէ դադարել, այլ ուժգնացել են:
“Մէկ էլ` պատից պատ ինծի խփեց ցնցումը, ուժեղացաւ, ահագնացաւ“,- յիշում է տիկին Անահիտը,- “ու ես անմիջապէս խոհանոցի պատշգամից դուրս ելայ, լուսամփոփը բացեցի ու նայեցի վերեւ, տեսայ, օր շէնքը կը թեքուի: Ու ես թռել եմ: Լուացք էի փռել, հիմի օր կը յիշեմ, մարմինս կը փշաքաղուի: Ընկայ պարանի վրայ, հաւասարակշռութիւնս պահուեց, ու ես մնացել եմ պարանի վրայ, բայց վեր կը նայեմ, օր շէնքն արդէն կը փլուի: Խժժամ, կը ճչամ` Նառա, Նառա (աղջկայ անունն է), անբնական, անմարդկային գազանի ձայնով ես ճչացել, գոռացել եմ, ու մի քանի հարեւան որ փրկուել են, յետոյ պատմում են, որ իմ այդ ճչոցից են վախեցել ու փախել: Ծոյլ ամուսին ունենալը երեւի լաւ բան էր: ….Ես ընկայ գետին ու վազեցի առաջ: Գիտակցութիւնս տեղն էր, օր պիտի փախնիմ: Վազել եմ առաջ ու ընկել եմ: Երեխուս անունն եմ գոռացել անընդհատ“:
Տիկին Անահիտի փախչելուց ետք շէնքը փլուզուել է` “բուռ մը հող ու մոխիր է դառել“: Աչքերը բացել է ուժեղ արեւի ծակոցից` ամուսնուն ու աղջկան պատկերը տեսել` երկուսն էլ փոշու մէջ կորած: Իսկ դուստրը աչքերն անթարթ, լլկուած նայելիս է եղել: “Կը սխմռթեմ երեխուն, կ՛ըսեմ` սա՞ղ է , կ՛ըսէ` սաղ է, բայց երեխան ձայն չի հանէ: Հլը խապար չեմ, օր շէնքը փլուել է: Կ՛ըսեմ արի վազենք, տեսնինք երեխեն ինչի չի խօսի…:
Առաջին արձագանգը տիկին Անահիտի մօտ եղել է տուն ու տեղը կորցնելու սարսափը, բայց երբ իմացել է, որ հարեւաններն ու երեխաները, հարեւան մուտքում ապրողը մնացել են շէնքի փլատակների տակ…: Երեկոյեան, Նինոծմինտայում ապրող բարեկամները եկել ու տարել են տիկին Անահիտին ու նրա ընտանիքին Ջաւախք:
“Սաղ քաղաքը աւրուել, զոհուել էին, ես էլի իմ տան համար կու լայի“,- յիշում է տիկին Անահիտը այդ օրերի իր ապրումները:
Այնուամենայնիւ, մի քանի օր անց վերադարձել ու փլատակների տակից հանել է “խալի-փալասը“, որը մինչ օրս նրա տնակի պատին է փակցուած: Կարողացել է փրկել նաեւ օժիտի որոշ իրերը, անկողնային պարագաները:
Տիկին Անահիտը գրասենեակային աշխատող է եղել, երկրաշարժից ետք կորցրել է աշխատանքը: Ամուսինը սկսել է Ուքրայինա աշխատանքի գնալ, որոշ ժամանակ ընտանիքի անդամներին էլ է տարել: Ապա կրկին վերադարձել են Ջաւախք: Շուրջ 7-8 տարի Հայաստանից դուրս են ապրել: Եւ արդէն 18 տարի Գիւմրիի այս տնակում են բնակւում: Տիկին Անահիտի ամուսինն այլեւս նրանց հետ չի ապրում, թողել է ընտանիքը, ինչպէս ինքն է ասում, գտել է Ռուսաստաններում մէկին ու մնացել մօտը:
Նպաստ ու հաշմանդամութեան թոշակ են ստանում, դրանով էլ ապրում են տիկին Անահիտը, դուստրը` Նառան եւ 3-ամեայ թոռնիկը` Մոնիքան: Երբեմն մթերքով օգնում են նաեւ Ջաւախքում ապրող հարազատները: Տնակն արդէն փտել է: Վառելիքի հարցում օգնել են, բայց տիկին Անահիտը խնայում է ստացած վառելափայտը. խանութից թուղթ է բերում, որ վառի, իսկ փայտը պահում է աւելի ցուրտ օրերի համար:
Եթէ որեւէ գործ լինում է, տիկին Անահիտը չի խուսափում, աշխատում է: Երկրաշարժից յետոյ էլ է աշխատել, բայց երբ մուտք են գործել համակարգիչները եւ տարիքն առել է, այլեւս չի կարողացել շարունակել ու անցել է խոհանոցային աշխատանքների: Հիմա ամաչում է, բերանում ատամ չի մնացել: Սպասում է բարեգործական ակցիան մեկնարկի, որ գնայ ատամները բուժելու: Նառայի ատամն էլ է ուռել, ցաւից պարբերաբար “Ասկոֆեն“ է խմում:
Տիկին Անահիտի ընտանիքը անօթեւանի կարգավիճակ ունի: Բնակարանի հերթագրման ցուցակում նրա համարը 1258-ն է: Ասում է` անօթեւաններց մնացել է 420-ը: Սպասում են երկսենեականոց բնակարանի: Մտավախութիւն ունի, որ շինարարութիւնը կարող է չշարունակուել, այդուհանդերձ, լաւատես է. “Յոյսս չեմ կորցրել, ես անպայման պիտի տուն ունենամ: Եթէ ես տուն եմ ունեցել ու կորցրել եմ, այդպէս բան հնարաւոր չէ, որ ես էլ տուն չունենամ: Ինչքան է կ՛ուզէ երկիրը խառնուի, ով կ՛ուզէ գայ ու երթայ, ես իմ տունս պիտի ստանամ…“:
Տիկին Անահիտը բնակարանի մասին մանրամասները ճշտելու համար պարբերաբար Երեւան է զանգում` Հ.Հ. քաղաքաշինութեան նախարարութիւն: Ասում է` մարզպետարանում իրեն կոպտում են, իսկ քաղաքաշինութեան բնակաբաշխման հարցերով յանձնաժողովի նախագահը բարեհամբոյր ու մանրակրկիտ պատասխանում է` յոյս տալով, որ բնակարան անպայման ստանալու են:
Տիկին Անահիտը թոռան հետ այցելել է շինհրապարակը: Երկու շէնքում ընթացող շինաշխատանքները յոյս են ներշնչել նրան: “Մեր էս տանջանքն ու արցունքները պիտի անտեղի չ՛անցնի, պիտի էղնի“,- արցունքները չի կարողանում զսպել Անահիտ Սահրատեանը:
Քրիստինէ Աղալարեան
“Հետք“
Լուսանկարները` Սառա Անջարգոլեանի