«Դուք Ժողովրդի Մեծամասնութեան Անունից Չունէք Մանդատ Երկիրը Նոր Արկածախնդրութեան Տանելու», Կը Յայտնէ Իշխան Սաղաթելեան
Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Միութեան ներկայացուցիչ, Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեան ելոյթ ունեցաւ 9-րդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստին եւ ըսաւ.-
Այսօր ես չեմ խոսելու Ազգային ժողովի նախագահի թեկնածուի անձի և Ազգային ժողովի նախագահի ընտրութեան մասին: Խոշոր հաշուով, որևէ նշանակութիւն չունի, թէ գործող ռեժիմի որ ներկայացուցիչը կը լինի Ազգային ժողովի խօսնակ, ովքեր կը նստեն այս վերևի աթոռներում: Որովհետև բոլորը իրականացնելու են այն քաղաքական գիծը, որ այս ընթացքում իրականացրել է: Հետևաբար, Ազգային ժողովի Անդրանիկ նիստում այս ամբիոնից ես խօսելու եմ մեր անելիքների, Հայաստանի Հանրապետության առջև կանգնած մարտահրաւէրների մասին և ամենակարևորը՝ խօսելու եմ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների հետ:
Սիրելի հայրենակից, մենք տարիներ միասին պայքարել ենք, այս ամբիոնից բարձրաձայնել ենք ու Հայաստանի Հանրապետութեան տարբեր հրապարակներից՝ մի շարք կարևոր խնդիրներ: Խօսել ենք այս իշխանութեան բնոյթի և բովանդակութեան մասին: Դժբախտաբար, մեր բոլոր գնահատականները, մտահոգութիւնները և կանխատեսումներն իրականութիւն են դարձել՝ Արցախի հայաթափումից մինչև անվտանգութեան համակարգի փլուզում: Պաքուի բանտերում տանջուող հայ գերիներից մինչև Ատրպէյճանի նորանոր պահանջներ, սոցիալ-տնտեսական հարցերից մինչև խաղաղամոլութեան ու թմրամոլութեան ահագնացող աճ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրայ յարձակումից մինչև տասնեակ քաղբանտարկեալներ։ Մենք ամեն ինչ արել ենք, բարձրաձայնել ենք, պայքարել ենք, որ այս կէտին չհասնենք։
Ցաւօք, այս կորուստների զիջումների շղթան ընտրութիւններով չկտրուեց: Այո, պարոն Ռուբինեան, Յունիսի 7-ի ընտրութիւններին ընդդիմութիւնը չի յաղթել, և դա վատ է, որ չի յաղթել, բայց չի յաղթել նաև օրուայ իշխանութիւնը: Յունիսի 7-ի ընտրութիւնները Հայաստանի պատմութեան մէջ ամենախայտառակ ընտրութիւններից մէկն են եղել: Վարչական ռեսուրսի աննախադէպ և բացայայտ կիրառում: Պետական պիւտճէի հաշուին սեփական քարոզարշավի ֆինանսաւորում, պատերազմի սպառնալիքով Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների նկատմամբ տեռոր, ընդդիմադիր գործիչների ձերբակալութիւն, կալանաւորումներ, նախընտրական շտապների գործունէութեան պարալիզացում։ Այս պայմաններում են տեղի ունեցել ընտրութիւնները։ Եւ ի վերջոյ՝ ընդդիմադիր շեմը յաղթահարած ուժի՝ «Բարգաւաճ Հայաստանի» ձայները գողացուել է։
Հետևաբար այս խորհրդարանը ունի լեգիտիմութեան լրջագոյն խնդիր, նաև այս խորհրդարանի ձևաւորած կառավարութիւնը, և այդ մասին դուք ևս լաւ գիտէք:
Ելոյթը ամբողջութեամբ.-

