Ծ.Խ.- Ստորեւ, լոյս կ՛ընծայենք այս խիստ հետաքրքրական յօդուածաշարքը, որ մանրամասնօրէն կը քննարկէ, վերջին տասնամեակներու Հայաստանեան իրադարձութիւնները: Մանրամասնօրէն եւ ամենայն հարազատութեամբ ներկայացուած, այս դէպքերու անդրադարձը, դիտուած է ակադեմական ակնոցով: Հայաստանի ընկերաքաղաքական կեանքը կը ներկայացուի ամենայն թափանցիկութեամբ:
Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանի այս գրութիւնը, ոչ թէ միայն կը հետաքրքրէ հայն ու սփիւռքահայը, այլ նաեւ օտարը եւ բնականաբար բծախնդրօրէն պատրաստուած թարգմանութիւններ, հարկ է որ կատարուին եւ լոյս ընծայուին օտարալեզու մամուլէն ներս:
Ա. ՄԱՍ
Իմ վերջին յօդուածներից մէկում, սիրելի՛ ընթերցողներ, ես յիշեցրեցի, որ ո՛չ Ղարաբաղեան շարժման սկզբում, ո՛չ Սպիտակի երկրաշարժի սարսափելի օրերին, ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ մութ ու ցուրտ, սովի 90-ականներին, ո՛չ, առաւել եւս, 2000ականների սկզբին մենք չէինք կարող պատկերացնել, որ, որպէս ազգ ու երկիր, կարող ենք յայտնուել այն կեղտի մէջ, որում այսօր ենք: Հասկանալ իրադրութիւնը մեզ կ՛օգնի ոչ միայն այսօրուայ իրավիճակի‘ որպէս մեր քաղաքական պատմութեան առանձին փուլի, վերլուծութիւնը (մեր լրատուամիջոցներում այդ թեմայով նիւթերի պակասութիւն չկայ), այլ նաեւ մեզ այսօրուայ աննախանձելի վիճակին հասցրած իրադարձութիւնների շղթայի սթափ ուսումնասիրութիւնը:
Ստեղծուած իրավիճակից դուրս գալու համար (եթէ մնացել է ցանկութիւն եւ հնարաւորութիւն) հարկաւոր է նախ հասկանալ, թէ ինչպէս ենք այդտեղ յայտնուել: Հարկաւոր է ըմբռնել կատարուածի էութիւնը, շարժիչ ուժերը, բախուող շահերը եւ գնահատել հնարաւոր հետեւանքները: Եւ միասին փնտռել ելքը: Ինչ որ չափով դրա համար խթան դարձան yerkir.am կայքում, նաեւ այլ ԶԼՄներում հրապարակուած իմ յօդուածների կապակցութեամբ արուած մեկնաբանութիւնները: Դրանցում պարունակուող հարցերը պատասխանների կարիք ունեն: Դէ ինչ, փորձենք աւելի խորը նայել:
Ամէն ոք գիտի` 1917 թուականից յետոյ նախկին Ռուսական կայսրութիւնում, որը դարձաւ Խորհրդային Միութիւն, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ նաեւ ամբողջ Արեւելեան Եւրոպայում իշխում էին կոմունիստական կուսակցութիւնները: ԽՍՀՄում սխեման պարզ էր, ինչպէս զինուորական սապոգը (երկարաճիտ կօշիկ) շահագործող դասակարգերը ոչնչացուել են, կայ դեռեւս խմելուն անվերադարձ չտրուած եւ աշխատելը դեռեւս չմոռացած պրոլետարիատ` բանուոր դասակարգ, դեռեւս ոչ ամբողջապէս Սիպիր աքսորուած աշխատաւոր գիւղացիութիւն եւ դեռեւս արմատախիլ չարուած խաւ` մտաւորականութիւն: Կոմկուսը թէեւ բանուոր դասակարգի աւանգարդն է, սակայն լիարժէք ներկայացնում է նաեւ գիւղացիների եւ ծառայողների շահերը, այնպէս որ` յաղթած սոցիալիզմի երկրում մէկ կուսակցութիւնը լիովին բաւարար է:
Արեւելաեւրոպական կոմունիստները, հաշուի առնելով աչալուրջ Արեւմուտքի մօտ լինելը, նաեւ տեղի պայմաններն ու աւանդոյթները, աւելի ճկուն ոճեր էին կիրառում: Նրանք երբեմն (իհարկէ, մոսկովեան ընկերների թողտուութեամբ) թոյլատրում էին մի քանի ոչ մեծ, արհեստականօրէն սեղմուած, սահմանափակ իրաւունքներով կուսակցութիւնների վերահսկուող գործունէութիւնը` տպաւորութիւն ստեղծելով, թէ իրենց երկրներում բնակչութեան տարբեր շերտեր (գիւղացիութիւնը, փոքր ձեռներէց-արհեստաւորները, մտաւորականութիւնը, հաւատացեալները) ինքնուրոյն կազմակերպութիւններով ներկայացուած են երկրի քաղաքական համակարգում: Օրինակ` Չեխոսլովակիայում, բացի Կոմունիստական կուսակցութիւնից, գործում էին նաեւ Ժողովրդական եւ Սոցիալիստական կուսակցութիւնները: Ի հարկէ, դրանք չէին փայլում իրենց ինքնուրոյնութեամբ` կոմունիստների հետ ներգրաւուած էին Ժողովրդական ճակատում:
Փոքր ինչ մեծ անկախութեան արտաքին յատկանիշներ ունէին ԳԴՀի` թուով աւելի մեծ քաղաքական կուսակցութիւնները: Այստեղ, բացի մարքսիստական-լենինեան ուղղուածութեան Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցութիւնից, գործում էին Դեմոկրատական գիւղացիական, Լիբերալ դեմոկրատական կուսակցութիւնները եւ նոյնիսկ Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւնը: Այդ ամէնից առանձնացուած` կար նաեւ 1948ին Կրեմլի հրահանգով ստեղծուած Ազգային դեմոկրատական կուսակցութիւնը, որում “վերակոփելու“ համար հաւաքեցին Վերմախտի 200 հազար նախկին սպաների ու զինուորների, անգամ‘ նախկին նացիստների, որոնք դուրս էին մնացել Նիւրնբերգի “ուռկանից“: Այդպէս, հաւանօրէն, աւելի հեշտ էր վերահսկողութեան տակ պահել արեւելագերմանական հանրութեան այն հատուածին, որը կազմուած էր փորձառու, մարտունակ եւ կարգապահ մարդկանցից, ովքեր դժուար թէ առանձնակի համակրանք ունենային խորհրդային զաւթիչ վարչակարգի նկատմամբ: Իհարկէ, “բազմակուսակցականութեան“ ծպտումը, թէեւ մխիթարանք էր նրանց համար, ովքեր ոգեւորուած չէին “միակ ճիշդ“ մարքսիստական-լենինեան-ստալինեան ուսմունքից, սակայն դա ոչ ոքի չէր խաբում. բոլոր “այլընտրանքային“ կուսակցութիւնները ընդունում էին կոմունիստների` այդ երկրների սահմանադրութիւններում ամրագրուած ղեկավարող ու առաջատար դերը:
Լեհաստանին, ինչպէս յաճախ էր լինում պատմութեան մէջ, դժուարութեամբ էին յարմարեցնում մշակուած սխեմաներին: Բացի երկրի մարքսիստական ղեկավարից` Լեհական միասնական բանուորական կուսակցութիւնից, գոյութիւն ունէին, աւելի ճիշդ` կոմունիստների հետ միաւորման մէջ համագործակցում էին Գիւղացիական եւ Դեմոկրատական կուսակցութիւնները: Սակայն գործում էր նաեւ “Զնակ“ (“Նշան“) ասոցիացիան` ձախ կաթոլիկների շարժումը, որը ձեւաւորուել էր 1955 թուականին եւ իր պատգամաւորներն ունէր Սէյմում: Նրանք իրական ընդդիմութիւն դարձան, որը չէր ճանաչում կոմունիստների “առաջատար եւ ուղղորդող դերը“, ինչը 1980ին յանգեցրեց ասոցիացիայի արգելմանը: Սակայն Լեհական քրիստոնէական միութիւնը, որը գոյութիւն ունեցաւ 1981-86թթ., շարունակեց ընդդիմադիր աւանդոյթները` էստաֆետը (նախաձեռնութիւնը-Խմբ.) փոխանցելով “Սոլիդարնոստ“ին (“Համերաշխութիւն“): Ի դէպ, Լեհաստանը մշտապէս ընդունուածէն դուրս է: Այնտեղ նոյնիսկ թագաւորներն էին ընտրովի:
Մեր թեման` կեղծ բազմակուսակցական համակարգը մէկ կուսակցութեան փաստացի անփոփոխ գերիշխանութեան պայմաններում, չափազանց արդիական է, քանի որ հէնց դա է դարձել Հայաստանի Հանրապետութեան քաղաքական մոդելը: Թեման լուրջ է, առանց ոչ վաղ անցեալ էքսկուրս կատարելու չի լինի:
Հայաստանի Կոմունիստական կուսակցութեան նոմենկլատուրային-բիւրոկրատական (ղեկավարութեան անմիջական նշանակումով հաստատուած վարչակարգային) մասը (յատկապէս` դրա կոմերիտական բաղադրիչը), զգայուն կերպով որսալով ժամանակի շունչը, սահուն տեղափոխուեց Հ.Հ.Շ. նոր շարժման` իրենց հոգեպէս, դասակարգային առումով հարազատ “յեղափոխական“ առաջնորդների թեւի տակ: Նրանք միասին ձեւաւորեցին նոր իշխող դասակարգ, դուրս մղեցին այնտեղից, նաեւ “Ղարաբաղ“ կոմիտէից վերակառուցման եւ պատերազմական տարիների բոլոր ազատամիտներին, եւ 1995 ու 1996 թուականների բախտորոշ, կարեւոր ընտրութիւններին բերեցին արիւնաքամ, վախեցած, ազատութիւնից ու անկախութիւնից հիասթափուած հասարակութիւն: Այդ խորհրդարանական ու նախագահական ընտրութիւններով եւ Սահմանադրութեան ընդունման հանրաքուէով գծեցին հասարակութիւնը անհաշտ ճամբարների բաժանող սահմանը. մի կողմում` վարչակարգի պնդացող բետոնը, միւս կողմում` նրանք, ովքեր յոյս ունէին կառուցել ազատ երկիր` արժանի 1988 թուականի` հոգեւոր վերածնուած, ակտիւ, քաջ, հպարտ, ոգեշնչուած հայերին: Յիշո՞ւմ էք այդ հայերին: Ձեզանից շատերը, ովքերը աւելի տարիքով են, հէնց այդ հայերն էին ժամանակին: Նրանք արժանի չէի՞ն աւելի լաւ ճակատագրի կամ լաւ երկրի: Իհարկէ, արժանի էին: Սակայն չկարողացան լաւ երկիր կառուցել եւ սկսեցին այն փնտռել այլ` հեռաւոր վայրերում… Սակայն սա այլ թեմա է, իսկ մենք վերադառնանք մերին:
Յիշենք 90-ականների սկզբին քաղաքական ուժերի տեղաբաշխումը: Մի կողմում Հ.Հ.Շ.ական կիսագրագէտ գողամոլութիւնն է` սերտաճած խորհրդային պետական ապարատի ամենահեռատես ու ճարպիկ ներկայացուցիչների հետ, որոնք միասնաբար կարճ ժամանակահատուածում ծաղկող երկիրը գցեցին լիակատար տնտեսական անկումի մէջ: Միւս կողմում ուժեղ ընդդիմութիւնն է` դաշնակցականները, հանրապետականները` անջատուած Հ.Հ.Շ.ից, դեռեւս փոքր խմբակցութիւնների չբաժանուած Ազգային ժողովրդավարական միութիւնը, յաւակնոտ առաջնորդների կողմից դեռեւս չսեփականաշնորհուած “Ազգային ինքնորոշում միաւորումը“ եւ “Սահմանադրական իրաւունք միութիւնը“, դեռեւս վերակենդանացման կարիք չունեցող ռազմկավարները: Նաեւ կոմունիստները դեռեւս մանր խմբերի չէին տարրալուծուել: Այն, որ այդ ուժերը, յատկապէս` միասին, ընդունակ էին յաղթել 1995-ի ընտրութիւններում եւ խորհրդարանական մեծամասնութիւն ձեւաւորել, ոչ ոքի մօտ, այդ թւում` իշխանութիւնների, կասկածներ չէր առաջացնում: Եւ գործի դրուեցին իշխանութիւնը պահելուն ուղղուած ճկուն քաղտեխնոլոգիաներ` մեր հասարակութեանը եւ դեռեւս անփորձ ընդդիմութեանը այն ժամանակ անծանօթ, դրանից էլ` աւելի արդիւնաւէտ: Մանրամասներով եւ ամսաթուերով ձեզ չեմ ծանրաբեռնի. շատերն առանց այդ էլ ամէն ինչ յիշում են, իսկ ում ինչ որ բան կը թուայ բաց թողնուած կամ պարզապէս դուր չի գայ, հաճոյքով հրաւիրում եմ բանավէճի:
Ընդհանրապէս, երբ խօսում են խորամանկ, բարդ քաղտեխնոլոգիաների մասին, նկատի ունեն կատարման որակը, քանի որ բովանդակութիւնը, որպէս կանոն, անփոփոխ է` սկսած նախապատմական ժամանակներից: Այն հիմնուած է հակառակորդին սեւացնելու, զրպարտելու կարողութեան վրայ (ներկայումս կոչւում է կոմպրոմատ կամ սեւ փիար), նպատակ ունի քայքայել, պառակտել նրա շարքերը (divide et impera), ստի, կաշառքի կամ վախեցնելու միջոցով հակառակորդի շարքերից պոկել ամենաենթարկուող օղակները (իւղել ու դեղել): Ահա եւ ամէնը: Իսկ թէ ինչպէս է դա արւում` հնագոյն եղանակո՞վ‘ նամակների կեղծում, ամբաստանութիւն, կեղծ վկայութիւն եւ այլն, թէ՞ ինտերնետով կամ հեռուստատեսութեամբ, ընդամէնը տեխնիկայի ու դարաշրջանի հարց է:
Անցեալ դարի 90-ականներին առաջինը ընդդիմութեան շարքերում “կոտրուեցին“ ազգային-դեմոկրատները: Նրանց առաջնորդ Վազգէն Մանուկեանը մտաւ Հ.Հ.Շ.ական կառավարութեան մէջ, ինչին, բնականաբար, գաղափարական արգելքները չէին խոչընդոտում: Դաշնակցականներին պառակտելու փորձերը` արտասահմանից ճնշումներ գործադրելու միջոցով, եւ ինքնակոչ զուգահեռ կառոյցի ստեղծումը անփառունակ տապալուեցին, եւ իշխանութիւնը ուշադրութիւնը կենտրոնացրեց Հանրապետական կուսակցութեան վրայ: Ճնշումների եւ գայթակղիչ
խայծի (օրինակ` “Հրազդան“ մարզադաշտի տեսքով) խորամանկ համադրութիւնը յանգեցրեց այն բանին, որ այդ կուսակցութիւնը կտրուկ փոխեց ուղեգիծը եւ ներգրաւուեց Հ.Հ.Շ.ի հետ միասնական նախընտրական բլոկում: Ընդդիմութիւնը պառակտուեց: Դաշնակցականները, հետ մղելով պառակտիչների յարձակումները եւ չենթարկուելով խայծերին, սպառնալիքներին, շողոքորթութեանը, նաեւ նրանց համակիր փոքրաթիւ կազմակերպութիւնները մնացին միայնակ իշխանութեանը դէմ յանդիման, որը նոր-նոր էր զգացել արագ եւ անծախս հարստացման համը եւ կատաղած էր իշխող դիրքերը կորցնելու հեռանկարից:
Հետաքրքիր թեմա է, չէ՞: Ինչքան յիշողութիւններ արթնացան… Կը շարունակենք թեման, չկասկածէք:
Բ. ՄԱՍ
90-ականների սկզբին` մինչեւ պառակտումը, հայկական ընդդիմութիւնն առաջարկեց սահմանադրութեան` լաւ մտածուած ու արհեստավարժօրէն մշակուած համատեղ նախագիծ, որի վերաբերեալ բանավէճերը դարձան անկախութեան առաջին տարիների քաղաքական գործընթացի հէնքը: Իսկ այդ գործընթացի խորապատկերը Ղարաբաղում ազգային-ազատագրական պատերազմն էր, մարդկային կորուստները, դեռեւս անսովոր շրջափակումը, մութ, ցուրտ, սոված օրերն ու գիշերները, բնակչութեան զանգուածային ելքը երկրից եւ բարձր հովանաւորներ ունեցող, օրըստօրէ լկտիացող գողականները, որոնք առաջնորդւում էին անարժանօրէն մոռացուած Վանիկ Սմբատի Սիրադեղեանի կարգախօսով` մեր դէմ խաղ չկայ:
1994 թուականի վերջին իշխանութիւնների համար պարզ դարձաւ, որ ժողովրդական վրդովմունքն այնքան ուժեղ է, որ նոյնիսկ պառակտուած ընդդիմութիւնն ի վիճակի է իրենց լուրջ պարտութեան մատնել խորհրդարանական ընտրութիւններում: Եւ այդ ժամանակ իշխանութիւնը, իր արտասահմանեան տէրերի օգնութեամբ, բոլոր ուժերը կենտրոնացրեց աւելի մեծ հեղինակութիւն վայելող եւ վտանգ ներկայացնող հակառակորդի` Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դէմ: Ես արդէն յիշատակել եմ դաշնակցականներին թուլացնելու նախորդ փորձերի մասին` Հայաստանում եւ արտասահմանում արհեստականօրէն զուգահեռ կառոյցներ ստեղծելու միջոցով: Գործի դրուեց ցանկացած քարոզչութիւն` խորհրդային “մաշուած“ առասպելները “համաշխարհային կայսերապաշտութեան շների ու խոշոր քաղքենիութեան վարձկանների“ մասին, ծիծաղաշարժ շարժապատկերային քլիշէներ (դրանք հիմա էլ են կիրառւում), կուսակցութեան` նախկինում թոյլ տուած սխալները, արտաքին յարաբերութիւնների ոչ այնքան թափանցիկ դրուագներ ու դրանց հետեւանքները, պատմութեան վիճելի փաստեր եւ, ի հարկէ, հիմնական սարսափազդու հնարքը` ահաբեկչութեան մէջ մեղադրելը: Ի դէպ, վերջինն այնքան էլ չէր վնասում Դաշնակցութեան համբաւին, քանի որ հայ ժողովուրդը ե՛ւ սփիւռքում, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում յարգում եւ գնահատում էր այդ կուսակցութեանը ոչ թէ պոլշեւիկների, հնչակների կամ ռամկավարների հետ գաղափարական վէճերում համոզիչ լինելու, այլ հէնց հարուածին հարուածով պատասխանելու ունակութեան եւ պայքարի զինուած մեթոտներին տիրապետելու համար: Ու թէեւ դաշնակցականները երբեք չեն կորցրել իրենց գլուխն ու զէնքի դիմել սեփական երկրում (յամենայն դէպս, ոչ մի հետաքննութիւն եւ ոչ մի դատարան նման բան ապացուցել չկարողացան), Դաշնակցութեան դէմ 1994-ից սկսուած բռնութիւնները հիմնուած էին հէնց այդպիսի մեղադրանքների վրայ` ահաբեկչութիւն, զինուած յեղաշրջման նախապատրաստում եւ այլն:
Սակայն մի կողմ թողնենք տէրպետրոսեանական վարչակարգի ու դաշնակցականների բախումը, դա առանձին թեմա է` հին նախապատմութեամբ, եւ դրա վերջակէտը դեռ չի դրուած: Կը գայ ժամանակը, եւ Դաշնակցութեան` Հայաստանում 20-րդ դարի վերջին քառորդի գործունէութեան, ի դէպ, նաեւ այլ կուսակցութիւնների պատմութիւնը կը գրուի անկողմնակալ պատմաբանների կողմից (թէեւ, միւս կողմից, որտեղի՞ց այդպիսիք):
Սակայն եթէ փորձենք բացայայտել այն ժամանակուայ իրադարձութիւնների պատճառահետեւանքային կապերը, պարզ կը դառնայ, որ Դաշնակցութեան առաջնորդների ձերբակալութիւնները եւ կուսակցութեան արգելումը նախերգանքն էին անկախ Հայաստանի առաջին խորհրդարանական (1995 թուական) եւ երկրորդ նախագահական (1996 թուական) ընտրութիւնների, որոնք դրեցին ընտրակեղծիքների հիմքը, եւ այդ կեղծիքների կատարելագործումն աներեւակայելի հնարամտութեամբ շարունակւում է մինչ օրս: Այդ ժամանակներից էլ հայկական քաղաքական բառապաշարում յայտնուեց “ամօթալի ընտրութիւններ“ բառակապակցութիւնը, որով արդէն քանի տարի անընդհատ խարանւում են նմանատիպ բոլոր միջոցառումները: Իսկ այն, որ 1998 թուականին Տէր Պետրոսեանը հրաժարական տուեց, պարզապէս նախապէս չկանխատեսուած, բայց լաւ օգտագործուած տարր էր անթափանցելի համակարգի եւ իշխանութեան անփոփոխ կազմի վերջնական ձեւաւորման գործընթացում: Բոլորը` ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտասահմանում, տեսան, որ աղքատացած ժողովրդի ատելութեամբ սնուցուող հզօր հանրահաւաքները իշխանութեան կողմից զիջումների, առաւել եւս` նախագահի հրաժարականին չյանգեցրին. հանգստի (այն էլ` ոչ վերջնական) նա գնաց միայն իր իսկ ստեղծած յանցաւոր խմբի ճնշման տակ:
Ճիշդ է, այն ժամանակ ոչ երկար ժամանակով իրական առիթ ստեղծուեց` կառուցել կառավարման եթէ ոչ իտէալական, ապա գոնէ առողջ համակարգ` բարդ իրողութիւններին ու ապագայի մարտահրաւէրներին համարժէք: Սակայն, ցաւօք, դա տեղի չունեցաւ, առիթը բաց թողնուեց, քանի որ հէնց այդ ժամանակ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը կատարեց իր գլխաւոր ու ճակատագրական սխալը: “Գլխաւոր սխալ“ ասուածն այս համաթեքսթում չի նշանակում ամենանկատելի, կամ` որ դրա ստուերում միւս սխալները չեն երեւում: Բանն այն է, որ Քոչարեանը վտանգի չդիմեց` իշխանութիւնը արմատապէս փոփոխելու համար. ընտրուելուց յետոյ նա չլուծարեց Հ.Հ.Շ.-ական խորհրդարանը` 1995-ի ամօթալի ընտրութիւնների ծնունդը (թէեւ նրան յամառօրէն խորհուրդ էին տալիս): Նա չցանկացաւ իր իրական յենարանը դարձնել անկախ քաղաքական ուժերին, որոնք իրենց չէին արատաւորել տէրպետրոսեանական վարչակարգի հետ համագործակցութեամբ: Իսկ անմիջապէս նախագահականից յետոյ` 1998-ին նշանակուած արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները յաղթանակ կը բերէին հէնց այդ ուժերին, եւ Հայաստանի զարգացումը բոլորովին այլ ուղղութեամբ կ՛ընթանար:
Դա տեղի չունեցաւ, առիթը, կրկնում եմ, բաց թողնուեց, քանի որ ապագայ նախագահ Քոչարեանին դէմ տուեցին բարձրագոչ, ինչպէս թմբուկը, նոյնքան էլ դատարկ կարգախօս` “Իմ կուսակցութիւնը ժողովուրդն է“, որը վարպետօրէն նրան զրկում էր իրական քաղաքական աջակցութիւնից: Արդիւնքում` նախկին Հ.Հ.Շ.-ականներից շատերը եւ նրանց արբանեակները, մինչ այդ մի գիշերուայ մէջ դարձած “երկրապահ“, շունչ առնելու ժամանակ ունեցան եւ արագ կերպարանափոխուեցին հանրապետականների, քանի որ իրեն գլխաւոր հանրապետական էր հռչակել այն ժամանակ ամենազօր Վազգէն Սարգսեանը: Այդպիսով` նրանք պահպանեցին քաղաքական եւ տնտեսական գերիշխող դիրքը հասարակութեան մէջ, ինչը եւ դարձաւ դրան յաջորդած եւ մինչ օրս շարունակուող քայքայման հիմնական պատճառը:
Ի դէպ, այն ժամանակներից սկսած` այդպէս էլ շարունակւում է` Հանրապետական կուսակցութիւնն իրեն առաջնորդ է կարգում կուսակցական գործունէութիւնից` ընդհանրապէս, եւ ցեղակրօն-հանրապետական գաղափարախօսութիւնից` մասնաւորապէս, հեռու հասարակական կամ ծառայողական բարձր դիրք զբաղեցրած կողմնակի անձանց: Ամբողջ աշխարհում յաջողակ կուսակցութիւնների առաջնորդները, ընտրութիւններում յաղթելով, դառնում են պետութեան ղեկավարներ: Հայաստանում հակառակն է‘ պետութեան ղեկավարները նախ քարշակի դեր են կատարում իշխող նշանակուած կուսակցութեան համար, իսկ յետոյ գրոհում են այդ “նաւը“` իրենց հռչակելով դրա նաւապետ: Այդ ամէնը, անշուշտ, տեղի է ունենում կուսակցական ենթարկուող վերնախաւի բուռն, չդադարող ծափահարութիւնների ուղեկցութեամբ:
Այսպէս, երկրորդ նախագահի գործունէութեան սկզբում, նրա աչքի առաջ, իշխող կուսակցութեան սկսած գործը Հ.Հ.Շ.-ից ընդունեց Հանրապետական կուսակցութիւնը: Ընդ որում` ժողովուրդը լռում էր, ինչպէս “Պորիս Կոտունով“ ողբերգութեան վերջին արարում: Երկրում հաստատուեց “իշխանութեան փոփոխութիւնը իշխանութիւնների բացառիկ իրաւունքն ու գործն է“ քաղաքական բանաձեւի վրայ հիմնուած համակարգ: Ժողովուրդը, քաղաքական կուսակցութիւնները, քաղաքացիական միութիւնները այդ բանաձեւում ոչ մի կերպ չեն տեղաւորւում եւ որոշումներ կայացնելու գործընթացի հետ որեւէ կապ չունեն: Նրանք ընդամէնը հասարակական աշխուժութեան, քաղաքական գործընթացի պատրանքային խորապատկեր են ստեղծում: Իմ մի շատ խելացի ծանօթի բնորոշմամբ` իշխանութիւնը տեղափոխուել է քաֆքայական ամրոց` պատնէշուելով հասարակութիւնից համարեա անթափանց պատով, եւ ժողովրդին, որպէս զուարճալիք, թողնելով միայն անպտուղ պոռթկումները:
Ինչո՞ւ երկրորդ նախագահը, ում հետ այդքան յոյս էր կապւում, թոյլ տուեց դա: Որովհետեւ արդէն 1998-ի նախագահական ընտրութիւնների ժամանակ նրան ըմբռնելի ձեւով բացատրեցին` նախագահի ընտրութեան մեքանիզմները ոչ մի ընդհանուր բան չունեն անձնական հեղինակութեան եւ ժողովրդի կողմից այդ հեղինակութեան ճանաչման հետ: Հայաստանում սա անխախտելի կանոն է, եթէ դրան չես հետեւում, նշանակում է տեղ չունես իշխանութեան մէջ, չես էլ կարող մնալ այնտեղ: Պարզապէս զարմանալի է, թէ ինչպիսի հետեւողականութեամբ էին կանխւում հասարակութեան` իր ճակատագրի ընթացքին միջամտելու փորձերը: Ահա ցայտուն օրինակ` 2003-ի նախագահական ընտրութիւնները: Առաջին փուլում միայն վարչական միջոցների շնորհիւ յաղթանակի հասնել չյաջողուեց, իսկ երկրորդ փուլում գործն իրենց ձեռքը վերցրեցին Ռոպերթ Քոչարեանին աջակցող քաղաքական ուժերը: Նրանք ճիգ գործադրեցին եւ հասան յաջողութեան` իրենց թեկնածուի համար ապահովելով համեստ, բայց ամուր ու յուսալի գերակշռութիւն: Լուրջ վտանգ առաջացաւ (իսկ ժողովրդի համար` յոյս), որ նախագահը կ՛ընտրուի առանց կատարելագործուած խարդախութիւնների եւ տարատեսակ կիսաքրէական ղեկավարների նիւթական աւանդի` առանց գողականների, ուժային կառոյցների, Կենտրոնական ընտրական յանձնաժողովի խորամանկ խարդախների, գաւառական ցեղական առաջնորդների ու նրանց շքախմբերի, այլ հիմնականում քաղաքական գործիչների ուժերով ու քաղաքական մեթոտներով: Վերեւներում իրենց “կաշուով“ զգացին այդ վտանգը: Ի՛նչ իրարանցում սկսուեց: Մինչ ընտրատեղամասերը փակելը` վերջին ժամերին, թէ ի՛նչ էր կատարւում: Մկանների անտեղի խաղ, արձանագրութիւններում անտեղի լրացումներ, քուէաթերթիկների անտեղի լցոնում, անտեղի լարուածութիւն ու վազվզոց: Թքելով երկրի հեղինակութեան ու շահերի, անգամ` հէնց իշխանութեան վրայ, ծառայում էին ուժերի գերլարումով` ապականելով ու փճացնելով համեստ, բայց ազնիւ յաղթանակը, այն վերածելով հերթական ամօթալի իրադարձութեան: Եւ այդ ամէնը մի նպատակի համար` որպէսզի ծնունդ առնող քաղաքացիական հասարակութեան մտքով չանցնի մտնել “տիրելու“ գործերի մէջ, իսկ “տնօրէնի“ (այսպէս են երկրի ղեկավարութեան կիսագողական շրջանակներում անուանում նախագահին) գլխում յանկարծ չծնուի այն ըմբոստ միտքը, թէ ընտրուել կարելի է նաեւ ժողովրդի կամքով: Աստուած մի արասցէ, որ ժողովրդական զուարճալիքը` ժողովրդավարութիւնը, ինչ-որ մէկը լուրջ ընդունի:
Սակայն շուտով պարզ դարձաւ, որ ժողովրդական զուարճալիքից իշխանութիւնները կարող են օգուտ քաղել: Մի՛ մոռացէք` սկսուել էր 21-րդ դարը, Հայաստանը Եւրոպայի խորհուրդ մտնելու ճանապարհին էր, եւ առանց ուրախ, ժողովրդավարական երանգներով ներկուած ճակատի դժուար կը լինէր: Եւ այստեղ հայկական իշխանութիւններին օգնութեան հասաւ արեւելաեւրոպական համայնավար երկրների` նախորդ մասում նկարագրուած “բազմակուսակցական“ փորձը, որը կարելի էր քողարկել “անցումային շրջանի բազմակարծութեամբ“: Իշխող կուսակցութեան անփոփոխութեան մոտելը` առաջատարի նրա դերը չվիճարկող այլ կուսակցութիւնների առկայութեան պայմաններում, Հայաստանում դարձաւ իշխող: Ով ընդունում է դա, դառնում է համակարգի մաս եւ կարող է քաֆքայական ամրոցում յայտնուելու յոյս փայփայել, կամ` գոնէ դրա մատոյցներում: Իսկ ո՞վ չի ընդունում: Նրանց եւ միւսների մասին շուտով կը խօսենք:
Գ. ՄԱՍ
Եւ այսպէս` մեր քաղաքական մոտելը, այլ կերպ ասած` հայկական իշխանութիւնը հայ ժողովրդից բաժանած երկաթպեթոնէ ամրոցը վերջնականապէս պնդացաւ մեր անկախութեան առաջին տասնամեակում: Պատերի ներսում համակարգն է` հիմնականում փոխառուած խորհրդային անցեալից` ի հարկէ, գաղափարական ուղղութեան փոփոխութեամբ` ծայրայեղ ձախից (համայնավարական) ծայրայեղ աջ (ոչ ճիշդ ընկալուած նոր ազատական):
Քաֆքայական ամրոցի ներքին կառուցուածքին մենք դեռ կը վերադառնանք, իսկ մինչ այդ դիտարկենք այն քաղաքական ուժերն ու կերպարները, որոնք մնացին պատից այն կողմ‘ հասարակութեան ծոցում: Նրանցից շատերն այնքան թոյլ էին ու աննշան, որ սկզբում պարզապէս իշխանութեան ուշադրութիւնը չէին գրաւում: Նրանք աղմկում էին եւ այսօր էլ աղմկում են‘ ժամանակ առ ժամանակ հռչակելով ճիշդ ու խիզախ կարծիքներ եւ մօտեցումներ` շատ յաճախ կրկնօրինակելով աշխարհին յայտնի գաղափարական շեմաները եւ առաջարկելով գործնական լուծումներ, որոնք իրենք ի վիճակի չեն իրագործել: Այդօրինակ փոքր կազմակերպութիւնները, որ ծնունդ առան վերակառուցման տարիներին եւ յետվերակառուցման կամայականութիւնների պայմաններում, բնաւորութեամբ շատ նեարդային, կասկածամիտ, խանդոտ եւ ինքնահաւան առաջնորդներով, հասարակութեան ուշադրութիւնը շեղեցին իրական այլընտրանքներից եւ իշխանութեանը յուշեցին մի շատ վնասատու գաղափար, որը մենք կը քննարկենք մեր յօդուածաշարի յաջորդ մասում:
Համակարգից դուրս գործող նմանօրինակ ոչ մեծ խմբերից բացի, 20-21-րդ դարերի սահմանագծին առանձնանում էին երկու ուժեղ եւ ազդեցիկ քաղաքական կուսակցութիւններ` ձախ Դաշնակցութիւնը եւ աջ Ազգային ժողովրդավարական միութիւնը (Ա.Ժ.Մ.): Դրանք բաւականին արդիւնաւէտ մրցակցում եւ համագործակցում էին միմեանց հետ` չնայած լիովին տարբեր ծագումներին: Դրանց միաւորում էր այն, որ երկու կուսակցութիւնում էլ գերակշռում էին գաղափարապաշտները: Այնպէս չէ, որ հանրապետականների շրջանում գաղափարապաշտներ չկային, ընդհակառակը` 90-ականների սկզբին Աշոտ Նաւասարդեանի կերպարը` որպէս մարդու, ով յանուն իր գաղափարների ընդունակ է տառապելու, խորհրդանշական էր: Սակայն, վերջ ի վերջոյ, Հանրապետական կուսակցութիւնում գերակշռեցին, այսպէս կոչուած` “գործնապաշտները“ եւ կուսակցութեան ներսում նրանց “յաղթանակի“ արդիւնքները թէ՛ նրանց կուսակցութիւնը, թէ՛ ամբողջ հանրութիւնը դեռ երկար ժամանակ չեն կարողանայ մարսել…
Հ.Յ.Դ.-ում եւ Ա.Ժ.Մ.-ում ամէն ինչ այլ կերպ էր, սակայն այդ կուսակցութիւններն էլ 2000-ականների սկզբին հասկացան` իշխանութեան անխոցելի ամրութիւնների վրայ հեծելազօրային ինքնասպան, անմիտ գրոհների ժամանակներն անցել են: Հարկաւոր է նոր ռազմավարութիւն: Այդ կուսակցութիւնները, հաւանօրէն միմեանցից անկախ, որոշեցին իշխանութեան բնոյթը փոխել ներսից: Նշանակում է` անհրաժեշտ էր ներթափանցել քաֆքայական ամրոց: Սակայն այդ կուսակցութիւնները տարբեր մարտավարութիւն ընտրեցին` իւրաքանչիւրն իրեն բնորոշ: Իշխանութիւնների հետ փոխգործակցութեան նոր մոտելի որոնումն էլ ընթանում էր տարբեր ձեւով:
Ա.Ժ.Մ.-ի` իշխանութիւնը գրոհելու, յետոյ` ամբողջ կուսակցութեամբ իշխանութեան մէջ մտնելու փորձերը յաջողութեամբ չպսակուեցին, աւելին` երկարատեւ պայքարի լարուածութիւնը եւ ընկճուածութիւնը քայքայեցին այն: Երիտասարդ, աւելի շատ համախոհների ակումբ յիշեցնող, կազմակերպական առումով չձեւաւորուած կուսակցութիւնը` ղեկավարութեան մէջ մի քանի ոչ սովորական, յաւակնոտ անձնաւորութիւններով, բոլորովին վերջերս ընձիւղուած տէրպետրոսեանական Հ.Հ.Շ.-ից, պարզապէս կազմալուծուեց (կամ գիտակցաբար բաժանուեց) մի քանի խմբերի‘ նման անուններով, նմանօրինակ քաղաքական հայեցակարգերով, սակայն տարբեր բնաւորութեամբ առաջնորդներով: Այդ խմբերից իւրաքանչիւրը, իսկ աւելի յաճախ պարզապէս Ա.Ժ.Մ.-ական առանձին ղեկավարներ կամ գործիչներ մտան իշխանութեան մէջ իրենց ճանապարհով` ոմանք պտուտաձեւ ու երկար, ոմանք` անմիջապէս: Դա, եթէ կարելի է այսպէս անուանել, “ատոմացուած“ էր: Ա.Ժ.Մ. նախկին առաջնորդները դարձան փոխնախարարներ, տարբեր ոլորտների խոշորագոյն վարչութիւնների ղեկավարներ` ոմանք նախագահականում, վերահսկիչ մարմիններում, ոմանք արտաքին գործերի նախարարութիւնում, ոմանք Կենտրոնական դրամատնում, որպէսզի յետոյ հասունանան վարչապետի պաշտօնի համար, իսկ ոմանք բաւարարուեցին Հանրային պալատով` նախագահի ականջներին մօտ լինելու հնարաւորութեամբ: Արդեօ՞ք դա ներթափանցելու եւ ազդեցութիւն ունենալու մտածուած մարտավարութիւն էր, թէ՞ պարզապէս այդպէս ստացուեց` ապագայ սերունդները հնարաւոր է իմանան Վազգէն Մանուկեանի եւ նրա նախկին (?) համախոհների յուշերից: Ինչ էլ լինի, տասնամեայ ջանքերի արդիւնքը բաւականին հակասական է` իրենց ու իրենց գաղափարները Ա.Ժ.Մ.-ականները իշխանութեանը հասցրեցին, սակայն իրականացնել չկարողացան: Նրանց կարելի է համեմատել աթլեթների հետ, որոնց յանձնարարուած էր ողիմպիական կրակն անցկացնել արգելափակոցներով. նրանք ջահը առանձին այրող փայտերի բաժանեցին` աննկատ անցնելու համար: Արգելափակոցները նրանք յաջողութեամբ յաղթահարեցին, սակայն այրող փայտերը քամին մարեց:
Ի տարբերութիւն Ա.Ժ.Մ.-ի իրենց գործընկեր-հակառակորդների, աւելի դիմացկուն, երկարատեւ, ուժասպառ անող պայքարի սովոր դաշնակցականներն այլ մարտավարութիւն կիրառեցին. նրանք գնացին ինչպէս կարող էին` ոչ թէ գաղտագողի, այլ կուսակցական ամբողջ փաղանգով` մարտական կանոններով: Համաձայնական կառավարութիւն կազմեցին Հանրապետական կուսակցութեան հետ, կնքեցին համաձայնական յուշագիրը, զբաղեցրին նախարարական եւ խորհրդարանական պաշտօններ, մի խօսքով` մտան քաֆքայական ամրոց` ոչ թէ անհատապէս, այլ միասին, սեփական դրօշներով: Եւ ի՞նչ տեսան այնտեղ` ամրոցի ներսում. ճշգրիտ գծագրուած արահետներ ու միջանցքներ հետաքրքրութիւնների ոլորտներով սահմանափակուած ֆինանսական ու ցեղախմբային միաւորումների միջեւ: Պետական շահերի ոլորտն առանձնապէս ոչ մէկի կողմից չի պաշտպանւում, կարելի է նաեւ անթաքոյց մի կտոր “կսմթել“: Սակայն մասնաւոր եւ խմբակային շահերի դէպքում հարկաւոր է զգուշաւորութիւն ցուցաբերել` քայլ դէպի աջ, քայլ դէպի ձախ, եւ քեզ ճիշդ չեն հասկանայ, գողական կանոնները կը խախտես:
Շատ արագ դաշնակցականները հասկացան, որ իշխանութիւնը ներսից փոխելու գունագեղ յոյսերն այնքան էլ արդարացուած չեն: Ի հարկէ, ինքնին հարցադրումը որեւէ անհնար բան չէր ենթադրում: Պատմութիւնը տալիս է իշխանութեան` դրա մէջ թափանցած բարեփոխիչ ուժերի եւ անձերի ազդեցութեան տակ վերափոխուելու օրինակներ: Այդ մասին բաւականին համոզիչ վկայում են փիրենէեան եւ լատինաամերիկեան պետութիւնների օրինակները: Սակայն յեղափոխական բնոյթի ձեւափոխութիւնները բաւականին դանդաղ են կատարւում եւ պահանջում են նուիրուած բարեփոխիչների լուրջ զանգուածի առկայութիւն, գոնէ` որ զբաղեցնեն մի քանի կարեւոր պաշտօններ եւ ունենան կարեւորագոյն որոշումներ կայացնելու գործընթացի վրայ ազդելու մեքանիզմներ: Դա դաշնակցականները չկարողացան ապահովել. յենարան չունէին: Այդ պատճառով նրանց` իշխանութեան կազմում յայտնուելը ո՛չ հասարակութեանը, ո՛չ հէնց դաշնակցականներին սպասուած արդիւնքները չտուեց, աւելին` հասարակութեան շրջանում, նաեւ կուսակցութեան ներսում հիասթափութիւն առաջացրեց: (Նոյնիսկ հիմա` տարիներ անց, դա դեռեւս նկատելի է: Դրա մասին են վկայում իմ յօդուածների վերաբերեալ ջղագրգիռ մեկնաբանութիւնները, որոնց հեղինակների հոգեբանական վիճակին խոստանում եմ առանձին յօդուածով անդրադառնալ):
Ի հարկէ, 2000-ականներին բարեփոխումներ իրականացուեցին, եւ դաշնակցականների դերը դրանցում զգալի էր, սակայն ո՛չ բարեփոխումները, ո՛չ Դաշնակցութեան ազդեցութիւնը, դրանց արդիւնաւէտութեան առումով, այնքան էլ ակնառու չեղան հասարակութեան համար, որպէսզի երկիրը դուրս բերէին լճացումից եւ Դաշնակցութեանը ապահովէին նոր լծակներով որոշումների կայացման գործընթացի վրայ ազդելու, իշխանութեան մէջ կուսակցութեան դիրքերը ուժեղացնելու եւ հասարակութեան շրջանում հեղինակութիւնը մեծացնելու համար: Ի հարկէ, հարկաւոր է հաշուի առնել, որ իր ցանկացած գործընկերոջ իշխանութիւնը պատրաստ է տրամադրել միայն շատ սահմանափակ իրաւունքներ: Գիտէ՞ք` ինչպէս են ձեւակերպւում Անգլիայի թագուհու լիազօրութիւնները. նա իրաւունք ունի խորհրդատուութեան, նախազգուշացնելու եւ ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ տալու: Ոչ մի այլ իրաւունք: Մօտաւորապէս նոյն դերը, չնայած որեւէ համաձայնական կառավարութեան համաձայնագրի, նախատեսուած էր (եւ այսօր էլ նախատեսւում է) ցանկացած գործընկերոջ համար` կոշտ նախագահական կառավարման պայմաններում: Դրա հետ դաշնակցականները չցանկացան հաշտուել: Նրանք սկսեցին ամրոցի ներսում սեփական ամրոցը պատնէշել, որպէսզի գոնէ պահպանեն ինքնուրոյնութիւնը, որոշակի հեռաւորութիւն պահեն երկրում իրականացուող անօրինակութիւններից եւ չդառնան դիւանակալական մեքենայի կցորդը, ինչպէս եղաւ ուրիշների դէպքում: Թէեւ, ըստ երեւոյթին, նաեւ մեր կուսակցութեան մէջ կային այնպիսիք, որ նախընտրեցին “շանը շան կողքին կապես` կա՛մ կծել կը սովորի, կա՛մ հաջել“ ձեւակերպումը:
Սակայն, այդուհանդերձ, երբ երկարատեւ դիրքային պայքարից յետոյ 21-րդ դարի առաջին տասնամեակի վերջին վերջնականապէս պարզ դարձաւ, որ Դաշնակցութեան ազդեցութիւնը պետական կարեւոր որոշումներ կայացնելու գործընթացում անընդհատ նուազում է, կուսակցութիւնը ուժ գտաւ` նահանջի որոշում կայացնելու: Քաֆքայական ամրոցը դաշնակցականները լքում էին այնպէս, ինչպէս մտել էին` շարքով եւ մարտական դրօշների տակ: Սակայն նրանց կորուստները ծանր էին: Յաջորդ իսկ խորհրդարանական ընտրութիւններում (2012 թուականի Մայիսի 6) Դաշնակցութիւնը բարձր գին վճարեց: Ընտրազանգուածը` մի քանի անգամ գիտակից քաղաքացիներին գերազանցող, ընդդիմադիր յոյսերին ու հեռանկարներին նախընտրեց ոչ մեծ, բայց բաւականին շօշափելի փողը: Դրա մասին շատ է գրուել: Դաշնակցութեան կազմակերպչական ոյժը, որը հիմնւում է ստորին կառոյցների կարգապահութեան եւ հաւատարմութեան վրայ, խաթարուեց իշխանութեան հետ համագործակցութեան պատճառով:
Իսկ իշխանութիւնը դաշնակցականներից վրէժ լուծեց Հայաստանում եւ սփիւռքում բողոքի ալիք բարձրացրած հայ-թրքական արձանագրութիւնների “նախաձեռնողական“ դիւանագիտութեանը կատաղի դիմադրելու եւ ներիշխանական կանոններին չենթարկուելու համար: Սակայն դաշնակցականներն իրենց ճկուն եւ ամուր կառուցուածքով ու ժամանակին չենթարկուող աւանդոյթներով, ինչպէս միշտ, կանգուն կը մնան:
Իսկ ի՞նչ եղաւ միւս կուսակցութիւնների հետ` երբեմնի մարդաշատ, աշխուժ, խոստումնալից: Դրանց մասին յաջորդ յօդուածում:
Դ. ՄԱՍ
ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԷՆ
Միշտ ոգեւորւում եմ, երբ իմ յօդուածներին ի պատասխան ագրեսիւ, թունոտ մեկնաբանութիւններ եմ ստանում: Դրանցից որոշները հետաքրքիր են, միւսները լի են մաղձով, չարութեամբ, որոնց հեղինակները անգամ ինտելեկտուալ ձեւանալով, ի զօրու չեն դրանք քողարկել: Սակայն բանն այն չէ` դո՞ւր են գալիս ինձ դրանք, թէ ոչ: Ես, ինչպէս մեկնաբանութիւնների հեղինակները, ունեմ սեփական կարծիք, իսկ հաւատում են ինձ առանձին անհատներ, թէ` ոչ, ինձ համար, ներեցէք, միեւնոյնն է… Խօսքի ազատութեան սկզբունքը ոչ միայն ցանկացածիդ ասելու իրաւունքն է, այլեւ չլսելու: Իսկ ոգեւորում է ինձ այն, որ մեկնաբանողների վրդովուած գրառումներում, նոյնիսկ նրանց, ովքեր այնքան էլ լաւ չեն հասկացել յօդուածի իմաստը, զգում եմ շփոթմունք եւ ամօթի զգացողութիւն…
Նրանցից շատերը երեւի դեռ չեն մոռացել, որ երբ դաշնակցականները բարիկադներ էին բարձրանում (բառիս բուն իմաստով) եւ բանտ նստում յանուն իրենց ազատութեան, իրենք լռում էին եւ թաքցնում գլուխները ոտքերի արանքում: Բայց չէ՞ որ այն ժամանակ էլ կար խօսքի ազատութիւն, եւ կարելի էր չլռել: Եւ բանտ էլ նստում էին հէնց նրանք, ում մեկնաբանութիւնների քաջ եւ անանուն հեղինակներն անուանում են դաւաճան: Ընդհանրապէս, “դաւաճան“ բառը պէտք է զգուշօրէն գործածել: Քանի որ ո՞ւմ կարելի է դաւաճանել: Նրան, որ քո հաւատարիմ սատարողն է եղել, պայքարել է հետդ կողք կողքի, այլ ոչ թէ ընտրակաշառքների թակարդն է ընկել, եւ ում չեն շեղել կեղծ այլընտրանքների` սիրամարգի պոչի նման գոյնզգոյն խոստումները: Իսկ քանի՞ նման կայուն եւ հաւատարիմ մարդ է եղել մեր հասարակութիւնում: Արդեօք նրանք շա՞տ են այժմ: Ցաւօք, ոչ: Մեր հասարակութիւնը միշտ ձգտել է անսպասելի հրաշքով փրկութեան, որը կը գայ առանց իր անմիջական մասնակցութեան: Դրա օրինակները շատ են: Եւ միշտ արդիւնքը հիասթափութիւնն է եղել: Վերցնենք մեր ոչ վաղ անցեալը, որ հիմնական լէյտմոտիվը (հիմնական դրոյթը-Խմբ.) փրկչի փնտռտուքն է: Միայն հաշուէք, թէ քանի փրկիչ-ազատագրող ենք մենք տեսել վերջին մէկուկէս տասնամեակի ընթացքում:
De mortuis nil nisi bonum` հանգուցեալների մասին կա՛մ լաւը, կա՛մ ոչինչ, ի հարկէ, սակայն յիշէք 90ականների վերջը, երբ փրկչի փնտռտուքը առաջին անգամ երեւան հանեց մեր հասարակութեան` վաղուց հեռացած քաղաքական դէմքերին յարութիւն տալու բացառիկ կարողութիւնը:
Իսկ երկու հազարականնե՞րը…
Մոսկովեան մեսսիա (փրկիչ-Խմբ.) Արկադի Վարդանեանը իր բուռն բազմամարդ հանրահաւաքներով, որոնց հետեւեց նահանջը եւ յոյսերի տապալումը: Յետոյ արդէն տեղական հերոսների շքերթը` Արամ Կարապետեան, Արտաշէս Գեղամեան, Ստեփան Դէմիրճեան, Արթուր Բաղդասարեան, Տիգրան Կարապետիչ, կոնգրեսական առաջնորդները` ԼՏՊի գլխաւորութեամբ եւ վերջապէս` համահայկական ղեկավարութեան ձգտող էքստրավագանտ (արտառոց-Խմբ.) յաւակնորդը, որը զարմացրեց բոլորին քաղաքական հացադուլը նախազատիկեան պասի վերածելու կարողութեամբ:
Բոլորը խոստանում էին պարզապէս մետաքսեայ-բամբակեայ յեղափոխութիւններ, սակայն արդիւնքում` կրկին նահանջ, երբեմն սրտխառնոց առաջացնող նահանջողականութիւն, եւ նորից յոյսերի փլուզում…
Բայց դաշնակցականներին այս աստղաբոյլի հետ մի խառնէք: Մենք երբեք ձեզ երկնային մանանա չենք խոստացել: Մենք ասել ենք` եթէ դուք իրօք պատրաստ էք պայքարել ձեր իրաւունքների, ձեր ազատութեան համար, մենք կ՛առաջնորդենք ձեզ դէպի յաղթանակ: Սակայն եթէ դուք պատրաստւում էք սպասել հրաշքով ձեզ փրկողին “deus ex machina“ ոճով, իսկ ինքներդ ցանկանում էք ապրել ինչպէս ապրում էիք` մի փոքր գողանալ, մի փոքր քծնել եւ շատ լաց լինել, եթէ ցանկանում էք նստել հեռուստաէկրանի առաջ եւ հեռուից հետեւել սեփական փրկութեանը, ապա առաւելագոյնը, ինչ կը տեսնէք, կը լինի ձանձրալի բազմասերիանոց քաղաքական շօուն: Այնպէս որ, սիրելի հայրենակիցներ, մեզնից մի՛ դժգոհէք, մենք չենք դաւաճանել ձեր յոյսերը, քանի որ դուք մեզ հետ ոչ մի յոյս չէիք էլ կապել: Արդէն 120 տարի է, ինչ մենք ձեզ խոստանում ենք բարդ պայքար եւ յաղթանակ: Ձեր պայքարը եւ ձեր յաղթանակը: Պարզապէս մենք ուրիշներից լաւ գիտենք, որ մէկն առանց միւսի չի լինում: Իսկ դուք պայքարի փոխարէն ընտրում էք կախարդական հէքիաթը, կամ այլ խօսքերով` որ ձեզ յիմարի տեղ դնեն: Եւ արդիւնքում ունէք այն, ինչին արժանի էք: Ընդ որում, ուշադրութիւն դարձրէք, որ Դաշնակցութիւնը միակ կուսակցութիւնն է հայ իրականութեան մէջ, որը բացէիբաց ընդունում է իր սխալները եւ բաց քննադատութեան է արժանացնում սեփական անցեալը եւ սեփական ղեկավարութեանը:
ՈՉ ՄԻ ՈՒՐԻՇ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ
ԵՐԲԵՔ ՉԻ ՅԱՄԱՐՁԱԿՈՒԵԼ
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՀԱՅԵԱՑՔՈՎ ՆԱՅԵԼ
ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆԸ
Նոյնը, ցաւօք, վերաբերում է մեր հասարակութեանը: Սրանից կարելի է եզրակացնել, որ բոլոր այդ արհամարհական եւ Դաշնակցութեանը ազգի բոլոր դժբախտութիւնների մէջ մեղադրող գրառումները թողնում են հիմնականում այն մարդիկ, ովքեր հոգու խորքում գիտակցում են, որ մեր կեանքում ինչ որ բան սխալ է, բայց սեփական մեղքը տեսնել չեն ուզում: Սովոր չեն:
Դուք չէ՞ք նկատել` ովքեր են ամէնից շատ եւ յաճախ բողոքում եւ դժգոհում կեանքի եւ աշխարհի անարդարութիւնից: Նրանք, ովքեր երբեք եւ ոչ մի պարագայում չեն փորձել ջանքեր գործադրել փոխել մէկը կամ միւսը: Ցաւով ստիպուած ենք փաստել, որ նման բազմակողմանի դժգոհների տոկոսը մեր հասարակութեան մէջ չափազանց բարձր է: Դրա պատճառները պահանջում են յատուկ ուսումնասիրութիւն, քանի որ դա բարդ, ոչ միանշանակ եւ բազմագործօն երեւոյթ է: Գելլափի սոցիոլոգների կատարած հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ Հայաստանում հարցուածների մէկ երրորդից աւելին համարում է իրենց տառապեալ:
Թւում է, թէ դա պէտք է բաւական լինի, որպէսզի ընտրութիւններին իշխող կոալիցիայի (միաւորումին-Խմբ.)` կրկին յարմարաւէտ իշխանական աթոռը զբաղեցնելու յոյսերը տապալուեն: Սակայն հէնց այդ ամենադժգոհ խմբում է զարմանալիօրէն ցածր, յանուն սեփական երկրի, սեփական երեխաների աւելի լաւ ապագայի պայքարելու պատրաստակամութիւնը: Հէնց այդ մարդիկ են, որոնք գլխիկոր պատրաստակամութեամբ ենթարկւում են իշխանամէտ նախընտրական շտաբերի լկտի կատարուածներին: Այդ “հնազանդներ“ի մտքով անգամ չի անցնում գրողի ծոցն ուղարկել կպչուն անձնագիր հաւաքողներին եւ դառնալ ազատ` հարկադրանքից եւ ընտրակաշառքներից: Վաղուց է յայտնի, որ ստրուկը ոչ թէ ազատութիւն է երազում, այլ սեփական ստրուկներ: Այդպէս Ցիցերոնն է ասել եւ չի սխալուել: Միգուցէ նրա ծանօթների մէջ հայե՞ր են եղել: Սակայն, թերեւս, դա համընդհանուր կանոն է, եւ միայն մեզ չի վերաբերում:
Մարդկութիւնը, ընդհանուր առմամբ, ինչպէս եւ առանձին վերցրած ցանկացած ազգ, բաղկացած է երեք անհաւասար մասերից. նրանք, ովքեր առաջ են տանում պրոգրեսը, նրանք, ովքեր ակտիւ դիմադրում են դրան, եւ նրանք, ովքեր պասիւ սպասում են այդ գործընթացի արդիւնքներին` “ճանապարհին գցած գերան“ի կարգավիճակում:
Եւ նոյնիսկ այնքան կարեւոր չէ, թէ նշուած կատեգորիաներից որն է աւելի շատ շահում սոցիալական, քաղաքական, տնտեսական ռեֆորմներից, քանի որ այդ հարցին պատասխան տալու փորձը մեզ կը տանի կասկածների արահետով` մոլորակն ապականող մեր քաղաքակրթութեան նպատակայարմարութեան (Աստուածային մտահղացման) եւ կենսունակութեան տեսակէտից: Կարեւորն այն է, որ պրոգրեսի համար անհրաժեշտ է, այսպէս կոչուած, պատուիրատու, շահագրգռուած սոցիալական խումբ, որը ճիշդ, թէ սխալ, բայց եւ այնպէս գիտակցաբար տեսնում եւ զգում է իր շահը պրոգրեսից: Պարտադիր չէ, որ շահը լինի զուտ նիւթական, չնայած դա նոյնպէս շատ կարեւոր է, բայց հոգեկան բաւարարուածութիւն (օրինակ` հպարտութիւն հայրենի երկրի, սեփական քաղաքացիական դիրքորոշման համար, ընդհանուր յաղթանակի զգացողութիւն) անպայման պէտք է բերի:
Ի հարկէ, գերադասելի է, որպէսզի բարեփոխումների շարժիչ ուժը լինի հէնց իշխանութիւնը: Հայաստանում այն, ցաւօք, ի տարբերութիւն սոցիալիստական ճամբարի աւերակների վրայ առաջացած շատ պետութիւնների, կատարում է ժանգոտած արգելակի դեր, բայց շատ աւելի կարեւոր է “երրորդ շերտ“ի` պատուիրատուի առկայութիւնը: Եւ հէնց այստեղ է բացւում իրօք տխուր տեսարան: Մանրակրկիտ ուսումնասիրութեան արդիւնքում պարզ է դառնում, որ դեռեւս չկայ սոցիալական շերտ, որը շահագրգռուած լինի բարեփոխումներով: Կամ հնարաւոր է` արդէն չկայ: Այսինքն, հայրենակիցների այն տոկոսը, որը, պայմանականօրէն ասած, վերածուել է մեր հասարակութեան բեռի, շատ բարձր է: Պառակտումը, իներտութիւնը եւ կամազրկութիւնը հասել են այնպիսի վտանգաւոր սահմանի, որ արդէն կասեցնում են ազգի վերարտադրուելու ձգտումը, բթացնում ինքնապաշտպանական բնազդը: Դրա օրինակները մենք հանդիպում ենք ամէն քայլափոխի, սակայն ամենասարսափելին այն է, որ մենք հաշտւում ենք պարտութեան հետ, որին ինքներս ենք մեզ մատնում օրէցօր: Կա՛մ զարթօնքի թարմ քամի եւ քայլ դէպի ապագայ, կա՛մ մակաբուծութիւն սեփական պատմութեան վրայ. ահա սա է այն ընտրութեան իրական իմաստը, որի առաջ մեր երկիրը կանգնած է: Այնպէս որ, յարգելի՛ ընկերներ, մի՛ շեղուէք դէպի անիմաստ բանավէճեր սուր մեկնաբանութիւններ թողնող հեղինակների հետ. թող գրեն` ինչ ուզում են: Կարեւորն այն է, որ կարդում են, եւ ինչ էլ գրեն, հոգու խորքում գիտեն, որ մենք ճիշդ ենք: Զգում են, որ չափազանց ուշ են հասկացել, դրանից էլ նեարդայնանում են: Բայց նրանք նոյնպէս մեր հարազատն են, մեր հայրենակիցները, եւ եթէ նրանք ճշմարտութիւն են փնտռում, մենք չենք թողնի նրանց մենակութեան եւ անորոշութեան մէջ:
Դէ ինչ, շարունակե՞նք:
Այս նիւթը չի յաւակնում լիարժէք լուսաբանել Հայաստանի կամ նրա քաղաքական կուսակցութիւնների նորագոյն պատմութիւնը: Նախորդ յօդուածում մենք դիտարկեցինք կուսակցութիւնների եւ իշխանութեան յարաբերութիւնների ընդամէնը մի քանի մասնիկ: Այժմ տեսնենք, թէ ինչ տեղի ունեցաւ միւսների հետ:
Բացի Հ.Յ.Դաշնակցութիւնից, Սփիւռքից վերադառնալու եւ հայրենի հողում հաստատուելու փորձ կատարեցին նաեւ միւս երկու աւանդական կուսակցութիւնները` Հնչակեան եւ Ռամկավար-Ազատական: Երկուսին էլ ձախողում էր սպասում: Նշենք միայն երկու պատճառ. երկու կուսակցութիւններն էլ արդէն շատ թուլացած եւ վարկաբեկուած էին Սփիւռքում այն բանից յետոյ, երբ կուլ էին տուել Սովետական Հայաստանի իշխանութիւնների` “բարեկամութեան“ մասին խայծը: Դա անընդունելի էր արտերկրեայ հայերի մեծամասնութեան համար, որոնք վաղուց էին հասկացել, որ Հայաստանի բոլշեւիկ իշխանութիւնը, ինչպէս եւ իրենք` կրեմլեան ղեկավարները, դիտարկում էին Սփիւռքի հայերին ոչ թէ որպէս իրենց հողից արտահանուած հայրենակիցներ` օտարութեան մէջ ապրող եւ իրենց պաշտպանութեան կարիքը զգացող, այլ որպէս գաղափարախօսական հակամարտութեան դաշտ: Պատմում են, որ դեռեւս 60ականներին, Սիլվա Կապուտիկեանի` Արժենթինա կատարած այցի ժամանակ “դաշնակցական“ դպրոցի տնօրէնը շարք էր կանգնեցրել աշակերտներին` յարգելի հիւրին դիմաւորելու համար, իսկ բանաստեղծուհին անցաւ գաղափարապէս սխալ դպրոցականների կողքով դէպի ռամկավարների գրասենեակ` չնայելով երեխաների կողմը եւ չբարեւելով: Եւ բնական է, որ այդ երեխաները մեծացան հասկանալի յոյզերով, իսկ ռամկավարների վարկը անկում ապրեց:
Երկրորդ պատճառն այն է, որ վերադառնալով հայրենիք, ո՛չ հնչակեանները, ո՛չ ռամկավարները, չգտան իրենց համապատասխան գաղափարախօսական տեղը արեւելահայկական իրականութեան մէջ: Աւելի ճիշտ, բոլոր տեղերը զբաղուած էին: Հնչակեաններն իրենց համարեայ մարքսիստական հայեացքներով չկարողացան դուրս մղել դաշտից 90ականներին դեռեւս ուժեղ կոմունիստներին: Չկարողացան նաեւ ըստ իրենց անուանման վերաորակաւորուել որպէս սոցիալ-դեմոկրատներ, որովհետեւ սոցիալիստ դաշնակցականները նրանցից շուտ էին վերադարձել հայրենիք: Կար նաեւ Դեմոկրատական կուսակցութիւն: Ռամկավարների հնարաւոր տեղի համար պայքարում էին բառացիօրէն տասնեակ խմբեր, լիբերալ գաղափարախօսութեան կրողներ, այդ թւում` իշխող Հ.Հ.Շ.ն եւ Հանրապետականը: Ի վերջոյ, ներքին գզվռտոցը վերջնականապէս դուրս մղեց հնչակեաններին ու ռամկավարներին քաղաքական բեմից դէպի ետնաբեմ, որտեղ էլ մնացել են մինչ օրս: Ափսոս: Ինչեւէ, այնտեղ են գտնւում նաեւ ցաքուցրիւ եղած Կոմկուսի մնացորդները` բոլշեւիզմի լուրջ հետեւորդներից մինչեւ սովորական խեղկատակներ: Այսպիսով` հայկական չորս աւանդական կուսակցութիւններից քաղաքական ակտիւութիւնը եւ հասարակութիւնում ազդեցութիւնը պահպանում են միայն դաշնակցականները:
Նորաստեղծ կուսակցութիւններից յոյս սերմանող քաղաքական միաւորումները` Հրանդ Խաչատրեանի “Սահմանադրական Իրաւունք“ միութիւնը եւ Պարոյր Հայրիկեանի “Ազգային Ինքնորոշում Միաւորումը“, ինչպէս նաեւ մի քանի այլօք, դատապարտուած էին ինքնաոչնչացման իրենց ղեկավարների չափազանց յաւակնոտութեան, “դրածոներ“ի քայքայիչ գործունէութեան պատճառով, եւ նոյնպէս լքեցին քաղաքական դաշտը: Որոշ դէպքերում կուսակցութեան ճակատագիրը որոշում էր տնօրինել իշխանութիւնը (երբեմն անօգուտ):
Մենք խօսել ենք ընդդիմութիւնից մինչեւ իշխանութիւն` Հանրապետական կուսակցութեան անցած ուղու մասին: Բայց պատահում էին նաեւ այլ սցենարներ: Մեր իշխանութիւնը վաղուց է հասկացել, որ կուսակցութիւնները, ինչպէս եւ մարդկանց, կարելի է մանիպուլեացիայի (ձեռնածութեան-Խմբ.) ենթարկել: Ոչ բոլորն ի հարկէ, բայց շատերը: Այստեղից էլ ծնուել է այն վնասակար միտքը, որի մասին նախկինում գրել էի եւ խոստացել վերադառնալ այդ թեմային: Տեսնենք, թէ ինչպէս էր այն իրականանում: Ամէնից յաճախ ինչ որ արհեստականօրէն ստեղծուած կամ արհեստականօրէն ուռճացուած կուսակցութեան չբարձրաձայնուող ռեսուսային օգնութիւնը նպատակ ունէր եւ յաճախ բերում էր ընտրազանգուածի վերաբաժանման` իշխանութեանը ձեռնտու ձեւով: Ահա՛ օրինակներ. 1999 թուականի խորհրդարանական ընտրութիւններից առաջ որոշ իշխանական շրջանակներ, անհանգստանալով Վազգէն Սարգսեանի աճող ազդեցութեամբ, յատկապէս Կարէն Դեմիրճեանի հետ միասին, հապճեպ նախաձեռնեցին “Իրաւունք եւ միութիւն“ նախընտրական բլոկի ստեղծումը` ղարաբաղեան հրամանատար Սամուէլ Բաբայեանի լուռ հովանաւորութեամբ եւ “Ազգային միաբանութիւն“ եւ “Սահմանադրական իրաւունք“ միութեան ղեկավարներ Արտաշէս Գեղամեանի եւ Հրանդ Խաչատրեանի անմիջական գլխաւորութեամբ: Բլոկը միտուած էր հասարակութեան այն մասի համակրանքը եւ ձայները շահելուն, որում ուժեղ էին ազգային, ղարաբաղամէտ եւ ինչ որ չափով հակակոմունիստական տրամադրութիւնները, որոնց համար Սամուէլ Բաբայեանը կարող էր դիտարկուել որպէս Վազգէն Սարգսեանի հակակշիռ, իսկ Կ. Դեմիրճեանի վերադարձը քաղաքականութիւն անընդունելի էր: Ծրագիրը տապալուեց, եւ ինչպէս ընդունուած է, չանցաւ առանց բացասական հետեւանքների. բոլոր երեք ղեկավարները զգացին իրենց դաւաճանուած եւ դարձան իշխանութեան ոխերիմ թշնամիներ: Միայն շատ տարիներ անց եւ թանկ գնով ու ջանքերով, որոնց համար կարելի էր աւելի օգտակար կիրառում գտնել, իշխանութիւններին յաջողուեց իրենց կողմը գրաւել Արտաշէս Գեղամեանին եւ դուրս մղել քաղաքական կեանքից Սամուէլ Բաբայեանին եւ Հրանդ Խաչատրեանին:
Երկրորդ օրինակը վերաբերում է 2003 թուականի ընտրութիւններին, երբ մինչ այդ քիչ յայտնի “Օրինաց երկիր“ կուսակցութիւնը, որն անտէր էր մնացել Հ.Հ.Շ.ի կործանումից յետոյ, անցաւ նոյն իշխանական շրջանակների տրամադրութեան տակ եւ բաւականին լուրջ ֆինանսական եւ վարչական օգնութեան միջոցով դարձաւ թուաքանակով երկրորդ ուժը խորհրդարանում, իսկ կուսակցութեան ղեկավարը` խորհրդարանի նախագահ: Սակայն իշխանութեան` Օ.Ե.Կ.ի լիարժէք հնազանդութեան եւ կանխատեսելիութեան հետ կապուած յոյսերը չարդարացան. նման դրածոները շատ արագ են մոռանում այն մեխանիզմները, որոնց շնորհիւ իրենք յաջողութեան են հասել, նրանց սկսում է թուալ, որ այն ամէնը, ինչին իրենք հասել են, իրենց անհաշիւ տաղանդների եւ վաստակի շնորհիւ է: Արդիւնքում` իշխանութիւնը ստիպուած էր դժուարութեամբ զսպել իր նոր դրածոյի յաւակնութիւնները եւ նկրտումները: Քանի դեռ նրանց ախորժակը սահմանափակւում էր ֆինանսա-կադրային ոլորտով, դա դեռ հնարաւոր էր հանդուրժել, սակայն շուտով իշխանութիւնները ստիպուած էին գործ ունենալ Օ.Ե.Կ. ղեկավարի` միջազգային ոլորտում ունեցած յաւակնութիւնների, օտար ամբիոններից նրա ինքնագլուխ յայտարարութիւնների հետ: Արդիւնքում` Օ.Ե.Կ.ը, համարեա բացայայտօրէն մեղադրուելով լրտեսութեան մէջ, սկանդալով լքեց իշխող կօալիցիան` վերածուելով սակայն երկրի քաղաքական դաշտի գործօնի եւ եւս մէկ գլխացաւի: Անհրաժեշտութիւն առաջացաւ վճարել Օ.Ե.Կ.ին տարբեր ծառայութիւնների համար (օրինակ` 2008ին ընդդիմադիր ճակատը փլուզելու համար), այնուհետեւ հաճոյանալ ընդհանուր առմամբ ոչ այնքան անհրաժեշտ գործընկերոջը` օգնել նրան ընտրութիւնների ժամանակ, տրամադրել բարձր պաշտօններ եւ այլն:
Բայց դա էլ դաս չեղաւ մեր իշխանութիւնների համար. 2007 թուականի ընտրութիւնների նախօրէին նախագահական ապարատում նախաձեռնուեց “Բարգաւաճ Հայաստան“ կուսակցութեան ստեղծումը, որը տիրապետում էր (եւ այժմ էլ տիրապետում է) բաւական լուրջ ֆինանսական աղբիւրների, եւ որը պէտք է մի կողմից դէպի իրեն քաշեր դժգոհ ընտրազանգուածի մի մասը, դրանով իսկ սահմանափակելով ընդդիմադիր կուսակցութիւնների հնարաւորութիւնները, իսկ միւս կողմից` հաւասարակշռեր հանրապետականների աճող ախորժակը եւ ազդեցութիւնը: Սկզբում դա բաւականին ստացւում էր, սակայն ինչպէս եւ Օ.Ե.Կ.ի դէպքում, լաւ չէին հաշուարկել բացասական հետեւանքները` քաղաքական միաւորումների ղեկավարների մօտ անխուսափելիօրէն առաջացող յաւակնութիւնները, յատկապէս մի շրջապատում, որը ստեղծուել է ոչ թէ հայեացքների ընդհանրութեան հիման վրայ, այլ կարիերիստ, բայց չբաւարարուած զանգուածից, որը պատրաստ է ծառայել ղեկավարին` սեփական նպատակներին հասնելու դիմաց:
Եւ, ահա, արդէն 2012ի խորհրդարանական ընտրութիւնների գլխաւոր ինտրիգը (հանգոյցը-Խմբ.) դարձաւ Հ.Հ.Կ.-Բ.Հ.Կ. հակամարտութիւնը, որ շարունակւում է մինչ օրս եւ դրսեւորւում տարբեր յայտարարութիւններում, քուէարկութիւններում, հարցազրոյցներում, Վարդան Օսկանեանի հետապնդումով եւ այլն: Ի հարկէ, կարելի է վիճել, որ դա խորամանկ ծրագրուած խաղ է` Բ.Հ.Կ.ի համար “իսկական“ ընդդիմութեան իմիջ ստեղծելու նպատակով, եւ Վարդան Օսկանեանին` որպէս նոր քաղաքական լիդեր խաղի մէջ մտցնելու համար: Հնարաւոր է, որ այդպէս է, սակայն ի՞նչ է դրանով փոխւում: Չէ՞ որ ե՛ւ նախկինում, ե՛ւ հիմա կուլիսեան օժանդակութեան համար ստեղծուած արհեստական միաւորումները, ինչպէս 1999ի բլոկը, “Օրինաց երկիր“ եւ “Բարգաւաճ Հայաստան“ կուսակցութիւնները, ունեն պարզ եւ յստակ նպատակ` թոյլ չտալ հասարակութեանը գնալ իրական այլընտրանքի հետեւից, ներկայացնել նրան կեղծ այլընտրանքը: Իսկ այն մասին, թէ ինչպէս է խեղդւում եւ մաշւում մեր հասարակութիւնը կեղծ այլընտրանքների լաբիրինթոսում, մենք կը խօսենք յաջորդ յօդուածում:
Ե. ՄԱՍ
Անցած անգամ մենք կանգ առանք կեղծ քաղաքական այլընտրանքների վրայ, որոնք իշխանութիւններին հնարաւորութիւն են տալիս ոչ միայն մանիպուլեացիայի ենթարկել հասարակական կարծիքը, այլեւ վերաձեւել ընտրական դաշտը սեփական հայեցողութեամբ: Բերեմ նման շեղող հնարքների պատկերաւոր օրինակ, որը ես տեղադրել էի 2012 թուականի նախընտրական բլոգերից մէկում:
“Դուք երբեւէ տեսե՞լ էք` ինչպէս է թռչում ժամանակակից ուղղաթիռը վտանգաւոր տարածքի վրայով, որտեղից նրա վրայ ուղղուած են թշնամական զենիթային կայանները: Այն բաց է թողնում ջերմային թակարդներ` կեղծ թիրախներ, որոնք իրենց ջերմութեամբ շեղում են իր ուղղութեամբ բաց թողնուած ինքնաուղղորդուող հրթիռները: Այսինքն` ուղղաթիռը, օգտագործելով հրթիռի գործողութիւնների կանխատեսելիութիւնը, ստեղծում է նրա համար հրապուրիչ, սակայն բացարձակ կեղծ այլընտրանք: Նմանատիպ սկզբունքով են առաջնորդւում մեր իշխանութիւնները գրեթէ բոլոր ընտրութիւններից առաջ` թէ՛ խորհրդարանական, թէ՛ նախագահական: Օրինակների համար հեռու գնալ պէտք չէ. նոյնիսկ դպրոցական վիկտորինայի մասնակիցները հեշտութեամբ կը թուարկեն իշխանութիւնների նախաձեռնութեամբ արհեստականօրէն ստեղծուած կուսակցութիւններ եւ հասարակական կազմակերպութիւններ, որոնց միակ նպատակը կեղծ (ամէնից յաճախ` մկանա-ֆինանսական եւ ֆինանսա-պոպուլիստական) ձգողականութեան բեւեռներ ստեղծելը եւ մաքսիմալ թուով ընտրողների գրաւելն է` շեղելով ընտրազանգուածին իրական այլընտրանքներից եւ սեփական երկրի ճակատագրին ակտիւ մասնակցելու փորձերից: Չնայած վերջին տարիներին գրանցուած որոշակի առաջընթացին, ցաւօք, հասարակական զարգացման մակարդակը դեռեւս թոյլ է տալիս նման մանիպուլեացիաներ: Սակայն եթէ մեր իշխանութիւնները ծանօթ լինէին Ռոբերտ Շէկլիի “պահապան թռչունը“ պատմուածքին, նրանք գոնէ ականջի ծայրով լսած կը լինէին ոչ պատահականօրէն ծնուած լեգենդների եւ միջնադարեան հոմունկուլուսների, գոլեմի, Ֆրանկենշտեյնի եւ միւս` ժամանակի ընթացքում վերահսկողութիւնից դուրս եկող եւ սեփական կեանքով ապրել սկսող արհեստածին երեւոյթների մասին, որոնք վերջիվերջոյ կործանում են իրենց ստեղծողներին:
Սակայն կեղծ այլընտրանքների ստեղծումը պարզապէս նախընտրական հնարք չէ. դա մեր երկրում (եւ ոչ միայն) իշխանութեան վերարտադրութեան եւ պահպանման տեխնոլոգիայի բաղադրիչներից մէկն է: Բնական, թէ արհեստական ծագում ունեցող քաղաքական ուժերի թուացեալ բազմազանութեան, շատ քաղաքական քայլերի եւ երեւոյթների ոչ այնքան պարզ դրդապատճառների քաոսում մեր հասարակութիւնում ուրուագծւում է քաղաքական գործընկերների եւ հակառակորդների յարաբերութիւնների եունիվերսալ եւ պարզունակ բանաձեւ` ընկեր-թշնամի-դաւաճան: Չորրորդը չկայ: Եթէ ընկեր չես, ուրեմն թշնամի ես: Եթէ ընկեր ես, բայց համարձակւում ես դէմքին ասել ճշմարտութիւնը եւ ստրկամտօրէն չես ծափահարում սխալներին` ուրեմն դաւաճան ես: Համարեա ինչպէս բոլշեւիկների մօտ էր կամ Պարագուայի դիկտատոր Ստրեսսների, որը սիրում էր կրկնել` բարեկամների համար ամէն ինչ, թշնամիների համար` օրէնք:
Այդ պատճառով էլ օրէցօր աճում է իշխանութեան “բարեկամների“ յանդգնութիւնը, որոնց թոյլ է տրուած ամէն ինչ. թիկնապահներ ուղարկել արդէն ոչ միայն քաղաքական հակառակորդների, այլեւ անձնական թշնամիների եւ պարզապէս դուր չեկած մարդկանց դէմ, թելադրել երիտասարդ սերնդին սեփական ճաշակ եւ արժէքներ, կեղծել ցանկացած ապրանք եւ իրացնել անորակ եւ առողջութեան համար վտանգաւոր մթերք, բարձրացնել գները սեփական հայեցողութեամբ, խուսափել հարկերից եւ բանակում ծառայելուց, քրէական եւ ցանկացած այլ պատասխանատուութիւնից:
Այդ պատճառով էլ երկրի բնակիչները վախենում են օրէնքից. այն իր ամբողջ խստութեամբ շուռ է գալիս նրանց դէմ, երբ նրանք փորձում են լուրջ մօտենալ Սահմանադրութեանը, բնակչութիւնից վերածուել քաղաքացիների եւ պաշտպանել սեփական իրաւունքները իշխանական վերնախաւի հովանաւորեալների անիրաւութիւններից:
Դա վերջերս տեղի է ունենում աւելի ու աւելի յաճախ, այդ պատճառով մեր իշխանութիւնները որոշել են իրական ներքաղաքական գործընթացներին մօտ թողնել միայն իրենց մերձաւորներին` կաֆկեան ամրոցից: Իսկ քանի որ այդ ամրոցից բացի գոյութիւն ունի նաեւ արտաքին աշխարհ, Հայաստանի իշխանաւորները գտել են իւրայատուկ ելք. նրանք պարզապէս տարանջատել են իրականութիւնը երկու` իրար հետ շատ թոյլ կապուած զուգահեռ իրողութիւնների: Մի աշխարհը բարեկամների համար է, միւսը` թշնամիների, այսինքն` քաղաքացիական հասարակութեան համար ռեզերուացիայ: Այն վիրտուալ աշխարհում, որը տեսնում ենք հեռուստատեսութեամբ, իշխում է նորմալ կեանքի իմիտացիայ. այնտեղ յաջող մակրոտնտեսական ցուցանիշներ են, այնտեղ աճում են աշխատավարձերը եւ կենսաթոշակները, ընտրութիւնները աւելի ու աւելի արդար եւ թափանցիկ են, ծաղկում են այգիներն ու տեխնոպարկերը, մեր “նախաձեռնողականէ արտաքին քաղաքականութիւնը յարգում են ամբողջ աշխարհում: Մի խօսքով` անկախ բոլոր թերութիւններից (որոնք արմատախիլ են արւում) եւ սխալներից (որոնք ուղղւում են), երկիրը առաջ է շարժւում: Իսկ միւս, իրական աշխարհում… կաշառքներ են տալիս եւ վերցնում‘ ընտրական եւ սովորական: Այնտեղ ոչ թէ աշխատավարձերն են աճում, այլ գները, իջնում է ոչ թէ յանցագործութեան մակարդակը, այլ ապրանքների եւ կրթութեան որակը, այնտեղ իշխանաւորների բարեկամները, թիկնապահները եւ սպասաւորները կարող են մարդուն սպանել փողոցում եւ անպատիժ մնալ, ծեծելով սպանել ռեստորանի այցելուին եւ դատարանի առաջ չկանգնել: Այնտեղ կտրուած ծառերի տեղում աճում են անճոռնի շէնքեր եւ կրպակներ, այնտեղ գրոշներով վաճառում ենք երկրի ընդերքը` կորցնելով արժանապատուութեան մնացորդները, եւ յոյսը դնում ենք աշխարհի ֆինանսական կենտրոնների նուիրաբերութիւնների վրայ… Այնտեղ ապրում ենք մենք բոլորս: Եւ այնտեղից ընդմիշտ հեռանում ենք:
Սակայն եթէ մի կողմ դնենք բոլոր վանող մանրամասները, ապա ամենավտանգաւորը ոչ թէ առաջընթացի բացակայութիւնն է, այլ անգամ անզէն աչքով երեւացող հետընթացը` նոյնիսկ ոչ հեռու անցեալի համեմատ: Այն ակներեւ է բոլոր ոլորտներում. նոյնիսկ երկրի եւ հասարակութեան առջեւ ծառացած խնդիրները թւում են զգալիօրէն մանրացած: Մի խօսքով` ինչպէս մայրամուտից առաջ, երբ չգիտես‘ կը ծագի՞ արդեօք արեւը:
Բայց չէ՞ որ կուսակցութիւնները եւ կառավարութիւնը իրենք չեն իրենց առաջ խնդիրներ դնում եւ դրանց լուծման ալգորիթմներ մշակում: Այստեղ հարց է առաջանում` որտե՞ղ է մեր էլիտան: Միթէ՞ նրանք են հաւաքուած երկրի, կուսակցութիւնների ղեկավարութիւնում: Միթէ՞ նրանք են քաղաքական, տնտեսական, գիտական, ինֆորմացիոն եւ մշակութային ոլորտներում ղեկի մօտ: Պարզ է, որ ոչ: Ազգային էլիտան մեր յաջորդ թեման է:
Զ.ՄԱՍ
Այս յօդուածների շարքին վերաբերող մեկնաբանութիւններում պարզորոշ երեւում է հետեւեալ հարցը. “Լաւ, հասկացանք, համաձայն ենք վերլուծութեան հետ, իսկ ՀԻՄԱ ի՞նչ անենք“. Այդ հարցի պատասխանին մօտենալու համար նախ եւ առաջ պէտք է հասկանալ` իսկ կարո՞ղ ենք ինչ-որ բան անել: Եւ ո՞ւմ վրայ յոյս դնենք, ումի՞ց պահանջենք: Ուզո՞ւմ էք իմանալ: Դէ, գնացինք:
Ընտրանիի Մասին
Դուք երեւի լսել էք Նափոլէոն Պոնափարթի արտայայտութիւնը. “Այն ժողովուրդը, որ չի ցանկանում կերակրել իր բանակը, ստիպուած կը լինի կերակրել ուրիշինը“: Գրեթէ նոյն բանը կարելի է ասել ընտրանիի մասին: Կարելի է նոյնիսկ վերափոխել. “Այն ժողովուրդը, որը ունակ չէ ստեղծել սեփական ընտրանի, անխուսափելիօրէն կը դառնայ օտար ընտրանիի ստրուկ“: Կարելի է նաեւ այլ կերպ ասել. “Այն ընտրանին, որը ընդունակ չէ ապահովել իր ժողովրդի մրցունակութիւնը եւ կենսունակութիւնը, դատապարտուած է, որպէսզի այն ենթարկուի ստորացման եւ արհամարհանքի“:
“Ընտրանի“ հասկացութիւնը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, սակայն ոչ մէկը չի վիճարկում գլխաւորը. ընտրանին է իր մէջ կենտրոնացնում փորձը, բանականութիւնը, գիտելիքները, հոգեւոր արժէքները եւ ժողովրդի յիշողութիւնը: Տարբեր դարաշրջաններում եւ տարբեր հասարակութիւններում ընտրանիական խմբերի ձեւաւորումը կարող է հիմնուել ծագման, իշխողների քմահաճոյքի, հարստութեան, անձնական վաստակի վրայ եւ այլն: Սակայն շատ ընկերաբաններ ընդգծում են, իմ կարծիքով, գլխաւոր անհրաժեշտ յատկանիշը – ընտրանիի իսկութիւնը: Անկախ ընտրանիական խմբի ծագումից, նրա իսկութիւնը որոշւում է շատ չափանիշների պրիսմակով, որոնցից գլխաւորը, անկասկած, հետեւեալն է. ընտրանին հասարակութեան կամ նրա մասի այն շերտն է, որը տուեալ հասարակութեանը բնորոշ կարեւորագոյն արժէքների կրողն է: Իսկ այդ հասարակութիւնն իր հերթին ընդունում է ընտրանիի անհերքելի գերակայութիւնը եւ ձեռնհասութիւնը այս կամ այն ոլորտում` քաղաքական, մշակութային, տնտեսական, ընկերային եւ այլն:
Ինչո՞ւ է ընդունում: Միայն այն պատճառով, որ պարզ տեսնում է‘ բոլոր այն որակները, որոնք բնորոշ ենք այդ ընկերային խմբին եւ որոնցով տարբերւում է իսկական ընտրանին, ծառայում են այդ հասարակութեանը առաւելագոյն օգուտ բերելուն` նուազագոյն կորուստներով: Հայ հասարակութիւնում լրագրողների եւ գովազդային գործակալների “թեթեւ ձեռքով“ “ընտրանի“ բառը բոլորովին այլ իմաստ է ձեռք բերել: Առաջ են եկել “էլիտար“ տներ, կանացի միջադիրներ, ինքնաշարժներ, կահոյք, զուգարանակոնքեր, հանգստեան տներ, սալիկներ եւ այլն: Իսկ “ընտրանի“ սկսել են անուանել միմիայն իշխանութեան ներկայացուցիչներին` նախարարներին, պատգամաւորներին, սակաւապետներին, դատախազներին, զօրավարներին, որոնց համար էլ, ըստ երեւոյթին նախատեսուած են այդ տները, մեքենաները, զուգարանակոնքերը եւ այլն:
Իրականում ընտրանին բոլորովին պարտադիր չէ, որ իշխանութիւն լինի: Իսկ մեզ մօտ ընտրանիի դերում յայտնուել են նրանք, ովքեր եկել են փոխարինելու խորհրդային նոմենկլատուրան, այսինքն‘ նախկին խորհրդային կոմսոմոլ-գործիչները, բեռնատար մեքենաների վարորդները, պուֆեթապանները, թերուս ֆիզիքները, սովխոզի նախագահները, ցեխի պետերը, ճարպիկները եւ նախկին խոհանոցային շատախօսները, իսկ հիմա արդէն նաեւ նրանց երեխաները: Մի խօսքով` բարձրագոյն, բայց ոչ միջնակարգ կրթութիւն ունեցող զանգուած: Հէնց դա է այն անփոփոխ իշխանութեան հիմքը, որն արդէն երկու տասնամեակ է տարբեր ցուցանակների ներքոյ մնում է մեր քաղաքական բեմում: Նրա շուրջ եւ նրա ներքոյ ձեւաւորուել է օժանդակ մի շերտ, որը բաղկացած է պիզնըս-հանրութեան ներկայացուցիչներից, քաղաքագէտ-“փորձագէտներից“, բարձրաստիճան պաշտօնեաներից, շօումեններից, իշխող կուսակցութեան միջին օղակի ղեկավարներից, զանգուածային լրատուամիջոցների սեփականատէրերից, էսթրատայի եւ պաստառի ինքնակոչ “աստղերից“ եւ, ցաւօք, նոյնիսկ որոշ հոգեւորականներից:
Իսկական գիտնականները, բանաստեղծները, երաժիշտները եւ նկարիչները պահանջուած չեն ընտրանիի հայկական մօտելում: Նրանց փոխարէն օժանդակ էշելոնում են յայտնուել կեղծ գիտութեան եւ ռապիս մշակոյթի ճարպիկ ներկայացուցիչները: Այդ ամբողջ խառնուրդը որոշ ընկերաբաններ առանձնացնում են որպէս հասարակութեան առանձին շերտ, անուանելով այն, կեղծ ընտրանի: Այն կրում է ընտրանիի միայն արտաքին որակները. նրա ներկայացուցիչների արժէքները դուրս չեն գալիս սեփական շահերի շրջանակից: Եթէ իսկական ընտրանին ընդունակ է ճկուն փոխել աշխարհայեացքը` ինչպէս իր, այնպէս էլ ամբողջ սոցիումի, ելնելով վերջինիս պահանջներից, սակայն չոտնահարելով նրա շահերը, ապա կեղծ ընտրանին խուսափում է ամէն նոր, անսպասելի բանից, ունակ չէ կողմնորոշուել անսովոր իրադրութիւնում, սակայն միեւնոյն ժամանակ կարող է հեշտութեամբ կուլ տալ փայլփլուն խայծը` չնկատելով վտանգը: Ընտրանին պատրաստակամ իր վրայ է վերցնում հայրենիքի համար պատասխանատուութիւնը: Կեղծ ընտրանին սիրով իր ձեռքն է վերցնում իշխանութիւնը եւ դրա հետ կապուած արտօնութիւնները, սակայն ոչ մի դէպքում` պատասխանատուութիւնը: Եթէ իրական ընտրանին իր առաքելութիւնը տեսնում է յանուն հասարակութեան շահերի ստեղծագործ աշխատանքի մէջ, ապա կեղծ ընտրանին ձգտում է հասարակութեան հանդէպ լիարժէք գերակայութեան, ճնշման: Այդ պատճառով էլ իրական ընտրանին ծառայում է հասարակութեանը, իսկ կեղծը ստիպում է հասարակութեանը, ծառայել իրեն: Արդիւնքում իրական ընտրանին իր ընկերային որակներով, առաջին հերթին` ազգային շահերին նուիրուած եւ ինքն իր հանդէպ պահանջկոտ լինելով, արժանանում է յարգանքի, իսկ կեղծ ընտրանին հասարակութեան վզին է փաթաթում իր հեղինակութիւնը ուժով եւ խորամանկութեամբ, գործի դնելով կեղծ հայրենասիրական հռետորաբանութիւն, արհեստական կարեւորութիւն եւ գերակայութեան արտաքին յատկանիշներ` շքեղ առանձնատներ, ինքնաշարժներ, հագուստ, հաստավիզ թիկնապահների բանակ, բարդ դիւանակալական ընթացակարգեր եւ այլն:
Իրական ընտրանիի` իր հանդէպ պահանջկոտ լինելը իրան իրաւունք է տալիս պահանջկոտ լինել ժողովրդի հանդէպ, իսկ կեղծ ընտրանին հասնում է նպատակին սուտ խոստումների միջոցով: Իսկական ընտրանին կարող է եւ իշխանութիւն չլինել, իսկ կեղծն առանց դրա գոյութիւն ունենալ չի կարող: Եւ ամենակարեւորը` իրական ընտրանիի ներկայացուցիչները կարողանում են զիջել եւ մի կողմ քաշուել, իսկ կեղծ ընտրանին կը պնդի իրենն ամէն գնով: Դրա համար էլ իրական ընտրանին ունակ է երազել եւ, ի տարբերութիւն կեղծ ընտրանիի, երբեք չի դառնում լոկ գործնապաշտութեան գերի…
Այժմ համեմատենք նշուած բնութագրերը մեզ շրջապատող իրականութեան հետ: Կարծում եմ` տեսնում ենք բաւականին ճշգրիտ արտացոլում այն բաների, ինչ ունենք եւ ինչ չունենք: Մենք չունենք իրական ընտրանի: Ինչու չունենք` դա առանձին եւ շատ բարդ հարց է. մենք դրան մէկ այլ յօդուած կը նուիրենք: Այն, ինչ մենք ունենք, կեղծ ընտրանիի իշխանութիւն է: Եկէք դիտարկենք, թէ ինչպէս է դա անդրադառնում մեր հասարակութեան քաղաքական, ընկերային, տնտեսական եւ մշակութային կեանքի վրայ: Ընթերցողին, անկասկած, յայտնի է “ոսկէ միլիառ“ հասկացութիւնը: Մանրամասն չեմ խորանայ այդ հասկացողութեան ակունքների եւ հիմնաւորման մէջ, որոնց հիմք են առնում Մալթուսի տեսութիւնից: Պարզ բացատրենք. աշխարհի պաշարները սահմանափակ են եւ կարող են ապահովել միայն մէկ միլիառ մարդու արժանավայել գոյատեւումը: Այդ “ոսկէ միլիառը“ կամ թէկուզ մէկուկէս միլիառը կազմում են զարգացած եւրոպական, հիւսիսամերիկեան եւ մի քանի այլ երկրների բնակչութիւնները: Մնացածին, ըստ այդ տեսլականի, սպասւում է ընդմիշտ հազիւ գոյատեւող գաւառի դեր` էժան աշխատուժով, հումքով եւ երբեմն զբօսաշրջական հրաշալիքներով: Ընդ որում` “ոսկէ միլիառի“ խումբը ամենեւին փակ խումբ չէ. նրա ներքին ժողովրդագրական խնդիրները տէրերին ստիպում են դուռը կիսաբաց պահել: Մուտքն ի հարկէ ազատ չէ, ներս են թողնում ընտրովի: Օրինակ, հաճոյքով ներս են թողնում երիտասարդ, տաղանդաւոր ծրագրաւորողների, բժիշկների կամ տնտեսագէտների` Հնդկաստանից, Փաքիստանից, Չինաստանից, Հայաստանից, Ռուսաստանից: Այդ երեւոյթն ընդունուած է անուանել “ուղեղների արտահոսք“: Հարուստ կարողական ներդրողներին նոյնպէս չեն մերժում, նոյնիսկ քրէական անցեալ ունեցողներին:
Շատ աւելի հազուադէպ, ելնելով քաղաքական շահերից եւ սեփական անվտանգութեան նկատառումներից, ներս են թողնում ամբողջ երկրներ եւ տարածաշրջաններ (Արեւելեան Եւրոպան, օրինակ), որոնց օգտագործում են վտանգաւոր հարեւաններից պաշտպանուելու համար: Սակայն ընդհանուր առմամբ, այնուամենայնիւ, ցուցաբերում են անհատական մօտեցում: Այդ պայմաններում հայկական կեղծ ընտրանին անում է ամէն ինչ` իր համար դէպի այդ յարգի ակումբ մուտք ապահովելու համար, իսկ հայրենիքում մնացողների եւ աղքատութեան պատճառով աշխարհով մէկ սփռուածների ճակատագիրը կեղծ ընտրանիին ամենեւին չի հետաքրքրում:
Դա այն դէպքում, երբ իրական ընտրանիները այն երկրներում, որտեղ նրանք գոյութիւն ունեն, պայքարում են այն բանի համար, որպէսզի “ոսկէ միլիառի“ մաս դառնան ոչ թէ իրենց առանձին հայրենակիցներ, այլ հասարակութիւնն ամբողջութեամբ: (Այդպէս է, ի դէպ, վարւում Թուրքիայի ղեկավարութիւնը, որը նախանձելի յամառութեամբ ձգտում է դէպի Եւրոպական միութիւն): Հայաստանում դեռեւս վերջնական չեն կողմնորոշուել եւրոպական համարկումի հարցում. ամէն դէպքում, ոչ յայտարարողական, իրական քայլեր չեն երեւում: “Իրական քայլեր“ ասելով` ես հասկանում եմ ոչ թէ բանակցութիւնները, այլ երկրի ներսում համապատասխան փոփոխութիւններ, որոնց սպասում է ողջ հայ ազգը` ինչպէս հայրենիքում, այնպէս էլ դրսում:
Ի հարկէ, յետճարտարարուեստական զարգացումները կարող են “ոսկէ միլիառ“-ի տեսութիւնը ուղարկել արխիւ, սակայն այստեղ գլխաւորը հասկանալն է հասարակութեան վերնախաւի վերաբերմունքը այս խնդրին: Պատասխանատուութեան զգացողութեան իսպառ բացակայութիւնը մեր կեղծ ընտրանիի մօտ լաւ երեւում է մի զարմանալի օրինակի վրայ, մինչ օրս գրեթէ ոչ մի Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան չի բարեհաճել հայրենիք վերադառնալ ծառայութեան աւարտից յետոյ: Եթէ ինչ-որ մէկը կարծում է, որ դա այնքան էլ կարեւոր չէ, եւ որ նման բանը կարող է աննկատ մնալ Ռուսաստանի կամ միւս երկրների դիւանագիտական շրջանակներում եւ չթողնել ամօթի դրոշմ երկրի քաղաքական վարկանիշի վրայ, նա խիստ սխալւում է: Իսկ մեր կեղծ ընտրանիի պէտքն էլ չէ: Կարելի է բերել եւ ուրիշ օրինակներ, այլ երկրների հետ կապուած, բայց ինչի՞ համար: Չէ՞ որ խնդիրը չվերադարձած քաղաքացիական ծառայողներին չի վերաբերւում (նրանց կարելի է հասկանալ. արտասահմանում յարմարաւէտ ապրուստից յետոյ հայրենի անօրինականութիւնները այդքան էլ գրաւիչ չեն): Խնդիրը վերաբերում է այն եզրակացութիւններին, որոնք արել է (կամ չի արել) իշխանութիւնը: Սա սեփական հասարակութեանը անհաշուելի վնաս հասցնող կեղծ ընտրանիի վարքի ընդամէնը մի օրինակ է: Միւս յօդուածում մենք կը դիտարկենք, թէ ինչպէս է արձագանգում հայկական կեղծ ընտրանին կարեւորագոյն խնդիրներին, որոնք նրա առջեւ են դնում ժամանակը եւ հասարակութիւնը:
ՄԱՍ Է.
Վերնախաւի Մասին
Յիշո՞ւմ էք` անցեալ անգամ յիշատակեցի, իմ կարծիքով, գլխաւոր տարբերութիւնը իրական եւ կեղծ վերնախաւերի միջեւ: Իրական վերնախաւն ունակ է կամաւոր զիջելու եւ մի կողմ քաշուելու (ընդգծում եմ` կամաւոր), եթէ դա պահանջում են բարձրագոյն շահերը, մինչդեռ կեղծ վերնախաւը իշխանութեանը կառչում է ատամներով ու մագիլներով, ամէն գնով, բոլոր հանգամանքներում: Եւ այստեղ կարեւոր եզրակացութեան ենք յանգում` արդէն կարող ենք շօշափել հարցի պատասխանը, թէ ինչո՞ւ Հայաստանում չեն յաջողում բարեփոխումները, ինչո՞ւ է կանգ առել երկրի զարգացումը:
Այն հասարակութիւններում, որոնց քաղաքական կեանքի քուլիսներում պահպանւում է (ինչպէս Եւրոպայում) կամ ստեղծւում ու զարգանում (ինչպէս Նոր աշխարհում) աւանդական ազնուականութիւնը` որպէս վերնախաւի անհրաժեշտ յատկանիշների պահապան եւ դրա բարոյական դատաւոր, այնտեղ ժողովրդավարութեան արատները հնարաւոր է լինում հարթել արդիւնաւէտութեան այս կամ այն չափով: Որքան էլ անորակ լինի նման հասարակութիւններում իշխանութիւնը, վերնախաւի ձեւաւորման ու գործունէութեան` դարերի ընթացքում կուտակուած եւ փորձարկուած չափանիշները լաւ զտարաններ են ազգային ինքնութեանը սպառնացող այլածին ներթափանցումների համար: Սակայն այնտեղ, որտեղ մի շարք պատմական պատճառներով աւանդական ազնուականութիւնը (արեամբ կամ ոգով` կարեւոր չէ) ոչնչացւում է կամ արտաքսւում, գործի է դրւում ժողովրդավարութեան ամենապարզունակ բանաձեւը` մեծամասնութեան յաղթանակը, որն, ի վերջոյ, յանգեցնում է անգունութեան, յիմարութեան, լպիրշութեան, ագահութեան եւ տգիտութեան յաղթանակին: Պատճառը պարզ է` ցանկացած հասարակութեան մէջ չափազանց քիչ են մարդիկ, որոնց մէջ համատեղւում են ե՛ւ խելքը, ե՛ւ կրթուածութիւնը, ե՛ւ ազնուութիւնը, ե՛ւ լաւ դաստիարակութիւնը, ե՛ւ արժանապատուութիւնը, ե՛ւ առողջ ազգայնականութիւնը: Նման մարդիկ, ի հարկէ, կան, սակայն նրանք մշտապէս շատ սակաւաթիւ են եւ վերնախաւի մաս կարող են կազմել միայն երկու պայմանի առկայութեան դէպքում` առաջին` պէտք է պահանջուած լինեն նրանց յատկանիշները, երկրորդ` նրանց շրջանում պէտք է լինի ուժ (պարտադիր չէ, բայց ցանկալի է իշխանութիւն), որը կ՛ունենայ վերնախաւի ընտրութեան աւանդոյթներ եւ սկզբունքներ: Եթէ այդ ուժը չկայ, եւ վերնախաւային յատկանիշները պահանջարկ չունեն, առաջին գիծ է դուրս գալիս բոլորովին այլ հանրութիւն: Հէնց այդպիսիք են տեղ գտել յետխորհրդային հասարակութիւնների բարձրագոյն էշելոններում:
Դիտարկենք Ռուսաստանը. Ռիւրիքից մինչեւ Նիքոլայ Երկրորդ ռուս ժողովուրդը, ռուս ազնուականութիւնը ստեղծում եւ դաստիարակում էին ազգային վերնախաւ, որը, իր հերթին, կառուցում էր մեծ երկիր, մեծ մշակոյթ: Սակայն ընդամէնը մի քանի ճակատագրական սխալները հազարամեայ միապետութիւնը եւ Ռուսաստանի ժողովրդին հասցրեցին աղէտի. եկաւ 1917 թուականը, եւ փայլուն վերնախաւը ոտնատակ գնաց, ոչնչացուեց, արտաքսուեց: Բայց նոյնիսկ 100 տարի անց կայսերական յուլութիւնը երկիրը պահում է շարժման, զարգացման մէջ: Թէ ո՞ւր է տանում այդ զարգացումը, այլ հարց է. Ռուսաստանի մասին կը խօսենք առանձին առիթով:
Հայ ազնուականութիւնը, մի քանի բացառութիւններով, երբեք, կարծես, աչքի չի ընկել սեփական երկրի ու ժողովրդի բարգաւաճման եւ վսեմութեան համար պատասխանատուութեան սուր զգացումով, նոյնիսկ` լիակատար կամ մասնակի ինքնիշխանութեան ժամանակաշրջաններում: Այն բաւականաչափ հիմնաւորուած, յաւակնոտ չէր: Կամ գուցէ շատ յաւակնոտ էր, որպէսզի սեփական բարեկեցութիւնը կապեր բացառապէս սեփական հայրենիքի բարգաւաճման հետ: Դրա պատճառների վերլուծութիւնը յատուկ ուսումնասիրման թեմա է, սակայն ցաւօք, լաւ յայտնի են օրինակներ, թէ ինչպէս են հայ ազնուականութեան ականաւոր դէմքեր, նոյնիսկ` թագաւորներ, հանգիստ լքեն հայրենի երկիրն ու սեփական շրջապատով, զօրքով օտար երկրներում ծառայութեան անցել` թողնելով հայրենիքը կիսադատարկ ու անպաշտպան: Միապետութեան հաստատութեան թուլութիւնը, հաւանօրէն, պատահական չէր, այն նշանաւորում էր աւելի խոր երեւոյթ` պետական իշխանութեան թուլութիւնը` ընդհանրապէս: Յամենայն դէպս, այդ թեմայի մէջ էլ հիմա չենք խորանայ: Ինչպիսին էլ լինեն պատճառները, փաստը մնում է փաստ, որ արդէն հին միջնադարում եկուոր քոչուոր բարբարոսների ճնշման տակ հայ ազնուականութիւնը` որպէս ազգային վերնախաւի իրական գործօն եւ ձեւաւորման աղբիւր, գործնականում դուրս եկաւ պատմական ասպարէզից` պահպանելով միայն ուրուականային, առասպելական ներկայութիւնը հասարակական յիշողութեան մէջ:
Չունենալով սեփական պետականութիւն` Հայաստանում ազգային վերնախաւը ձեւաւորւում էր օտար վերնախաւերի ու գաղափարախօսութիւնների ազդեցութեան տակ: Այդ իսկ պատճառով այն այդքան փխրուն ու անկայուն եղաւ իշխանութեան լծակներին ձգտող (եւ հասած) խաժամուժի, մութ ու ցուրտ տարիների բարոյական եւ նիւթական դժուարութիւնների, պատերազմի փորձութեան առաջ: Պէտք է ցաւով խոստովանել` ուշ Ռուսական կայսրութեան եւ խորհրդային ժամանակաշրջանների (երկրորդով շատերը իրաւամբ հպարտանում են եւ կարօտախտով յիշում) մեր փայլուն մտաւորականութեան բազմաթիւ ներկայացուցիչներ իրենց անձնական ճակատագիրը չէին ընկալում որպէս հայ ժողովրդի պատմական ճակատագրի բաղկացուցիչ մաս, այդ իսկ պատճառով չկարողացան ստեղծել ազգային վերնախաւերին բնորոշ կարեւորագոյն աւանդոյթը` մասնակից լինելու եւ զոհաբերուելու աւանդոյթը: Փորձութիւնների տարիներին, նաեւ պարզապէս մասնագիտական եւ ասպարէզի աճի նկատառումներով նրանք յաճախ լքում էին (եւ շարունակում են լքել) հայրենիքը` իրենց վրայ պատասխանատուութեան բեռ վերցնելու ուժ չգտնելով: Ճակատագրի` ազգային եւ սեփական, ողբերգական երկուութեան պայմաններում հայ մտաւորականի ընտրութիւնը յաճախ նրան տանում է արտաքին կամ ներքին արտագաղթի: Սակայն, նոյնիսկ սեփական ընտրութիւնից անկախ, նրան այդտեղ է քշում կեղծ վերնախաւի ճնշումը: Մենք խօսում ենք իրական մտաւորականների մասին, քանի որ այլ մտաւորական չի էլ լինում: Միւսները հէնց կեղծ վերնախաւն են: (Դա, ի դէպ, բաւականին յստակ նկատւում է նաեւ Հայաստանի շատ քաղաքական կուսակցութիւնների եղափոխութիւնում):
Հայ ազգային պատասխանատու վերնախաւի ի յայտ գալու ամենաբարենպաստ պահը` անցեալ դարի 80-ականների վերջը եւ 90-ականների սկիզբը, անտաղանդ կերպով ձեռքից բաց թողեցինք: Ղարաբաղեան շարժման ալիքի վրայ իշխանութեան եկած ու իրենց ռապիս-ազգայնականութեան նեղ շրջանակներից, կիսագողական հասկացութիւններից դուրս ամէն ինչ մերժող (այդ թւում` գիտելիքների, արհեստավարժութեան եւ փորձի արժէքը)` գաւառական խուլիկանի մտածելակերպով կոկորդ կրծողները Հայաստանի կրթուած շերտերի շրջանում երկար ժամանակով կոտրեցին երկրի քաղաքական (նաեւ ցանկացած այլ) բարեփոխմանը եւ զարգացմանը մասնակցելու ցանկութիւնը: Քանի որ “մասնակից լինել“ ինչ-որ կարեւոր գործի նշանակում էր եւ հիմա էլ նշանակում է մէկ բան` մասնակից լինել իշխանութեանը, այլապէս ձեզ ոչ մի բանի մօտ էլ չեն թողնի: Ընդ որում` այդ իշխանութեան կազմը, գործունէութիւնը եւ վերարտադրման մեթոտները մտաւորական մարդուն ամենեւին յոյս չեն ներշնչում, որ որեւէ բարեփոխում հնարաւոր է: Չէ՞ որ իրական բարեփոխումը կարող է կեանքի կոչուել միայն ու միայն մէկ պայմանով` նրանք, ովքեր յանձն են առնում դա անել, պէտք է յստակ գիտակցեն, որ եթէ բարեփոխումն իրական է, դրա արդիւնքում կարող է իշխանափոխութիւն լինել (եւ, որպէս կանոն, այդպէս էլ լինում է): Սեփական իշխանութեան կորստի գնով բարեփոխում իրականացնելու գիտակցումը եւ պատրաստակամութիւնն են հէնց բարեփոխման իրական լինելու եւ բարեփոխիչ ուղեգիծ բռնած իշխանութիւնների անկեղծութեան գլխաւոր չափանիշները: Մնացածը` ինքնավստահ փայլուն ճառերը, փայլաթղթին տպագրուած փորձագիտական գնահատականները եւ պաշտօնեաների աչքերի գորովագին արցունքները, գրոշի արժէք չունեն: Բոլորին վաղուց յայտնի է, որ հայկական իշխող դասակարգը ունակ է միայն այնպիսի բարեփոխումների, որոնք չեն սպառնում իշխանութեանը: Արդէն 2 տասնամեակ է` Հայաստանում բարեփոխումները հէնց այդպիսին են. իւրաքանչիւրը դիտարկւում է իշխանութեան պահպանման եւ վերարտադրման հիմնական խնդրի պրիսմակով: Բաւական է վերլուծել ընդամէնը դրանցից մի քանիսը, որպէսզի պարզ դառնայ ընդհանուր միտումը:
Ահա մէկ օրինակ: Սփիւռքահայութեանը Հայաստանի քաղաքացիութիւն տրամադրելու հիմնախնդիրը յուզել է մեր հասարակութեանը անկախութեան առաջին իսկ օրերից: Հարցը չափազանց յստակ էր` սփիւռքը քաղաքական կամ տնտեսական արտագաղթի արդիւնք չէ. օտարերկրեայ մեր հայրենակիցների մեծ մասը զրկուել է հայրենիքից Ցեղասպանութեան հետեւանքով: Հետեւաբար, նրանք բնական եւ անօտարելի իրաւունք ունեն` միանալ հարազատ ժողովրդին եւ երկրին` նրանց համար ընդունելի ցանկացած եղանակով` զբօսաշրջային այցերից մինչեւ մշտական բնակութիւն, բարեգործական աջակցութիւնից մինչեւ երկրի տնտեսական, քաղաքական ու մշակութային կեանքին լիարժէք մասնակցութիւն: Այդպէս մտածում եւ զգում էին ոչ միայն դաշնակցականները կամ հէնց սփիւռքի ներկայացուցիչները, այդպիսին էր ամբողջ ժողովրդի հասարակական տրամադրուածութիւնը` ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում: Եւ, ի հարկէ, սփիւռքահայերին Հայաստանի քաղաքացիութիւն ստանալու իրաւունք տալը, անկախ նրանց` որեւէ քաղաքացիութիւն ունենալուց, դիտարկւում էր որպէս ազգի միաւորման ամենաուղղակի եւ անմիջական միջոց:
Սակայն ո՞վ էր թողնողը: Ոչ առանց հին, միայն ու միայն դէպի Մոսկուան կողմնորոշուած Պ.Ա.Կ.-ային նոմենկլատուրայի ազդեցութեան` սկսեցին նողկալի խօսակցութիւններ տարածուել` այդ “ախպարները“, նարինջ ու սիկար սիրողները կը գան ու կը գնեն ամէն ինչ` մեր գործարանները, գործատեղիները, վարսավիրանոցները, ագարակները…, իսկ մենք, ի՞նչ է, աւելի վա՞տն ենք, չի կարելի նրանց քաղաքացիութիւն տալ, ամէն ինչ ինքներս կը սեփականաշնորհենք: Եւ սեփականաշնորհեցին‘ ամենաաւազակային մեթոտներով: Այդ բարեփոխման արդիւնքը եղաւ տնտեսական անկումը եւ ազգային սեփականութեան ոչնչացումը, ինչից չենք կարող ուշքի գալ մինչ օրս: Իսկ եթէ գործարարութեան մէջ աւելի փորձառու սփիւռքահայերը մասնակցութիւն ունենային սեփականաշնորհման փուլին, ամէն ինչ կարող էր այլ ընթացք ունենալ, այնպէս չէ՞:
Սակայն այն ժամանակուայ իշխանութիւնները նրանց յատկացրին խիստ սահմանափակ դեր` բարեգործութիւն հայրենիքում եւ արտասահմանում հայկական նոր ղեկավարութեանը աջակցելուն ուղղուած լոպպիստական ջանքեր: Այդ պատճառով էր Հ.Հ.Շ. ղեկավարութիւնը օրէնք յօրինել, ըստ որի` Հայաստանի քաղաքացիութիւն էր տրամադրւում այլ քաղաքացիութիւնից հրաժարուելու դէպքում: Փաստացի, դա խտրական արգելք էր, որը յետոյ ամրագրուեց Սահմանադրութեան մէջ: Այդ անհեթեթ արգելքի իրական պատճառը, ի հարկէ, ոչ այնքան տնտեսական էր, որքան քաղաքական բնոյթի երկիւղ. պարզ էր, որ, նոր հասարակութեան քաղաքական աշխոյժ բաղադրիչը դառնալով, ոչ խորհրդային աշխարհի հայերը ոչ մի դէպքում չէին քուէարկի յօգուտ խորհրդային նոմենկլատուրայի տեղը զբաղեցնել յաւակնողների: Նրանց գերակշիռ մասը կը քուէարկէր դաշնակցականների օգտին, շատերը` հնչակեանների կամ ռամկավարների, սակայն` ոչ յօգուտ Հ.Հ.Շ.-ի եւ համայնավարների, դա պարզ էր: Եւ իշխանութիւնների համար աւելի հեշտ էր խաչ քաշել ազգային միաւորման դարաւոր երազանքների վրայ, քան վտանգի տակ դնել իր դիրքը:
15 տարուայ պայքար պահանջուեց այդ նողկալի օրէնքը չեղեալ անելու համար` 15 տարի եւ անհաշիւ կորուսեալ յոյսեր, հնարաւորութիւններ, չիրագործուած տնտեսական նախագծեր, չկատարուած ներդրումներ, Հայաստան, Ղարաբաղ, ազատագրուած տարածքները վերաբնակեցնելու համար չժամանած մարդիկ: Վերջապէս, 2005 թուականին իշխող համաձայնական կառավարութեան մաս կազմող Դաշնակցութեան ճնշման տակ սահմանադրութիւնը փոփոխութեան ենթարկուեց, եւ արգելքը հանուեց, թէեւ ներկայումս էլ Հայաստանի քաղաքացիութիւն ստանալը կապուած է բազմաթիւ դիւանակալական խոչընդոտների հետ: Սակայն, ըստ էութեան, իշխանութիւնը զիջման գնաց միայն այն պատճառով, որ անկախութեան 15 տարիների ընթացքում սփիւռքում զգալիօրէն մարեց ինքնիշխան հայրենիքի ձեռք բերման կապակցութեամբ ոգեւորութիւնը: Քաղաքականապէս աշխոյժ արեւմտահայերի հին սերունդը, որը անկախ Հայաստանի գաղափարի եւ մեր ազգային իրաւունքների վերականգնման անշահախնդիր կրողն էր, հեռացաւ թատերաբեմից, եկան նոր մարդիկ, ի յայտ եկան նոր շարժառիթներ, սփիւռքն էլ այլեւս ուրիշ էր` ինչպէս կազմով, այնպէս էլ կառուցուածքով ու իտէալներով: Այդ սփիւռքն արդէն չի ձգտում հայրենիքում քաղաքական աշխուժութեան, այսինքն` իշխանութիւնների համար առանձնապէս վտանգ չի ներկայացնում: Եթէ Հայաստանում արմատական փոփոխութիւններ չկատարուեն, եթէ երկիրը նոր առանցք ձեռք չբերի, ազգային արժէքների ձեւափոխումը սփիւռքի կողքով էլ չի անցնի:
Ահա ձեզ օրինակ, թէ ինչպէս յանուն իշխանական դիրքերի պահպանման Հայաստանի ղեկավարները պարզապէս ոչնչացրին Հայաստանի եւ հայ ժողովրդի որակական թռիչքի կարողական հնարաւորութիւնը: Այս թեման մենք կը շարունակենք:
Մաս Ը
Բարեփոխումների իմաստն ու տրամաբանութիւնը իշխանութեան պահպանման եւ վերարտադրման գերխնդրին ծառայեցնելու օրինակներ Հայաստանում բաւականին շատ են: Հարկ է ընդունել, որ դրանց թւում կան մասնաւոր դէպքեր, երբ իշխող դասակարգի “գագաթն“ ակնյայտօրէն դիմադրում է կառավարութեան դրական նախաձեռնութիւններին (նման բան երբեմն պատահում է): Այդ “գագաթը“ քաղաքական կեղծ վերնախաւի բաղկացուցիչ մասն է, եւ յայտնի է, որ պարբերաբար Ազգային ժողովում զաւթում է տեղերի մեծ մասը, այնպէս որ` կառավարութեան, առաւել եւս` ընդդիմութեան ոչ մի բարեփոխիչ նախաձեռնութիւն այդ արգելքը յաղթահարել չի կարող: Սակայն բարեփոխումների մեծ մասը լոյս աշխարհ է գալիս արդէն դրանցում ներդրուած մեքանիզմներով, որոնք զտում են ցանկացած վտանգ, որը կարող է խոչընդոտել մեր “էսթեպլիշմենթ“-ի` բազմիցս արդէն յիշատակուած գլխաւոր նպատակին` իշխանութեան պահպանմանն ու վերարտադրմանը:
Չեմ խորանայ պետական կարգի վերաբերեալ շատ հետաքրքիր ու կարեւոր առաջարկների մէջ, որոնք ի յայտ եկան եւ բուռն քննարկուեցին մեր` դեռեւս անկախութեան առաջին տարիների թարմ ու լիայոյս հասարակութեան կողմից: Դրանք բոլորը` սկսած Սահմանադրական ժողովի առողջ գաղափարից, թաղուեցին Հայաստանի յետխորհրդային նոր նոմենկլատուրայի կողմից: 90-ականների վերջի ցնցումները` առաջին նախագահի հրաժարականից մինչեւ 1999 թուականի Հոկտեմբերի 27-ի գնդակահարութիւնը խորհրդարանում, ի ցոյց դրեցին մեր պետական կարգի ինչպէս դրական կողմերը, այնպէս էլ բազմաթիւ սխալները. փոփոխութիւնների անհրաժեշտութիւնն ակնյայտ էր: Օրինակ` սահմանադրութեան փոփոխութիւնը հասունացել էր 2005-ից առաջ, սակայն իրագործուեց ոչ այնքան ընդդիմութեան պահանջով, որքան իշխող համաձայնական կառավարութիւն մտած Դաշնակցութեան “ներքին“ ճնշման շնորհիւ: Փոփոխութիւններն ու լրացումները թէեւ կարեւոր էին, սակայն` կիսատ:
Որոշներում ի սկզբանէ թաքնուած իմաստ կար` դարձեալ գերխնդրին ծառայող: Օրինակ` խորհրդարանի պատգամաւորներին սկսեցին ընտրել ոչ թէ 4, այլ 5 տարին մէկ, ինչպէս նախագահին: Թւում է` այնքան էլ զգալի նորամուծութիւն չէ, սակայն միայն առաջին հայեացքից: Բանն այն է, որ մինչեւ 2005 թուականը նախագահական ընտրութիւնները երբեմն նախորդում էին խորհրդարանականին, երբեմն‘ հակառակը: Դա քաղաքական գործընթացին որոշակի ճկունութիւն էր հաղորդում եւ պարունակում ընտրութիւնների արդիւնքների անկանխատեսելիութեան տարր, ինչը, իր հերթին, կարող էր ժամանակի ընթացքում ժողովրդավարական աւանդոյթների հիմք դառնալ: Սակայն իշխանութիւնն այլ կերպ որոշեց: 2007 թուականի ընտրութիւններից սկսած` խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւնների ժամանակային յարաբերակցութիւնն ու հերթականութիւնը յստակ ամրագրուել է` կէս տարուց փոքր-ինչ մեծ ժամանակահատուած. նախ` գարնանը` խորհրդարանական ընտրութիւններ, դրանցից յետոյ ընդամէնը մի քանի ամիս անց` ձմրանը` նախագահական: Այդպիսով` խորհրդարանական ընտրութիւնները դարձան նախագահականի նախապատրաստական փուլը, կորցրեցին իշխանութեան անկախ ճիւղ ձեւաւորող ինքնուրոյն քաղաքական քայլի բնոյթը եւ ձեռք բերեցին օժանդակ նշանակութիւն, ըստ որի էլ ընկալւում են ինչպէս իշխանութեան, այնպէս էլ ընդդիմութեան ու հասարակութեան կողմից: Ի դէպ, սա դարձաւ մէկն այն գործօններից, որոնք հետզհետէ նուազեցրին խորհրդարանի դերը` որպէս օրէնսդիր իշխանութեան հաստատութեան, իջեցրին դրա նկատմամբ հասարակական պահանջների նշաձողը եւ, որպէս արդիւնք, յանգեցրին դրա որակական կազմալուծման:
Մօտաւորապէս նմանօրինակ պատկեր է գործնականում բոլոր այն դէպքերում, երբ իշխանութեան նորամուծութիւնները իբր կոչուած են ընդդիմադիր ուժերի ծրագրային պահանջներում արտացոլուած` հասունացած հասարակական անհրաժեշտութեան արձագանգը դառնալու: Հանրային խորհուրդը, որի ստեղծման գաղափարը ժամանակին առաջ էին քաշում տարբեր քաղաքական շրջանակներ, իշխանութիւնները, վերջ ի վերջոյ, ստեղծեցին: Սակայն գոյութիւն ունեցող, կարողական եւ կանխատեսելի հասարակական տարաձայնութիւններն ու դիմակայութիւնները (օրինակ` աշխատաւորների տարբեր հատուածների եւ գործատուների, գիւղական եւ քաղաքային համայնքների, Հայաստանի եւ սփիւռքի հայերի, ներսի եւ դրսի ներդրողների միջեւ եւ այլն) քննարկող եւ հայեցակարգային մակարդակով լուծում առաջարկող հաստատութիւն լինելու փոխարէն խորհուրդը, իշխանութիւնների ջանքերով, դարձաւ քաղաքական թոշակառուների անատամ ակումբ:
Նմանապէս` ընդամէնը մի քանի տարի առաջ Հայաստանում, Ղարաբաղում եւ սփիւռքի` դեռեւս վերջնականապէս չհիասթափուած շրջանակներում պահանջուած սփիւռքի նախարարութիւնը վերածուեց կառավարական “Փի. Ար.“ գործակալութեան:
Աւելի անփառունակ ճակատագրի արժանացան մեր քաղաքական կեղծ վերնախաւի փտածութեան դէմ պայքարի ջանքերը: Փտածութիւնը ոչնչացնում է երկիրը եւ դարձել է ազգային անվտանգութեան գլխաւոր սպառնալիքը` սա պարզ էր դեռեւս 10-15 տարի առաջ: 2000-ականների առաջին կէսին այդ հարցը երկրի քաղաքական օրակարգում գլխաւորներից մէկն էր: Հասարակական մթնոլորտը նպաստում էր վճռական գործողութիւններ իրականացնելուն, եւ դա այն ժամանակ բաւականին աշխոյժ Դաշնակցութեանը մղեց այդ ուղղութեամբ լայնածաւալ յարձակման անցնելու` օտարերկրեայ հեղինակութիւնների ներգրաւմամբ: Մի շարք բանակցութիւններից, օրէնսդրական նախաձեռնութիւններից եւ ԿՐԵՔՕ միջազգային կազմակերպութեան հետ համաժողովներից յետոյ դաշնակցականներին յաջողուեց երկրի այն ժամանակուայ ղեկավարութեանը համոզել անդամակցել այդ կազմակերպութեանը, ընդունել դրա յանձնարարականները եւ ստեղծել համապատասխան կառոյցներ: Եւ այստեղ գերանդին քարին դէմ առաւ: Դաշնակցականները եւ նրանց միացած ընդդիմադիր ուժերը պահանջում էին ստեղծել անկախ հակափտածութիւն մարմին` լայն իրաւունքներով: Սակայն իշխանութիւնն այլ կերպ վարուեց: 2003-ին ստեղծուած Հակափտածութեան խորհրդում ընդգրկուեցին կառավարութեան, ուժային գերատեսչութիւնների, դատական իշխանութեան ներկայացուցիչներ, իսկ նոր կառոյցը գլխաւորեց վարչապետը, այսինքն` փտածութեան դէմ պայքարի գործը յանձնեցին այն մարդկանց ու հաստատութիւններին, որոնց գործունէութիւնն էլ, ըստ էութեան, փտածութեան վտանգների տեսանկիւնից պէտք է լինէր ուշադիր ուսումնասիրութեան առարկայ: Ճիշտ է, Խորհրդում եւ Դիտարկումի խմբում ընդգրկեցին նաեւ դաշնակցականների, սակայն նրանք այնտեղ փոքրամասնութիւն էին եւ շուտով դադարեցրեցին իրենց մասնակցութիւնն այդ խամաճիկային, ոչ երկարակեաց կառոյցների աշխատանքներին:
Յիշո՞ւմ էք Միդաս արքայի մասին հին առասպելը. նա ոսկի էր դարձնում ամէն ինչ, ինչին հպւում էր, ի վերջոյ, քաղցից մահացաւ: Մեզ մօտ էլ համարեայ նոյն բանն է` հակառակ նշանով. ցանկացած առողջ գաղափար, որը իշխանութիւնը յանձն է առնում իրագործել, վերածւում է… մի խօսքով` բոլորովին այլ նիւթի, ի հարկէ, որը նոյնպէս չի ուտւում: Իշխանութիւններին դա, անշուշտ, քաղցի չի մատնի, սակայն հասարակութեանը զգալի վնաս կը հասցնի:
Քաղաքական կեղծ վերնախաւի կողմից հասարակական պահանջի խեղաթիւրման ամենաակնառու օրինակը Անվտանգութեան խորհրդի հետ կապուած պատմութիւնն է: Չեմ պատրաստւում անդրադառնալ Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարի անձի վերաբերեալ` մամուլի կողմից “ծամուած“ հարցին. այդ պաշտօնին մի մարդու նշանակելը, ով բոլորովին վերջերս մոլի նախագահամէտ թերթերի կողմից անարգանքի սիւնին էր գամուել կասկածելի օտարերկրեայ կապերի համար եւ համարեայ թէ դաւաճանութեան ու լրտեսութեան մէջ մեղադրուել, անձամբ ինձ ամենեւին չի զարմացնում եւ նոյնիսկ չի հետաքրքրում: Անարգել կարող են նաեւ անմեղին, հարցն ամենեւին անձը չէ: Աւելի լաւ է խօսենք այն մասին, թէ ինչպիսին պէտք է լինէր Անվտանգութեան խորհուրդը մեր փոքրիկ, մահացու սպառնալիքների աքցաններում սեղմուած երկրում եւ ինչպիսին այն դարձաւ:
Առաջին մակարդակի կառոյցները (նախարարութիւններ, գերատեսչութիւններ) երկարակեաց չեն. ընտրութիւնից ընտրութիւն նոր քաղաքական բովանդակութեամբ են լցւում եւ իրականացնում են կարճաժամկէտ ու միջնաժամկէտ ծրագրեր` կապուած անմիջական վարչական խնդիրների եւ, ի հարկէ, առաջիկայ ընտրութիւնների հետ: Գործադիր իշխանութեան երկրորդ մակարդակը` Անվտանգութեան խորհուրդը, պարտաւոր է իրականացնել ոչ թէ ներկայի, այլ ապագայի Հայաստանի վիրթուալ կառավարումը: Դրա համար, նախ եւ առաջ, այն պէտք է մշակի ու մշտապէս թարմացնի ազգային անվտանգութեան հայեցակարգը` հիմնուած հասարակութեան կողմից կառուցուելիք կենսունակ, մրցունակ երկրի պատկերացման վրայ: Եւ նախ հարկաւոր է, որ գոնէ ինքդ քեզ համար պատկերացնես ապագայի այդ Հայաստանը. ինչպիսին այն կը լինի (պէտք է լինի) 20 տարի, 50 տարի, 100 տարի անց… Ինչ տարածք կը զբաղեցնի, ինչ բնակչութիւն կ՛ունենայ, ինչ պաշտպանական կարողականութիւն, ովքեր են լինելու հարեւանները, ինչպիսին կը լինի աշխարհը, դրա բնական պայմանները, ինչպիսի բարեփոխումների, գիտական, արդիւնաբերական, գիւղատնտեսական, մշակութային, կրթական առաջնահերթութիւնների է հարկաւոր տեղ տալ, որպէսզի ապահովուի թռիչքաձեւ, իսկ այնուհետեւ հանդարտ, առաջընթաց ազգային զարգացում:
Ահա այսպիսի մանրամասն մշակուած հայեցակարգի պրիսմակով Անվտանգութեան խորհուրդը պէտք է դիտարկի գործող կառավարութեան բոլոր որոշումները` որքանով են դրան համապատասխանում կամ, ծայրայեղ դէպքում, չեն հակասում: Եւ Անվտանգութեան խորհուրդը պէտք է ոչ միայն սեփական կարծիքի իրաւունքն ունենայ, այլեւ` գործադիր իշխանութեան առաջին մակարդակի որոշումների վրայ ազդելու անխափան մեքանիզմ: Դա կը պահանջի համակարգային փոփոխութիւններ` հաւանօրէն կապուած սահմանադրութեան եւ ազգային անվտանգութեան հայեցակարգի վերանայման հետ, սակայն գործադիր իշխանութիւնը նախ պէտք է գիտակցի, որ Անվտանգութեան խորհուրդը օժանդակ մարմին չէ, այն չի կարելի լցնել գործող կառավարութեան անդամներով` “ծառայողական դիրքին համապատասխան“, օգտագործել այսրոպէական քաղաքական նպատակներով` որպէս առուծախի առարկայ, կամ վերածել ինչ-որ մէկի քաղաքական յաւակնութիւնների բաւարարման միջոց: Հայաստանում հէնց այդպէս է: 2000-ականների կէսին հասարակութեան առաջադրած խնդիրը` ստեղծել հաստատութենական Անվտանգութեան խորհուրդ` ունակ նախանշելու Հայաստանի ապագայ ճանապարհը, այդպէս էլ չիրագործուեց:
Հաւանօրէն նկատել էք, որ, խօսելով կեղծ վերնախաւի մասին, ես աւելի շատ անդրադարձայ դրա քաղաքական բաղադրիչի գործունէութեանը: Մշակոյթի, գիտութեան, կրթութեան ոլորտների եւ հասարակական յարաբերութիւնների աւերածութիւնների մասին համարեայ չխօսեցի: Սակայն արժէ՞ մանրացնել: Ամէն ինչ շատ պարզ բացատրում է հայկական ամենայայտնի կատակերգութիւն-ֆիլմաշարերից մէկը: Պաստառային ընտանիքի անդամների թւում ամենախեղճը, վախկոտը, ստորացուածը, ագահը, կամազուրկը եւ յիմարը մտաւորական է` մի քանի օտար լեզուների տիրապետող բժիշկ: Կարծում էք` դա պատահակա՞ն է: Ցաւօք, ոչ, բարեկամնե՛ր: Յիշէք` Պլատոնի “երկխօսութիւններ“-ից մէկում մեծ աթենացիների քաղաքացիական որակների մասին բանավէճը յանգեցնում է հետաքրքիր եզրակացութեան` առաջնորդի արժէքը իր համաքաղաքացիներին լաւը դարձնելու մէջ է: Լաւը դառնալով` այդ համաքաղաքացիները լցւում են առաջնորդի հանդէպ քննադատական ոգով, դառնում աւելի պահանջկոտ նրա եւ հէնց սեփական անձի նկատմամբ: Հայրենիքում մնացած մեր համաքաղաքացիների զգալի մասն անկախութեան տարիներին հաստատ լաւը չդարձան: Ահա պաստառից էլ հայկական կեղծ վերնախաւը բացատրում է` մտաւորականութիւն այլեւս չկայ, չկան նրանք, ում վրայ կարելի էր յոյս դնել, ում ուսին կարելի էր յենուել, չկան քննադատական ոգի ունեցողներ, չկան սեփական անձի եւ ուրիշների հանդէպ պահանջկոտութեան ընդունակ մարդիկ` ունակ ըմբոստութեան, ազատամտութեան, պատրաստ ինքնազոհողութեան, այսինքն` չկայ իրական վերնախաւ, մոռացէ՛ք: Կան միայն փողերի, իշխանութեան, տեղեկատուութեան այսօրուայ տէրերը: Ժամանակը չէ՞, արդեօք, բարեկամնե՛ր, ապացուցելու, որ նրանք խորապէս սխալւում են:
Սակայն մինչ իշխանութեանը մատնացոյց անելը ու միայն նրան մեր դժբախտութիւնների մէջ մեղադրելը, գուցէ հարկ է մեր հասարակութեանը, մասնաւորապէս` մտաւորականներին, հայելու մէջ նայել: Ահա սա էլ կը քննարկենք յաջորդ յօդուածներում: