Յօդուածներ

2026 Թուականը  

 

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Անչափ երազում էի այս տարուայ իմ առաջին գրութիւնը սկսել` ուրախ լուրերով, ազգային լուսաւոր վերելքով, մեր երկրի յաջողութեան թուարկումներով, սակայն ներիր ինձ, սիրելի ընթերցող, որ ոչ միայն յուսադրող որեւէ իրադարձութիւն չգտայ, այլ առաւել մտահոգիչ իրականութեան մէջ յայտնուեցի:

Թւում էր` մարդկութեան դարաւոր յոյսը 2026-ին ինչ-որ չափով կ՛իրականանայ, աւելի խաղաղ եւ բարեկեցիկ տարի կը լինի բոլորի համար, սակայն դա մարդկութեան ցանկութիւնն էր, իսկ քաղաքականութիւնը իր ցանկութիւններով է առաջնորդւում` արհամարհելով մարդկութեան երազանքներն ու ցանկութիւնները:

Նոր սկսուող տարում, երբ ժողովուրդները դեռ չէին սթափուել Նոր տարուայ  տօնակատարութիւններից, երբ մարդկութիւնը չէր աւարտել իր երազանքների իրականացման խնդրանքի աղօթքը առ Աստուած, Վենեզուելայի գիշերային երկնքում հռնդացող ամերիկեան հռթիրները ազդարարեցին բիրտ աշխարհակալութեան մուտքը:

Երեսպաշտ աշխարհը լռութեամբ ընդունեց ոչ միայն ամերիկեան միահեծան զաւթողական արարքը` մէկ այլ երկրի հարստութիւնը նենգօրէն սեփականացնելու գործողութիւնը, այլ վերջնականապէս հաստատեց, որ գաղութատիրութիւնը շարունակւում է նոր ձեւերով, որ` վերացուել են բոլոր այն միջազգային օրէնքները, պատժամիջոցները, որով իբր թէ սանձւում էին հզօրները, կամ դատապարտւում էին պետութիւնների գործած անօրէն գործողութիւնները, ոճիրները, որոնցով քիչ թէ շատ յուսադրւում էին փոքր պետութիւններն ու ազգերը:

Վենեզուելայի նախագահի եւ նրա կնոջ գիշերային նենգ առեւանգումը յստակ ահազանգ էր բոլոր մեծ ու փոքր պետութիւններին, որոնք փորձում են, կամ նոյնիսկ մտածում են իրենց ժողովրդին պատկանող հարստութիւնը պահպանել իրենց երկրի համար: 200 տարուց աւել աշխարհի տիրակալը հռչակուած Ամերիկան դեռ բաւարարուած չէ այն ամէնով, ինչ կողոպտում է այլ երկրներից, նրան պէտք է ողջ երկրագնդի հարստութիւնը, այն էլ ոչ թէ իր ժողովրդի, այլ` մի տասնեակ ընտրեալների համար, ում ձեռքերում է իշխանութիւնը:

Ամերիկան երեք տասնեակից աւել տարիներ Հարաւային Ամերիկայի տարբեր երկրներում` Նիքարակուրայից սկսած, իշխանութիւնը փոխելու, «ժողովրդավարութիւն» հաստատելու անուան տակ,  ամէն տեսակի սուտ պատճառներ յօրինելով` կործանում ու կողոպտում, քանդում է այդ երկրները, բայց  դեռ չի յագենում:  Տեսնելով, որ քչերն են այլեւս հաւատում ամերիկեան «ժողովրդավարութեանը», արդէն բացայայտօրէն յայտարարում է տուեալ երկիրը կողոպտելու, նրա հարստութիւնը սեփականացնելու մասին, իր քաղաքական անօրէն քայլը արդարացնելով, եւ ի լուր աշխարհի յայտարարելով, որ երկրագնդի բոլոր երկրների հարստութիւնը միայն ու միայն Ամերիկային է պատկանում:

Որպէս այս երկրագնդի մի աննշան երկիր` մենք ինքներս էլ այդ քաղաքականութեան ինքնակամ զոհերը դարձանք մեր տգիտութեան, մեր անտարբերութեան, իրար հանդէպ ունեցած մեր թշնամութեան պատճառով եւ դեռ խելքի չենք գալիս, նոյնիսկ չենք տեսնում ու վերլուծում աշխարհում արդէն բացայայտօրէն գործուող իրադարձութիւնները: Մեր երիցս խաբուած ժողովուրդը դեռ անհամբերութեամբ, պարծանքով սպասում է ԹՐԻՓԻ ուղու բացուելուն, որը մեր զաւակներին զրկելու է վաղուայ գոյատեւումից:

Երբ ժողովուրդը գերադասում է ստրկանալ, անտարբերօրէն է ընդունում իր արժէքների ոչնչացումը, իր տարածքների յանձնումը, ինքնըստինքեան կորցնում է իր ինքնութիւնը, դառնում է այլոց հրամանի հլու-հնազանդ կատարողը:

Օլիկարխների իշխանութիւնը վերացնելու, ժողովրդավարութիւն հաստատելու անուան տակ մեր գլխին կապեցին մեծագոյն սովագար օլիկարխներին, որոնք երկիրը ոչ միայն կողոպտում, այլ մատնում են վերջնական կործանումին եւ դա էլ բաւարար չհամարելով, իրենք իրենց «փրկարար» առաքեալներ հռչակելով` մեր տգէտ զանգուածին Աստծոյ «պաշտամունքի» անուան տակ օգտագործում են` երկարաձգելու իրենց հայածախ իշխանութիւնը, ոչնչացնելու համայն հայութիւնը միաւորող ամուր կապը` հայի հաւատքը, Հայ եկեղեցին, հայութեանը ջնջելու իր հողից, հաւատքից, լեզուից:

Այս բոլորին արդէն արւում են` բացայայտօրէն իշխանութիւնը զաւթածների նենգ դաւադրութեամբ, թշնամու դրդումով, հիւանդ ուղեղով մի ողորմելի մարդուկի գլխաւորութեամբ, որն իր հիւանդութիւնը կոծկելու համար վերջերս անվերջ գլխարկներ է փոխում, կարծելով իր դատարկ գլուխն է փոխում: Իր շուրջ հաւաքագրելով իր նման երկրածախ, անուղեղ, չնչին գումարով վարձուող մի զանգուած, փորձում են ոչնչացնել հայի դարաւոր արժէքներից գլխաւորը` հայի հոգեւոր հաւատքի հայրապետին, նսեմացնելով, չհանդուրժելով այդ հաստատութեան կապն ու ազդեցութիւնը, փառքն ու անկախութիւնը: Անձի նախանձն ու փոքրոգութիւնը ի՛նչ աստիճանի ոչնչացուած պիտի լինի, որ չհանդուրժի ժողովրդի ցմահ ընտրեալ վեհափառ հայրապետին:

Մինչ այս հոգեկան, մտային բորոտների վոհմակը շրջանից-շրջան, քաղաքից քաղաք են գնում` համալրուելով, ժողովրդի մէջ ներքին բախումներ ստեղծելով, ոչնչացնելով սահմանադրութեան բոլոր օրէնքները, արտաքին թշնամին մեր երկրում, մեր  քաղաքներում, մեր շրջաններում հաստատուելու ներկայ իշխանութեան հետ համաձայնեցրած իր ծրագրի իրականացումն է օգտագործում, 300 հազար ազերիների վերադարձն է միջազգայնօրէն օրինականացնում` «հաստատելով» նրանց տեղաբնակ լինելը մեր երկրում:

Մեր այս ողբերգական վիճակի առաւել ցաւալի մասն այն է, որ մեր երկրում չգտնուեցին մեծ մտածողներ` միասնացած մտաւորականներ, քաղաքական գործիչներ, հրապարակագիրներ, որ այս վարձու ոչնչութիւններին ոչնչացնէին նախքան նրանց բազմանալը` թոյլ չտալով մէկ ամբողջ երկիր կործանել:

Ինչո՞ւ մի Ժուլիան Ասանժ, դեռ նոր երկարատեւ կալանքից ազատուած, իր կեանքը կրկին վտանգելով, դատի է տալիս աշխարհի միակ մեծագոյն հեղինակութիւն ու անառարկելի հռչակ հաստատած Նոպելեան մրցանակի կազմակերպութեանը, 2025թ խաղաղութեան մրցանակը ոչ խաղաղութեան ջատագովին, յանձնելու համար: Ինչպէս գիտէք, այն յանձնուեց վենեզուելացի Մարիա Քորինա Մաչատոյին, որն արդէն տասնամեակից աւել իր երկրում յեղաշրջում է կազմակերպում` յօգուտ ամերիկեան շահերի:

Մի՞թէ մեր յանձնուած տարածքները, մեր հազարաւոր զոհերը, անհետ կորածները, մեր գերեվարուած ղեկավարներն ու հայորդիները, մեր պղծուող պատարագներն ու շարականները, մեզ կնքող եկեղեցիներն ու աշխարհասփիւռ հայութեան հաւատքի դարաւոր խորհրդանիշները չարժեն, որ նրանց համար մեր մտաւորականութիւնը ի վերջոյ ըմբոստանար, իր ներկայութեամբ ինքնակամ ոտքի ելած ժողովրդին առաջնորդէր: Չէ՞որ մեր ժողովուրդը սովոր է մտաւորականութեան առաջնորդութեանը, միշտ էլ ազգային հարցերի առաջնորդողներն են եղել նրանք: Այնինչ ժողովուրդն այսօր անգլուխ տարուբերւում է մի խումբ ոչնչութիւնների եւ դրսից ղեկավարուող ուժերի ձեռքին:

Այս օրերին ոչ միայն մենք ու մեր տարածաշրջանն է վտանգուած, այլ այս պահին Սուրիայում, Իրանում ապրող հայութեան, հայ գաղութներն են վտանգուած: Կրկին կորուստներ, կրկին տեղահանութիւն… Ո՞ւր են գնալու, ո՞վ է տէր կանգնելու նրանց:

Ի՞նչ ենք անում մենք` մի ոչնչութեան գլխարկի տակ ծուարածներս, սսկուած հետեւում ենք այդ հոգեկան, մտային հիւանդին եւ նրա վոհմակին, առանց վիրաւորուելու` նոյնիսկ վերլուծում ենք նրա ցնդաբանութիւնները ու թոյլ ենք տալիս, որ նա իր դաւադիր վոհմակով դեռ շարունակի գնչուական իր թունաւոր երթը:

Դեռ որքա՞ն ենք հանդուրժելու այս ամէնին:

10 Յունուար 2026

 

 

 

Armenian Weekly Magazine Armenian Weekly Magazine

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button