Տիգրան Չանտոյեան
Երեւան
Optimar հետազօտական կեդրոնի նախընտրական հարցումը, որը անցկացուել է 3005 մարդու շրջանում Ապրիլ 25-28-ին, վկայում է, որ Էրտողանը հաւաքում է ձայների 51,4 տոկոսը, նրա մրցակիցը` ընդդիմութեան միակ թեկնածու Քըլըճտարօղլուն` 48,6: Երկու թեկնածուները վերջին տասն օրում վերելքի մէջ են: Էրտողանը յաղթահարել է անկումը երկրաշարժից յետոյ եւ արդէն երկու շաբաթ վերելքի մէջ է: Քըլըճտարօղլուն երկրորդ թեկնածուն է, որն աւելացրել է ձայների թիւը: Optimar-ի «երկու թեկնածուներից ո՞ւմ օգտին կը քուէարկէք նախագահական ընտրութիւններում» հարցին հարցուողների 51,4 տոկոսոը պատասխանել է` Էրտողանի, իսկ 48,6 տոկոսը` Քըլըճտարօղլուի: Այպսիսով, Էրտողանն, ըստ երեւոյթին, մօտեցել է այն արդիւնքին, որով յաղթել է 2018-ի ընտրութիւններում: Չորս թեկնածուների մասին հարցի վերաբերեալ արդիւնքներն այսպիսին են. Էրտողան` 48,6, Քըլըճտարօղլու` 44,1, Մուհարէմ Ինճէ` 4,3, Սինան Օղան` 3 տոկոս: Յիշեցնենք, որ թեկնածուների ամփոփիչ ցուցակում ընդգրկուել են գործող նախագահ, 69-ամեայ Էրտողանը` որպէս «հանրապետական դաշինք»-ի թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինք»-ի թեկնածու 74-ամեայ Քըլըճտարօղլուն, ինչպէս նաեւ Memleket կուսակցութեան առաջնորդ 58-ամեայ Մուհարէմ Ինճեն եւ Ata դաշինքի 55-ամեայ թեկնածու Սինան Օղանը:
Ընտրութիւնների վերաբերեալ կանխատեսումները վկայում են այն մասին, որ լինելու է երկրորդ փուլ: Հաւանականութիւնը, որ Թուրքիայում ընտրութիւնները կ’աւարտուեն մէկ փուլով, 50 տոկոսից ցած է, քանի որ Էրտողանի եւ նրա հիմնական մրցակից Քըլըճտարօղլուի ձայները մօտ են:
Թուրքիայում ընտրական տարիքի հասած մօտ 5,2 մլն ընտրող (ընտրազանգուածի 8 տոկոսը) Էրտողանի իշխանութեան գալու պահից` 2003-ից, առաջին անգամ ասելու են իրենց խօսքն ընտրութիւնների օրը: Նրանք իրենց ծնուելուց ի վեր Էրտողանից բացի այլ ղեկավար չեն տեսել:
Մի հարցում ցոյց է տուել, որ 18-25 տարեկան ընտրողների միայն 20 տոկոսը պատրաստ է քուէարկել Էրտողանի եւ նրա կուսակցութեան օգտին նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ: Թուրքիայում թոշակի տարիքի հասած Էրտողանը եւ Քըլըճտարօղլուն փորձել են գայթակղել երիտասարդ սերնդի ընտրողներին բջջային հեռախօսներ գնելու հարկը հանելու եւ անվճար փաթեթների խոստումներով:
Էրտողանի խնդիրները բարդանում են նրանով, որ երրորդ թեկնածուն` 58-ամեայ աշխարհիկ ազգայնական Մուհարէմ Ինճեն, ներկայանում է որպէս աւելի թարմ այլընտրանք: Էրտողանի ձայները քիչ են երիտասարդութեան շրջանում քանզի առաջին անգամ քուէարկութեան գնացող սերունդը աւելի ժամանակակից է եւ աւելի քիչ հակուած կրօնին, քան միջին վիճակագրական ընտրողը, եւ կէսից աւելին դժգոհ է այն կեանքից, որով ապրում է: Անգամ Պոլսոյ աշխատաւորական Քասըմփաշայ շրջանում, որտեղ մեծացել է Էրտողանը, ոմանք չեն վախենում նրա դէմ հանդէս գալ:
Երիտասարդների մի մասը քննադատում է Էրտողանին Պոլսոյ երրորդ օդակայանը կառուցելու համար` «մարդկանց մասին հոգալու փոխարէն»: Նրանց կարծիքով` ցանկացած թեկնածու աւելի լաւն է Թուրքիոյ ներկայիս նախագահից: Իսկ այն մասը, ովքեր այնուամենայնիւ փորձել են պաշտպանել Թուրքիոյ նախագահին, խոստովանել են, որ Էրտողանը «մասամբ պատասխանատու» է տնտեսական ցնցումների տարիների, ներառեալ բարձր գնաճի ու արժոյթի արժէզրկման համար:
Մայիս 14-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններին, ըստ կեդրոնական ընտրական յանձնախումբի տուեալների, կարող է մասնակցել 64 միլիոն քաղաքացի: Ընդհանուր առմամբ, երկրում եւ նրա սահմաններից դուրս կը տեղադրուի 191 884 քուէատուփ: Խորհրդարանական ընտրութիւններին մասնակցում է 26 կուսակցութիւն:
Քաղաքագէտները չեն բացառում Թուրքիայում նախագահական ընտրութիւնները երկու փուլով անցկացնելը, քանի որ հասարակական կարծիքի հարցումները դեռեւս չեն բացայայտում նախագահական ընտրապայքարի ակնյայտ յաղթականին: Թուրքիոյ նախագահական ընտրութիւնների առաջին փուլում յաղթելու համար անհրաժեշտ է հաւաքել ձայների առնուազն 50+1 տոկոսը: Շատ փորձագէտներ նման արդիւնքը քիչ հաւանական են համարում: Այդ դէպքում սպասւում է ընտրութիւնների երկրորդ փուլ, որը տեղի կ’ունենայ Մայիս 28-ին: Երկրորդ փուլում յաղթող կը ճանաչուի ձայների մեծամասնութիւնը հաւաքած թեկնածուն:
Թուրքիոյ նախագահական ընտրութիւններում ընդդիմութեան միասնական թեկնածու Քեմալ Քըլըճտարօղլուն առաջ է անցել գործող նախագահ Էրտողանից: Այս թուերը, սակայն, միանշանակ չեն, քանի որ ըստ Motto եւ Bulgu Research կազմակերպութիւնների ապրիլեան հարցման մասնակիցները պատասխանելով հարցին, թէ որ թեկնածուի օգտին կը քուէարկէիք նախագահական ընտրութիւններում, եթէ ընտրութիւնները տեղի ունենային այս կիրակի, հարցուածների 49,5 տոկոսը նշել է Քըլըճտարօղլուին, իսկ Էրտողանին աջակցել է հարցուածների 41,5 տոկոսը:
«Ո՞ր կուսակցութեան օգտին կը քուէարկէիք, եթէ ընտրութիւնները տեղի ունենային այս կիրակիէ հարցին հարցուածների 34,2 տոկոսը պատասխանել է, որ կը քուէարկէր իշխող Արդարոըւթիւն եւ Բարգաւաճում կուսակցութեան օգտին, 33 տոկոսն ասել է, որ կը քուէարկէր խոշորագոյն ընդդիմադիր Ժողովրդավար Հանրապետական կուսակցութեան օգտին: Ընտրութիւնների երկրորդ փուլ անցնելու դէպքում, հարցման տուեալներով, հարցուածների նախասիրութիւնները հետեւեալն են եղել` Քըլըճտարօղլու` 51,4 տոկոս, Էրտողան` 40,9 տոկոս: Չկողմնորոշուածները կազմում են 4,2 տոկոսը, չեն քուէարկի 3,4 տոկոսը:
Հարցումն անցկացուել է հեռախօսով 26 նահանգներում, հարցմանը մասնակցել է 2400 մարդ:
***
Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Մեւլութ Չաւուշօղլուն յայտարարել է, որ Թուրքիան հետ կը ստանայ Էֆ-35 կործանիչների համար Ա.Մ.Ն.-ին վճարած գումարը: 2021 թուականի Ապրիլին Փենթակոնը յայտնել էր, որ Ա.Մ.Ն.-ն Թուրքիոյ բացառել է Էֆ-35 ինքնաթիռների արտադրութեան ծրագրից` ռուսական Էս -400 համակարգեր գնելու համար: Էրտողանը յայտարարել էր, որ երկիրը մտահոգուած չէ Ա.Մ.Ն.–ի` Անգարային Էֆ-35 կործանիչների վաճառքի մերժմամբ եւ պաշտպանական համակարգեր գնելու Ուաշինկթընի արձագանգով: 2023 թուականի Յունուարին Էրտողանը յայտարարեց, որ Անգարան Ա.Մ.Ն.-ից չի ստացել ոչ կործանիչներ, ոչ էլ դրանց համար վճարուած գումարը: Նրա խօսքով` Թուրքիան Ա.Մ.Ն.-ին վճարել է մօտ 1 մլրդ 400 միլիոն տոլար: Այնուհետեւ Էրտողանը յայտարարեց Ուաշինկթընի առաջարկի մասին` գնել այլ կործանիչներ, բայց ոչ թէ հինգերորդ, այլ չորրորդ սերնդի Էֆ-16: Այս հարցը պահանջում է Ա.Մ.Ն. Քոնկրէսի համաձայնութիւնը:
«Մեր էջերում բազմից խօսուել է նախընտրական շրջանում հակա-արեւմտեան քարոզչութեան ուժեղացման մասին, որի օրինակներից մէկն էլ սա է», յայտնել է Չաւուշօղլուն, որ հետ է կանչել The Economıst–ում տպագրուելիք իր յօդուածը: Նա խիստ քննադատութեան է ենթարկել The Economist պարբերականին, հակաթրքական վերնագրերի համար: Չաւուշօղլուն պնդել է, թէ պարբերականը խառնւում է Թուրքիոյի ներքին գործերին եւ իր վերնագրերով վիրաւորում թուրքերին: Ըստ Չաւուշօղլուի` «Էրտողանը պէտք է գնայ», «Էրտողանը թող հեռանայ» նմանութեամբ վերնագրերով փորձում են թուրքերին խելք սովորեցնել: «Նրանք թուրք ժողովրդի անունից կարծես որոշումներ են ընդունում ու Էրտողանին թիրախաւորող յօդուածներ հրապարակում: Մայիս 14–ին թուրք ժողովուրդը պատասխան կը տայ նման յօդուածներին»,–ասել է նա:
***
Էրտողանը յայտարարել է, որ Թուրքիոյ առաջին տիեզերագնացը մինչեւ տարեվերջ կը մեկնի Միջազգային տիեզերակայան: Թուրքիոյ ռազմաօդային ուժերի 43-ամեայ օդաչու Ալփեր Սեզերաւճին ընտրուել է որպէս տիեզերքում Թուրքիոիյ առաջին քաղաքացի: Էրտողանն այս յայտարարութիւնն արել է Պոլսում անցկացուող տեխնոփառատօնի շրջանակում: Սա նախագահի առաջին հրապարակային ելոյթն էր երեքշաբթի հեռուստահարցազրոյցի ժամանակ նրա վատառողջ լինելուց յետոյ: Նա ելոյթ է ունեցել Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Լիպիոյ ժամանակաւոր վարչապետ Ապտուլ Համիտ Տպէյպէի հետ:
«Մեր ընկերը, որ կը մասնակցի Թուրքիայում առաջին մարդատար տիեզերական թռիչքին, Միջազգային տիեզերակայանում կը մնայ 14 օր»,-ասել է Էրտողանը: Նրա խօսքով` թռիչքի ընթացքում տիեզերագնացը կ’անցկացնի 13 տարբեր փորձեր: Թրքական տիեզերական գործակալութեան կայքը Սեզերաւճիին նկարագրում է որպէս ռազմաօդային ուժերի 21-ամեայ վեթերան եւ Էֆ-16 օդաչու, որը սովորել է Ա.Մ.Ն. ռազմա-օդային ուժերիհիմնարկում:
***
Թրքական «Պայրաքտար» , որ ТВ-2 անօդաչուների արտադրողն է, մտադիր է յաջորդ տարի սկսել իր նոր անօդաչու մարտական ինքնաթիռի արտադրութիւնը, որն արդէն միջազգային հետաքրքրութիւն է առաջացրել: Այս մասին յայտարարել է ընկերութեան տնօրէնների խորհրդի նախագահ Սելճուք Պայրաքտարը: Նոր անօդաչուն, որը ստացել է «Քիզիլելմա» անուանումը, ընդլայնում է ընկերութեան արտադրանքի տեսականին: «Այն մշակուած է որպէս բարձր ինքնավար օդ-օդ դասի մարտական մեքենայ»,-ասել է Սելճուք Պայրաքտարը, որ անձամբ ղեկավարում է 15 մեթրանոց ռէակտիւ շարժիչով անօդաչուի մշակումը: «Քիզիլելմա» -ն իր առաջին թռիչքը կատարել է Դեկտեմբերին, եւ այս ամիս սկսուել են թռիչքային փորձարկումները: Սարքը պատրաստ է թռիչքներ սկսել մարդատար ինքնաթիռների հետ միասին: Նոր անօդաչուն արդէն պահանջարկ ունի արտերկրում` չնայած դրա մասնագիտացուած հնարաւորութիւնները թոյլ են տալիս այն ուղարկել աւելի քիչ արտահանման շուկաներ:
Սելճուք Պայրաքտարի կողակիցը՝ Երտողանի դուստրն է: Բարձր մակարդակի ռազմական նախագծերը կարեւոր տեղ են զբաղեցնում Էրտողանի նախընտրական քարոզարշաւում: