ՄԵՐ ԴԱՏԸ ՄԵՐ ԱՊՐԵԼՈՒ, ԳՈՅԱՏԵՒԵԼՈՒ ՊԱՅՔԱՐՆ Է


ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Քալիֆորնիա
Գիշերը որ ժամին էլ արթնանայի, մեծ մօրս` Մեծիկիս, արթուն նստած կը տեսնէի: Առաւօտեան կ’ասէի.
– Մեծիկ, այս գիշեր էլ չքնեցիր։
Պատասխանը միշտ նոյնն էր
– Իմ տեսածները չեն թողնում քնեմ, եաւրը՛մ: Երբ աչքերս փակեմ, այդ զարհուրելի պատկերների շարանը կու գայ, կը փաթթուի իր աղեկտուր կանչերով ու չ՛երթար:
Սեբաստացի Մեծիկս` Մարիցա Աստուրեանը, 30 հոգուց բաղկացած գերդաստանից միայն իր 6 տարեկան որդու հետ Հայոց ]եղասպանութիւնից հրաշքով փրկուածներից էր:
Իմ պաշտելի Մեծիկս վաղուց չկայ, բայց հիմա ես եմ փոխարինել իրեն: Իր ապրածները մանկուց ներծծուել են իմ մէջ, սոսնձուել իմ արեան, իմ գիտակցութեան աւիշում եւ հիմա ինձ են հետապնդում ու անքուն պահում: Իր ցաւը հիմա ամբողջովին ինձ է փոխանցուել: Չէ՞ որ դա անհատական ցաւ չէ, որ իր հետ տանէր, երբ հողին յանձնեցինք իրեն, այլ ձորերում ու կիրճերում, անապատներում ոչնչացող մեր բռնագաղթուած ողջ ժողովրդի աղաղակն է, նրանց կրած կորուստն ու տառապանքը, որը հնարաւոր չէ երբեւէ լռեցնել ու մոռանալ, յատկապէս, երբ ժողովուրդդ չի նուաճել իրենից խլուածը, երբ չի պատժուել ցեղասպանը, երբ նա դեռ շարունակում է ժխտել իր գործած ոճիրը, նոյնիսկ մեզ է ցեղասպան հռչակում:
Ինչպէ՞ս հանգիստ ունենալ, երբ դեռ կորուստներ ենք տալիս, երբ աշխարհում դեռ շարունակւում են ցեղասպանութիւնները, որոնք ամէն անգամ արիւնում են մեր սպիացած վէրքերը եւ մեզ անվերջ ետ տանում, համեմատելու, զգալու, ապրելու այն ամէնը, որն ապրել են իմ անմիջական հարազատները, իմ արիւնակիցները, մեր ժողովուրդը:
Մեծիկիս արցունքոտ, վշտոտ կերպարանքը, իրեն տանջող ապրումները ինձ ուղեկցել են դեռ մանկուց, երբ իմ անհոգ, զուարթ մանկութեան նոյնիսկ խաղերը միախառնուած, առաջնորդուած են եղել իր ապրումներով: Իր ապրած զարհուրելի դէպքերի պատմութիւնները բնաւորուել են իմ մէջ, աճել են տարիքիս հետ աստիճանաբար եւ ապրում են ինձ հետ մինչեւ օրս:
Մանկութեանս շատ էի սիրում ընկերներիս հետ փողոցում գնդակ կամ բռնոցի խաղալ: Այդ տարիներին ապրում էինք Գիւմրիում, մեր Անտառի լայն փողոցում երթեւեկութիւն համարեա չկար, որը աւելի շատ երեխաների համար ազատ խաղադաշտ էր ծառայում: Դպրոցական արձակուրդներին, թաղի երեխաների հետ այդ խաղերի ժամանակ, երբ ծարաւած, քրտնած ու շնչասպառ տուն էի մտնում արագ ջուր խմելու ու կրկին խաղիս վերադառնալու, միշտ նայում էի թէ ինչո՛վ է զբաղուած Մեծիկս, որովհետեւ նրա զբաղուածութիւնից էր կախուած իմ խաղի ճակատագիրը, քանի որ ինքն էր մեզ խաղից ներս կանչողը: Ուրեմն թաքուն, զգուշօրէն մտնում-դուրս էի գալիս, որ ինձ չտեսնէր, չյիշէր ու ներս կանչէր, միաժամանակ ստուգում էի, թէ ինչո՛վ է զբաղուած, որ իր զբաղուածութեամբ իմ խաղի տեւողութիւնը ճշդէի:
Երբ Մեծիկս ծալապատիկ նստած, արցունքոտ աչքերով ինքնիրեն խօսելով էր զբաղուած, գիտէի, որ խաղալու համար դեռ բաւական երկար ժամանակ ունեմ եւ ուրախացած դուրս էի թռչում: Գիտէի, որ կրկին իր կորուստների հետ է, որը երկար ժամեր էր տեւում: Որքան էլ սիրում ու կապուած էի իրեն, որքան էլ տանջւում, ապրում էի իր տխրութեամբ, իմ մանուկ հոգին աւելի տարուած էր խաղի հաճոյքին յագուրդ տալով: Որքան էլ ձգտում էի թեթեւացնել իրեն տանջող ցաւը, այնուամենայնիւ, իմ տարիքի պահանջներն այլ էին, իմ ցաւերն ու յուզումները տարբեր էին իրենից:
Այժմ էլ ես եւ աշխարհն ենք այդ նոյն յարաբերութեամբ տարբեր ցաւերի ու յուզումների մէջ, այդպէս էլ անկարող իրար ցաւ մեղմելու եւ իմ մէջ բոյն դրած ցաւը վերացնելու: Աշխարհը իրար ոչնչացնելու խաղերի մէջ է, ես` իմ երկրի, իմ ժողովրդի ցաւերով, նրա յարատեւմամբ մտահոգ:
Ինքներս ականատես ենք, թէ ինչպէ՛ս տեղի ունեցող բացայայտ ցեղասպանութիւններից անզգայացած մարդկութիւնը այն ընդունում է որպէս մեծ պետութիւնների իրաւունք, որպէս թոյլատրելի արարք ի վերուստ սահմանուած միայն հզօրներին: Եւ հզօրները իրենց տրուած անպատժելութեան առաւելութիւնն օգտագործելով շարունակում են այս երկրագունդը հեղեղել ցեղասպանութիւններով, բորբոքելով երբեք չմոխրացող ցեղասպանութեան կրակը այդ ամէնն ապրած ազգերի մէջ:
Մեզ խորհուրդ են տալիս մոռանալ անցեալը: Սակայն ինչպէ՞ս մոռանալ, երբ մեր ժողովրդի ապրած արհաւիրքը դարձնում են քաղաքական սակարկութիւն: Բնականաբար իմ ժողովրդի, ցեղասպանութեամբ ոչնչացուած իմ գերդաստանի ապրած ցաւը չի վերանում, այլ գնալով աւելի թանձրացած պատում է ինձ ամբողջութեամբ ու ես ցասումով լեցուած ուզում եմ ամենաարդիական միջոցներով աշխարհի տիրակալների դրամով լեցուած, քարիւղով ծեփուած աչքերն ու ականջները բանալ, որ տեսնեն իրենց գործած նախկին եւ ներկայ կոտորածների զազրելի պատկերը, փլատակների մէջ քարշ գալով տեղահանուող ազգերի սովամահութեամբ ոչնչացումը, որ լսեն մորթուող մանկանց ու անզէն բնակչութեան ճիչերը, որ այլեւս կանգ առնեն, բաւարարուեն իրենց կողոպտածներով ու ոչնչացրածներով, այլոց տարածքները սեփականացնելով:
111 տարի է անցել մեր դէմ կատարուած }եղասպանութիւնից:
Ցեղասպանութիւն, որը հայրենի երկրում խաղաղ ապրող 2 միլիոնից աւել հայերի զրկեց իրենց հայրենիքից, իրենց ընտանիքներից, կեանքից, ապագայից, դուրս շպրտեց հայրենի տարածքներից ու սեփականացրեց, անուանափոխեց, մինչեւ իսկ կեղծեց, իրենը դարձրեց մեր դարաւոր հողերը, մեր պատմութիւնը, մեր ստեղծած արժէքները, ժխտեց եւ շարունակում է ժխտել իր կատարած ոճիրը;
Ժխտումը յանցանքի շարունակութիւն է, որը նպաստում է նոր յանցագործութիւնների համար հեշտ ճանապարհ հարթելուն:
Ահա թէ ինչո՛ւ երբեք իր հանգիստը չգտած աշխարհում կրկին պատերազմ է, մեր աչքի առջեւ կատարուող ցեղասպանութիւն ու մենք այդպէս էլ մեր Ցեղասպանութեան դատին չարժանացած, մեզ հասանելիք իրաւունքներին տէր չդարձած, շարունակում ենք այն գործած ու հովանաւորած պետութիւնների ողորմութիւնը հայցել, իսկ աւելի սարսափելին այն է, որ մենք թոյլ տուեցինք ու շարունակում ենք թոյլ տալ, որ մեր երկրի ներկայ իշխանութիւնը ժխտի մեր ազգի դէմ կատարուած Ցեղասպանութիւնը եւ հպատակօրէն ծառայի ցեղասպանին:
Բնականաբար, երբ աշխարհը լռեց, աչք փակեց թուրքի գործած ցեղասպանութեանը, այդ պահից ծնեց անպատժելիութեան ամենակալ օրէնքը, որից ազատօրէն օգտուեցին եւ դեռ շարունակում են օգտուել ցեղասպան պետութիւնները:
Այդ անպատժելիութեան հետեւանքները նոյն թշնամու կողմից մենք կրում ենք ոչ միայն անցեալի, այլ յատկապէս նաեւ այսօրուայ մեր կորուստներում, մեր սահմանների սպառնալիքներում, մեր երկրի դեռ շարունակուող առուծախում, բռնի տեղահանուած մեր Արցախի հայրենակիցների առօրեայ տառապանքում, գերութեան մէջ փրկութեան յոյսով ապրող մեր հայրենակիցների ճակատագրերում:
Երբ յանցագործութիւնը չի դատապարտւում եւ յանցագործը չի պատժւում, նա վերադառնում է նոր դէմքով, աւելի կատաղի ու համարձակ, տիրոջ իրաւունքով, վկան մեր երկիրը ի սպառ ոչնչացնելու իր հին, կէս թողած ծրագիրը իրականացնելու այսօրուայ Թուրքիոյ վարած քաղաքականութիւնն է, ուր մենք էլ մեր մեղսակցութիւնն ունենք, մեր թրքամէտ իշխանութեամբ, մեր վարած սխալ քաղաքականութեամբ:
111 տարի մեր ազգային Դատին չհասնելու հիմնական պատճառը նաեւ մեր իշխանութեան անտարբերութիւնն է այս կարեւորագոյն հարցի վերաբերեալ: Բնականաբար առանց ամուր ազգային շահերն ու ապագան գերադասող պետականութեան, որպէս առաջնահերթ օրէնք ընդունած դատ-պահանջի, միայն ցեղասպանուածների սերունդի ազգային նուիրուածութեամբ ստեղծուած Հայ դատի ջանքերի, հնարաւոր չէ ցեղասպան Թուրքիային ընդունել տալ իր գործած ոճիրը, պահանջ ներկայացնել նրան: Թէեւ շնորհիւ այդ նոյն Հայ դատի միայնակ աշխատանքներին, այսօր 30-ից աւել երկրներ են ընդունել հայերի դէմ Թուրքիոյ գործած Ցեղասպանութիւնը եւ Թուրքիոյ իշխանութիւնը ստիպուած հսկայական գումարներ է ծախսում իրենց գործած ոճիրը կոծկելու, իրենց պատմութիւնը կեղծելու, իրենց դէմ խօսողներին լռեցնելու:
Որքան էլ աշխարհի տարբեր մեծ ու փոքր երկրների` Գերմանիոյ, Անգլիոյ, Վատիկանի արխիւներում` դեռ խնամքով պահւում են մեր Ցեղասպանութեան վկայագրութիւններից մանրամասներ, իւրաքանչիւր փաստարկներում թուրքերի կատարած զանգուածային կոտորածները, տեղահանութիւնները Ցեղասպանութիւն որակելով, երբ նոյնիսկ աշխարհում լեհ փաստաբան Ռաֆայէլ Լեմքինի Միջազգային օրինագիծը դեռ գոյութիւն անգամ չունէր, միեւնոյն է չկարողացանք այն օգտագործել ընդդէմ ցեղասպանի:
Փոխարէնը 111 տարի մենք կրկնում ենք աշխարհի, ես կ՛ասէի առասպելի հասնող յօրինումը, որ հայերը ոչնչացուեցին որպէս փոքրամասնութիւն Թուրքիոյ տարածքում քրիստոնեայ լինելու պատճառով:
Ինքս՝ իբրեւ Հայ դատի պաշտպան, ամէնուրեք իմ ելոյթներով, գրութիւններով մեր Ցեղասպանութեան պահանջը ներկայացնողներից լինելով, իմ Մեծիկիս խոստացած լինելով, վերջ տալու իր արցունքներին, այդ արխիւներից շատերն եմ ուսումնասիրել եւ հրատարակել «Գերմանիոյ պատասխանատուութիւնը Հայոց ցեղասպանութեան մէջ» վերնագրով, ուր բացայայտօրէն նշւում է Գերմանիոյ անմիջական մասնակցութիւնն ու ազդեցութիւնը կատարուած զանգուածային ոչնչացման:
Իսկ ահա՛ թէ ինչ է հաղորդել Հալէպում Գերմանիոյ դեսպան Դոկի․Վ․ Ռոսլէրը. «Երբ Կոնստանթնուպոլսից տեղահանութեան յանձնակատարը եկաւ, ես դիմեցի խնդրանքով, որ այն հայերը, որոնք վարձուած են գերմանացիներին աշխատելու համար ազատուեն տեղահանութիւնից: Նա մերժեց իմ խնդրանքը այնպիսի արհամարհական թոնով, որը երբեք չեմ մոռանայ: Նա ասաց. «Դուք չէք հասկանում մենք ինչ ենք ուզում: Մենք ուզում ենք Հայաստանը առանց հայերի»:
Որեւէ տեղ թուրքերը իրենք չեն արձանագրել, որ ուզում են Թուրքիան առանց հայերի, նրանց շեշտումը Հայաստանն է, որ տիրանային հայկական տարածքներին: Գոնէ այդ յայտարարութիւններում անկեղծ են եղել:
Մեր տարածքների իւրացման համար այս կարեւոր աշխարհաքաղաքական ձգտումին, որը դեռ մինչեւ օրս նոյն ջանասիրութեամբ շարունակւում է, մենք ոչ միայն կարեւորութիւն չենք տալիս, այլ 111 տարի յետոյ ինքնակամ դառնում ենք իրենց զոհը:
Գերմանական արխիւները, որոնք պահւում են «Թուրքիա 183» անուան տակ, դեռ ամբողջովին չեն բացայայտուած, անոնք 20 հաստափոր հատորներ են կազմում: Սակայն բացայայտուածներում փաստւում են Գերմանիոյ անսակարկ դերակատարութիւնը, հայերի ցեղասպանութեան մէջ եւ իրենց կողմից ձեռնարկած բոլոր տեսակի զգուշութիւնները: Մենք նոյնիսկ չփորձեցինք նրանց պատասխանատուութեան ենթարկել, կամ նրանցից սկսել մեր դատը:
Թուրք-գերմանական դաշինքը տանուլ տուեց պատերազմը, բայց դրա փոխարէն շահեց Հայոց ցեղասպանութիւնը:
Մեր 44-օրեայ նոյն թշնամու հետ համաձայնեցուած պատերազմում դաւադրաբար տանուլ տուեցինք Արցախը, բայց չշահեցինք Հայոց ցեղասպանութեան դատը:
Ովքեր չեն ընդունում Հայոց ցեղասպանութիւնը, նրանք ոչ միայն մերժում են անցեալի ճշմարտութիւնը, այլ նաեւ խրախուսում են նոր յանցագործութիւնները:
Ժխտումը, լռութիւնն ու հերքումը հաւասար են կրկնել ցեղասպանութիւնը:
Այն, ինչ խլեցին մեզնից աշխարհի քաղաքականագէտ-դիւանագէտները, կոծկելով մեր դէմ կատարուած Ցեղասպանութիւնը, միայն մեր միլիոնաւոր զոհերի կեանքը չէ, այլ մեր եկող սերունդների խաղաղ կեանքն ու իրաւունքներն են, իւրաքանչիւրից խլուած ապրելու, ստեղծելու, բազմանալու իրաւունքը:
Ո՞վ է վերականգնելու այդ իրաւունքը, երբ 111 տարի փորձում են աղաւաղել ու սպաննել մեր յիշողութիւնը, շարունակում են խլել մեր սերունդների իրաւունքները:
Պիտի կարողանան՞ք արդեօք վերջապէս ստեղծել այնպիսի պետականութիւն, որի օրինագծում որպէս հիմք ընդունուի մեր դէմ կատարուած Ցեղասպանութեան դատապարտումն ու ժխտողների դէմ պատժամիջոցները, Հայ դատը դարձնենք երկրի օրինագիծ:
Մենք պէտք է մեր երկրի ժողովրդին կրթենք Հայ դատի անհրաժեշտութեամբ, երկրում դրա օրինականացմամբ: Խորութեամբ ուսումնասիրենք, հետամուտ լինենք Արցախի ցեղասպանութեանը, սփիւռքի պատմութեանն ու նրա դիմակայութեան գործօններին: Մեր ազգային իրաւունքները չդարձնենք օտար պետութիւնների համար շահարկու միջոց:
Մեր ազգային Մեծ սուգի, Հայոց ցեղասպանութեան 111 տարելիցին, մենք ազգովին խոնարհւում ենք մեր միլիոնաւոր անմեղ նահատակների յիշատակի առջեւ եւ՝
Յիշեցնում աշխարհին նրանց գազանաբար ոչնչացման եւ նոյն աշխարհի կողմից նրանց պահպանած լռութեան գործած աւերը:
Յիշեցնում նրանց, որ մեր Դատը քաղաքական առեւտրի հիմք չի կարող դառնալ, որ մեր յիշողութեան ուժը անժամկէտ է:
Յիշեցնում նրանց, որ Հայոց Ցեղասպանութիւնը պատմական անջնջելի փաստ է, որ որքան էլ ուրանան ու ժխտեն, այն չեն կարող սրբագրել, ճշմարտութիւնը չեն կարող վերացնել:
Քանի դեռ հայ կայ, Հայ դատը շարունակուելու, ապրելու է եւ քանի դեռ չենք շահել մեր Դատը, հայը չի կարող հանգիստ քնել:

