1999-ին, երբ Թուրքիային շնորհուեց “ԵՄ“-ի թեկնածու երկրի կարգավիճակ եւ այդ կառոյցի հետ յարաբերութիւնները տեղափոխուեցին ինստիտուցիոնալ հարթութիւն, Հայաստանի պաշտօնական եւ հասարակական դիրքորոշումը գերազանցապէս բացասական էր: Ընդհանուր համոզմունքն այն էր, որ Թուրքիան դեռ չէր հասունացել “ԵՄ“-ի անդամ երկիր դառնալու համար եւ “ԵՄ“-ի պաշտօնեաները արդարացի չէին վարուել Թուրքիայի հարեւան այն երկրների նկատմամբ, որոնց հետ Թուրքիայի յարաբերութիւնները մնում էին լարուած: Այս դիրքորոշումն ունէր իր ներքին եւ արտաքին տրամաբանութիւնը: 1998 թ. Մարտին, երբ Հայաստանում իշխանութեան եկաւ Ռոպերթ Քոչարեանը, Հայաստանի արտաքին քաղաքականութեան մէջ տեղի ունեցան շեշտադրումների որոշակի փոփոխութիւններ: Հատկապէս Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը եւ Սփիւռքի հետ համագործակցութեան նոր ձեւաչափերի մշակման ուղղուած Հ.Հ.-ի քայլերը Թուրքիայի կողմից միանշանակ չընդունուեց: Հայաստանը չէր ցանկանում, որպէսզի առանց Ցեղասպանութեան ճանաչման, առանց Հայաստանի հետ պատմական ու քաղաքական խնդիրների լուծման, Հայաստանին շրջափակման ենթարկող Թուրքիան դառնայ “ԵՄ“-ի անդամ: Աւելին, Հայաստանի վերլուծական հանրութիւնը մտավախութիւն ունէր, որ “ԵՄ“-Թուրքիա յարաբերութիւնները բաւական արագ ընթացք կունենան եւ Թուրքիան արագօրէն կը դառնայ “ԵՄ“-ի անդամ:
Հայաստանի պաշտօնական դիրքորոշումը որոշակի փոփոխութիւնների ենթարկուեց 2003-04 թթ. ընթացքում: Այդ ժամանակահատուածից յետոյ տարբեր հարթակներում Հայաստանի ղեկավարութիւնը եւ գերազանցապէս արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանը յայտարարում էր, որ Հայաստանը աջակցում է Թուրքիայի եւրաանդամակցութեան գործընթացին, քանի որ Հայաստանի համար ցանկալի է ունենալ այնպիսի հարեւան երկիր, որը դաւանում է եւրոպական արժէքներ ու սկզբունքներ: Հայաստանի պաշտօնական դիրքորոշումն ուներ նաեւ առաւել հեռագնա հաշուարկներ: Կար վստահութիւն, որ Թուրքիան կարող է դառնալ “ԵՄ“-ի լիիրաւ անդամ միայն այն դէպքում, եթէ բաւարեր Գոպենհագենեան չափորոշիչները, եթէ իրականացնէր անդամակցութեան համար պարտադիր մի շարք լուրջ ու համակարգային բարեփոխումներ, որից յետոյ Թուրքիայում կը փոխուէր ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների վիճակը, Թուրքիան կը ճանաչէր Ցեղասպանութիւնը, կը բացէր Հայաստանի հետ սահմանը եւ առաւելապէս կը գործէր “ԵՄ“-ի արտաքին քաղաքականութեան ծիրի մէջ: Խօսւում էր նաեւ այն մասին, որ եթէ Թուրքիան դառնայ “ԵՄ“-ի անդամ, ապա “ԵՄ“-ն կը դառնայ Հայաստանի անմիջական հարեւանը, իր բոլոր հնարաւորութիւններով հանդերձ: Այսպիսով, վերջին 10 տարիների ընթացքում, Հայաստանը տարբեր հարթակներում բարձրաձայնել է Թուրքիայի եւրաանդամակցութեան գործընթացին իր աջակցութեան մասին` դրա մէջ գերազանցապէս տեսնելով փոփոխուած Թուրքիայի հեռանկարային հնարաւորութիւնը: Սակայն 2007 թ. ի վեր, երբ Թուրքիայում դանդացեղ “ԵՄ“-ի անդամակցութեան ուղղուած բարեփոխումների իրականացման գործընթացը, եւ Թուրքիայի հասարակութեան շրջանում նուազեց “ԵՄ“-ի անդամակցութեան կողմնակիցների թիւը, Հայաստանում այդ փաստերն արժանացան տարաբնոյթ գնահատականների:
…Վերջին տարիներին սերտացել են նաեւ Հայաստանի յարաբերութիւնները “ԵՄ“-ի հետ եւ ընդհուպ մօտեցել ասոցացման համաձայնգրի կնքման նախաշէմին: Հետեւաբար, փոխուել են նաեւ “ԵՄ“-ի հետ յարաբերութիւնների ինստիտուտցիոնալ կապը: Թէեւ Հայաստանը բացայայտօրէն չի յայտարարում “ԵՄ“-ի անդամակցութեան իր մտադրութեան մասին, սակայն Հայաստանի ներգրաւումը “ԵՄ“-ի Արեւելեան գործընկերութեան ծրագրերում էականօրէն բարձրացրել են Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների արդիւնաւետութիւնը: Հայաստանը հնարաւորութիւն է ստացել ինստիտուցիոնալ մակարդակում բարձրացնել Թուրքիայի հետ կապուած մտահոգութիւնները եւ խնդիրները: Այսպիսով, “ԵՄ“-ի հետ Թուրքիայի յարաբերութիւնների հետընթացին զուգահեռ սերտացել են Հայաստան-“ԵՄ“ յարաբերութիւնները:
Այժմ փորձենք հասկանալ, թէ իրականում Թուրքիայի եւրաանդամակցութեան գործընթացը եւ վերջնական արդիւնքն ինչպիսի՞ էական հնարաւորութիւններ ու մարտահրաւէրներ են պարունակում Հայաստանի եւ Սփիւռքի համար:
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների բացակայութիւնը, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի իրագործած տնտեսական եւ հեռահաղորդակցային շրջափակման քաղաքականութիւնը Հայաստանի տնտեսութեան եւ սոցիալ-քաղաքական գործընթացների վրայ թողել ու շարունակում է թողնել էական բացասական ազդեցութիւն: Թուրքիան շարունակում է հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորումը կապել Ղարաբաղեան հակամարտութեան հետ, որով էլ աւելի է դժուարացնում առանց այդ էլ բարդ հայ-թրքական թնջուկի հանգուցալուծումը: Եւրաանդամակցութեան գործընթացն ենթադրում է, որ իւրաքանչիւր թեկնածու երկիր պէտք է նուազագոյնի հասցնի հարեւանների հետ ունեցած կոնֆլիկտային խնդիրները, ներգրաւուի բարի դրացիական յարաբերութիւնների մէջ եւ ոչ մի կերպ չխոչընդոտի հարեւանների զարգացմանը: Այլ կերպ “ԵՄ“-ի կողմից թեկնածու երկրի նկատմամբ չկայ ուղղակի պայման հարեւանների հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման, առաւել եւս` ապաշրջափակման համար: Կիպոսի պարագայում կայ ուղղակի պահանջ նաւահանգիստները բացելու համար, որն ունի միանգամայն այլ համատեքստ եւ որն իրականում դարձել է Թուրքիա-“ԵՄ“ առաջընթացի հիմնական խոչընդոտներից մէկը: Հետեւաբար, Հայաստան-“ԵՄ“ եւ “ԵՄ“-ի անդամ երկրների հետ երկկողմ յարաբերութիւնների ձեւաչափերում միայն Հայաստանը կարող է բարձրաձայնել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման փաստի անընդունելիութեան հանգամանքը:
Յաջորդ խնդիրը Թուրքիա-“ԵՄ“ յարաբերութիւններում Ցեղասպանութեան ճանաչման խնդրին հետամուտ լինելն է: Հայաստանը պէտք է շարունակի բարձրաձայնել Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչման հարցը, որը “ԵՄ“-ի անդամ մի շարք երկրների կողմից տարիներ շարունակ կիրառւում է որպէս յաւելեալ լծակ Թուրքիայի եւրաանդամակցութեան հաւակնութիւնները սահմանափակելու առումով: Իհարկէ, կայ նաեւ խնդրի հակառակ խնդիրը, Թուրքիայի հետ խնդիրներ ունեցող “ԵՄ“-ի անդամ երկրի կողմից Ցեղասպանութեան փաստի օգտագործումը կամ շահարկումը բացասական կ՛ազդի Եւրոպայում ապրող Սփիւռքի կառոյցների բարոյահոգեբանական մթնոլորտի վրայ:
Հայաստանում ձեւաւորուել է համոզմունք, որ վերջին 10 տարիների ընթացքում Թուրքիայում արձանագրուել են էական փոփոխութիւններ: Հայաստանեան “ԶԼՄ“-երը եւ վերլուծական հանրութիւնը փաստում են, որ Թուրքիայում քաղաքական ազատականացումը, հասարակական մակարդակում տարաբնոյթ սոցիալական շարժումների առաջացումը, բազմակարծութեան որոշակի մակարդակի ապահովումը հնարաւորութիւն են ստեղծում առանց նախկին կաշկանդումների քննարկել հարցեր, որոնք նախկինում հնարաւոր չէր բարձրաձայնել, առաւել եւս հանրային քննարկումներ ապահովել: Այսպիսով, հայ հասարակութեան համար էական է, որպէսզի Թուրքիայում բազմակարծութեան տարածման գործընթացն առաւել խորանայ, խօսքի եւ հաւատքի ազատութեան դրսեւորումներն ունենան անկաշկանդ արտայայտումներ: Այդ դէպքում հնարաւոր կը լինի ընդլայնել հասարակութիւնների միջեւ փոխ-գործակցութիւն հորիզոնները, խորացնել գործըն-կերային յարաբերութիւնները ակադեմիական, գիտական, փորձագիտական, տնտեսական ոլորտներում: Այս առումներով վերջին տարիներին արձանագրուել են անհերքելի արդիւնքներ եւ դրանք անշուշտ շարունակման միտում ունեն: Յատկապէս, 2008թ. ի վեր, հայ-թրքական միջպետական յարաբերութիւնների կարգաւորմանը զուգահեռ ընթանում էր նաեւ հասարակութիւնների միջեւ երկխօսութեան գործընթաց: Այս դիտարկումն ամէնեւին էլ չի նշանակում, որ Հայաստանը պէտք է միայն հետեւի Թուրքիայում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացներին եւ ակնկալի մի հանգրուան, որից յետոյ Թուրքիան կարող է բացէիբաց խօսել երկուստէք յուզող խնդիրների մասին: Հայաստանը եւս պէտք է առաւել խորացնի ժողովրդավարութեան, տնտեսութեան ազատականացման եւ խօսքի ազատութեան գործընթացները, այլապէս, ինչ-որ փուլից սկսած Հայաստանի եւ Թուրքիայի մրցակցային ռեսուրսները կը լինեն անհամադրելի:
Կարեւոր է նաեւ Սփիւռքի մօտեցումը Թուրքիա-“ԵՄ“ յարաբերութիւնների վերաբերեալ: Հայոց Սփիւռքի տարբեր կառոյցների համար անընդունելի է “ցեղասպանութիւնը չճանաչած“ եւ “սեփական պատմութեան հետ չ՛առերեսուած“ Թուրքիայի անդամակցումը “ԵՄ“-ին: Այս դիրքորոշմանը քաջատեղեակ է նաեւ Թուրքիան, որի իշխանութիւնները դրսեւորում են տարբերակուած մօտեցում հայկական սփիւռքի հետ հանդիպումներում: Գերազանցապէս ֆրանսիահայութիւնը կարեւոր դերակատարում ունի Թուրքիայի վերաբերեալ հայեացքների ձեւաւորման գործում, աւելին, Թուրքիայի “ԵՄ“-ին անդամակցութեան գործընթացի յաջողութիւնը գերազանցապէս ու հաւասարապէս կախուած է ֆրանս-գերմանական ընդդիմութիւնը յաղթահարելուց: Եթէ Գերմանիայի պարագայում հայկական համայնքը չի տիրապետում ֆետերալ իշխանութիւնների վրայ ազդելու համար հարկաւոր ազդեցութեան լծակների, աւելին, գալիք ընտրութիւններում կառավարութեան փոփոխութեան դէպքում, Գերմանիայում կակտիւանան Թուրքիային “ԵՄ“-ին անդամակցութեան կողմնակիցները` գերազանցապէս նկատի ունենալով այն դրական ֆինանսատնտեսական ներբերումը, որը կարող է ունենալ Թուրքիան: Սակայն Ֆրանսիայի պարագայում իրադրութիւնը միանգամայն այլ է, թէեւ Ֆրանսուա Օլանդը որոշակի ճկունութիւն է ցուցաբերում հայկական համայնքի եւ Թուրքիայի հետ աշխատանքներում: Այսպիսով, համահայկական ընդհանուր մօտեցումից Թուրքիան անցում է կատարել ըստ երկրի եւ ըստ խնդրի բարդութեան գործընթացներն առաջ մղելու աշխատաոճին, որպէսզի հայկական Սփիւռքի ազդեցութիւնը հասցուի նուազագոյնի:
Երկարաժամկէտ առումով եւս կան որոշ հարցադրումներ, որոնք հարկ է նկատի ունենալ, երբ խօսքը գնում է “ԵՄ“-ի անդամակցութեան մօտ կանգնած կամ արդէն “ԵՄ“ անդամ Թուրքիայի մասին. օր. ինչպիսի՞ կը լինի հայերի վերաբերմունքը պատմական հայրենիք վերադառնալու կոչերի վերաբերեալ կամ ինչպիսի՞ խորութիւն եւ թափանցիկութիւն կունենան Թուրքիայում բնակութիւն հաստատելու հեռանկարները: Հնարաւորութիւնների շարքին հարկ է դասել նաեւ այն հանգամանքը, որ աւելի տարաբնոյթ լծակներ կը ստեղծուեն, որպէսզի հայերը հնարաւորութիւն ունենան վերահսկել Արեւմտեան Հայաստանում թողած հարուստ պատմական ժառանգութիւնը, կատարելով գոյքագրում, եւ իրագործելով մշակութային ժառանգութեան վերականգնման ու պահպանման հայ-թրքական համատեղ կամ համաեւրոպական ծրագրեր:
Հայաստան-Թուրքիա-“ԵՄ“ եռանկիւնին թէեւ առայժմ չի ընկալւում որպէս համադրելի ձեւաչափ, սակայն, Հայաստանը, հայ հասարակութիւնը եւ Սփիւռքի կառոյցները պէտք է հնարաւորութիւն ու հեռատեսութիւն ունենան չբացառելու այն հնարաւորութիւնները, որոնք կարող են ծագել Թուրքիայի “ԵՄ“-ի անդամ դառնալու պարագայում: Թուրքիայի իշխանական վերնախաւը եւս քաջ գիտակցում է, որ “ԵՄ“ անդամ Թուրքիան ոչ միայն ենթադրում է իրաւունքների տիրապետում, այլ նաեւ պարտականութիւններ, թէ Թուրքիայում ապրող փոքրամասնութիւնների, թէ այդ փոքրամասնութիւնների Թուրքիայից դուրս ապրողների, Թուրքիայից բռնի տեղահանուածների կամ ինքնակամ հեռացածների համար:
Այսպիսով, չունենալով “ԵՄ“-ում որոշումների կայացման վրայ ազդեցութեան կիրառման տեսանելի հաստատութենական լծակներ, անհրաժեշտ է, որպէսզի Հայաստանը կարողանայ առաւել բազմազանեցնի “ԵՄ“-ի հետ յարաբերութիւնները: Թուրքիայի իշխանութիւնների համար, լայն առումով, Հայաստանի աջակցութիւնը էական չէ, քանի դեռ Հայաստանը ձեռք չի բերել քաղաքական ներգործութեան ազդեցիկ լծակներ: Թուրքիայի նկատմամբ Հայաստանի կողմից արհեստական ու չընկալուող խոչընդոտների ստեղծումը կամ դրանց մասին բարձրաձայնումը կարող է որոշակիօրէն ազդել երկրի հեղինակութեան վրայ: Հետեւաբար, պէտք է շարունակել վերջին տարիներին կանգ առած հայ-թրքական մերձեցման գործընթացը եւ առկայ փակուղային իրավիճակի լուծման բանալին գտնել համատեղ կառուցուող եւրոպական ապագայի կերտման համատեքստում: