«Դուք Ժողովրդի Մեծամասնութեան Անունից Չունէք Մանդատ Երկիրը Նոր Արկածախնդրութեան Տանելու», Կը Յայտնէ Իշխան Սաղաթելեան
Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Միութեան ներկայացուցիչ, Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեան ելոյթ ունեցաւ 9-րդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստին եւ ըսաւ.-
Այսօր ես չեմ խոսելու Ազգային ժողովի նախագահի թեկնածուի անձի և Ազգային ժողովի նախագահի ընտրութեան մասին: Խոշոր հաշուով, որևէ նշանակութիւն չունի, թէ գործող ռեժիմի որ ներկայացուցիչը կը լինի Ազգային ժողովի խօսնակ, ովքեր կը նստեն այս վերևի աթոռներում: Որովհետև բոլորը իրականացնելու են այն քաղաքական գիծը, որ այս ընթացքում իրականացրել է: Հետևաբար, Ազգային ժողովի Անդրանիկ նիստում այս ամբիոնից ես խօսելու եմ մեր անելիքների, Հայաստանի Հանրապետության առջև կանգնած մարտահրաւէրների մասին և ամենակարևորը՝ խօսելու եմ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների հետ:
Սիրելի հայրենակից, մենք տարիներ միասին պայքարել ենք, այս ամբիոնից բարձրաձայնել ենք ու Հայաստանի Հանրապետութեան տարբեր հրապարակներից՝ մի շարք կարևոր խնդիրներ: Խօսել ենք այս իշխանութեան բնոյթի և բովանդակութեան մասին: Դժբախտաբար, մեր բոլոր գնահատականները, մտահոգութիւնները և կանխատեսումներն իրականութիւն են դարձել՝ Արցախի հայաթափումից մինչև անվտանգութեան համակարգի փլուզում: Պաքուի բանտերում տանջուող հայ գերիներից մինչև Ատրպէյճանի նորանոր պահանջներ, սոցիալ-տնտեսական հարցերից մինչև խաղաղամոլութեան ու թմրամոլութեան ահագնացող աճ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրայ յարձակումից մինչև տասնեակ քաղբանտարկեալներ։ Մենք ամեն ինչ արել ենք, բարձրաձայնել ենք, պայքարել ենք, որ այս կէտին չհասնենք։
Ցաւօք, այս կորուստների զիջումների շղթան ընտրութիւններով չկտրուեց: Այո, պարոն Ռուբինեան, Յունիսի 7-ի ընտրութիւններին ընդդիմութիւնը չի յաղթել, և դա վատ է, որ չի յաղթել, բայց չի յաղթել նաև օրուայ իշխանութիւնը: Յունիսի 7-ի ընտրութիւնները Հայաստանի պատմութեան մէջ ամենախայտառակ ընտրութիւններից մէկն են եղել: Վարչական ռեսուրսի աննախադէպ և բացայայտ կիրառում: Պետական պիւտճէի հաշուին սեփական քարոզարշավի ֆինանսաւորում, պատերազմի սպառնալիքով Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների նկատմամբ տեռոր, ընդդիմադիր գործիչների ձերբակալութիւն, կալանաւորումներ, նախընտրական շտապների գործունէութեան պարալիզացում։ Այս պայմաններում են տեղի ունեցել ընտրութիւնները։ Եւ ի վերջոյ՝ ընդդիմադիր շեմը յաղթահարած ուժի՝ «Բարգաւաճ Հայաստանի» ձայները գողացուել է։
Հետևաբար այս խորհրդարանը ունի լեգիտիմութեան լրջագոյն խնդիր, նաև այս խորհրդարանի ձևաւորած կառավարութիւնը, և այդ մասին դուք ևս լաւ գիտէք:
Սիրելի հայրենակիցներ, այս ամեն ինչից հետո հարց է առաջանում՝ ի՞նչ է անում ընդդիմությունն այս դահլիճում և ի՞նչ անելիք ունի առաջիկայում: Շատ պարզ և ուղիղ ձևակերպեմ․ մենք այստեղ ենք մեր առաջիկա քաղաքական պայքարը կազմակերպելու և մեր համազգային նպատակները առաջ մղելու համար: Մենք այստեղ ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարցերը բարձրաձայնելու, Բաքվում գտնվող գերիների խնդիրներից խոսելու, Հայաստանի օկուպացված տարածքների մասին բարձրաձայնելու և այո Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը բարձրաձայնելու համար: Արդյո՞ք սա բավարար է փոփոխության հասնելու համար: Միանշանակ ոչ:
Սիրելի հայրենակից, մենք գիտենք, որ որ փոփոխությշեան հասնելու պահանջը ձևակերպուած է ընդդիմութիւնից, մասնաւորապէս՝ խորհրդարանական ընդդիմութիւնից: Մենք ընդունում ենք այդ պահանջը, քննադատութիւնը, մտնում ենք այդ պատասխանատւութեան տակ և ամեն ինչ անելու ենք փոփոխութեան հասնելու համար: Մեզ պէտք է ձեր աջակցութիւնը, ձեր վստահութիւնը և թիկունքը, որպէսզի գնանք առաջ:
Այս օրերին Հայաստանի Հանրապետութեան համար համակարգային ընդդիմութիւնը անհրաժեշտութիւն է․ դա նաև դիմադրություն է մեզ պարտադրվող արտաքին և ներքին օրակարգերը խափանելու և մերժելու համար: Իսկ ինչ վերաբերվում է ընդդիմության և իշխանության տարբերության մասին․ ուզում եմ շատ հստակ լինի, մեր և ձեր հակասությունները, առճակատումները չթաքցնեմ՝ երբեմն ատելությունը անձնական բնույթ չունեն, դա ունի խորը գաղափարական հենք, դա մեր պետության անցյալի, ներկայի և ապագայի մասին պատկերացումներն է: Այն մոդելը, որ դուք առաջարկում եք «իրական Հայաստանի» փաթեթավորմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, դա ինքնաոչնչացման և կործանման ճանապարհ է: Մենք չենք կարող թույլ տալ, որ հայկական պետությունը ունենա Ադրբեջանի պահանջած սահմանադրությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ հրաժարվենք մեր անցյալից, մեր ժառանգությունից, մեր իրավունքներից ուրանալ Հայոց ցեղասպանություն: Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ընտրվելու և ընտրելու համար ազատազրկեն, խլեն սեփականությունը: Ազատ խոսքը Հայաստանում ոչ միայն վտանգված է, այլ գողացված։ Մենք մերժում ենք այս իրականությունը։
Մեր այլընտրանքը անվտանգ և մրցունակ Հայաստանն է, բայց էությամբ և բնույթով՝ հայկական Հայաստանը, որը ապրում է խաղաղ, բայց միևնույն ժամանակ պատրաստ է պաշտպանելու իրեն, ով չի հրաժարվում իր քաղաքացիների իրավունքներից, իր համազգային նպատակներից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, ով չի հրաժարվում Արցախում գտնվող հայ գերիներից:
Սիրելի հայրենակից, իսկապես ընդդիմություն-իշխանություն այս հակասությունը սովորական կռիվ չէ։ Սա, նորից եմ կրկնում, հայկական դիմադրություն է, որը պետք է կարողանանք առաջ տանել։ Ես հավատում եմ հայ ժողովրդի հաղթանակին, հայ ժողովրդի ապագային և ամեն ինչ անելու ենք այս ընթացքը կասեցնելու, երկիրը պետական ազգային ուղեգիծ վերադարձնելու և փոփոխության հասնելու համար:
Եվ վերջում․ պա՛րոն Ռուբինյան, Դաշնակցությունը ձեզ, «Քաղաքացիական պայմանագրին», Նիկոլ Փաշինյանին չի մեղադրում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունների համար: Մենք ձեզ մեղադրում ենք Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները խոնարհաբար իրականացնելու համար:
Եվ մի բան էլ ասեմ, որ հետո չասեք՝ չեն ասում: Լավ իմացեք, դուք մեր ժողովրդի կողմից, ժողովրդի մեծամասնության կողմից չունեք մանդատ երկիրը նոր զիջումներ տանելու, դուք չունեք մանդատ անկլավների անվան տակ Տիգրանաշեն հանձնելու, դուք չունեք մանդատ սահմանագծման և սահմանազատման անվան տակ Հայաստանից նոր տարածքներ հանձնելու։ Դուք ժողովրդի մեծամասնության կողմից չունեք մանդատ Ադրբեջանի պահանջով Հայաստանի սահմանադրությունը փոխելու, անկախության հռչակագրից հրաժարվելու, Հայոց ցեղասպանությունը ուրանալու համար։ Եվ վերջապես, դուք ժողովրդի մեծամասնության անունից չունեք մանդատ երկիրը նոր արկածախնդրության տանելու։
Ելոյթը ամբողջութեամբ.-

