ԱԽԱԼՔԱԼԱՔ.- Ջաւախքահայութեան իրաւունքներու պաշտպանութեան համակարգող խորհուրդը բաց նամակ յղած է Ֆրանսայի նախագահ Նիքոլա Սարքոզիին, որ այս շաբաթավերջին, պաշտօնական այցով Թիֆլիս պիտի ժամանէ:
Ստորեւ կը ներկայացնենք սոյն նամակին բնագիրը.-
Հոկտեմբերի 6-7, 2011-ին, Հարաւային Կովկասի երկիրներ նախատեսուող ձեր այցի կապակցութեամբ ցանկանում ենք ձեր ուշադրութիւնը հրաւիրել Ջաւախքի խնդիրների վրայ: Հայաստանի ու Թուրքիոյ սահմանակից Վրաստանի հարաւ-արեւմտեան հայաբնակ այս երկրամասում հետզհետէ սրւում է իրավիճակը:
Վրաց իշխանութիւնները, կոպիտ կերպով ոտնահարելով մարդու եւ ազգային փոքրամասնութիւնների պաշտպանութեան բնագաւառում ստանձնած միջազգային պարտաւորութիւնները, նորանոր քայլեր են ձեռնարկում ջաւախքահայութեան քաղաքական, քաղաքացիական, լեզուակրթական, կրօնական եւ մշակութային իրաւունքների սահմանափակման ուղղութեամբ: Այսպէս` հետզհետէ խստացւում է Ջաւախքի հասարակական-քաղաքական գործընթացների նկատմամբ վրաց ուժային կառոյցների վերահսկողութիւնը, սահմանափակւում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազօրութիւնները, կեղծւում են ընտրութիւնները: Գնալով սահմանափակւում է հանրային կեանքում մայրենի լեզուն օգտագործելու հայ բնակչութեան իրաւունքը: Վրացերէնի իմացութեան բարելաւման պատրուակով միջոցներ են ձեռնարկւում հայկական դպրոցների վրացականացումն արագացնելու ուղղութեամբ, անօրինական կերպով աշխատանքից են ազատւում հայ ուսուցիչները:
Այս գործընթացների դէմ Ջաւախքի բնակչութեան արդարացի եւ խաղաղ բողոքի դրսեւորումներին վրաց իշխանութիւնները փորձում են հակադարձել սադրանքների եւ անօրինական գործողութիւնների միջոցով: Այսպէս, Յուլիս 2008ին ձերբակալուեց եւ մի շարք շինծու մեղադրանքների հիման վրայ տաս տարուայ ազատազրկման դատապարտուեց Ջաւախքի հայազգի քաղաքական գործիչներից մէկը` Վահագն Չախալեանը, որը հետեւողականօրէն քննադատում էր Ջաւախքահայութեան նկատմամբ վրաց իշխանութիւնների քաղաքականութիւնը:
Վերոնշեալ գործընթացները հետզհետէ աւելացնում են վրաց իշխանութիւնների նկատմամբ Ջաւախքի բնակչութեան հիասթափութեան եւ դժգոհութեան տրամադրութիւնները, ինչը մեծացնում է տարածաշրջանի հակամարտութեանց հնարաւորութիւնը:
Վրաց իշխանութիւններն այսօր յայտարարում են, որ Եւրոմիութեանն անդամակցելը հանդիսանում է Վրաստանի արտաքին քաղաքականութեան առաջնահերթ նպատակներից մէկը: Սակայն Սահակաշվիլիի վարչակարգի կողմից իր երկրի հայազգի քաղաքացիների նկատմամբ որդեգրած գործելաձեւը հակասում է հիմնական եւրոպական չափանիշներին, ինչը նշւում է բազմաթիւ փորձագէտների կողմից եւ արտացոլուած է համապատասխան միջազգային կազմակերպութիւնների զեկոյցներում: Այս պարագայում, վրաց իշխանութիւններին ուղղուած մարդու եւ ազգային փոքրամասնութիւնների իրաւունքները յարգելու եւրոպական երկրների յորդորները կարող են լուրջ դրական ներգործութիւն ունենալ:
Արդ, մենք դիմում ենք ձեզ` ի թիւս այլ հարցերի ձեր վրաց պաշտօնակցի առջեւ Վրաստանի հայ համայնքի խնդիրները բարձրացնելու խնդրանքով: Վրաստանի իշխանութիւնները պէտք է ստանան յստակ ուղերձ առ այն, որ եւրոպական կառոյցներին միանալու ձգտումներն անհամատեղելի են իրենց երկրի հայազգի քաղաքացիների օրինական իրաւունքների կոպիտ ոտնահարման քաղաքականութեան հետ, եւ հակառակը, հայ փոքրամասնութեան խնդիրների լուծումը միմիայն նպաստելու է Վրաստանի յետագայ կայացմանն ու զարգացմանը, տարածաշրջանային կայունութեան ամրապնդմանը:
Ջաւախքահայութիւնը Սփիւռքին Կոչ Կ՛ուղղէ Պաշտպան Կանգնելու Իր Իրաւունքներուն:
Նշենք թէ, Սեպտեմբեր 19-21ին Երեւանի մէջ կայացած սփիւռքահայ կազմակերպութիւններու համաժողովի մասնակիցներուն ալ, փոխանցուած էր հանրագիր մը, պաշտպանելու համար Ջաւախքահայութեան իրաւունքներն ու Վահագն Չախալեանի ազատ արձակումը: