ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ
Վերջերս ներկայ եղայ Նիւ Եորքի երկու ամէնօրեայ հայ վարժարաններից մէկի ամավերջի հանդէսին: Կարօտ մնալով մեր մայրենի լեզուի քաղցրահամ հնչիւնին, ներկայութեանս համար ուրախ էի զգում ինձ: Սակայն ուրախութիւնս երկար չտեւեց, երբ լսեցի անգլերէն լեզուի գերիշխող ներկայութիւնը բեմից: Յայտագրի առաջին բաժինը գրեթէ մեծ մասամբ անգլերէնով էր. նոյնիսկ նախկին շրջանաւարտի խօսքը ուղղած օրուայ հայ վարժարանի շրջանաւարտներին: Հանդէսին ներկայ էին յարգարժան հիւրեր, բարերարներ, ծնողներ եւ վարժարանին նեցուկ հանդիսացող հանդիսատեսներ: Հարց է, նրանք ի՞նչ մտածեցին երբ անգլերէն լեզուով էր քարոզչութիւն լինում հայ լեզուի ու հայապահպանումի համար:
Ինձ մեծ ուրախութիւն պատճառեց յայտագրի երկրորդ մասը` հայերէն երգերով ու արտասանութեամբ: Բայց ցաւ ի սրտի, կարծես արդէն սրտիս մէջ մի ի՛նչ որ վէրք էր բացուել… Երեւի մայրենի լեզուի հառաչանքն էր որը կարելի էր տեղի չտալ:
Ըստիս, այդ օրը հա՛յ դպրոցի ու հա՛յ աշակերտի աւելի շատ հայերէն խօսելու օրն էր… գոնէ այդպէս էի ակնկալում: Միթէ՞ սխալւում եմ: Ա՛յդ օրը, Մեսրոպ Մաշտոցի հոգին ու նրա ստեղծած այբ, բեն, գիմ-ի քաղցրահամ հնչիւնները պիտի թեւածէին սրահի չորս կողմը ու մեր սիրտը լեցնէին Մե՛ր Մայրենի, մեր հարազատ ու հոգեպարար լեզւով, բայց աւաղ, որ այդպէս չեղաւ: Հանդէսի վերջում տեղի ունեցաւ առատ ու համեղ ճաշկերոյթ. տխրադէմ ու լուռ միայն արցունքներս պահեցի:
Ճիշդ է, այսօր հայ դպրոց ունենալն ու հայ լեզու պահպանելը մեծ քաջութիւն, միջոց ու զոհողութիւն է պահանջում, յատկապէս Ամերիկայում: Ապացոյց, հայրենիքից դուրս, աշխարհի տարածքում, մասնաւորապէս իսլամական երկրների մէջ դարերով ապրած հայ ժողովուրդը, ամենադժուար պայմանների մէջ կարողացել է չձուլուել ու կուլ չգնալ տեղի ժողովրդի մշակոյթի հոսանքներին յանձինս իր կրօնի, հաւատքի, լեզուի ու իր ձեռքով կերտած ու պահպանած հայ վարժարանների: Հայ վարժարանն է հիմքը հայապահպանութեան եւ ազգային գիտակցութեան: Եթէ ո՛չ հայ դպրոցը, ապա ինչպէ՞ս ենք կամենում սփիւռքահայութիւնը, յատկապէս ամերիկահայութիւնը կառչած մնայ իր արմատներին, գիր-գրականութեան ու իր ինքնութեան: Նիւ Եորքում գոյութիւն ունեցած երկու ամէնօրեայ վարժարաններն էլ մինչեւ այսօր, յանձինս սրտցաւ ու նուիրեալ հայ ուսուցիչ-ուսուցչուհիների, բարերարների ու կազմակերպութիւնների հսկայական հոգատարութեան, ու զոհողութեան կարողացել են երեսունհինգ եւ քառասունհինգ երկար տարիներ դիմանալ տեղի փոթորիկների հզօր ալիքներին, որը կարծես դամոկլեան սուրի պէս վերեւում կախուած ամէն վայրկեան ահ է առաջացնում նոր սերունդին մոռացնել տալու իր արմատների ակունքները, իր ազգութիւնն ու ինքնութիւնը:
Բայց, քառասուն-յիսուն տարի առաջ Ամերիկա եկող հայութիւնը աւելի մտախոհ էր իր լեզուի, մշակոյթի եւ ինքնութեան պահպանումի մասին քան այսօրուայ նորագաղթ կամ տեղացի հայութիւնը: Նրանք լաւատեղեակ էին իրենց ազգի պատմութեանը գիր ու գրականութեան: Գիտէին ինչ է նշանակում օրերով ու տարիներով քայլել անապատներում, տեղահանուել ու թափառել երկրից-երկիր հարազատ, ընտանիքի անդամներ գտնել դպրոցներ կառուցել, լեզու պահպանել որպէսզի հայ ազգը չկորչի, ա՛յլ ապրի:
Բայց այսօրուան դարն ուրիշ է կարծես, օրն էլ ուրիշ է: Նոյնիսկ նորագաղթ հայ ընտանիքների ու նոր սերունդի մթնոլորտն ու մտածելակերպն ուրիշ է: Այսօր օրինակ, Ամերիկայի Քալիֆորնիոյ նահանգի ամենահայաշատ գաղութի, Լոս Անճելըս քաղաքի մէջ մօտաւորապէս 450 հազար հայութեան զաւակներից գրեթէ միայն 4-5 հազարն է հայկական դպրոց յաճախում, իսկ մնացեալ 70-75 հազարը պետական դպրոցներ են յաճախում, եւ եթէ տան մէջ հայերէն չի խօսւում, միջավայրն ու շրջապատն էլ թոյլ չի տալիս հայ լեզուի գործածութեան, ուրեմն տուժում ենք անհատապէս, ընտանեօք ու ազգովին: Անհրաժեշտ է մեզ համար, այստեղ կատարել մի ճշգրիտ վիճակագրութիւն, գոնէ մի գաղափար կազմելու համար մեր ապրած երկրի ու վայրի հայկական դպրոցների գոյութեան վիճակից, դպրոցներից շրջանաւարտ, անցեալ և ներկայ ուսանողների հայկական կրթութիւն ունենալու արդիւնքից ու սերունդ առ սերունդ հայ ինքնութիւնը փոխանցող վիճակից:
Եթէ կ՛ուզենք յարատեւել, հասկանալ ու մտածել, թէ ո՞ւր ենք գնում, եւ ինչպիսի՞ ճանապարհ ենք հարթում որ քարերը չզարնուեն մեր գալիք հայորդիների ոտքերին: Ամէնուրէք Սփիւռքի մէջ գնալով հայ ուսանողների թիւը պակսում է ու հայ դպրոցների լինելիութիւնը տագնապի մէջ է գցում : Այսօր, հայ լեզուն ու հայ դպրոցը վտանգի մէջ է: Իսլամական երկրների մէջ ապրող հայ ուսանողները մեծամասնութեամբ հայ վարժարաններ էին յաճախում, եւ եթէ ոմանք էլ պետական դպրոցներ էին գնում, մուսլուման դասընկերների հետ սերտ կապեր չէին հաստատում: Համայնքում, ընտանիքներում միայն խօսում էին հայերէն: Ու դպրոցն աւարտելուց յետոյ, կատարելապէս տիրապետում էին տեղի պետական լեզուին, աշխատում որակեալ բարձրաստիճան ընկերութիւններում: Ուրեմն պէտք չէ տեղի տանք, ա՛յն հասկացողութեան, որ Ամերիկայի մէջ հայ վարժարան յաճախող ուսանողի կրթութեան մակարդակը թոյլ է լինելու պետական դպրոց գացող ուսանողից: Ամերիկայի բոլոր դպրոցները անխտիր հետեւում են պետական յատուկ ծրագրի: Հայ դպրոցների անգլերէն առարկաների դասաւանդումը ընդհանրապէս կատարւում է ամերիկածին պատրաստուած ուսուցիչների կողմից: Ուսանողների-երիտասարդութեան չորս կողմից շարունակ հնչւում է անգլերէն լեզուն: Ուրեմն այստեղ կրթութեան մակարդակի կամ անգլերէն լեզուին լաւ չտիրապետելու խնդիր չկայ, այլ կայ մտահոգուելու մէկ խնդիր` Հայերէն Լեզուի Պահպանումի Խնդիրը:
Երբ մտածեցի որ մի քանի տող գրեմ հայ դպրոցի ու հայ լեզուի մասին, նկատեցի որ այս վերջերս նաեւ մեր հայ մամուլի էջերում բարձրաձայն աղաղակ կայ հայ լեզուի, մաքուր հայերէն գրելու ու հայերէն խօսելու մասին: Եւ սա ո՛չ թէ միայն սփիւռքում է կատարւում, ա՛յլ, նաեւ հայրենիքի մէջ: Այո՛, ու յիշեցի իմ սրտի տխրութիւնը, երբ “Տուն եմ գնում“ իմ շատ սիրելի ու հարազատ Հայրենի Տունը, ու երբ քայլում եմ Մաշտոցի գեղեցիկ ու լայնատարած պողոտայով, ու ցուցափեղկի վրայ կարդում եմ “Արարատ րէսթորան“ը ձեզ լանչի է հրաւիրում սիրտս պղտորւում է ախորժակս փակւում ու մտածում եմ, եթէ Արարատ լեռը տեսնէր այս գրութիւնը, ո՛չ միայն ձիւնը, ա՛յլ ինքը, լեռն էլ կը հալուէր ցաւից: Չեմ հասկանում, ինչո՞ւ ենք ուզում մեր տան միջի զուլալ ջուրը պղտորել ու մեր ինքնութեան պատկերը մէջը կորցնել: Ինչո՞ւ ենք գիտակցութեամբ հայերէն տառերով օտար լեզուն զարգացնում ու մատուցում մեզի: Ինչո՞ւ ենք մենք մեր աչքը հանում հայ ժողովուրդ:
Մի տեղ կարդացի, որ Հայաստանի մէջ կայ մի յանձնախումբ թելադրում ու կարգաւորում է հայերէն բառերի ճիշտ օգտագործելու ձեւը: Այս յանձնախմբի անունն է “Թերմինաբանական Կոմիտէ“: Ինչպէ՞ս կարելի է այսպէս վառ արեւի տակ մեծ սխալ գործել եւ ուրիշին թելադրել պահպանել Մեր Սրբացած Մեսրոպատառ Հայոց Լեզուն: Ախըր ժողովուրդ, ինչպէ՞ս է կարելի մարդ ինքն ուտի ամենահամեղ կարկանդակը եւ քարոզի ուրիշներին որ չուտեն: Չէ, որ այդ իսկ ասած խօսքն ազդեցութիւն չի ունենայ:
Այո՛, ճիշտ է, որեւէ երկրի պաշտօնական լեզու ազդում է տեղի փոքրամասնութեան ժողովրդի լեզուի վրայ, բայց դա մեծ մասամբ կատարւում է խօսակցական լեզուի եւ անթարգմանելի բառերի հետ: Արդէն չորս տասնեակից աւելի օտար ազգի բառեր գոյութիւն ունի հայոց լեզուի մէջ: Թոյլ տուէք որ այժմ հնարաւորին չափ զերծ պահենք մեր գրականութիւնը օտար բառերի ներխուժումից, երբ ունենք եւ կարելի է յօրինել ու գտնել նոյն նշանակութիւն ունեցողը բառը հայերէնի մէջ: Օտար բառեր գործածելով ոչ թէ հարստանում է մեր լեզուն, ա՛յլ կորցնում է իր ինքնութիւնն ու իր ազգը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ.- Սփիւռքի մէջ, ո՞վ է հայ լեզուի քարոզիչը: Ո՞վ է հայ ժողովրդին առաջնորդում դէպի հայապահպանում: Դարերի ընթացքում հայ ազգի հայրենիքը ոտնակոխուած իրաւունքը խլուած, տեղահանուած ու եղեռնուած պանդխտութեան գիրկը նետուած կարողացել է դիմանալ իր գլխին եկած ահաւոր փոթորիկներին: Այսօր եւս ներկայ նպաստաւոր պայմանների մէջ հնարաւոր է աշխատանք տանել պահպանելու մեր լեզուն: Հայոց Լեզուն մեր ընտանիքն է. մեր ինքնութեան ծառի արմատն ու մենք զաւակները այդ արմատի ու ընտանիքի: Եկէք միասնաբար հարազատ զաւակի պէս պահենք ու պահպանենք Հայոց Լեզուն:
Սփիւռքի մէջ, մեծ է հայ ծնողների պարտականութիւնը հայեցի կրթութիւն տալու իր զաւակներին: Չբաւարարուենք միայն թերթերի մէջ հայապահպանում կոչ անելով, հայութեան մեծ մասը, անձնական կամ տեղական աննպաստ պայմանների բերումով հայերէն թերթ չի ստանում և շատ անգամ հայերէն չի խօսում: Ուրեմն հարկէ որ խիստ քարոզչութիւն լինի նաեւ մեր կազմակերպութիւնների միջոցով, մասնաւորապէս մեր հոգեւոր դասի: Հաւատքի քարոզչութեան միջոցով կարելի է առ առաւել հայ ժողովրդին մղել ու կապել իր լեզուին ու իր մշակոյթին: Մշակոյթը հիմնաքարն է ժողովրդի ինքնութեան: Մշակոյթը ժողովրդի ձայնն է: Չուշանա՛նք. Եթէ ո՛չ, հայ լեզուի կորուստը` ծանրակշիռ պիտի լինի հայ ազգի ուսերին:
Հազար Փառք ու Յաւերժութիւն Հայ Ազգին ու Իր Փառապանծ Մեսրոպատառ Հայ Լեզուին:
ՆիւԵորք
Յուլիս 20, 2012